Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1605
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2021
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
29.06.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
29.06.2021
Дата вступления в силу
29.06.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 հունիսի 2021 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ ՀՀ վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչներ Կ. Մովսիսյանի, Գ. Աթանեսյանի, Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40, 61 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014թ. փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2014թ. փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից:

Վիճարկվող նորմում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Օրենքի՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է.

«3. 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև՝

 (…)

«1) Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը»:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է ՀՀ վարչական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 18-ի թիվ ՎԴ/11311/05/19 վարչական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Վկայակոչելով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ դիմողն արձանագրում է, որ օրենսդիրը դատախազության համակարգի աշխատակիցների համար Օրենքով սահմանել է կենսաթոշակի հատուկ տեսակ այն անձանց համար, որոնք պաշտոնից կազատվեն դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալու հիմքով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կճանաչվեն կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք կբերեն: Միաժամանակ, դիմողն արձանագրում է, որ Օրենքի անցումային դրույթներով հատուկ կարգավորում է տրվել դատախազության համակարգի այն աշխատակիցների համար, որոնք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ծնվել են մինչև 1974 թվականի հունվարի 1-ը և պաշտոնից ազատվել են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, այն է՝ առկա է անձնական դիմում, լրացել է դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին:

Դիմողի կարծիքով տվյալ իրավակարգավորումը խնդրահարույց է խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից այն հիմնավորմամբ, որ խտրական մոտեցում է ցուցաբերում մի կողմից՝ անձնական դիմումի, մյուս կողմից՝ ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու հիմքով դատախազի պաշտոնից ազատված անձանց միջև:

Դիմողը գտնում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, ըստ էության, նպատակ է հետապնդում երաշխավորելու այն դատախազների կենսաթոշակի իրավունքը, որոնք ունեն երկարամյա ծառայության ստաժ, այն է՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, այսինքն՝ իրավակարգավորման նպատակը երկարամյա աշխատանքի խրախուսումն է: Ըստ դիմողի՝ օրենսդիրը չէր կարող խրախուսել մի կողմից՝ երկարամյա աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ ատեստավորումը չանցնելու ռիսկից խուսափելու համար պաշտոնից ազատվելու մասին դիմում ներկայացնելը:

Դիմողը նշում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով պաշտոնից ազատվելը ենթադրում է, որ դատախազը տվյալ տարվա ատեստավորման արդյունքներով որակավորման հանձնաժողովի որոշմամբ չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: Սակայն, ըստ դիմողի, այստեղ հաշվի չի առնվում, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում, ինչը ենթադրում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով պաշտոնից ազատված դատախազը նախկին ատեստավորումներն անցել է և միայն տվյալ տարվա ատեստավորումը չի անցել: Նման պայմաններում սեփական դիմումի հիմքով պաշտոնից ազատված դատախազի և ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պաշտոնից ազատված դատախազի միջև տարբերակված մոտեցումը, դիմողի կարծիքով, չի հետապնդում իրավաչափ նպատակ և օբյեկտիվ հիմքով տարբերակում չէ:

Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ կենսաթոշակային կամ սոցիալական ապահովության իրավունքին, ինչպես նաև խտրականության արգելքի սկզբունքին վերաբերող մի շարք դատական ակտեր՝ պատասխանողը գտնում է, որ պետության կողմից հատուկ կենսաթոշակի սահմանման նպատակը պաշտոնյաներին երկարամյա անձնվեր ու անբասիր և արդյունավետ ծառայության համար խրախուսելն է:

Ըստ պատասխանողի՝ պետության կողմից պաշտոնյաներին տրվող խրախուսանքի այս տեսակի նպատակն է խրախուսել մի կողմից երկարամյա ծառայության ստաժ ունենալը, մյուս կողմից՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում պաշտոնյաների կողմից գործնական, մասնագիտական և բարոյական բարձր հատկանիշների դրսևորումը: Ուստի՝ տրամաբանական է, որ միմիայն երկարամյա ծառայության ստաժ ունենալը օրենսդրի կողմից չէր կարող դիտարկվել որպես հատուկ կենսաթոշակի նշանակման հիմք:

Պատասխանողը գտնում է, որ հակառակ մեկնաբանման պարագայում ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անձը կունենա առնվազն 20 օրացույցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ձեռք կբերի Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք՝ անկախ պաշտոնից ազատվելու հիմքի, ինչն անընդունելի է և չի բխում Օրենքի նպատակներից:

Ելնելով վերոգրյալից՝ պատասխանողը գտնում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյոք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, սակայն ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պաշտոնից ազատված դատախազների՝ Օրենքով նախատեսված համապատասխան կենսաթոշակի իրավունքը սահմանափակելը համահունչ է վերջիններիս սոցիալական ապահովության իրավունքին:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկվող իրավակարգավորումներում ակնհայտորեն բացակայում է որևէ խտրականության դրսևորում՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը լուծելու է Սահմանադրության 83-րդ հոդվածի լույսի ներքո:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Անձի սոցիալական ապահովության իրավունքն ամրագրված է Սահմանադրության 83-րդ հոդվածում, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Սոցիալական ապահովության իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ «… «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ /հոդվ.1/, խտրականությունը բացառող հանգամանք /հոդվ. 14.1/, աշխատողի շահի դրսևորում /հոդվ. 32/, սոցիալական ապահովության իրավունքի բնութագրիչ /հոդվ. 37/, պետության հիմնական խնդիրների սահմանները բնորոշող ոլորտ /հոդվ. 48/, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության բնագավառ /հոդվ. 89/։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։ Դրանց թվում՝ սոցիալական ապահովության իրավունքը ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքներից մեկը և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով պետությունը սահմանափակված է նաև այս իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագիրը, նաև դրա 9-րդ հոդվածով է միջազգային պարտավորություն ստանձնել ճանաչելու յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը»։

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սոցիալական ապահովությունն անձի իրավունք լինելուց զատ պետության պոզիտիվ պարտավորությամբ պայմանավորված նպատակային գործառույթ է, քանի որ ուղղված է հասարակության այն խավերի կենսագոյի ապահովմանը, որոնք իրենցից անկախ պատճառներով դա անել չեն կարող։ Առավել լայն հասկացություն է սոցիալական պաշտպանությունը, որը ներառում է ոչ միայն սոցիալական ապահովությունը, այլև սոցիալական ապահովագրությունը և պետության ու հասարակության կողմից իրականացվող սոցիալական օգնությունը։

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1475 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ թեև Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրին է վերապահված անձի սոցիալական ապահովության, մասնավորապես՝ կենսաթոշակի իրավունքի բովանդակությունը (օրինակ՝ կենսաթոշակի չափը, նշանակման և վճարման կարգը և այլն) որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, բացառում է այս իրավունքն ընդհանրապես օրենքով չերաշխավորելը, այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է կենսաթոշակի իրավունքը երաշխավորող օրենք ընդունել: Բացի դրանից, նման օրենքը չպետք է խախտի Սահմանադրության պահանջները, մասնավորապես, այն պետք է լինի որոշակի, կանխատեսելի, չհակասի իրավահավասարության, խտրականության արգելքի սկզբունքներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հաստատված չափանիշների համաձայն` «... սոցիալական օրենսդրության, այդ թվում՝ կենսաթոշակների ոլորտում, պետություններն ունեն հայեցողության լայն շրջանակ, որը ելնելով սոցիալական արդարության և տնտեսական բարեկեցության շահերից, կարող է իրավաչափորեն հանգեցնել բնակչությանը վճարվող կենսաթոշակի գումարի կարգավորմանը, հարմարեցմանը և նույնիսկ նվազեցմանը: Այնուամենայնիվ, ցանկացած այսպիսի միջոց պետք է կիրառվի ոչ խտրական ձևով և համապատասխանի համաչափության պահանջներին: Այդ պատճառով օրենսդրին տրված հայեցողության շրջանակը քաղաքականության ընտրության հարցում պետք է լինի լայն, և նրա կողմից «հանրային շահի» գնահատումը պետք է հարգվի, եթե այն ակնհայտորեն զուրկ չէ ողջամիտ հիմնավորումից» (Carson and Օthers v. The Սnited Kingdom [GC], cited above, p. 61; Andrejeva v. Latvia [GC], cited above, p. 83; as well as Moskal v. Poland, p. 61):

Անդրադառնալով կենսաթոշակի իրավունքին (այդ թվում՝ հատուկ կարգով նշանակվող)՝ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-881 որոշման շրջանակներում նշել է. «Կենսաթոշակային ապահովության իրավունքը՝ սահմանված Սահմանադրության 37-րդ հոդվածով, և բավարար կենսամակարդակի իրավունքը՝ սահմանված Սահմանադրության 34-րդ հոդվածով, թեպետև իրենց բնույթով դասվում են սոցիալական իրավունքների շարքին, այնուամենայնիվ, դրանք տարբեր իրավունքներ են, վերաբերում են տարբեր կատեգորիայի անձանց, և այդ իրավունքները Սահմանադրությամբ տարանջատված են։ Սահմանադրության 37-րդ հոդվածով նախատեսված՝ կենսաթոշակային ապահովության իրավունքը վերապահված է հասարակության՝ սոցիալապես առավել խոցելի խմբերին։ Օրենսդիրն այդ խմբերի ներկայացուցիչներին դիտարկում է որպես աշխատունակության լրիվ կամ մասնակի կորուստ ունեցողներ, որոնք դրա հետևանքով չեն կարող սեփական աշխատանքով իրենց և իրենց ընտանիքների համար ապահովել բավարար կենսամակարդակ։ Դրա հետևանքով պետությունն իր սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով նշված խմբերի համար սահմանել է կենսաթոշակային ապահովության իրավունք։ Կենսաթոշակային իրավունքի նպատակն անձի համար ոչ թե բավարար, այլ նվազագույն կենսամակարդակ ապահովելն է»։

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-991 որոշմամբ արձանագրել է, որ կենսաթոշակը և աշխատանքը միտված են միևնույն նպատակին՝ գոյության միջոցների ապահովմանը. աշխատանքը՝ որպես կենսապահովման միջոց, գործում է անձի լրիվ աշխատունակության պայմաններում, իսկ կենսաթոշակը՝ աշխատունակության սահմանափակման կամ կորստի պայմաններում: Հետևաբար, կենսաթոշակի իրավունքը ծագում է այն ժամանակ, երբ անձը, որոշակի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, այլևս չի կարող այդ նպատակն իրացնել աշխատանքի միջոցով: Կենսաթոշակի իրավունքի ծագումն անմիջականորեն պայմանավորվում է աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների կրճատմամբ:

Կենսաթոշակի իրավունքը դիտարկելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի շրջանակներում՝ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-731 որոշմամբ նշել է, որ այս սկզբունքի պահանջներին համապատասխան պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները։ Պետության հայեցողությունն է սահմանել կենսաթոշակի ձևերը, դրանց նշանակման կարգը և պայմանները, սակայն այդ հայեցողությունն իրականացնելիս պետությունը պարտավոր է պահպանել վերոնշյալ սկզբունքները։ Մինչդեռ վիճարկվող նորմերը հնարավորություն չեն տալիս այն անձանց, որոնց ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են, հավասարապես օգտվել այն իրավունքից, որից օգտվում են ապահովագրական ստաժի վերաբերյալ փաստաթուղթ ունեցող անձինք։ Վիճարկվող դրույթի կիրառմամբ ձևական հիմքով (ստաժը հիմնավորող փաստաթղթերի բացակայություն) անհավասար դրություն է ստեղծվում փաստացիորեն միևնույն ապահովագրական ստաժն ունեցող անձանց միջև։

4.2. Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատախազի պաշտոնում երկարամյա ծառայության առկայության պարագայում անձի սոցիալական ապահովության, տվյալ դեպքում՝ Օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունքի իրացմանն ուղղված մոտեցումները պետք է համահունչ լինեն նրա նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության ընդհանուր դրույթներին:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր` «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 5-րդ կետով սահմանել է.

«5. Պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ երաշխավորելու, որպեսզի.

(…)

դ. Դատախազներն ապահովված լինեն աշխատանքի ողջամիտ պայմաններով, ներառյալ՝ իրենց առանցքային դերին համաչափ վարձատրությամբ, պաշտոնավարման և կենսաթոշակի պայմաններով, ինչպես նաև պատշաճ կենսաթոշակային տարիքով, և այս բոլոր պայմանները կարգավորվեն օրենքով»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ դատախազի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև դատախազի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատախազի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (65-րդ հոդված):

Դատախազին Օրենքով նախատեսված կենսաթոշակ նշանակելու ընդհանուր պայմանները նախատեսված են Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն որի՝ նույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որը պաշտոնից ազատվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով:

Օրենքի անցումային դրույթներով, որպես վերը նշված ընդհանուր կանոնից բացառություն, նախատեսված է նաև հատուկ կենսաթոշակ դատախազի պաշտոնից ազատված այն անձանց համար, որոնք բավարարում են հետևյալ երեք նախապայմանները.

- 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

- ծնվել են մինչև 1974 թվականի հունվարի 1-ը,

- դատախազի պաշտոնից ազատվել են անձնական դիմումի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալու հիմքերով:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված՝ դատախազի պաշտոնից ազատելու տարատեսակ հիմքերից վիճարկվող իրավակարգավորման համար որպես երրորդ նախապայման ընդունելի է համարել երկուսը՝ անձնական դիմումը և դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը: Հետևաբար՝ Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված կանոնի համաձայն՝ եթե անձը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, սակայն պաշտոնից ազատվել է ոչ թե անձնական դիմումի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու, այլ մեկ ուրիշ հիմքով (տվյալ դեպքում՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով), զրկվում է Օրենքով նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:

4.3. Օրենսդիրը, հիմք ընդունելով կոնկրետ (տվյալ դեպքում՝ դատախազության համակարգում) աշխատանքի առանձնահատկություններն ու բնույթը, երաշխավորելով Սահմանադրության 83-րդ հոդվածով նախատեսված՝ անձի սոցիալական իրավունքի իրացման հնարավորությունը, սահմանել է նվազագույն համապատասխան տարիք և մասնագիտական աշխատանքային ստաժի առկայություն այդ իրավունքն իրացնելու համար, և դա ինքնանպատակ չէ:

Մասնավորապես, Օրենքով նախանշված խումբ անձանց հատուկ կենսաթոշակի տրամադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք որոշակի՝ օրենքով սահմանված ժամկետներում հանրային ծառայության տվյալ ոլորտում իրենց ծառայությունն են մատուցել պետությանը, ինչն էլ օրենսդիրն իր հայեցողության շրջանակներում դիտարկել է որպես լրացուցիչ խրախուսման հիմք:

Այլ կերպ ասած՝ վիճարկվող նորմով նախանշված խումբ անձինք իրենց ծառայությամբ արդեն իսկ «վաստակել են» օրենսդրի կողմից նախատեսված հատուկ կենսաթոշակի իրավունքը, անկախ այն հանգամանքից, թե հետագայում ինչ հիմքով են ազատվել աշխատանքից (բացառությամբ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հետևանքով որպես անբարենպաստ հետևանք օրենքով սահմանված կարգով որոշակի արտոնություններից զրկվելու դեպքերից):

Անդրադառնալով մասնագիտական պիտանիության հարցին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ տեսության մեջ ու համապատասխան պրակտիկայում առավել լայն տարածում ունեցող մոտեցման համաձայն՝ մասնագիտական պիտանիությունը հոգեբանական, հոգեֆիզիկական հատկությունների, ինչպես նաև հատուկ գիտելիքների, ունակությունների, փորձի ամբողջություն է, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունելի արդյունավետությանը հասնելու համար: Մասնագիտական պիտանիությունը մարդուն ի ծնե բնորոշ հատկություն չէ, ձևավորվում է երկարատև մասնագիտական գործունեության արդյունքում, որը ծավալվում է որոշակի սոցիալ-տնտեսական պայմաններում: Ժամանակի ընթացքում ձևավորվում են ոչ միայն մարդու առանձին գործառնական համակարգերը և հոգեկան գործընթացները (մասնագիտական ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և այլն), այլև նրա անձը: Կոնկրետ գործունեության համար մասնագիտական պիտանիությունը հիմնվում է որոշակի հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական, մարդաբանական, բժշկական և այլ չափանիշների վրա: Նույն կերպ էլ ժամանակի ընթացքում՝ կախված տարիքից և այլ արտաքին գործոններից, մարդը ենթարկվում է որոշակի հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք բացասաբար են ազդում նրա մտածողության, հիշողության, հետևաբար՝ մասնագիտական պիտանիության վրա:

Տվյալ դեպքում ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պաշտոնից ազատված անձն ունեցել է 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, և այդ տարիների ընթացքում վերջինս դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների առումով համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին: Եթե հետագայում անձը ատեստավորման արդյունքներով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ապա նա արդեն իսկ կրում է դրա բացասական հետևանքը՝ ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ իր կողմից 20 օրացուցային տարվա ընթացքում արդեն իսկ վաստակած՝ Օրենքով նախատեսված երկարամյա հատուկ կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը կրկնակի բացասական հետևանքներ է առաջացնում վերջինիս համար և համահունչ չէ իրեն նաև սոցիալական հռչակած պետության քաղաքականության բովանդակությանը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ անդրադառնալով խնդրո առարկա երկու ենթակատեգորիաների անձանց՝ անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատված և ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու հիմքով պաշտոնից ազատված դատախազներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք, որը թույլ կտար պնդելու, որ եթե անձնական դիմում չլիներ, և անձը մասնակցեր ատեստավորմանը, ապա կապահովեր բավարար արդյունք և, ընդհակառակը, առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք, որը թույլ կտար պնդելու, որ ատեստավորմանը մասնակցած և բավարար արդյունք չապահոված անձը միշտ էլ ունեցել է անբավարար մասնագիտական պատրաստվածություն: Ավելին, եթե ատեստավորման գործընթացում անբավարար արդյունք ապահոված անձը չմասնակցեր ատեստավորմանը և պաշտոնից ազատման դիմում ներկայացներ, ապա որևէ տեղ չէր արձանագրվի նրա մասնագիտական ոչ պիտանիությունը, և տվյալ անձը, փաստացի լինելով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող, կօգտվեր Օրենքի ընձեռած հնարավորությունից և կստանար հատուկ կենսաթոշակ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ աշխատանքային հարաբերությունների դադարման հնարավորությունը պաշտոնին անհամապատասխանության հիմքով պայմանավորելն ինքնին խնդրահարույց չէ, քանի որ աշխատանքային հարաբերությունների դադարման համար հիմք է ծառայում այնպիսի օբյեկտիվ չափանիշ, ինչպիսին մարդու աշխատունակության չափանիշն է:

 Խնդրահարույց իրավիճակն առաջանում է այն դեպքերում, երբ կենսաթոշակի իրավունքի իրացման համար բոլոր օբյեկտիվ պայմանների (տարիք, աշխատանքային ստաժ) առկայության պարագայում սահմանափակվում է անձի՝ համապատասխան դիմում ներկայացնելու հնարավորությունը՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով նրան աշխատանքից ազատելու պատճառով այդպիսի դիմում ներկայացնելն արգելող իրավակարգավորման բացակայության պայմաններում:

 Սահմանադրական դատարանը գտնում է, որ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով նախքան դատախազի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելը պետք է ապահովվի վերջինիս՝ սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հնարավորությունը: Գործող իրավակարգավորումների բովանդակության միայն այդպիսի ընկալումը կապահովի սոցիալական պետության և, ըստ այդմ՝ Սահմանադրության 83-րդ հոդվածով նախատեսված՝ անձի սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ ու արդարացի իրացումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. ԴիլանՅԱՆ

 

29 հունիսի 2021 թվականի 

ՍԴՈ-1605

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: