ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 8 հուլիսի 2021 թ. |
|
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ՝ |
||
Բարձրագույն դատական խորհրդի
|
| |
մասնակցությամբ՝ |
Գ. Բեքմեզյանի, | |
Արդարադատության նախարարի պաշտոնակատար
|
Ռ․ Բադասյանի,
| |
Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացուցիչ |
Ն․ Զեյնալյանի,
| |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
|
| |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ
|
Ա․ Թորոսյանի, | |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ
|
Մ․ Շխիմյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի (այսուհետ՝ նաև Նախարար)՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մայիսի 4-ի N35-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին 21․01․2021թ․ թվականին ներկայացված հաղորդումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Վարդան Գրիգորյանին (այսուհետ՝ նաև Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Նախարարի 04․03․2021 թվականի N16-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 04․05․2021 թվականի N35-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 135-րդ հոդվածի 2-րդ մասը, 278-րդ հոդվածի 1-ին մասը, 280-րդ հոդվածը, 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերը, նշել է, որ «առկա են բավարար հիմքեր, որպեսզի հիմնավորվի Դատավորի կողմից կարգապահական խախտումների հանգեցնող հետևյալ գործողությունների կատարումը. 1) Մեղադրյալին մեղսագրվող արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը հաստատելը առանց պատշաճ պատճառաբանության՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, որոնք դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից...»։
Մասնավորապես, սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա դարձած 24․11․2020 թվականի որոշման համաձայն՝ «(…) ներկայացվող նյութերից երևում է, որ Լ. Ավագյանի ցուցմունքները որոշակիորեն հակասում են նաև վարորդների այլ ցուցմունքների հետ, մասնավորապես՝ այլ օրերին, այլ ապրանքատեսակների ներկրված լինելու առումով, ինչպես նաև մաքսատանը վարորդներից փաստաթղթերը, վերցնելու, ինչ որ տեղ տանելու և հետ բերելու առումով այն դեպքում, երբ Լ. Ավագյանը հայտնում է, որ ինքը բեռնատարների մաքսատուն մուտք գործելու և դուրս գալու ժամանակ մաքսակետում չի գտնվել, ինչպես նաև այլ ներկրման դեպքեր չեն եղել։
Վերը նշվածի հետ նաև հարկ է նկատել, որ սույն գործով որևէ անձի կաշառք տալու կամ կաշառք վերցնելու արարք չի մեղսագրվում։ (…)
Սույն դեպքում ներկայացված նյութերից միայն մեղադրյալ Լ. Ավագյանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի ցուցմունքներն են պարունակում տեղեկություններ Տ. Ավետյանին մեղսագրվող արարքին առնչություն ունենալու մասին, սակայն այդ ցուցմունքներով հայտնած տեղեկություններն էլ որոշակի հակասությունների մեջ են գտնվում գործով ներկայացված այլ նյութերում առկա տեղեկությունների հետ (…)։»
Ըստ Նախարարի միջնորդության, «վերոգրյալ որոշմամբ Դատարանի կողմից խափանման միջոցի կիրառման պայմանները գնահատելիս, փաստարկվել է առանձին փաստական տվյալի բովանդակությունը և դրա արժանահավատության վերաբերյալ հետևություններով պայմանավորվել է նաև ընդհանրապես անձին մեղսագրվող արարքում վերջինիս առնչությունը։ Այսինքն, Դատարանը միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները ամբողջությամբ և իրենց համակցությամբ չդիտարկելու արդյունքում, առանձին փաստական տվյալ գնահատել է մեկուսի, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու հնարավորությունից։
Բացի այդ, թեև Դատարանը քննարկվող դատական ակտում ներկայացրել է հիմնավոր կասկածի գնահատման և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներ, այդուհանդերձ նման ձևակերպումների ներառումը դատական ակտում առանց դրանց կիրառման չի կարող համարվել, որ դատական ակտը համապատասխանում է դատավարական օրենքով սահմանված պահանջներին»։
Բացի այդ Նախարարը նշել է, որ «թեև կալանքի պայման հանդիսացող կասկածի աստիճանի ապացուցվածության գնահատման առնչությամբ բավարարությունը կապված է դրա հիմքում դրվող նյութի (փաստական տվյալների) արժանահավատության հատկանիշի հետ, սակայն հարկ է ընդգծել, որ դատավարության տվյալ փուլում այս կամ այն նյութի, այդ թվում՝ ապացույցի արժանահավատության գնահատումը դատարանի կողմից պետք է իրականացվի իր տրամադրության տակ եղած նյութերի սահմանափակ ծավալի շրջանակներում և առերևույթության մակարդակում: Հետևաբար, դատարանի եզրահանգումները պետք է ձևակերպվեն այդ հաշվառմամբ և չեն կարող վերածվել այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալու, որոնք հանդիսանում են բուն արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից։
Կալանքի պայման հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածը հաստատող ապացույցների գնահատումը վարույթի տվյալ փուլում չի կարող վերածվել մի գործընթացի, որը պահանջում է գործի ըստ էության քննությունը։ Ասվածը ենթադրում է, որ դատավարության տվյալ փուլում ապացույցների գնահատման բարձր չափորոշիչի սահմանումը և դրա լույսի ներքո կալանքի պայմանը հիմնավորող փաստական տվյալների քննարկումը չի բխում այդ պահին դատարանի առջև դրված խնդիրներից։
Այսպիսով, սույն որոշումից երևում է, որ Դատարանը փաստացի քննության առարկա է դարձրել և մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին Տ․ Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունը հիմնավորել է այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալով, որպիսիք հանդիսանում են բուն արդարադատության իրականացման գործընթացում լուծման ենթակա հարցեր և շրջանցում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները։ Դատարանը մեղադրյալին մեղսագրվող հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելիս, դրա հիմքում դրված փաստական տվյալները վերլուծելիս, ըստ էության, սահմանել է ապացուցման առավել բարձր չափանիշ (հիմնավոր կասկածից վեր), քան բխում է տվյալ վարույթի խնդիրներից (ողջամիտ կասկած)։
Հետևաբար, քննարկվող դատական ակտից պարզ է դառնում, որ Դատարանի կողմից անդրադարձած հարցերի շրջանակն ակնհայտորեն դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից։
Ինչ վերաբերում է ներկայացված առանձին փաստական տվյալի արժանահավատության վերաբերյալ գնահատականներին, ապա անհրաժեշտ է արձանագրել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չի կարող այնպիսի գնահատականներ տալ ներկայացված փաստական տվյալներին, որոնք ակնհայտորեն դուրս են քրեական դատավարության տվյալ փուլի խնդիրների շրջանակներից և կազմում եմ գործի դատական քննության առարկա։ Տվյալ դեպքում, Դատավորը կոնկրետ փաստական տվյալի արժանահավատությունը քննարկելով վերջնական գնահատական է տվել դրան, ինչի արդյունքում դուրս է եկել դատական վերահսկողության գործառույթի իրականացման սահմաններից՝ այդպիսով զրկելով նաև քրեական գործի դատական քննության փուլում ապացույցների ազատ գնահատման հնարավորությունից։
Բացի այդ, Դատավորը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու գործառույթի շրջանակներից հիմնավոր կասկածի գնահատման ժամանակ անդրադառնալով այնպիսի հարցերի, որոնք ուղղված են անմիջականորեն փաստելու մեղադրյալի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը»։
Վերոգրյալի հիման վրա, Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական խախտումները թույլ են տրվել առնվազն կոպիտ անփութությամբ, քանի որ Դատարանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից ակնհայտորեն դուրս գալը խեղաթյուրում է քրեական վարույթի փուլային տրամաբանական հաջորդականությունը և խաթարում դրա առանձին փուլերի խնդիրների կատարումը և կոնկրետ նպատակների հասնելը, ինչն էլ ինքնին հանդիսանում է կոպիտ դատավարական խախտում՝ քրեական վարույթի փուլային համակարգի անտեսման արդյունքում հեղինակազրկելով դատական իշխանությունը, ինչի պայմաններում Դատավորը առնվազն չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել։
Միաժամանակ Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են նաև վարքագծի կանոնների խախտման։ Մասնավորապես, նման փաստական հանգամանքների պայմաններում Դատավորը, ունենալով բավարար գործիքակազմ և միջոցներ պատճառաբանված դատական ակտ կայացնելու և ներկայացված փաստական տվյալները գնահատելու, այդուհանդերձ չի պատճառաբանել այն ապացուցողական շեմը, որի պայմաններում է կայացրել է համապատասխան դատական ակտը, ինչպես նաև դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից։
Բացի այդ Նախարարն արձանագրել է, որ Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ, ինչն արտահայտվում է նման բնույթի դատավարական խախտումների կատարմամբ իր անաչառությունը կասկածի տակ դնելով։ Նման բնույթի գործողությունները ոչ միայն կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը, այլ որպես հետևանք, հանգեցնում են նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննության առարկա հանդիսացող գործողություններով Դատավորը դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում դրսևորել է նաև այնպիսի վարքագիծ, որի պայմաններում անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ կասկածի տակ է դնում նաև Դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը տվյալ գործով։
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը ներկայացրել է բացատրություն Նախարարին և պատասխան Բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնելով, որ ներկայացված միջնորդությամբ «կատարված եզրահանգումները կատարված են թիվ ԵԴ/1084/06/20 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2020թ-ի որոշման (այսուհետ` Դատարանի որոշում) պատճառաբանական մասի թերի մեջբերումների հիման վրա, ինչպես նաև դրանում առկա պատճառաբանությունները հակասական են:
Նշված որոշմամբ Վարույթ հարուցած անձը Դատարանի որոշման պատճառաբանական մասի թերի մեջբերմամբ գտել է, որ Դատարանի կողմից խափանման միջոցի կիրառման պայմանները գնահատելիս, փաստարկվել է առանձին փաստական տվյալի բովանդակությունը և դրա արժանահավատության վերաբերյալ հետևություններով պայմանավորվել է նաև ընդհանրապես անձին մեղսագրվող արարքում վերջինիս առնչությունը: Այսինքն, Դատարանը միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները ամբողջությամբ և իրենց համակցությամբ չդիտարկելու արդյունքում, առանձին փաստական տվյալ գնահատել է մեկուսի, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու հնարավորությունից:
Վարույթ հարուցած անձը Դատարանի որոշման պատճառաբանական մասից մեջբերում է կատարել միայն վերջին հատվածից, որից երևում է, որ գործով մեկ այլ մեղադրյալի ցուցմունքները հակասում են գործով վկաների ցուցմունքներին: Դատարանի որոշման միայն այդ հատվածն ընթերցելիս ես ինքս էլ ընդունում եմ, որ նման որոշումը չի կարող գնահատվել որպես պատճառաբանված որոշում, սակայն իրականում որոշումը կայացվել է գործով ներկայացված բազմաթիվ այլ նյութերում առկա փաստական տեղեկությունների վերլուծության հիման վրա, իսկ նման վերլուծություն կատարելու պատճառը բացառապես եղել է այն, որ մեղսագրվող արարքին մեղադրյալի առնչություն ունենալու վերաբերյալ փաստական տեղեկություններ են պարունակել միայն գործով մեկ այլ մեղադրյալի հակասական ցուցմունքները»:
Այնուհետև, Դատավորը հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) և ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային դիրքորոշումների վրա, նշելով, մասնավորապես հետևյալը՝
«Կալանավորման պայմաններից մեկի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները`
- հանցանք կատարած լինելու կասկածի` ողջամտորեն հիմնավորված լինելու պահանջը կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասն է կազմում (տե՛ս Գուսինսկին ընդդեմ Ռուսաստանի (Gusinskiy v. Russia) գործով 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53),
- կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածի արժանահավատությունն ու բարեխղճությունը (տե՛ս Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (Murray v. The United Kingdom) գործով 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61): Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել (տե՛ս Գուսինսկին ընդդեմ Ռուսաստանի (Gusinskiy v. Russia) գործով 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53),
- այն, թե ինչպիսի կասկածը կարող է համարվել հիմնավոր, կախված է գործի բոլոր հանգամանքներից: Կասկածը չի կարող հիմնված լինել սոսկ այն հավաստիացման վրա, որ առկա է ստույգ, բայց և գաղտնի տեղեկություն (տե՛ս Ֆոկսը, Քեմբելն ու Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության (Fox, Campbell and Hartley v. The United Kingdom) գործով 1990 թվականի օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32):
Հիմք ընդունելով նաև Եվրոպական դատարանի ձևավորած վերոգրյալ առանձին դատողությունները` Վճռաբեկ դատարանը “հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի” կապակցությամբ իր նախադեպային իրավունքում փաստել է. “(…)Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…):
[Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ:
“[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած” ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: (…)
(…) [Այսպիսով,] Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Է.Եղիազարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է. “(…) [Կ]ալանքը որպես խափանման միջոց կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը` ավելի բարձր նշանակության բարիքի, այն է` հանրային շահի պաշտպանության տեսանկյունից` ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում /մեղադրվում/ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն` քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:
... Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել հետևյալ հանգամանքները`
- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, “կասկածը” պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, (…) (տե՛ս Էդգար Գեղամի Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը)»:
Ըստ Դատավորի՝ Վարույթ հարուցած անձը օրենսդրական նորմերի և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մեջբերմամբ եզրակացրել է, որ սպառիչ չի թվարկվում այն կոնկրետ հարցերի շրջանակը, որոնց անդրադարձ չի կարող կատարվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:
Սույն դեպքում գործով ներկայացված փաստական հանգամանքների վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների մոտեցումների տարբերությունը կայանում է հենց դրանում, որ սպառիչ չի թվարկվում այն կոնկրետ հարցերի շրջանակը, որոնց անդրադարձ չի կարող կատարվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, իսկ արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Դատավորը նշել է նաև, «Դատարանի որոշմամբ որևէ կերպ չի կանխորոշվել մեղադրյալի մեղքի հարցը, իրավական գնահատական չի տրվել անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն չի փաստվել անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, այլ եզրահանգում է կատարվել, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերի ծավալը բավարար չէ արձանագրելու, թե առկա է հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալը հնարավոր է առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքների հետ»:
Անդրադառնալով Վարույթ հարուցած անձի այն դիրքորոշմանը, որ Դատավորը թույլ է տվել դատավարական նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտում, որը դրսևորվել է հիմնավոր կասկածի բացակայությունը հաստատելը` չպատճառաբանելով ապացուցողական շեմը, ապա Դատավորը նշել է, որ «Դատարանի որոշման թերի մեջբերման արդյունքում է նման եզրակացություն կատարվել, քանի որ այդ որոշմամբ նշվել է այդ սահմանը և վերջնական եզրահանգման պատճառը»:
Ինչ վերաբերվում է Վարույթ հարուցած անձի այն դիրքորոշմանը, որ Դատավորը մինչդատական վարույթին նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից ակնհայտորեն դուրս գալով է որոշում կայացրել, ապա Դատավորը նշել է, որ «այդպիսի դիրքորոշումը հակասում է օրենսդրական նորմերի և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա հիմնված հենց իր այն եզրակացությանը, որ դրանցով սպառիչ չի թվարկվում այն կոնկրետ հարցերի շրջանակը, որոնց անդրադարձ չի կարող կատարվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում»:
Ինչ վերաբերում է Վարույթ հարուցած անձի այն դիրքորոշմանը, որ Դատավորը դրսևորել է նաև այնպիսի վարքագիծ, որի պայմաններում անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ կասկածի տակ է դնում նաև Դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը տվյալ գործով, ապա այդ դիրքորոշումը, ըստ Դատավորի, որևէ կերպ պատճառաբանված չէ: Մասնավորապես, Դատավորը այս առթիվ նշել է, հետևյալը՝
«Նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ակտի բեկանումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, հաշվի առնելով այն, որ իմ կողմից վերը նշված որոշումը կայացվել է ներկայացված փաստական տվյալները և ապացույցները գնահատելու արդյունքում, իսկ վերաքննիչ դատարանն էլ իր որոշմամբ նշված փաստական տվյալների կամ ապացույցների ակնհայտ սխալ` ներկայացված նյութերից չբխող գնահատականներ տալու փաստ չի արձանագրել, ուստի գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման»:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1․ 02.09.2020 թվականին Տ․ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:
2․ Նույն օրը վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Տ․ Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
3․ 03․09․2020 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ գտնելով, որ «ներկայացված փաստական տվյալները բավարար չեն համարելու, որ Տիգրան Ավետյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքների հետ, այսինքն՝ ներկայացված նյութերում բացակայում է հիմնավոր կասկածը»։
4․ Վերաքննիչ դատարանի 28․09․2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, քննելով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը, այն բավարարել է մասնակի, առաջին ատյանի դատարանի ակտը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության՝ գտնելով, որ առաջին ատյանի դատարանը վերաբերելի չափանիշով բովանդակային առումով չի անդրադարձել քննիչի միջնորդության մեջ նշված և միջնորդության կից ներկայացված բոլոր փաստական տվյալներին և ներկայացված բոլոր փաստական տվյալները համակցության մեջ չի գնահատել, ինչի արդյունքում համապատասխան հիմնավոր կասկածի բացակայության մասով հանգել է սխալ հետևության։
5․ 23․11․2020 թվականին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել մեղադրյալ Տ․ Ավետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին, ապա Տ․ Ավետյանին մեղադրանք է առաջադրել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, հինգ դրվագ 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և մեկ դրվագ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
6․ Թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով Դատարանը, Դատավորի նախագահությամբ քննության առնելով թիվ 83157020 քրեական գործով մեղադրյալ Տ․ Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 24․11․2020 թվականի որոշմամբ այն մերժել է։ Դատարանը որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալը հնարավոր է առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման հետ: Մասնավորապես, Դատարանը փաստել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերում Տ. Ավետյանի մեղադրանքին վերաբերելի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակում են միայն գործով մեկ այլ մեղադրյալ Լևոն Ավագյանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի լրացուցիչ հարցաքննությունների արձանագրությունները: Դատարան ներկայացված մյուս նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ վեց օրվա ընթացքում թվով 7 բեռնատարներ, բեռով բարձված Վրաստանի Հանրապետությունից մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, սակայն բեռները չեն հայտարարագրվել, ինչի արդյունքում խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ չեն վճարվել: Այնուհետև, Դատարանը վերլուծել է մեղադրյալ Լևոն Ավագյանի ցուցմունքները, դրանք համադրել քրեական գործով ձեռք բերված այլ փաստական hանգամանքների հետ, արձանագրել, որ մեղադրյալի ցուցմունքներում առկա են հակասություններ, որի արդյունքում գտել է, որ մեղադրյալ Լևոն Ավագյանի ցուցմունքներն արժանահավատ չեն:
7․ Թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Դատավորի կողմից կայացված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը 25․12․2020 թվականի որոշմամբ այն բավարարվել է մասնակի՝ Դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության։ Վերաքննիչ դատարանը, հենվելով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա (տես՝ ի թիվս այլի, Հարություն Խաչատրյանի գործով ստորև մեջբերվող որոշումը), արձանագրել է, որ «մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին Տ.Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունն առաջին ատյանի դատարանն էության մեջ պայմանավորել է տվյալ գործով մյուս մեղադրյալ Լ.Ավագյանի ցուցմունքներով, որոնցով վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, ուղղակիորեն մատնանշել է մեղադրյալ Տ.Ավետյանի առնչությունը նրան վերագրվող ենթադրյալ հանցագործություններին, անարժանահավատ համարելու հանգամանքով, ինչն իր հերթին հանգեցնում է նրան, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն ըստ էության իրականացրել է ապացուցողական գործունեություն՝ փաստացի ստուգման և գնահատման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը փաստացի քննության առարկա է դարձրել և մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին Տ.Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունը պատճառաբանել է այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալով, որպիսիք հանդիսանում են բուն արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից»: Ընդ որում, մեղադրյալ Տ.Ավետյանի դեմ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ուղիղ ցուցմունքը Լ.Ավագյանի կողմից տրվել է իր դիմումի հիման վրա և պաշտպանի մասնակցությամբ հարցաքննության ընթացքում՝ նշելով Տ.Ավետյանի կաշառքը տալու մանրամասները. չափը՝ 1200 ԱՄՆ դոլար, վայրը՝ «մաքսատան տարածքում, նոր վերանորոգված ձևակերպումների շենքի տակ տեղադրված սրճեփ սարքի մոտ» և ժամանակը՝ «2020թ. հունվարի 17-ին, բեռը անցկացնելուց անմիջապես հետո»:
8․ Թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով Դատարանի 24․11․2020թ․ որոշման համաձայն․ «Այսպիսով Լ․ Ավագյանի վերը մեջբերված ցուցմունքները գնահատելով առաջադրված մեղադրանքին Տ․ Ավետյանի առնչություն ունենալու տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ թեպետ այս փուլում ապացույցների արժանահավատությունն այն աստիճանի ինչպես դա պետք է արվեր որպես վարույթն իրականացնող մարմին, դատարանը գնահատելու իրավասություն չունի, այնուամենայնիվ հաշվի առնելով այն, որ սույն գործի քննության ընթացքում Լ․ Ավագյանը քննվող դեպքի վերաբերյալ հայտնել է միմյանցից էականորեն տարբերվող տեղեկություններ, դատարանը հարկ է համարում անդրադառնալ ներկայացված այլ նյութերին և Լ․ Ավագյանի հայտնած տեղեկությունների դրանց համեմատությանը։ (…)»:
9. Թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով Դատարանի 24․11․2020թ որոշման համաձայն․ «Նման պայամններում դատարանը գտնում է, որ թեպետ հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, սակայն այնուամենայնիվ անհրաժեշտ է կասկածը հիմնավորող տեղեկությունների, փաստերի կամ ապացույցների առկայություն, որոնք ոչ թե ենթադրությունների մակարդակում, այլ ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը։(…)»։
5.Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի պաշտոնակատարի և ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի և վերջինիս ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով 24․11․2020 թվականին կայացված որոշմամբ Դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու սահմաններից,
2․ արդյո՞ք թիվ ԵԴ/0779/06/20 դատական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
3․ արդյո՞ք թիվ ԵԴ/0779/06/20 դատական գործով դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտումը հանգեցրել է դատավորի անաչառ և անկողմնակալ լինելու վարքագծի կանոնի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման։
Նշված հարցադրումների վերաբերյալ եզրահանգում ձևավորելու համար Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ այն դեպքերում, երբ կարգապահական վարույթի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում դատավորի արարքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, ապա Խորհրդի կողմից դատավորի արարքին գնահատական տալու և վերջնական որոշման կայացման համար Խորհուրդը պետք է ուսումնասիրության առարկա դարձնի վերաբերելի նյութական և դատավարական իրավունքի նորմերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա նախադեպային և դոկտրինալ մեկնաբանությունները: Առանց համապատասխան ուսումնասիրության և վերլուծության անհնար կդառնա կարգապահական վարույթով օբյեկտիվ որոշման կայացումը:
Վերոշարադրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը սույն կարգապահական վարույթի շրջանակներում բարձրացված հարցադրումներին պատասխանելու և Դատավորի արարքին գնահատական տալու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին․
Այսպես, Օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:
Օրենսդրի կողմից Օրենսգրքի 105-րդ հոդվածով հստակ սահմանվել են ապացույցն անթույլատրելի համարելու հիմքերը։
Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Ապացույցների ազատ գնահատումն օրենսդիրը հռչակել է որպես քրեադատավարական օրենքի սկզբունք, համաձայն որի` ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի:
Օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան՝ մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
Ապացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով:
Նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:»
Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի.
«1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
(...)»։
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը նրա՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական և անքակտելի իրավունքներից է, ինչը սահմանափակելիս անհրաժեշտ է ելնել բացառապես նրա իրավունքները հարգելու, նրա հիմնական իրավունքը բովանդազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (mutatis mutandis տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը)։ Մարդու ֆիզիկական ազատությունը կարելի է սահմանափակել ոչ այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով։
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար բնույթը և դրա կամայական ու անհիմն սահմանափակումները հնարավորինս բացառելու նպատակով գործուն երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10 և այլն)։
Բարձրագույն դատական խորհրդի 07․06․2021 թվականի ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշմամբ, մեջբերելով Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման վկայակոչված կետը, արձանագրվել է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանության համաձայն` ողջամիտ կասկածի չափանիշը հիմնվում է «փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը … հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում» (տես՝ Կ.Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի (K.-F. v. GERMANY) գործով 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռը, կետ 57)»:
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը վերը նշված որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ «ՄԻԵԴ»), «հիմնավոր կասկածին» անդրադառնալիս, նույնպես նշում է միայն կապը անձի և հանցագործության միջև, այսինքն՝ անձի առնչությունը՝ միաժամանակ սահմանելով «ողջամիտ կասկածը» հենց որպես ապացուցողական շեմ, չափանիշ, այլ ոչ թե ապացուցման առարկայի ինքնուրույն բաղադրիչ: Ճիշտ է, նշվում է, որ ողջամիտ կասկածը «հիմնվում է փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը», սակայն ակնհայտ է, որ հանցանքի առկայությունն ապացուցելու անհրաժեշտությունը առնչությունն ապացուցելու անհրաժեշտությունից բխող, ենթադրվող բաղադրիչ է, այլ ոչ թե՝ ուղիղ սահմանվող, ենթադրելով, որ արարքի՝ քրեական օրենքի տեսակետից ոչ հանցավոր, իսկ հանցանքի՝ ոչ «կալանելի» լինելու դեպքում, անձի և այդ արարքի կապի քննությունն իրականացնելն անիմաստ է:
Ընդ որում, ՄԻԵԴ մեջբերված նախադեպային դիրքորոշումից ուղիղ բխում է, որ թե առնչության ապացուցման անհրաժեշտությունը, և թե դրանից բխող արարքի հանցավոր լինելու ապացուցման անհրաժեշտությունը բավարարվում են առնվազն միևնույն ապացուցողական շեմով՝ հստակ նշելով, որ կասկածի հիմքում ընկած, այսինքն՝ կալանավորման հիմքում դրվելիք փաստերը պարտադիր չէ, որ բավարարեն դատապարտումը հիմնավորելու համար անհրաժեշտ սանդղակին: Վերջինից էլ ուղղակիորեն բխում է, որ արարքի հանցավոր լինելը նույնպես չի կարող ապացուցվել այն շեմով, որը կիրառվում է մեղադրական դատավճռի դեպքում: Հետևաբար, արարքի հանցավոր լինելու՝ մեղադրանքի կողմի ապացուցման պարտականության ու դատարանի՝ ճանաչողության շրջանակները սահմանափակվում են միայն այն դեպքերով, երբ դատարանի կողմից արարքի որակման առթիվ արվող դատողությունները կարող են արվել առանց դատաքննության:
Առնչությունը՝ որպես քրեական վարույթի ընթացքում ապացուցման առարկայի մաս նախատեսելու՝ թե Բարձրագույն դատական խորհրդի 07․06․2021 թվականի ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշման մեջ ուսումնասիրված Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրության զարգացման պատմական փորձը, և թե ՄԻԵԴ վկայակոչված վերաբերելի նախադեպային դիրքորոշումները վկայում են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու թույլտվություն տալու մասին միջնորդություններ քննելու ընթացքում հիմնավոր կասկածի առկայությունը ուսումնասիրելիս, դատարանների առաջնային պարտականությունն է ուսումնասիրել անձի առնչությունը մեղսագրվող արարքին և միայն դրանով պայմանավորված՝ այդ արարքի հանցավոր լինելու փաստը, մասնավորապես՝ արարքի քրեորեն արգելված լինելը, իսկ քրեորեն արգելված արարքի՝ ճիշտ որակված լինելու փաստը՝ կալանավորումը բացառող հիմքերի առկայությամբ կալանավորումը թույլ չտալու նպատակով: Ընդ որում, նշված փաստերի հաստատումը դատարանը պետք է կատարի դատաքննությամբ պահանջվող ապացուցողական շեմի համեմատ ավելի ցածր շեմի կիրառմամբ և միայն այն դեպքում, երբ դա հնարավոր է անել առանց դատաքննության (տե΄ս Բարձրագույն դատական խորհրդի 07․06․2021 թվականի ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշումը):
Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեղադրյալ Տ.Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունը Դատարանը պայմանավորել է տվյալ գործով մյուս մեղադրյալ Լ․ Ավագյանի ցուցմունքները, որոնցով վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, տրվել է իր դիմումի հիման վրա և պաշտպանի մասնակցությամբ հարցաքննության ընթացքում ուղղակիորեն մատնանշել է մեղադրյալ Տ․ Ավետյանի առնչությունը նրան վերագրվող ենթադրյալ հանցագործություններին, անարժանահավատ համարելու հանգամանքով։
Բարձրագույն դատական խորհուրդը արձանագրում է, որ ապացույցները, ոչ դրանց համակցության մեջ կատարված գնահատման արդյունքում անարժանահավատ համարելու արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում Դատարանն ըստ էության իրականացրել է ապացուցողական գործունեության փաստացի ստուգման ու գնահատման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները՝ Տ. Ավետյանի ոչ թե առնչության, այլ մեղքի տեսակետից և իրականացրել է գործի ըստ էության քննությանը բնորոշ ապացուցողական գործունեություն: Նշվածն արձանագրվել է նաև ՀՀ Վերաքննիչ դատարանի 25․12․2020 թվականի որոշման մեջ:
Բարձրագույն դատական խորհուրդը 07․06․2021 թվականի ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշման մեջ մանրամասն անդրադարձել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և գործի ըստ էության քննության ընթացքում դատական ճանաչողության՝ օրենքով սահմանված ապացուցման առարկաների, ապացուցման չափորոշիչների կամ շեմերի, ինչպես նաև՝ ապացուցողական զանգվածը կազմող միավորների կարգավիճակային տարբերությանը՝ նշելով, որ ի տարբերություն գործի ըստ էության քննության, որտեղ ապացուցման առարկան անձի մեղքն է, որը պետք է հաստատվի բացառապես ապացույցների, ընդ որում՝ բոլոր ապացույցների հետազոտման արդյունքում ողջամիտ կասկածից վեր շեմին համապատասխան, խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունների քննարկման ընթացքում ապացուցման առարկան անձի առնչությունն է հանցանքին, որը, ՄԻԵԴ վերը մեջբերված նախադեպային իրավունքի համաձայն, կարող է հիմնավորվել նաև առանձին տեղեկություններով և փաստերով, ընդ որում՝ հիմնավոր կամ ողջամիտ կասկածի շեմին համապատասխան, այսինքն՝ հիմնավորվում է ոչ թե առնչության փաստը, այլ հավանականությունը:
Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել նշված սահմանների խախտում, այն է՝ մինչդատական վարույթին ոչ բնորոշ ապացուցման առարկայի հետազոտմամբ և շեմի կիրառմամբ, ինչպես նաև կիրառվող ապացուցողական միավորներին մինչդատական վարույթին ոչ բնորոշ աստիճանի արժանահավատության և բավարարության պահանջներ ներկայացնելով, խախտվել է քրեական դատավարության օրինականության սկզբունքը, անմիջական վտանգ է ստեղծվել դատավորի օբյեկտիվ անաչառության կամ անաչառ երևալու և ապացույցների ազատ գնահատման, ինչպես նաև՝ մրցակցության սկզբունքների իրացման համար, խաթարվել է քրեական վարույթի տարբեր՝ մինչդատական և դատական փուլերում դատավորի դերակատարման տարբերակման հիմքը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը փաստացի քննության առարկա է դարձրել և մեղսագրվող ենթադրյալ հանցանքներին Տ.Ավետյանի առնչությունը հիմնավորված չլինելու մասին իր հետևությունը պատճառաբանել է այնպիսի հարցերի վերաբերյալ գնահատականներ տալով, որոնք հանդիսանում են բուն արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր և դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից։
ՀՀ Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով նշել է հետևյալը՝
«Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:
Այլ կերպ ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան» (տես՝ Հարություն Խաչատրյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը):
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից, մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելով, թիվ ԵԴ/1084/06/20 դատական գործով ներկայացված ապացույցները գնահատելով միմյանց հետ համեմատության մեջ և նշելով դրանց միջև առկա հակասությունը, Դատարանը ինչպես իրեն, այնպես էլ հետագայում այլ մարմիններին անուղղակիորեն զրկել է այդ հարցերն ըստ էության հետագայում քննելու իրավաչափ հնարավորությունից։ Մասնավորապես՝ գործող խմբագրությամբ Օրենսգրքի 90-րդ հոդվածը, ի տարբերություն սկզբնական խմբագրության, դատավորի ինքնաբացարկի հիմք չի համարում դատավորի կողմից նույն գործով մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննելու և լուծելու փաստը:
Օրենսգրքի 90-րդ հոդվածը, ի տարբերություն նախորդ խմբագրության, նախատեսում է, որ նույնիսկ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննելը խոչընդոտ չէ նույն դատավորի կողմից նույն գործը ըստ էության քննելու համար: Այսինքն՝ կալանավորման միջնորդությունը քննած դատավորի մասնակցությունը նույն գործի ըստ էության քննությանը օրենսդիրն այլևս չի դիտում նույն գործին կրկնակի մասնակցություն: Հետևաբար, օրենսդիրը կանխորոշել է, որ մինչդատական վարույթում և գործի ըստ էության քննության ժամանակ դատավորների կողմից քննվում են տարբեր հարցեր: Սրանից ուղղակիորեն բխում է, որ դատավորները չեն կարող գործի մինչդատական վարույթին իրենց մասնակցության շրջանակներում տալ այնպիսի գնահատականներ, որոնք առոչինչ կդարձնեն այն տարբերությունը, որ առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս լուծման ենթակա հարցի և դատաքննության արդյունքում նրանց կողմից լուծման ենթակա հարցի միջև (տես, ՄԻԵԴ Հաուսշիլդտն ընդդեմ Դանիայի գործով 1989թ. մայիսի 24-ի վճիռը, Սերիա Ա, Հ-154, էջ 21, կետ 52-րդ, ինչպես նաև 46-50-րդ կետերը; the Hauschildt v. Denmark judgment of 24 May 1989, Series A no. 154):
ՄԻԵԴ Ֆերանտելլին և Սանտանջելոն գործով 1996թ. օգոստոսի 7-ի վճռով (h-19874/92, Ferrantelli and Santangelo v. Italy - 19874/92) արձանագրվել է հետևյալը՝
«56. Դատարանը վերհիշում է, որ անկողմնակալության առկայությունը, 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, պետք է վեր հանվի սուբյեկտիվ թեստի համաձայն, այսինքն` տվյալ գործով կոնկրետ դատավորի ունեցած անձնական համոզմունքի կամ դրսևորած վարքագծի հիման վրա, ինչպես նաև` օբյեկտիվ թեստի համաձայն, այսինքն` պարզելով, թե արդյոք դատավորն ապահովում է այն երաշխիքների պահպանված լինելը, որոնք բացառում են այդ առթիվ որևէ իրավաչափ կասկածի առկայություն (տես` այլ աղբյուրների թվում, Հաուսշիլդտն ընդդեմ Դանիայի գործով 1989թ. մայիսի 24-ի վճիռը, Սերիա Ա, Հ-154, էջ 21, կետ 46-րդ, և Թհոմանն ընդդեմ Շվեյցարիայի գործով 1996թ. հունիսի 10-ի վճիռը, Դատարանի վճիռների և որոշումների ժողովածու, 1996թ., հատոր III, էջ 815, կետ 30-րդ; the Hauschildt v. Denmark judgment of 24 May 1989, Series A no. 154, p. 21, para. 46, and the Thomann v. Switzerland judgment of 10 June 1996, Reports of Judgments and Decisions 1996-III, p. 815, para. 30): (...):
58. Երկրորդ թեստի համաձայն, պետք է պարզել, թե արդյոք, լրիվ անկախ նրա դրսևորած վարքագծից, գոյություն ունեն ապացուցելի փաստեր, որոնք կարող են կասկած առաջացնել նրա անկողմնակալության վերաբերյալ: Այս առումով, անգամ ձևական կողմը կարող է որոշակի կարևորություն ունենալ: Խաղաքարտին է դրված այն վստահությունը, որ հանրությանը պետք է ներշնչեն դատարանները ժողովրդավարական հասարակությունում: Սա նշանակում է, որ այն հարցով, որոշում կայացնելիս թե արդյոք տվյալ գործով որևէ իրավաչափ պատճառ կա մտավախություն ունենալու, որ այս կամ այն դատավորը անկողմնակալ չէ, մեղադրյալի դիրքորոշումը կարևոր է, սակայն` ոչ վճռորոշ: Վճռորոշ է հանդիսանում այն, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն արդարացված (տես` վերը նշված Հաուսշիլդտի գործով վճիռը, էջ 21, կետ 48-րդ, և, մասնավորապես` Ֆեյն ընդդեմ Ավստրիայի գործով 1993թ. փետրվարի 24-ի վճիռը, Սերիա Ա, Հ-255-A, էջ 12, կետ 30-րդ; the Hauschildt judgment, cited above, p. 21, para. 48, and, mutatis mutandis, the Fey v. Austria judgment of 24 February 1993, Series A no. 255-A, p. 12, para. 30)»:
Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի նման վարքագծի խոցելիությունն ընդգծում է նրանով, որ Դատավորը, մինչդատական վարույթի շրջանակներում իր ապացուցողական գործունեության ընթացքում տալով ապացույցների մեկը մյուսին հակասելու, առանձին ապացույցների՝ գործի ելքի համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար ոչ բավարար լինելու առթիվ միանշանակ գնահատականներ, ինքն իրեն առնվազն զրկել է նույն գործով հետագայում որպես անաչառ դատավոր լինելու և երևալու հնարավորությունից:
Ինչպես նաև, նշված գնահատականները տալով, Դատավորը անմիջական վտանգ է ստեղծել այլ դատավորների կողմից ապացույցների ազատ գնահատման սկզբունքի արդյունավետ իրացման համար՝ մինչդատական վարույթի դատական ակտում ամրագրելով ապացույցների գնահատման առթիվ ձևակերպվող այնպիսի դիրքորոշումներ, որոնք վերադաս ատյաններում այդ ակտի չբեկանվելու և օրինական ուժի մեջ մտած ակտով հաստատվելու դեպքում, կարող էին նախադատելի նշանակություն ունենալ նույն գործի ըստ էության քննության ժամանակ՝ այդպիսով վտանգելով նաև մրցակցության սկզբունքի իրացման ապահովումը գործի քննության դատական վարույթներում:
Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը հանգեցրել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի խախտման:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված վկայակոչված դատավարական նորմերի խախտումները կասկածի տակ են դրել դատավորի անկողմնակալ և անաչառ լինելը՝ հանգեցնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման: Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում վարույթը հարուցած մարմնի այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատավորների վարքագծին ուղղված իմպերատիվ պահանջներ սահմանող նորմերն ամրագրում են դատավորի կարգավիճակի համար անկյունաքարային այն հիմնարար սկզբունքը, համաձայն որի՝ արդարադատություն իրականացնելիս կամ որպես դատարան իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դրանից դուրս դատավորը պետք է ձեռնպահ մնա այնպիսի գործողությունների կատարումից, որոնք որևէ կերպ կարող են կասկածի տակ դնել նրա անաչառությունը կամ անկողմնակալությունը, ինչպես նաև անաչառ դիտորդի մոտ ստեղծեն որևէ կողմին նախապատվություն տալու մասին տպավորություն։ Նշված դրույթներն ուղղակիորեն բխում են նաև դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից, համաձայն որի՝ դատավորի անաչառությունը վերաբերում է ոչ միայն հենց նրա կողմից կայացված որոշմանն, այլ նաև որոշման կայացմանն ուղղված գործողություններին։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ Դատավորը, ինչպես հստակ երևում է նրա կայացված դատական ակտից, առնվազն գիտակցել է իր կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի սահմանները հատելու փաստը, միաժամանակ նշված սահմանազանցումը պատճառաբանել է գործի ըստ էության քննությանը ակնհայտորեն բնորոշ ապացուցողական գործողություններով:
Բացի այդ, դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարել նկատողություն։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
ԴԵՄ |
Մ. ՄԱԿՅԱՆ | |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
ԴԵՄ |
Ս. ՉԻՉՈՅԱն | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|