ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի`
ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.».
բ) առաջին մասի «բ», «գ», «դ» և «ե» կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի`
ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.».
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|