Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/8271/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/8271/05/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Կ Բաղդասարյան  

Դատավորներ՝

Կ Մաթևոսյան

 

Կ Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ստեփան Վիրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ստեփան Վիրաբյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ Ծառայության 11.06.2018 թվականի թիվ 1808116967 որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ստեփան Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 29.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 29.10.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ստեփան Վիրաբյանը (ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բավարար չափով չի հետազոտել իրավախախտման հիմնավորման հարցում որպես ապացույց դրված լուսանկարները, ինչի արդյունքում հստակ կարձանագրեր լուսանկարի գնահատման գոտում այլ ավտոմեքենայի առկայությունը և կհաստատեր վիճարկվող որոշման անվավերությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 06112019 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության, ինչպես նաև դատական ծախսերում ներառել ներկայացուցչի վճարը՝ դատական բոլոր ատյաններում հայցվորի շահերը ներկայացնելու համար։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 11.06.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808116967 որոշման համաձայն՝ Ստեփան Վիրաբյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տուգանվել է 4.000 ՀՀ դրամ՝ 19.05.2018 թվականին ժամը 08:26-ին Թայիրով համայնք, Երևանյան փողոցում երթևեկության սահմանված արագությունը 4կմ/ժ-ով գերազանցելու համար (գ.թ. 4)

2) Վարչական իրավախախտումն ամրագրած լուսանկարի երեք քառորդում Ստեփան Վիրաբյանի վարած տրանսպորտային միջոցից բացի մասամբ առկա է նույն ուղղությամբ երթևեկող մեկ այլ փոխադրամիջոց (գ.թ. 45-46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելն այն դեպքում, երբ լուսանկարի երեք քառորդում՝ գնահատման գոտում, առկա է միևնույն ուղղությամբ շարժվող այլ տրանսպորտային միջոց, վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի (...):

Վերը նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ գործով իրականացվող վարչական վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով։ Նշված վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից։ Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ, ընդ որում, օրենսդրական ուղղակի ամրագրում է ստացել տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության վերաբերյալ կասկածի առկայության իրավական հետևանքը, այն է՝ կասկածը պետք է մեկնաբանվի հօգուտ անձի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում (տե՛ս, Արտակ Մհերյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7657/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09022021 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի։ Ընդ որում, կասկածն անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ անձի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության մեջ բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

 Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Որոշմամբ որոշվել է Ստեփան Վիրաբյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տուգանել՝ 4.000 ՀՀ դրամ՝ 19.05.2018 թվականին ժամը 08:26-ին Թայիրով համայնք, Երևանյան փողոցում երթևեկության սահմանված արագությունը 4կմ/ժ-ով գերազանցելու համար։

Դիմելով դատարան` Ստեփան Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Որոշումը։

Դատարանը 29.10.2018 թվականի վճռով հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ «(․․․) իրավախախտումն ամրագրած լուսանկարում միևնույն երթևեկելի գոտում այլ տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, 74 կմ/ժ արագությամբ երթևեկելու արարքը Ստեփան Վիրաբյանի կողմից կատարված լինելու փաստն առնվազն կասկած է հարուցում, իսկ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցելու դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվոր Ստեփան Վիրաբյանը երթևեկել է 74 կմ/ժ արագությամբ, ուստի դրա բացասական հետևանքները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի հիմքով կրում է վարչական մարմինը»։

Վերաքննիչ դատարանը 06.11.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը, Ստեփան Վիրաբյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «քննարկվող լուսանկարի ֆիքսված պատկերով, չափումներով և դրա վերնամասում առկա գրառումներով հիմնավորվում է, որ լուսանկարի ¾-ում (այսինքն՝ արագաչափ սարքի տեխնիկական բնութագրի համաձայն՝ գնահատման գոտում), երրորդ գոտիում երթևեկում է միայն Հայցվորին պատկանող «Opel» մակնիշի 35RQ126 համարանիշի տրանսպորտային միջոցը, իսկ նույն ուղղությամբ 3-րդ երթևեկելի գոտիում հեռվում երևացող մեկ այլ տրանսպորտային միջոցը գտնվում է արագաչափ սարքի գնահատման գոտուց դուրս: Հետևաբար վերը նշվածով հերքվում է Դատարանի այն եզրահանգումը, որ իրավախախտումն ամրագրած լուսանկարում միևնույն երթևեկելի գոտում այլ տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում, 74 կմ/ժ արագությամբ երթևեկելու արարքը Ստեփան Վիրաբյանի կողմից կատարված լինելու փաստն առնվազն կասկած է հարուցում»:

 

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած լուսանկարի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Ստեփան Վիրաբյանին պատկանող «Opel» մակնիշի 35RQ126 համարանիշի տրանսպորտային միջոցը գտնվում է լուսանկարի երեք քառորդում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա՝ ենթադրյալ վարչական իրավախախտումն ամրագրած լուսանկարի երեք քառորդում, Ստեփան Վիրաբյանի վարած տրանսպորտային միջոցից բացի, մասամբ առկա է նույն ուղղությամբ երթևեկող մեկ այլ փոխադրամիջոց:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում երթևեկության սահմանված արագությունը 4կմ/ժ-ով գերազանցելու փաստը Ստեփան Վիրաբյանին պատկանող տրասնպորտային միջոցին վերագրելը կասկած է հարուցում։ Լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանության վերաբերյալ կասկածը պետք է մեկնաբանվեր հօգուտ Ստեփան Վիրաբյանի, իսկ իրավախախտման հատկանիշները «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չէին կարող համարվել պարզված։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Ստեփան Վիրաբյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք կատարելու փաստը, որի բացասական հետևանքները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, պետք է կրի պատասխանող վարչական մարմինը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը վճռով եկել է ճիշտ եզրահանգման վիճարկվող որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

Նկատի ունենալով, որ Ստեփան Վիրաբյանը, վերը նշված իրավանորմի ուժով ազատված լինելով պետական տուրքի վճարման պարտականությունից, վճռաբեկ բողոքը ներկայացնելիս պետական տուրք չի վճարել, նրա վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել վճռաբեկ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Վճռաբեկ դատարանն անդրադառնալով փաստաբանի վարձատրության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին արձանագրում է, որ Ծառայությունից հօգուտ
Ստեփան Վիրաբյանի 10.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին Դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, նկատի ունենալով նաև սույն գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.11.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 29.10.2018 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: