Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.07.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
23.07.2021
Дата вступления в силу
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/10346/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/10346/05/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան  

Դատավորներ՝

Կ. Ավետիսյան

 

Ա. Թովմասյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սուսաննա Հախվերդյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)՝ 08.10.2018 թվականի թիվ 3254-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Հախվերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 08.10.2018 թվականի թիվ 3254-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 10.09.2020 թվականի վճռով հայցը մերժել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.12.2020 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անահիտ Կճոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ, 130-րդ, 137-րդ և 145-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև հայցը մերժվել է, սակայն Դատարանի վճիռը կայացվել է ի վնաս Երևան համայնքի, քանի որ այն պարունակում է ի վնաս Երևան համայնքի կատարված հետևություններ և հաստատված փաստեր, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել Երևանի քաղաքապետի համապատասխան լիազորությունների իրականացումն ու վերջինիս կողմից կայացված որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկված դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերստին ապացուցման ենթակա չեն լինելու, ինչն արդեն իսկ հաստատում է սխալ փաստական հանգամանքների հաստատման հիմքով կայացված, սակայն հայցը մերժող դատական ակտն ի վնաս պատասխանողի կայացված լինելու հանգամանքը: Ընդ որում՝ օրենսդիրը չի սահմանել պարտադիր պայման կամ բացառություն այն իմաստով, որ հայցը մերժելու մասին դատական ակտը ենթակա չէ բողոքարկման պատասխանողի կողմից:

Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում ներկայացվել է բողոքարկված վճիռն ի վնաս Երևան համայնքի կայացված լինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս, բողոքում ներկայացված փաստարկներն ու բողոքով ներկայացված պահանջը լիարժեք գնահատման չի ենթարկել: Այսպիսով՝ դատավարության կողմը զրկվել է ի վնաս իր շահերին կայացված դատական ակտը բողոքարկելու դատավարական իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 08.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի, 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատավարության մասնակիցները կարող են բողոք բերել վարչական դատարանի վճռի միայն պատճառաբանական մասի դեմ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։

 

3.1 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ`Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35, 36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվի նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Այսպես՝

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները:

ՀՀ սահմանադրական դատարանը, 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածին, արձանագրել է, որ «Օրենսգրքի 130-րդ հոդվածը, սահմանելով վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ուղղակիորեն չի սահմանում, որ այդ անձինք կարող են դատական ակտը բողոքարկել միայն այն դեպքում, երբ նրանց համար անբարենպաստ է դրա եզրափակիչ մասը։ Այսինքն՝ Օրենսգրքի 130-րդ հոդվածն ինքնին չի արգելափակում անձի բողոքարկման իրավունքի իրացումն այն դեպքում, երբ թեև դատական ակտի եզրափակիչ մասը (դրա մի մասը) այդ անձի համար բարենպաստ է, սակայն նա համաձայն չէ այդ դատական ակտի պատճառաբանական մասին»։

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն բողոքարկելու դատական ակտերը, ընդ որում, գործն ըստ էության լուծող դատական ակտերն առանց բացառության, իսկ միջանկյալ դատական ակտերի դեպքում՝ այն ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը, փաստել է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք առավել հաճախ բերում է դատավարության այն մասնակիցը, որը գործի ելքում դատավարական իմաստով «պարտվել է», այսինքն՝ դատավարության այն մասնակիցը, ի վնաս որի կայացվել է վճիռը։ Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ դատավարության այս կամ այն մասնակիցը, համաձայն լինելով վճռի եզրափակիչ մասին, համաձայն չէ դրա պատճառաբանական մասին (դրա մի մասին)։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանելով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու՝ դատավարության մասնակիցների իրավունքը, օրենսդիրն այդ իրավունքի իրացումը որևէ կերպ չի պայմանավորել դատական ակտի եզրափակիչ մասի՝ դատավարության տվյալ մասնակցի համար ամբողջությամբ կամ մի մասով անբարենպաստ լինելու հետ։ Դա նշանակում է, որ դատավարության մասնակիցների՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու իրավունքը երաշխավորվում է՝ առանց այդ դատական ակտերի միջև տարանջատման՝ ի վնաս կամ հօգուտ դատավարության տվյալ մասնակցի լինելու չափանիշով։

Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վճիռը միայն պատճառաբանական մասով (դրա մի մասով) բողոքարկելը ևս ինքնանպատակ չէ։ Նման հնարավորություն ապահովելու անհրաժեշտությունը ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանավորել է այն հանգամանքով, որ դատավարության մասնակիցների համար հետևանքներ է առաջացնում, նրանց իրավունքները և պարտականությունները շոշափում է վճռի ոչ միայն եզրափակիչ մասը, այլև պատճառաբանական մասը։ Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

 ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի նախադատելիության հարցին, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով՝ թե՛ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա: Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե´ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական գործով կայացված վճիռը, ուժի մեջ մտնելով, ի թիվս այլ հատկանիշների (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն), ձեռք է բերում նաև նախադատելիության հատկանիշ, որի հիման վրա էլ այդ դատական ակտով հաստատված փաստերը նույն կողմերի միջև (անձանց մասնակցությամբ) նոր վարչական կամ քաղաքացիական գործ քննելիս, որպես ընդհանուր կանոն, պարտադիր նշանակություն են ունենում դատավարության մասնակիցների և դատարանի համար և ներմուծվում են նոր կայացվող դատական ակտում՝ որպես այլևս ապացուցման կարիք չունեցող փաստեր։ Հետևաբար վճռով վարչական դատարանի կողմից որոշակի փաստերի հաստատումը դատավարության մասնակիցների համար էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն տվյալ վարչական գործի ելքի վրա դրանց ունեցած ազդեցության ուժով, այլև այն կարող է ազդել նրանց մասնակցությամբ վարչական կամ քաղաքացիական այլ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակի որոշման վրա՝ դրանց կազմից բացառելով նախադատելի փաստերը։ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նաև սրանով պայմանավորված՝ վարչական դատավարության մասնակիցների համար պետք է նաև ապահովվի վճիռը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու հնարավորությունը։

 Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ինչպես այն դեպքում, երբ գործն ամբողջությամբ կամ մասնակիորեն լուծվել է ի վնաս բողոք բերող անձի, այնպես էլ այն դեպքում, երբ վերջինս համաձայն չէ այդ դատական ակտի միայն պատճառաբանական մասին (դրա մի մասին) (տե´ս, Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյաններն և Էլեոնորա Մաիլովան ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/6829/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.05.2021 թվականի որոշումը):

 

3.2. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը։ Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ կամ նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքը բերել է այն անձը, որը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

4) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։ Ընդ որում, վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերը նշված հիմքերը սպառիչ են, ուստի վերաքննիչ դատարանն իրավասու չէ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել այլ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով չնախատեսված որևէ հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Ներսես, Խաչատուր, Սերգեյ Հակոբյաններն և Էլեոնորա Մաիլովան ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/6829/05/14 վարչական գործով 21.05.2021 թվականի որոշմամբ անդրադառնալով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքին, գտել է, որ նշված իրավանորմը ենթակա է մեկնաբանման՝ հաշվի առնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումը։ Նշված հոդվածով սահմանված է վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու՝ դատավարության մասնակցի իրավունքը, հետևաբար վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ դատավարության մասնակցի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը (անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը բողոքարկվում է միայն պատճառաբանական, թե նաև եզրափակիչ մասով) չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով։

Այսպիսով, վարչական դատարանի վճիռը դատավարության մասնակցի կողմից միայն պատճառաբանական մասով բողոքարկվելու դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը չի կարող մերժվել՝ վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 08.10.2018 թվականի թիվ 3254-Ա որոշման 1-ին կետով նախատեսվել է առաջարկել քաղաքացի Սուսաննա Հախվերդյանին 5-օրյա ժամկետում ապամոնտաժել Մ. Մաշտոցի պողոտայի հ.15 շենքին կից հատվածում ապօրինի վերակառուցված կրպակը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը: Նույն որոշման 2-րդ կետով նախատեսվել է նախազգուշացնել քաղաքացի Սուսաննա Հախվերդյանին, որ նույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:

Դիմելով դատարան` Սուսաննա Հախվերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 08.10.2018 թվականի թիվ 3254-Ա որոշումը:

Դատարանը 10.09.2020 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 08.10.2018 թվականի թիվ 3254-Ա որոշումն անվավեր ճանաչվել չի կարող՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի անվավերության բավարար հիմքերի բացակայության պատճառով, քանի որ վիճարկվող որոշման մեջ առկա է նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված ակնհայտ՝ ակնառու կոպիտ սխալ՝ այն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը, ինչն էլ վարչական ակտի առոչնչության, այլ ոչ թե անվավերության իրավական հիմք է: Այսպիսով՝ Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումն առ ոչինչ վարչական ակտ է, քանի որ այն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը, սակայն նշված որոշումը դատական կարգով այդպիսին ճանաչվել չի կարող, քանի որ նման պահանջ հայցվորի կողմից ներկայացված չէ:

Վերաքննիչ դատարանը 08.12.2020 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը Վերաքննիչ դատարանի կողմից կարող է իրականացվել միայն վերաքննիչ բողոքի մերժման դեպքում: Այսինքն՝ այս կետով նախատեսված լիազորությունը կարող է կիրառվել բացառապես այն անձի կողմից բերված բողոքի շրջանակներում, որին ի վնաս է կայացվել և որը պահանջում է բեկանել դատական ակտը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը չունի այն անձի բողոքը քննելու լիազորություն, հօգուտ որի դատական ակտ է կայացվել: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ, տվյալ դեպքում, բողոքը բերվել է մի անձի կողմից, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների համար սահմանելով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորություն, չի բացառել դատական ակտը միայն պատճառաբանական մասով բողոքարկելու իրավական հնարավորությունը։ Հետևաբար Քաղաքապետարանը, չհամաձայնելով վճռում տեղ գտած պատճառաբանություններին, որպես դատավարության մասնակից իրավունք ունի բողոքարկելու Դատարանի 10.09.2020 թվականի վճիռը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ տվյալ դեպքում Դատարանի 10.09.2020 թվականի վճիռը բողոքարկելով՝ Քաղաքապետարանը նպատակ է ունեցել վերաքննության կարգով գնահատման առարկա դարձնել Դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտով որոշակի փաստերի հաստատումը, ինչին բողոք բերած անձը չի համաձայնել։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստերը կարող են Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում դառնալ նախադատելի, ուստի դատավարության մասնակիցների (այդ թվում՝ բողոք բերած անձի) համար պետք է ապահովվի վերաքննիչ բողոք բերելու միջոցով Դատարանի կողմից այդ փաստերի հաստատումը վիճարկելու հնարավորություն։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը քննելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված՝ վերաքննիչ դատարանի համապատասխան լիազորություն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ լիազորությունների, մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու տեսանկյունից գնահատելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավադրույթի սահմանադրականությունը` ՀՀ սահմանադրական դատարանը 02.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1579 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում որևէ ենթադրյալ լիազորության բացակայությունը պետք է գնահատվի այդպիսի լիազորության անհրաժեշտության տեսանկյունից, այն է՝ արդյոք բացակայող լիազորության օրենսդրական ամրագրումը բխում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների էությունից, կամ արդյոք այդպիսի լիազորության բացակայությունը խաթարում է նշված սահմանադրական իրավունքների էությունը: (...) օրենսդիրը կարևորել է վերաքննիչ ատյանին բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասին անդրադառնալու իրավասությամբ օժտելը, որը թույլ է տալիս Վերաքննիչ դատարանին պատճառաբանել այն դատական ակտը, որով թեև գործն ըստ էության ճիշտ է լուծված, սակայն լուծման հիմքում դրված պատճառաբանությունները թերի են կամ սխալ: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ օրենսդիրը չի բացառում այն դեպքերը, երբ վարչական դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն դրա հիմքում դնել սխալ կամ թերի պատճառաբանություններ: Սակայն օրենսդիրը, կարևորելով բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասը քննության առարկա դարձնելու՝ վերադաս ատյանի իրավասությունը, հետևողական մոտեցում չի ցուցաբերել և այդ լիազորությունը կապել է միայն վերաքննիչ բողոքը մերժելու հետ: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության կիրառմամբ իրավասու է փոփոխել բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները միայն այն դեպքում, երբ մերժում է ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն՝ երբ պարզում է, որ թեև դատարանը գործին բողոք բերող դատավարության մասնակցի համար իրավացիորեն անբարենպաստ լուծում է տվել, սակայն այդ լուծումը սխալ կամ թերի է պատճառաբանել»:

Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանությունները` ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում ստեղծվում է մի իրավիճակը, որ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը երբեմն կարող են մնալ թերի կամ սխալ պատճառաբանված, ինչը չի բխում արդարադատության էությունից, չի ապահովում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, քանի որ այդ իրավունքները ենթադրում են նաև դատական ակտի ճիշտ և ամբողջական պատճառաբանվածությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ վարչական դատարանի՝ առանց բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասին անդրադառնալու՝ դրա պատճառաբանական մասը փոփոխելու լիազորության բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունից: Բացի այդ՝ օրենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ օրենսդրական կանոնակարգումները զարգացնելու առումով, ինչպես նաև չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավիճակում դատական ակտերի բողոքարկման սահմանադրական իրավունքի կենսագործումը և արդյունավետ իրացումը ապահովելու նպատակով մինչև օրենսդրի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխության կատարումը, կարող է կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի լիազորությունը։ Մասնավորապես՝ սույն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվելու և քննվելու դեպքում հնարավոր են հետևյալ իրավիճակները.

ա) բողոքը հիմնավոր չէ, որի դեպքում կիրառելի կլինի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը

բ) բողոքը հիմնավոր է, որի դեպքում այն, միևնույն է, բավարար չէ բողոքարկվող դատական ակտը բեկանելու համար։ Դա նշանակում է, որ այդ դեպքում ևս կիրառելի կլինի վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում բողոքը հիմնավոր լինելը վկայում է դատական ակտը (մասնակիորեն) սխալ պատճառաբանված լինելու մասին, անհրաժեշտ կլինի նաև պատճառաբանել անփոփոխ թողնված դատական ակտը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի 10.09.2020 թվականի վճռի դեմ Քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վարչական դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու հիմքով՝ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է Դատարանի 10.09.2020 թվականի վճիռը բողոքարկելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հնարավորությունից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: