ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 5-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (1 նոյեմբերի 1994 թվականի, ՀՕ-121, այսուհետ` օրենք) «ավտոմեքենաներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառերով:Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 181-րդ հոդվածով.
«Հոդված 181. |
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների պահպանման կարգը |
1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):
2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:
3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից` տարեկան երկու անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն, որում նշվում են չափումներն իրականացրած իրավաբանական անձի անվանումը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, վառելիքի տեսակը (տեսակները), որով աշխատում է ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վառելիքի յուրաքանչյուր տեսակի (տեսակների) և դրա առանձին մակնիշների օգտագործման դեպքում ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների քանակը:
Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:
4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննումն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:
5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը և չափման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձևը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը:»
Հոդված 4. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանաբար ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ, իսկ Երևան քաղաքում` առնվազն հինգ չափիչ կետերի առկայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վերջնաժամկետից երեք ամիս առաջ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|