Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
14.04.2021
Дата вступления в силу
14.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0054/01/15

Գործ թիվ ԵԷԴ/0054/01/15

Նախագահող դատավոր՝  Ա. Մնացականյան

Դատավորներ՝

Կ. Մարդանյան

Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

2021 թվականի ապրիլի 14-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Արշիկի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և տուժող Փայլակ Հայրապետյանի ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Է.Շահինյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69106812 քրեական գործը:

2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռ.Ադիլխանյանի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործն ընդունվել է վարույթ:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործի վարույթը կասեցվել է` գործող անհաղթահարելի ուժի հիմքով` մինչև Սիերա Լեոնեի և Կիպրոսի իրավապահ մարմիններին ուղարկված քննչական պահանջների պատասխանների ստացումը:

 Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մայիսի 2-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի հունիսի 17-ի որոշումներով Աշոտ Արշիկի Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի հունվարի 31-ին հետախուզվող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում, այնուհետև՝ 2014 թվականի հունիսի 19-ին, արտահանձնվել է Հայաստանի Հանրապետություն:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69103515 քրեական գործը, որը նույն որոշմամբ միացվել է թիվ 69106812 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 69106812 համարով:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ թիվ 69106812 քրեական գործից անջատվել է Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ մասը, որին շնորհվել է 69103715 համարը:

2015 թվականի հունիսի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռով Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Աշոտ Սուքիասյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 16 (տասնվեց) տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը:

Ա.Սուքիասյանից հօգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի բռնագանձվել է 8.519.412.692 (ութ միլիարդ հինգ հարյուր տասնինը միլիոն չորս հարյուր տասներկու հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ, հօգուտ տուժող Վարդան Հայրապետյանի՝ 623.403.360 (վեց հարյուր քսաներեք միլիոն չորս հարյուր երեք հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, հօգուտ տուժող Գագիկ Ղարիբյանի՝ 2.763.897.948 (երկու միլիարդ յոթ հարյուր վաթսուներեք միլիոն ութ հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր քառասունութ) ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով վերջիններին պատճառված գույքային վնասի հատուցում։

Նույն դատավճռով Ա.Սուքիասյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 82.447.445 (ութսուներկու միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում։

3. Ամբաստանյալ Ա.Սուքիասյանի պաշտպաններ Յուրիկ Խաչատրյանի և Կարեն Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ վերջիններիս բողոքները բավարարել է մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է:

Ա.Սուքիասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Ա.Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Տուժողներ Փայլակ Հայրապետյանի, Վարդան Հայրապետյանի և Գագիկ Ղարիբյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը` Ա.Սուքիասյանից հօգուտ իրենց` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է:

Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը և տուժող Փ.Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանը վճռաբեկ բողոքներ են բերել, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

2020 թվականի հունվարի 15-ին ամբաստանյալ Ա.Սուքիասյանի պաշտպան Կ.Հակոբյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքների պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի և տուժող Փ.Հայրապետյանի ու նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանի վճռաբեկ բողոքները:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Աշոտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Այսպես.

«Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանը, խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու արդյունքում եկամուտներ ստանալու դիտավորությամբ, ՀՀ գործարար շրջանակներում ներկայանալով ադամանդագործության ոլորտում գործունեություն իրականացնող հաջողված գործարար, 2009 թվականի աշնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, այդ թվում նաև` գործարար Փայլակ Հայրոյի Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ակնագործության և ոսկեգործության խնդիրներին նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է ՌԴ-ից ներմուծվող ադամանդե հումքի արժեքից զգալիորեն էժան գնով բարձրորակ հումքով ապահովել Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվող ընկերություններին: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, հիշատակված քննարկումից մոտ մեկ ամիս անց, իր առաջարկով հետաքրքրված Փայլակ Հայրապետյանին և այլ գործարարներին ներկայացրել է աֆրիկյան Սիերա Լեոնե Հանրապետությունում այլ անձանց պատկանող հանքերից գնված շուրջ 300.000 ԱՄՆ դոլար արժողության բարձր որակի ադամանդի հումք, ներկայացնելով այն որպես Սիերա Լեոնե Հանրապետությունում գտնվող իբրև իրեն պատկանող ադամանդի հանքերից արդյունահանված հումք: Ապա` հավաստիացրել է, որ եթե իրեն պատկանող հանքավայրերում հանքարդյունահանող սարքավորումներ գնելու համար 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում իրականացվի, ապա դրա արդյունքում կբարձրանա հանքերի արտադրողականությունը, հանքերում արդյունահանված ադամանդի հումքը կուղարկի Հայաստանի Հանրապետություն, այն կվերամշակվի իրենց և այլ մասնագիտացված ընկերությունների արտադրամասերում ու գործարաններում և կվաճառվի: Փայլակ Հայրապետյանը` Աշոտ Սուքիասյանի հետ համագործակցությունից շահույթ ստանալու ակնկալիքով, վստահելով վերջինիս և հավատալով նրա ներկայացրած ծրագրին, պատրաստակամություն է հայտնել Աշոտ Սուքիասյանի անվամբ ՀՀ առևտրային բանկերում գրավադնել իրեն պատկանող անշարժ գույքը, իսկ այն 12.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու համար բավարար չլինելու դեպքում գրավադնել նաև «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությունը, որդուն` Վարդան Փայլակի Հայրապետյանին և խնամի` Գագիկ Խորենի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը: Աշոտ Սուքիասյանը գույքը բանկերում գրավադնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներն իբրև Սիերա Լեոնեի Հանրապետությունում իր ունեցած ադամանդի հանքավայրերի համար հանքարդյունահանող սարքավորումներ գնելու և համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, չարաշահելով Փայլակ Հայրապետյանի վստահությունը, խաբեությամբ վերջինիցս և նրա միջոցով «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությունից, Վարդան Հայրապետյանից և Գագիկ Ղարիբյանից 2010 թվականի հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում լիազորագրերով ձեռք է բերել նրանց սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերի 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ` Երևան քաղաքի Գաջեգործների 1-ին փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 1.683 քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը, 2,94137 հա մակերեսով հողամասը և 22.125 քմ ընդհանուր մակերեսով արտադրամասերը, պահեստները և օժանդակ շինությունները, Հրաչյա Քոչարի թիվ 2-րդ հասցեում գտնվող 3.774,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը և 0,1605 հա ընդհանուր մակերեսով հողամասը, նույն փողոցի թիվ 4-րդ շենքի թիվ 4/9 հասցեում գտնվող 3.452,6 քմ շենքը, 0,134566 հա և 0,04524 հա հողամասերը, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 77-րդ հասցեում գտնվող 1.296,4 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և 0,1605 հա ընդհանուր մակերեսով հողամասը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9/3 հասցեում գտնվող 0,88 հա մակերեսով հողամասը և 7.143,7 քմ մակերեսով մարզամշակութային համալիրը, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում գտնվող Հաղթանակ փողոցի 10-րդ հասցեում գտնվող 18,42 հա մակերեսով հողամասը, 17.646,2/15.043,5 քմ մակերեսով հյուրանոցային համալիրը, 26,5/16,1 քառ. մ. մակերեսով պահակատունը, 405,5/338,9 քմ մակերեսով ճաշարանը, 109,9/90,0 քմ մակերեսով մղման կայանը, 968,8/839,0 քմ մակերեսով քարի արտադրամասը և 129,0 քմ մակերեսով պարիսպը, նույն համայնքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 6,1949 հա մակերեսով հողամասը, 2.396,8/1.816,8 քմ մակերեսով բնակելի տները, 808,5/777,9 քմ մակերեսով կաթսայատունը, 182,0/144,0 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 115,2/94,4 քմ մակերեսով հիմքը, նույն համայնքի Ադմիրալ Իսակովի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող 0,7518 հա մակերեսով հողամասը, 1.309,0/991,5 քմ մակերեսով բնակելի տունը տնօրինելու` գրավ դնելու իրավունք: Վերոհիշյալ անշարժ գույքը` գրավի թվով 8 պայմանագրերով գրավադնելով «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում` իր ղեկավարած «Ձորագյուղ» Ա/Կ-ի և «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության միջև 2010 թվականի հունիսի 25-ին կնքված 12.000.000 ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ թիվ 002506 վարկային հիմնական պայմանագրի հիման վրա կնքված թվով 10 լրացուցիչ համաձայնագրերով 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9.700.000 ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ` նպատակ չունենալով հետագայում վերադարձնել ստացած վարկային միջոցները: Դրա հետ մեկտեղ, Աշոտ Սուքիասյանը, պատշաճ վարկառուի տպավորություն ստեղծելու, դրանով իսկ վարկային հիմնական պայմանագրով նախատեսված և փուլերով տրամադրվող 12.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներն ամբողջությամբ ստանալու և անարգել տնօրինելու, այդ ժամանակահատվածում Փայլակ Հայրապետյանին իր իրական մտադրությունների մասին մոլորության մեջ գցելու նպատակով` 2010-2011 թվականների ընթացքում ստացված վարկային միջոցներից կատարել է ընդհանուր 1.372.462 ԱՄՆ դոլարին համարժեք 503.749.567 ՀՀ դրամի չափով վարկի և ընթացիկ տոկոսների մարումներ, ինչպես նաև կատարել վարկի սպասարկման հետ կապված այլ ծախսեր` վճարումները դադարեցնելով այն ժամանակ, երբ բանկը հրաժարվել է վճարել վարկի գումարի մնացած` 1.300.000 ԱՄՆ դոլարի չափով մասնաբաժինը:

Հանցավոր ճանապարհով` խաբեությամբ գույքային իրավունքներ ձեռք բերելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի` 3.424.969.470 ՀՀ դրամին համարժեք 9.327.538 ԱՄՆ դոլարի չափով անուղղակի եկամուտներն օրինականացնելու` դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աշոտ Սուքիասյանը կատարել է բանկային և առևտրային գործարքներ` փոխանցում, փոխարկում, թանկարժեք մետաղների ձեռքբերում:

Մասնավորապես. Աշոտ Սուքիասյանը, հանցավոր ճանապարհով ստացված` 3.424.969.470 ՀՀ դրամին համարժեք 9.327.538 ԱՄՆ դոլար եկամուտներով, հանքահորերի գծով շահագործման գործարքի անվան տակ, «Ձորագյուղ» Ա/Կ-ի «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIC COMPANY LTD» բանկում բացված ոչ ռեզիդենտ «STR EMERALD LIMITED» և նույն պետությունում իր մասնակցությամբ հիմնադրված և իր կողմից ֆինանսական շարժ իրականացվող «WLISPERA HOLDINGS LIMITED» և «ABS GLOBAL LIMITED» ընկերությունների հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ, ապա նույն գումարներից նշված կիպրոսյան ընկերությունների միջև փոխադարձ փոխանցումներ իրականացնելուց հետո` «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունների հաշիվներից` հանքի շահագործման գործարքի անվան տակ Հայաստանի Հանրապետության «Պրոմեթեյ» ՍՊ ընկերության, «Ամերիաբանկ», «Անելիք» և «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությունների կողմից սպասարկվող` «Ձորագյուղ» Ա/Կ-ի բանկային հաշիվներին հետ է փոխանցել, ապա նույն գումարներից կրկին «ABS GLOBAL LIMITED» ընկերության բանկային հաշվին փոխանցումներ կատարել: Նկարագրվածի արդյունքում «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունների հաշվեհամարներին 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում թվով 29 վճարման հանձնարարականներով, ընդհանուր փոխանցված 3.328.229.945 ՀՀ դրամին համարժեք 9.070.950 ԱՄՆ դոլարից Հայաստանի Հանրապետությունում «Ձորագյուղ» Ա/Կ-ի բանկային հաշիվներին հետ է փոխանցել ընդհանուր 1.850.653.193 ՀՀ դրամին համարժեք` 5.040.317 ԱՄՆ դոլար գումար: Հայաստանի Հանրապետությունում «Ձորագյուղ» Ա/Կ-ի բանկային հաշիվներին գտնվող 1.945.042.319 ՀՀ դրամին համարժեք` 5.297.389 ԱՄՆ դոլար գումար վարկային միջոցներով 2010-2011 թվականների ընթացքում ՀՀ տարածքում 1.020.090.787 ՀՀ դրամին համարժեք 2.778.252 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ոսկու ձուլակտորներ, ինչպես նաև Հնդկաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Սիերա Լեոնե Հանրապետությունից, Թուրքիայից և Հոնկոնգից ձեռք է բերել ընդհանուր` 144.023.901 ՀՀ դրամին համարժեք` 392.254 ԱՄՆ դոլարի մշակված ադամանդ, չմշակված ադամանդի հումք և ոսկյա օղակաձև ձուլվածքներ: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մնացած մասով կանխիկացումներ և փոխարկումներ կատարելով համալրել է «Ձորագյուղ» Ա/Կ-ի Հայաստանի Հանրապետությունում այլ առևտրային բանկերում ունեցած բանկային հաշիվները, դրանք այդ հաշիվներում առկա միջոցներին միացնելու և համատեղ օգտագործելու միջոցով, դրանով իսկ խեղաթյուրել և թաքցրել այդ միջոցների ծագման աղբյուրը: Իսկ Կիպրոսի Հանրապետությունում մնացած 1.479.927.519 ՀՀ դրամին համարժեք 4.030.633 ԱՄՆ դոլար գումարն օգտագործել և ծախսել իր հայեցողությամբ` հանքարդյունահանող սարքավորումներ ձեռք բերելու հետ առնչություն չունեցող ուղղություններով` այդպիսով օրինականացնելով վերը նշված գումարները:

Բացի այդ, Աշոտ Սուքիասյանը, հանդիսանալով ՀՀ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Ձորագյուղ» Ա/Կ-ի հիմնադիր-տնօրեն, 2010-2012 թվականների ընթացքում իրականացրած տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ (…) չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 82.447.445 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց, այդ թվում, շահութահարկ` 81.686.153 ՀՀ դրամ, ԱԱՀ` 761.292 ՀՀ դրամ:

Բացի այդ, [Աշոտ Սուքիասյանը] չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդամենը` 883.550 ՀՀ դրամ հարկեր, այդ թվում` ԱԱՀ` 761.292 ՀՀ դրամ, շահութահարկ` 122.258 ՀՀ դրամ»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշվել է հետևյալը. «Տուժող Փայլակ Հայրոյի Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ 2009թ. լսել է ՀՀ Նախագահի ուղերձն այն մասին, որ ադամանդագործության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից լինելու է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի պետական ներդրում, որից շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը լինելու է ադամանդի հումքի տեսքով: Ինքը նշվածը լսելուց հետո սկսել է ոսկերչության և ադամանդի վերամշակման գործունեություն ծավալել, կատարել է շուրջ 5.000.000 ԱՄՆ դոլար գումարի ներդրում, այն է` կառուցել է համապատասխան շենք-շինություններ, ձեռք բերել սարքավորումներ և այլն: (…) [Ի]րեն է զանգահարել նախարարության աշխատակից Գագիկ Քոչարյանը և հրավիրել մասնակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված ոսկերչության և ադամանդի վերամշակման բնագավառի գործարարների հանդիպմանը: Քանի որ ցանկացել է գործունեություն ծավալել նշված բնագավառում, ուստի ընդունել է առաջարկը և գնացել: Այնտեղ են գտնվել (…), ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը և տվյալ բնագավառի այլ գործարարներ:

Ամբաստանյալ Ա.Սուքիասյանը, ներկայանալով որպես այդ բնագավառում բազմամյա փորձ ունեցող և Աֆրիկայում ադամանդի հանքեր ունեցող գործարար, հայտարարել է, որ կարող է Հայաստան ներմուծել ՌԴ-ից ստացվող հումքի արժեքից 30 տոկոս էժան գնով ադամանդի չմշակված հումք, ինչի համար անհրաժեշտ է 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Նշված առաջարկն իրեն ու այլ գործարարներին հետաքրքրել է, որից հետո սկսել են քննարկել դրա պայմանները: (…) Դրանից շուրջ 20 օր անց, Ա.Սուքիասյանն իր գրասենյակում ցուցադրել է շուրջ 370 կարատ չմշակված ադամանդի հումք ասելով, որ այն ինքը Հայաստան է ներմուծել Սիերա Լեոնե Հանրապետությունում գտնվող իր ադամանդի հանքերից: (…)

(…) Հավատալով ամբաստանյալ Ա.Սուքիասյանին, նրա անվամբ իրեն, որդուն՝ Վարդան Հայրապետյանին և խնամուն Գագիկ Ղարիբյանին և «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող [գույքը] գրավ դնելու միջոցով տնօրինելու, վարձակալության հանձնելու վերաբերյալ լիազորագրեր են տվել: Ընդ որում` Ջերմուկ քաղաքի Շահումյան 9 հասցեում գտնվող համալիրի համար տրված լիազորագրում, բացի գրավ դնելու իրավունքից նշվել է նաև, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը կարող է այդ գույքը վաճառել։ (…) Գրավադնելուց հետո բանկն ամբաստանյալ Ա.Սուքիասյանին սկսել է տրամադրել վարկի գումարները` մաս–մաս, սակայն թե դրանք ինչ նպատակով էին ծախսվում, ինքը չի իմացել, քանի որ վարկային միջոցները «Ձորագյուղ» Ա/Կ–ի միջոցով տնօրինվել են ամբաստանյալ Ա.Սուքիասյանի կողմից: (…)

(…) Հետագայում ծանոթանալով բանկում առկա բիզնես ծրագրին և գումարների ծախսման նպատակներին՝ իրեն հասկանալի է դարձել, որ բանկից ստացված գումարները նպատակային չեն ծախսվել և իրեն ներկայումս պարզ է, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանն ի սկզբանե ցանկացել է տիրանալ իր ունեցվածքին, որը կրել է կազմակերպված և հետևողական բնույթ: (…):

Վկա Գագիկ Կառլենի Քոչարյանը դատարանին հայտնեց, որ (…) 2009 թվականի աշնանը Աշոտ Սուքիասյանն առաջարկություն է ներկայացրել առ այն, որ Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում ունի ադամանդի հանքեր, որտեղից կարող է Հայաստան ներկրել ադամանդի հումք ռուսական «Ալռոսա» ընկերության կողմից առաջարկվող հումքի գնից ավելի ցածր գներով: Որոշ ժամանակ անց, նա իր ընկերության գրասենյակում ներկայացրել է իբրև իր հանքից արդյունաբերած ադամանդի հումք, որի արժեքի վերաբերյալ ընկերությունների տնօրենների կողմից կարծիքը բացասական լինելուց հետո, տվյալ հարցն այլևս չի բարձրացվել և չի քննարկվել: Ի հավաստումն այն բանի, որ նա Աֆրիկայում ունի հանքեր, Ա.Սուքիասյանն իր գրասենյակում ներկայացրել է տեսաերիզ և հանքի քարտեզ-հատակագիծ: Տեսաերիզը դիտվել է շատ մակերեսորեն: Այն վերաբերել է հանքի տարածքում նրա գտնվելու ինչ-որ ժամանակահատվածի, ցուցադրվել են նաև ինչ-որ շինություններ և ձեռքերով հումքի մաղի գործընթաց: Այլ տվյալներ, այդ թվում նաև փաստաթղթային, առ այն, որ հանքերն իրեն են պատկանում, ամբաստանյալ Ա.Սուքիասյանը չի ներկայացրել: Նա ասել է նաև, որ մեծ քանակով հումքի ներմուծում իրականացնելու համար կպահանջվեն համապատասխան ներդրումներ: (…)։

Վկա Ղուկաս Արամայիսի Ղուկասյանը դատարանին հայտնեց, (… ) [որ] իր, Փ.Հայրապետյանի և ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, [հորատող մեքենա-հաստոցի] վրա աշխատելու համար 2011 թվականի հուլիսի 24-ին մեկնել է Սիերա Լեոնե Հանրապետություն: Այնտեղ իրեն դիմավորել է Սերգեյ Տրիկոզյուկի «Գլոբալ Կարատ» ընկերության աշխատակից Անժեն, ով իրեն տեղավորել է արդեն կազմակերպված ճամբարում և ինքը սկսել է տարբեր աշխատանքներ կատարել, այդ թվում աշխատել է գնված հորատող մեքենայով: Աշխատանքի ընդունվելու հետ կապված, ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, վերջինս առաջարկել է աշխատել Սիերա Լեոնե Հանրապետությունում իրեն պատկանող «Ջի Էմ Սի Գլոբալ» ընկերության հանքերում` ամսեկան 2.000 ԱՄՆ դոլար աշխատավարձով: Աֆրիկայում ընդհանուր աշխատել է շուրջ 22 ամիս, աշխատած ժամանակահատվածի դիմաց Ա.Սուքիասյանն իրեն պարտք է մնացել 38.000 ԱՄՆ դոլար աշխատավարձի գումար, որը մինչ օրս չի վճարվել: (…) Սիերա Լեոնե Հանրապետություն իր մեկնելը պայմանավորված է եղել Աշոտ Սուքիասյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ: Ա.Սուքիասյանի բաժնետեր լինելու մասին ինքը տեղեկացել է այնտեղի իրենց խմբավար Վահանից, որն Ա.Սուքիասյանի խնամին է եղել: Այնտեղ իրենց կողմից կառուցված ֆաբրիկան սկզբնական շրջանում սկսել է լավ աշխատել, սակայն անհասկանալիորեն դրա աշխատանքը դադարեցվել է: (…):

Վկա Հրանտ Մուկուչի Մուրադյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ ծանոթացել է 2011 թվականի սեպտեմբեր ամսին, (…) Ա.Սուքիասյանի հետ ծանոթանալուց հետո, վերջինս իրեն ցուցադրել է Աֆրիկայում գտնվող ինչ-որ հանքերի վերաբերյալ սիրողական նկարահանած ֆիլմ, ասելով, որ այնտեղ տեսանկարահանված հանքերն իրեն են պատկանում, այնտեղից արդյունահանում է ոսկի և ադամանդ: Միաժամանակ Ա.Սուքիասյանը հայտնել է, որ Հայաստանից տարբեր մասնագիտության մարդիկ է գործուղում այնտեղ աշխատելու և հավելել, որ այնտեղ մեկ բժիշկ մասնագետի կարիք կա: (…) Աֆրիկայում գտնվելու ընթացքում Աշոտ Սուքիասյանին այնտեղ չի տեսել: (…) Ըստ իր ունեցած տեղեկությունների և հենց հանքավայրի աշխատողների խոսակցություններից հասկացել է, որ հանքավայրը Ա.Սուքիասյանին չի պատկանել, որ վերջինս կարող էր դառնալ այնտեղ փայատեր, եթե կատարեր որոշակի ներդրումներ: (…)։

Վկա Արփի Գրիգորի Բալյանը դատարանին հայտնեց, որ 2010 թվականին ընդհանուր ծանոթի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Ա.Սուքիասյանի հետ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: (…) Այդ ժամանակ Ա.Սուքիասյանն իրեն ցույց է տվել լազերային սկավառակով մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրվել են հանքեր և այնտեղ աշխատող աշխատուժ: Ա.Սուքիասյանը հայտնել է, որ ցուցադրված հանքավայրերն իրեն են պատկանում և այդ հանքերի համար են պահանջվում ներդրումները:

(…) Ծրագրի կազմման համար բոլոր ելակետային տվյալներն իրեն բացառապես տրամադրել է Ա.Սուքիասյանը, ում հետ մշտապես համաձայնեցվել են բիզնես ծրագրում նախանշվող վարկային միջոցների օգտագործման ուղղությունները, ժամկետները, Աֆրիկյան բիզնեսի հետ կապված բոլոր տվյալները և ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ավելի ճիշտ Ա.Սուքիասյանն ուրվագծել է ուղղականները, ուղղվածությունը, ինքն էլ դրանք զետեղել է ծրագրում, որից հետո լրացուցիչ ներկայացրել է Ա.Սուքիասյանին, որն ուսումնասիրելով տվել է իր հավանությունը և համաձայնությունը: (…)։

(…) 2010 թվականի հուլիսի 8-ին Ա.Սուքիասյանի հետ մեկնել են Կիպրոսի Հանրապետություն, որպեսզի գրանցեն օֆշորային ընկերություններ և միաժամանակ Ա.Սուքիասյանը հանդիպեր իր գործընկերներ Սերգեյ Տրիկազյուկին և Սաշային, որի ազգանունը չի հիշել: (…) Ա.Սուքիասյանն իրեն ասել է, որ 12 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը պետք է ստանար հենց Փ.Հայրապետյանի գույքերի գրավադրմամբ, ով իրեն այնքան է վստահում, ինչքան չի վստահում սեփական որդիներին: Այդ խոսքերն Ա.Սուքիասյանն իրեն ասել է այն բանից հետո, երբ մինչ Կիպրոսի Հանրապետություն մեկնելը զարմացել էր, թե ինչպես է, որ այդ անձը լիազորել է իրեն տնօրինելու իր ունեցած ողջ անշարժ գույքը: Ինքը պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ տևական ժամանակ է անցել և ներկայումս շատ մանրամասնություններ չի հիշում, իսկ այն ժամանակ հիշողություններն ավելի թարմ են եղել (…):

Դատարանի կողմից հետազոտվեց ամբաստանյալ Ա.Սուքիասյանի և պաշտպան Յու.Խաչատրյանի կողմից նախաքննական մարմնին փաստաթղթերի, լուսանկարների և DVD սկավառակների պարունակությունը զննության ենթարկելու մասին նախաքննական մարմնի 29.09.2014թ. արձանագրությունն այն մասին, որ հետազոտվել է նաև Ա.Սուքիասյանի ցուցմունքներում վկայակոչված վարկային միջոցների նպատակային օգտագործման մասին վկայող համատեղ ձեռնարկության վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 10-ի ամսաթվով թվագրված պայմանագրի պատճենը, կնքված Ա.Սուքիասյանի, Սերգեյ Տրիկազյուկի, Ալեքսանդր Վալչեկովսկու և Ռուբեն Մկրտչյանի միջև: Բովանդակային առումով հետազոտվել է նաև պայմանագրի հայերեն թարգմանությունը: Նշված փաստաթղթի հետ կապված հատկանշական է այն, որ պայմանագրում հիշատակված «WLISPERA HOLDINGS LIMITED LTD» և «ABS GLOBAL» ընկերությունները հիմնադրվել են, համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 6-ին և 2010 թվականի հուլիսի 13-ին, այսինքն` վերը նշված պայմանագրի կազմման ամսաթվից ամիսներ հետո: Հետևաբար, 2010 թվականի փետրվար ամսին չէին կարող հայտնի լինել դրանից ամիսներ անց պետական գրանցում ստացած ընկերությունների անվանումները: Ավելին, պայմանագրում հիշատակում է արված այդ ընկերություններին գումարներ փոխանցելու մասին, ինչը նույնպես 2010 թվականի փետրվար ամսվա դրությամբ չէր կարող իրական լիներ: Կատարված փոխանցումները, ստույգ գումարային արտահայտմամբ, այն վարկային միջոցներն են, որոնք 2010 թվականի հունիս ամսից հետո ստացվել են «Ձորագյուղ» Ա/Կ-ի կողմից Փ.Հայրապետյանի և նրա հարազատների գույքի «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրման արդյունքում (…)։

Դատարանի կողմից հետազոտվեց ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 06.03.2015թ. թիվ 14–2710 եզրակացությունն այն մասին, որ «Ձորագյուղ» Ա/Կ–ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի միջև 25.06.2010 թվականին կնքվել է թիվ 002506 հիմնական պայմանագիրը «Ձորագյուղ» Ա/Կ-ին վարկ տրամադրելու համար կազմված բիզնես ծրագրում և թե «Համատեղ ձեռնարկության վերաբերյալ» կնքված պայմանագրում (ներդրումային ծրագիր) նշված նպատակները: Միաժամանակ, վարկային հիմնական պայմանագրում և դրա հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերում բացակայում է բիզնես և ներդրումային ծրագրերում տեղ գտած միջոցների օգտագործման նպատակների վերաբերյալ տեղեկատվություն։ Իսկ ներդրումային և բիզնես ծրագրերի միջև առկա են հետևյալ էական անհամապատասխանությունները: (…) [Հ]ամատեղ ձեռնարկության վերաբերյալ կնքված պայմանագիրը (ներդրումային ծրագիր) ուղղակի կապ և ընդհանրություն չունի Բիզնես ծրագրի հետ: (…) Փորձաքննությանը տրամադրված «Ձորագյուղ» Ա/Կ-ի բանկային հաշիվների քաղվածքներում և հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված Աշոտ Սուքիասյանի («Ձորագյուղ» Ա/Կ-ի) կողմից կատարած փաստացի ծախսերը ձևական առումով կատարվել են վարկային հիմնական պայմանագրում և դրա հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերում նշված «Հիմնական և շրջանառու միջոցների ձեռք բերման, կրեդիտորական պարտքերի մարման և ընթացիկ գործունեության կազմակերպման» նպատակներով, սակայն դրանք փաստացի չեն համապատասխանել բիզնես ծրագրով նախատեսված ուղղություններին, իսկ «Համատեղ ձեռնարկության վերաբերյալ» կնքված պայմանագիրը - (ներդրումային ծրագիր), փորձաքննությամբ, զուտ տնտեսագիտական տեսանկյունից չի դիտվել որպես վարկային միջոցների օգտագործման հետ ուղղակիորեն կապ ունեցող փաստաթուղթ»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի միջնորդությամբ որոշել է դատարան հրավիրել և հարցաքննել վկա Վահան Հարությունյանին` նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն մերժվել է վկա Վահան Հարությունյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը:

Վկա Վահան Հարությունյանը Վերաքննիչ դատարանի դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Աշոտ Սուքիասյանը հանդիսանում է իր որդու կնոջ հայրը: 2011 թվականի մայիսին Աշոտ Սուքիասյանի առաջարկով վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից (որտեղ ապրել է շուրջ 18 տարի) և մեկնել Սիերա Լեոնեի Հանրապետություն, որտեղ շուրջ 1 տարի 2 ամիս աշխատել է ադամանդի հանքերում: Այնտեղ աշխատել են նաև Հայաստանից ժամանած այլ անձինք, որոնց մի մասին Աֆրիկա էր ուղարկել Փայլակ Հայրապետյանը: Փայլակ Հայրապետյանը տեղյակ եղել է հանքերում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ նրա ուղարկած մարդիկ հեռախոսազանգերի միջոցով նրան տեղեկացրել են ամեն ինչի մասին: Ադամանդի հանքերում աշխատել են նաև սևամորթ անձինք, ինչպես նաև առկա են եղել տարբեր տեխնիկաներ: Աշոտ Սուքիասյանի գործընկերներ Սերգեյ Տրիկազյուկը, Ռուբեն Մկրտչյանը և Անժեյը տարատեսակ խաբեություններ և կեղծիքներ են կատարել Աշոտ Սուքիասյանի հանդեպ, Սիերա Լեոնեի Հանրապետությունում նրանց միջև նաև դատական գործընթացներ են տեղի ունեցել, և արդյունքում ադամանդի արդյունահանման պլանավորված գործընթացը ձախողվել է (...)։

(...) [Վ]երաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներով մեղադրական դատավճիռ կայացնելու համար Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, ի թիվս այլոց, պետք է հաստատված համարեր, որ.

ա) մինչև գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն Աշոտ Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները,

բ) փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը (նախորդող հանցագործության դեպքը), ինչպես նաև Աշոտ Սուքիասյանի նպատակը` քողարկելու, թաքցնելու հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները և այդ միջոցները ներգրավել օրինական շրջանառության մեջ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերը նշված «ա» և «բ» կետերում թվարկված հանգամանքների ապացուցվածության հարցին.

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ի պաշտպանություն իրեն` ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը նշել է, որ մինչև գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն ինքը նպատակ չի ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները, իր և Փայլակ Հայրապետյանի միջև եղել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք իրենց մեջ ռիսկային գործոն են պարունակել: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին ի պաշտպանություն բերված նշված փաստարկները մեղադրանքի կողմը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում չի հերքել։(…)

(…) Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված որևէ ապացույց կամ փաստական տվյալ ուղղակի տեղեկություն չի պարունակում առ այն, որ մինչև անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալն Աշոտ Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները,

Մասնավորապես.

(…) «Ձորագյուղ» Ա/Կ-ի և «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում վարկ տրամադրելու մասին կնքված լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա պայմանագրի գործունեության կազմակերպման նպատակով 25.06.2010-15.06.2011 թվականներին «Ձորագյուղ» Ա/Կ-ին տրամադրվել են 9.700.000 ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր (...),

(…) 2010-2011 թվականների ընթացքում Աշոտ Սուքիասյանը կատարել է ընդհանուր 1.372.462 ԱՄՆ դոլարին համարժեք 503.749.567 ՀՀ դրամի չափով վարկի և ընթացիկ տոկոսների մարումներ, ինչպես նաև կատարել վարկի սպասարկման հետ կապված այլ ծախսեր, իսկ վճարումները դադարեցրել է այն ժամանակ, երբ բանկը հրաժարվել է վճարել վարկի գումարի մնացած` 1.300.000 ԱՄՆ դոլարի չափով մասնաբաժինը (...),

(…) «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում բացված` «Ձորագյուղ» Ա/Կ-ի դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկի կողմից սպասարկվող «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններին 26.06.2010-27.06.2011 թվականներին փոխանցվել է ընդհանուր 9.070.950 ԱՄՆ դոլար («ABS GLOBAL LIMITED»` 6.720.950+«STR EMERALD LIMITED»` 2.000.000+«WLISPERA HOLDINGS LIMITED» 350.000) ԱՄՆ դոլար: Վճարման հանձնարարագրերում որպես վճարման նպատակ վկայակոչվել է «Հանքահորերի գծով շահագործման համար» պայմանագիր, սակայն թե աշխատանքների կատարման համար կնքված պայմանագրեր և թե աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են (…)։

(…) «ABS GLOBAL LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` «Հանքահանման պայմանագիր» նպատակով` 5.496.000+484.800 ԱՄՆ դոլար, «Երկրաբանական հետազոտություններ» նպատակով` 15.000 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 400.000+496.000+100+2.000+1.380.180 ԱՄՆ դոլար: Այսինքն` «ABS GLOBAL LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են, ընդհանուր առմամբ 8.274.020 ԱՄՆ դոլարի ելքեր` «Հանքահանման պայմանագիր» և «Երկրաբանական հետազոտություններ» նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման: Ընդ որում, նշված 8.274.020 ԱՄՆ դոլարի չափով ելքերը չեն վերաբերում «Ձորագյուղ» Ա/Կ-ին կատարված փոխանցումներին (…),

(…) «STR EMERALD LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` «Հանքահանման պայմանագիր» նպատակով` 3.333.500+80.000 ԱՄՆ դոլար, «Երկրաբանական հետազոտություններ» նպատակով` 301.546 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 1.258.216 ԱՄՆ դոլար: Այսինքն` «STR EMERALD LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ընդհանուր առմամբ 4.973.262 ԱՄՆ դոլարի ելքեր` «Հանքահանման պայմանագիր» և «Երկրաբանական հետազոտություններ» նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման: Ընդ որում` նշված 4.973.262 ԱՄՆ դոլարի չափով ելքերից «Ձորագյուղ» Ա/Կ-ին կատարված փոխանցումները կազմում են 3.333.500 ԱՄՆ դոլար: Նշվածից հետևում է, որ առանց «Ձորագյուղ» Ա/Կ-ին կատարված փոխանցումների, «STR EMERALD LIMITED» ընկերության հաշվից «Հանքահանման պայմանագիր» և «Երկրաբանական հետազոտություններ» նպատակներով, ինչպես նաև առանց նպատակի նշման կատարվել են 1.639.762 ԱՄՆ դոլարի ելքեր (4.973.262-3.333.500) (…),

(…) «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են ելքեր` «Հանքահանման պայմանագիր» նպատակով` 1.607.888 ԱՄՆ դոլար, առանց նպատակի նշման` 619.251 ԱՄՆ դոլար: Այսինքն` «STR EMERALD LIMITED» ընկերության հաշվից, ի թիվս այլոց, առկա են, ընդհանուր առմամբ 2.227.139 ԱՄՆ դոլարի ելքեր` «Հանքահանման պայմանագիր» նպատակով, ինչպես նաև առանց նպատակի նշման: Ընդ որում` նշված 2.227.139 ԱՄՆ դոլարի չափով ելքերից «Ձորագյուղ» Ա/Կ-ին կատարված փոխանցումները կազմում են 1.707.714 ԱՄՆ դոլար, որից 1.607.888 ԱՄՆ դոլարը` «Հանքահանման պայմանագիր» նպատակով, իսկ 99.825 ԱՄՆ դոլարը` առանց նպատակի նշման: Նշվածից հետևում է, որ առանց «Ձորագյուղ» Ա/Կ-ին կատարված փոխանցումների, «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հաշվից առանց նպատակի նշման կատարվել են 519.426 ԱՄՆ դոլարի ելքեր (619.251-99.825) (…)

(…) «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունների հաշիվներից, ի թիվս այլոց, առկա են ելքեր, նաև «Բանկային ծախս», «Գրասենյակային ծախս», «Տոմսեր», «Բեռնափոխադրում», նպատակներով (…),

(…) Վկաներ Ղուկաս Ղուկասյանի, Հրանտ Մուրադյանի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում հարցաքննված վկա Վահան Հարությունյանի ցուցմունքներում առկա են տվյալներ այն մասին, որ Աշոտ Սուքիասյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նրանք 2011-2013 թվականների ընթացքում որոշակի տևական ժամանակ Սիերա Լեոնեի Հանրապետությունում աշխատել են ադամանդի հանքերում, մասնավորապես` Ղուկաս Ղուկասյանը` շուրջ 22 ամիս, Հրանտ Մուրադյանը` շուրջ 10 ամիս, Վահան Հարությունյանը` շուրջ 14 ամիս:

(…) [Պ]աշտպանության կողմն Առաջին ատյանի դատարանին, իսկ հետագայում նաև Վերաքննիչ դատարանին ներկայացրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հասցեագրված 2 փաստաթղթեր` հայտնելով, որ Աշոտ Սուքիասյանի աֆրիկացի փաստաբանը դիմել է Սիերա Լեոնեի Հանրապետության կառավարական մարմիններին և խնդրել, որպեսզի այդ գրությունների բնօրինակներն ուղարկվեն պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հասցեով, իսկ հետագայում պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դրանք ստացել է սուրհանդակային ծառայության միջոցով (…)։

Պաշտպանության կողմի ներկայացրած հիշյալ փաստաթղթերից առաջինի վերին մասի մեջտեղում առկա է «ՊԱՐՈՆ ԲԱԿԱՐՐ ՌԱՍԿԻՆ ԿԱԲԲԱ ԷՍԿ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը, իսկ փաստաթուղթն ունի հետևյալ բովանդակությունը.

«Սույնով հաստատում եմ, որ պարոն Աշոտ Արշիկի Սուքիասյանը (WALISPERA HOLDINGS LIMITED) ՎՈԼԻՍՊԵՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ԼԻՄԻԹԵԴ-ի՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից բաժնետեր է, ով իր հերթին, ABS GLOBAL LTD ԱԲՍ ԳԼՈԲԱԼ ԼԻՄԻԹԵԴԻ՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից [66] %-ի բաժնետերը և տնօրենն է:

Նա Հայաստանի Ձորագյուղ արդյունաբերական կոոպերատիվից, որի բաժնետերը և տնօրենը հենց ինքն է, կատարել է տարբեր փոխանցումներ Կիպրոսի (STR. EMERALD) ՍՏՌ ԷՄԵՐԱԼԴ ընկերության հաշվին, որը (GMC GLOBAL LIMITED) ՋԻՄՍ ԳԼՈԲԱԼ ԼԻՄԻԹԵԴ ընկերության՝ գրանցված Աֆրիկայի Սիերա Լեոնեում, համագործակալը և շահառուն է, ինչպես նաև, փոխանցել է տարբեր գումարներ Կիպրոսից, որը կազմում է 6.01986.106,78 ԱՄՆ դոլար, նաև տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից նա ուղարկել է հող փորիչ մեքենաներ, լվացող տեխնիկաներ, լեռնահանքային մեքենաներ, նյութեր, որոնք կազմել են 6.700.800 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2.200.000 ԱՄՆ դոլար տարվող աշխատանքների և հանքարդյունաբերության տարածքում երկրաբանական երկու խմբերի գործունեության համար, ընդհանուր՝ 15.886.906,78 ԱՄՆ դոլար: (…)»։

(…):

Պաշտպանության կողմի ներկայացրած հիշյալ փաստաթղթերից երկրորդի վերին մասի մեջտեղում առկա է «ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԱՀԳ)» գրառումը, իսկ փաստաթուղթն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ես սույնով հաստատում եմ, որ պարոն Աշոտ Արշիկի Սուքիասյանը (WALISPERA HOLDINGS LIMITED) ՎՈԼԻՍՊԵՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ԼԻՄԻԹԵԴ-ի՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից բաժնետեր է, ով իր հերթին, ABS GLOBAL LTD ԱԲՍ ԳԼՈԲԱԼ ԼԻՄԻԹԵԴԻ՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից [66] %-ի բաժնետերը և տնօրենն է:

(…)

Վերը նշվածը հաշվի առնելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Աշոտ Սուքիասյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը:

Աշոտ Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով ապացուցված չի կարող համարվել նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը:

Ավելին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Կիպրոսի Հանրապետության «HELENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկի կողմից սպասարկվող «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունների հաշվին եղել են նաև այլ դրամական միջոցներ, որոնք չեն փոխանցվել «Ձորագյուղ» Ա/Կ-ի կողմից (…), իսկ քրեական գործով ձեռք բերված տվյալներով հնարավոր չի եղել տարանջատել, թե այդ «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններից «Ձորագյուղ» Ա/Կ-ին փոխանցված դրամական միջոցները եղել են «Ձորագյուղ» Ա/Կ-ից «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններին նախկինում փոխանցված դրամական միջոցները, թե նշված երեք ընկերությունների հաշվին եղած այլ դրամական միջոցները (…)։

Վերը նշվածը հաշվի առնելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Աշոտ Սուքիասյանի արարքում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը։ (…)»3:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը ներկայացված վճռաբեկ բողոքով նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված փաստարկները, որոնք հիմք են հանդիսացել Ա.Սուքիասյանի գործողություններում խարդախության հանցակազմի բացակայությունը փաստելու և նշված իրավահարաբերությունները քաղաքացիաիրավական դիտելու համար, արդեն իսկ Ա.Սուքիասյանի կողմից խարդախության եղանակով Փ.Հայրապետյանի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելուց և գրավադնելուց հետո ստացած վարկի միջոցներն օրինականացնելուն ուղղված գործողություններ են, որոնք իրենց հերթին նույնպես վկայում են Ա.Սուքիասյանի կողմից ի սկզբանե խարդախություն կատարելու դիտավորության մասին։ Մինչդեռ դատարանը բացարձակ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ Փ.Հայրապետյանի կողմից գույքի նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային բնույթը տուժողի գիտակցության և կամքի վրա Ա.Սուքիասյանի ունեցած ներգործության հետևանքն է:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ 2009 թվականի աշնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացված` ակնագործության և ոսկեգործության խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ Ա.Սուքիասյանը հայտարարել է ոչ թե Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող ադամանդի հումքից Սիերա Լեոնեից էապես էժան գներով Հայաստանի Հանրապետություն հումք ներկրելու հնարավորության մասին, ինչպես պնդել է Ա.Սուքիասյանը, այլ հայտնել է, որ Սիերա Լեոնեի Հանրապետությունում ունի սեփական ադամանդի հումքի և ոսկու արդյունահանման հանքեր, որտեղից կարող է ՀՀ ներկրել Ռուսաստանի Դաշնության «Ալռոսա» ընկերության կողմից այդ ժամանակահատվածում մատակարարվող հումքից մինչև 50 տոկոս էժան գնով։ Մինչդեռ գործով հաստատվել է, որ նույն ժամանակահատվածում Ա.Սուքիասյանը Սիերա Լեոնեի Հանրապետությունում սեփական ադամանդի հումքի և ոսկու արդյունահանման հանքեր չի ունեցել, իսկ բիզնես ծրագրում նշված «GLOBAL CARAT LTD» կազմակերպությունը որևէ իրավաբանական կապ չի ունեցել ոչ Աշոտ Սուքիասյան ֆիզիկական անձի, ոչ էլ վերջինիս հետ առնչություն ունեցող «Ձորագյուղ» Ա/Կ-ի հետ, դեռ ավելին «GLOBAL CARAT LTD» հանդիսացել է այլ անձանց, այդ թվում նաև Սերգեյ Տրիկազյուկի սեփականությունը:

Բացի այդ, գործով հաստատվել է, որ Ա.Սուքիասյանը դեպքին վերաբերելի ժամանակահատվածում, ի հավաստումն իր խոսքերի, Սիերա Լեոնեի Հանրապետությունից՝ տարբեր աղբյուրներից, ձեռք է բերել շուրջ 300.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդի հումք, որը ներկայացրել է Փ.Հայրապետյանին և հետաքրքրված այլ գործարարներին` իբրև իր հանքերից արդյունահանված ադամանդի հումք:

Բողոքի հեղինակը, մատնանշելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման համար հիմք հանդիսացած՝ Սիերա Լեոնեի Հանրապետությունից ստացված «ՊԱՐՈՆ ԲԱԿԱՐՐ ՌԱՍԿԻՆ ԿԱԲԲԱ ԷՍԿ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» և «ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԱՀԳ)» գրառումներով, ըստ էություն նույն բովանդակությունը կազմող փաստաթղթերը, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դրանք նախ չեն կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ, քանի որ ձեռք են բերվել անհայտ աղբյուրից, իրականության հետ ոչ մի աղերս չունեն և, բացի այդ, հակասում են քրեական գործով հաստատված այն հանգամանքին, որ վարկային միջոցները չեն ծախսվել նպատակային, ինչը չի հերքել նաև Ա.Սուքիասյանը:

Բացի այդ, պաշտպանության կողմից դատարան ներկայացված վերը նշված փաստաթղթերի վերաբերյալ բողոքաբերը նշել է, որ դրանք չեն կարող հանդիսանալ իրավական օգնության մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիերա Լեոնեի Հանրապետություն հասցեագրված պահանջի պատասխան, քանի որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածով սահմանված կարգով, և դրանք չէին կարող հասցեագրված լինել պաշտպանության կողմին:

Բողոք բերած անձի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով մեկնաբանված ու հստակեցված՝ ապացույցների գնահատման չափանիշները և Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 190-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայության պայմաններում՝ նրան վերոնշյալ հոդվածներով առաջադրված մեղադրանքներով արդարացրել է։

8.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռին։

9. Ըստ տուժող Փ.Հայրապետյանի և նրա ներկայացուցիչ Ա.Գևորգյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով սահմանված ապացույցների ազատ գնահատման սկզբունքի պահանջը։

Մասնավորապես, բողոքաբերները համոզմունք են հայտնել այն մասին, որ Վերաքննիչ դատարանի որոշման հիմքերում դրված՝ վկա Վահան Հարությունյանի ցուցմունքը չի կարող համարվել արժանահավատ, քանզի վերջինս ամբաստանյալի որդու կնոջ հայրն է և հանդիսանում է գործի ելքով շահագրգռված անձ, ինչպես նաև ներառված չի եղել քրեական գործով դատակոչի ենթակա անձանց շարքում։

Բողոքի հեղինակները փաստարկել են, որ քրեական գործում առկա ապացույցներով «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով ապացուցված է, որ Ա.Սուքիասյանը, մինչև անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալը, նպատակ է ունեցել հափշտակել, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները։

Բողոք բերած անձինք նշել են, որ Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված՝ պաշտպանության կողմից դատարան ներկայացված՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հասցեագրված երկու փաթեթները՝ կից փաստաթղթերով, որոնց բնօրինակները սուրհանդակային ծառայության միջոցով ստացել է Ա.Սուքիասյանի շահերի պաշտպան Յ.Խաչատրյանը, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով ստուգման չեն ենթարկվել` դրանց ձեռքբերման աղբյուրների տեսանկյունից: Միևնույն ժամանակ, անգամ տվյալ ապացույցները թույլատրելի համարվելու դեպքում, դրանք գործի համար ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ, քանզի Ա.Սուքիասյանի՝ նշված կազմակերպության սեփականատեր լինելու դեպքում էլ վերջինս ի սկզբանե նպատակ է ունեցել Փ.Հայրապետյանին մոլորության մեջ գցելով, խաբեության եղանակով տիրանալու ու իր հայեցողությամբ տնօրինելու ստացված գումարները, իսկ դրանք, փոխակերպելով, փոխանցումներ կատարելով, նպատակ է ունեցել թաքցնել, խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը։

Բողոքի հեղինակներն ընդգծել են, որ Ա.Սուքիասյանի կողմից վարկի և ընթացիկ տոկոսների մարումը նպատակ է հետապնդել ապահովելու վարկի հաջորդ փուլի ստացումը՝ առավել խոշոր գումարներ բանկից ստանալու և հափշտակելու համար, իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված գումարների փոխանցումների նպատակին՝ իբր «հանքահորերի գծով շահագործման համար», «հանքահանման պայմանագիր», «երկրաբանական հետազոտություններ» և այլն, ապա գործի տվյալներով, այդ թվում հենց իր՝ Ա.Սուքիասյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ այդ նշումները կատարվել են ձևական, մտացածին և ոչ մի գումար այդ նշված նպատակներով չի ծախսվել։

9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռին, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը, բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ՝ մնացած մասով դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Խարդախության հանցակազմը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

11. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մշտապես ընդգծել է, որ խարդախությունն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ուրիշի գույքը հափշտակելով, այսինքն` այն վերցնելով, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, տուժողի կամքի կամ գիտակցության վրա ներգործելու եղանակով, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Ընդ որում, խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը4:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տուժող Փ.Հայրապետյանին մոլորության մեջ գցելով, խաբեության եղանակով հափշտակել է վերջինիս` առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքի գրավադրման արդյունքում ստացված գումարը5, ինչն էլ հաստատված և ապացուցված է համարվել Առաջին ատյանի դատարանի դատավճռով6։

12.1. Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված որևէ ապացույց կամ փաստական տվյալ ուղղակի տեղեկություն չի պարունակում առ այն, որ մինչև անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալը, Ա.Սուքիասյանը նպատակ է ունեցել հափշտակել որևէ գույք, չվերադարձնել վարկային միջոցները, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները, և Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ու արդարացրել:

Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումները հիմնվել են, մասնավորապես, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին տրամադրված վարկային միջոցներից՝ Ա.Սուքիասյանի կողմից կատարված ծախսերի, ինչպես նաև դրամական փոխանցումների, դրանցում նշված նպատակների վերաբերյալ տվյալների, վկաներ Ղ.Ղուկասյանի, Հ.Մուրադյանի, Վերաքննիչ դատարանում հարցաքննված վկա Վ.Հարությունյանի ցուցմունքների, պաշտպանության կողմի` Առաջին ատյանի դատարան, իսկ հետագայում նաև Վերաքննիչ դատարան ներկայացրած` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հասցեագրված երկու փաստաթղթերի վրա7(7)։

13. Սույն որոշման 12-12.1-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 11-րդ կետում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքում արդարացնելով, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել սույն քրեական գործում առկա փաստական տվյալների համակցությունը, որը վկայում է Ա.Սուքիասյանի կողմից, նախքան Փ.Հայրապետյանի գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը, իր ստանձնած պարտավորությունները չկատարելու նախնական դիտավորություն ունենալու մասին։ Այսպես՝

ա) 2009 թվականի աշնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված՝ ադամանդագործության ոլորտի զարգացման հետ կապված ծրագրի քննարկման ժամանակ Ա.Սուքիասյանը հայտնել է, որ Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում ունի ադամանդի հանքեր, որտեղից կարող է ռուսական «Ալռոսա» ընկերության կողմից առաջարկվող ադամանդի հումքի գնից էապես ցածր գներով հումք ներկրել Հայաստան: Այնուհետև, ամբաստանյալ Ա.Սուքիասյանը որոշ ժամանակահատված անց, իր գրասենյակում, ի հավաստումն այն բանի, որ Աֆրիկայում հանքեր ունի, ցուցադրել է տեսաերիզ և հանքի քարտեզ-հատակագիծ, ինչպես նաև տուժող Փ.Հայրապետյանին և հետաքրքրված այլ գործարարներին է տրամադրել Սիերա Լեոնեի Հանրապետությունից՝ տարբեր աղբյուրներից ձեռքբերված շուրջ 300.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդի հումք` ներկայացնելով իբրև իր հանքերից արդյունահանված հումք։ Մինչդեռ, գործով հաստատվել է, որ տվյալ ժամանակահատվածում Ա.Սուքիասյանը Սիերա Լեոնեի Հանրապետությունում ադամանդի հումքի արդյունահանման սեփական հանքեր չի ունեցել, իսկ «GLOBAL CARAT LTD» կազմակերպությունը որևէ իրավաբանական կապ չի ունեցել ոչ Ա.Սուքիասյանի, ոչ էլ վերջինիս հետ առնչություն ունեցող` «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հետ։ Ընդ որում, Ա.Սուքիասյանն իր ցուցմունքներով ևս փաստել է, որ 2009 թվականի աշնանն ինքը չէր կարող հայտարարել, որ Սիերա Լեոնեի Հանրապետությունում ադամանդի հանքեր ունի, քանի որ այդ տեղեկատվությունն իրականությանը չէր համապատասխանում։ Միևնույն ժամանակ, ամբաստանյալի կողմից 2009 թվականի աշնանը նման հայտարարություն կատարելու փաստը հաստատվել է գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ որպես վկա հարցաքննված` Գագիկ Քոչարյանի, Նելլի Հարությունյանի, Սասուն Նազարյանի, ինչպես նաև տուժող Փայլակ Հայրապետյանի ցուցմունքներով8։

Այսպիսով, ստացվում է, որ ամբաստանյալը տուժող Փ.Հայրապետյանի մոտ թյուր տպավորություն է ստեղծել, թե ներդրումներն անհրաժեշտ է կատարել սեփականության իրավունքով իրեն պատկանող հանքավայրերում սարքավորումներ ձեռք բերելու և այդ հանքերը շահագործելու նպատակով, ինչն առավել համոզիչ դարձնելու համար ներկայացրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար արժողության բարձր որակի ադամանդի հումք՝ իբրև սեփական հանքից արդյունահանած, մինչդեռ վերոնշյալ հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատականի չի արժանացվել։

բ) Տուժող Փ.Հայրապետյանն իր ցուցմունքներում նշել է, որ ինքը, անհանգստանալով իր գույքի գրավադրմամբ ստացված միջոցների տնօրինման հանգամանքով, առանց Ա.Սուքիասյանին տեղեկացնելու, մեկնել է Սիերա Լեոնե Հանրապետություն՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում: Այնտեղ հանքեր շահագործող «GMC GLOBAL LIMITED» ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը փոխանցել է իրեն, որ Ա.Սուքիասյանն իրականում իրենց ընկերությունում սեփականատեր չի հանդիսանում, իսկ «ABS GLOBAL LIMITED» ընկերությունը նույնպես իրենց ընկերության սեփականությունն է, իսկ վերջինս համասեփականատեր չէ: Սիերա Լեոնե Հանրապետությունում տեղեկացել է նաև, որ «GMC GLOBAL LIMITED» ընկերությունը վերջին 2 տարվա ընթացքում որևէ նոր մեքենաներ ու սարքավորումներ ձեռք չի բերել: Տուժողն ընդգծել է, որ Ա.Սուքիասյանն իր գույքը տնօրինելու վերաբերյալ լիազորագրերը ձեռք է բերել խաբեությամբ՝ նախապես իմանալով, որ չի կատարելու և հնարավորություն էլ չունի կատարել իր կողմից խոստացված բիզնես ծրագրերը, քանի որ ինչպես պարզ է դարձել հետագայում, նա չի ունեցել որևէ սեփական բիզնես Աֆրիկայում և, հետևաբար, այդ բիզնեսի համար ոչ մի սարքավորում ձեռք չի բերել և չէր էլ կարող ձեռք բերել9:

գ) Պատշաճ վերլուծության չի արժանացվել նաև այն հանգամանքը, որ վարկային միջոցները ստանալուց հետո, բիզնես կամ ներդրումային ծրագրերով նախատեսված գործողությունները կատարելու փոխարեն, Ա.Սուքիասյանը կատարել է ծախսեր, որոնց զգալի մասը չի համապատասխանել բիզնես ծրագրով նախանշած ուղղություններին։ Հատկանշական է, որ մոտ 1.694.702 ԱՄՆ դոլար գումարն Ա.Սուքիասյանն ուղղել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերությունում իր ունեցած վարկային պարտավորությունների, այդ թվում նաև՝ վարկի գումարի մարմանը10։ Բացի այդ, Ա.Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի բանկային հաշիվներին գտնվող 1.945.042.319 ՀՀ դրամին համարժեք` 5.297.389 ԱՄՆ դոլար գումար վարկային միջոցներով, 2010-2011 թվականների ընթացքում, ՀՀ տարածքում 1.020.090.787 ՀՀ դրամին համարժեք 2.778.252 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ոսկու ձուլակտորներ, ինչպես նաև Հնդկաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Սիերա Լեոնե Հանրապետությունից, Թուրքիայից և Հոնկոնգից ձեռք է բերել ընդհանուրը` 144.023.901 ՀՀ դրամին համարժեք` 392.254 ԱՄՆ դոլարի մշակված ադամանդ, չմշակված ադամանդի հումք և ոսկյա օղակաձև ձուլվածքներ11:

Ընդհանուր առմամբ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում բացված դոլարային հաշվին վարկային միջոցների մուտքագրումները, այդ հաշվից ելքագրումների հիմնական ուղղությունները, վարկային միջոցների Կիպրոսի Հանրապետության «HELENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկի կողմից սպասարկվող` «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններից յուրաքանչյուրի հաշվեհամարին կատարված փոխանցումները, այդ ընկերությունների կողմից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի բանկային հաշիվներին կատարված փոխանցումները մանրամասն ուսումնասիրվել են ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության շրջանակներում, որի` 2015 թվականի մարտի 6-ի թիվ 14-2710 եզրակացության համաձայն` անշարժ գույքերի գրավադրմամբ ստացված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվել:

Այդ կապակցությամբ, մասնավորապես, նշվել է, որ փորձաքննությանը տրամադրված` «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի բանկային հաշիվների քաղվածքներում և հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված` Աշոտ Սուքիասյանի («Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի) կողմից կատարած փաստացի ծախսերը ձևական առումով կատարվել են վարկային հիմնական պայմանագրում և դրա հիման վրա կնքված լրացուցիչ համաձայնագրերում նշված` «Հիմնական և շրջանառու միջոցների ձեռք բերման, կրեդիտորական պարտքերի մարման և ընթացիկ գործունեության կազմակերպման» նպատակներով, սակայն դրանք փաստացի չեն համապատասխանել բիզնես ծրագրով նախատեսված ուղղություններին, իսկ «Համատեղ ձեռնարկության վերաբերյալ» կնքված պայմանագիրը (ներդրումային ծրագիր)՝ փորձաքննությամբ, զուտ տնտեսագիտական տեսանկյունից, չի դիտվել որպես վարկային միջոցների օգտագործման հետ ուղղակիորեն կապ ունեցող փաստաթուղթ12:

Այսպես` Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից վարկ ստանալու համար կազմված բիզնես ծրագրի (անգլերեն տարբերակի հայերենով թարգմանության) զննության մասին նախաքննական մարմնի՝ 2013 թվականի հոկտեմբերի 2-ի արձանագրության համաձայն՝ բիզնես ծրագրի` «Կազմակերպչական աշխատանքների նախագծում» բաժնում նշված է, որ «Գլոբալ Կարատ» ընկերությունը, որը Սիերա Լեոնեում հիմնված հանք է, ունի լիցենզիա շահագործելու ադամանդի և ոսկու հանքեր Սիերա Լեոնեի արևելյան մասի երեք տարբեր հատվածներում, պետք է ձեռք բերի հանքանյութը լվանալու երկու շաղափ, որը ներառում է խոզանակի և լվացման բաղադրիչներ՝ մեկը` ոսկու և մյուսը` ադամանդի մշակման համար: Այդ շաղափները բերվելու են Հարավային Ամերիկայից, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 2 միլիոն դոլար: Բացի դրանից, ևս մեկ լրացուցիչ հանքում գործողություններ իրականացնելու համար սարքավորումների անհրաժեշտ համախումբ կպատվիրվի «Կոմաթսուից», որը գնահատվում է 5 միլիոն դոլար և իր մեջ ներառում է էքսկավատոր, բուլդոզեր, բարձիչներ, բեռնատարներ, հզոր գեներատորներ և ջրի պոմպեր: Արդյունքում, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար պահանջվող ներդրումը կազմում է 9 միլիոն դոլար: Այնուհետև նշված է, որ «ընկերության ներդրման ռազմավարությունը ներառում է վերևում նշված սարքավորումների ձեռքբերումը նախագծի առաջին իսկ ժամկետներում»13:

Վերոնշյալի կապակցությամբ ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության` 2015 թվականի մարտի 6-ի թիվ 14-2710 եզրակացությամբ արձանագրվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից և թե վարկային միջոցները ստացած` Կիպրոսի Հանրապետությունում գրանցված ընկերությունների կողմից բիզնես ծրագրում նշված` 2010-2011 թվականների ընթացքում ընդհանուր 9.000.000 ԱՄՆ դոլար արժողության հանքանյութ լվանալու երկու շաղափ և մեկ լրացուցիչ հանքում գործողություններ իրականացնելու համար սարքավորումների անհրաժեշտ համախումբ «Կոմաթսու» ընկերությունից ձեռք չեն բերվել, ուստի փորձաքննությամբ դիտվում է, որ վարկային միջոցները փաստացի չեն օգտագործվել բիզնես ծրագրով նախատեսված նպատակներին համապատասխան14:

դ) Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված՝ նախաքննության մարմնի` 2014 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրությունից երևում է, որ 2010 թվականի փետրվարի 10-ին Ա.Սուքիասյանի, Սերգեյ Տրիկազյուկի, Ալեքսանդր Վալչեկովսկու և Ռուբեն Մկրտչյանի միջև կնքվել է վարկային միջոցների նպատակային օգտագործման մասին համատեղ ձեռնարկության վերաբերյալ պայմանագիր։ Վերոնշյալի հետ կապված հատկանշական է այն, որ պայմանագրում հիշատակվել են «WLISPERA HOLDINGS LIMITED LTD» և «ABS GLOBAL» ընկերությունները, որոնք հիմնադրվել են համապատասխանաբար՝ 2010 թվականի մայիսի 6-ին և 2010 թվականի հուլիսի 13-ին, այսինքն՝ վերը նշված պայմանագրի կազմման ամսաթվից ամիսներ հետո15:

ե) Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված՝ ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 2015 թվականի մարտի 6-ի թիվ 14-2710 եզրակացությամբ հաստատվել են ներդրումային և բիզնես ծրագրի միջև առկա անհամապատասխանություններ, ինչի վերաբերյալ նշել է նաև տուժող Փ.Հայրապետյանն իր ցուցմունքում։ Այսպես՝

- եթե «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին վարկ տրամադրելու վերաբերյալ կազմված բիզնես ծրագրի սկզբնական փուլում նախատեսվել է ձեռք բերել հանքարդյունահանման տեխնիկա՝ ընդհանուր 9.000.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա ներդրումային ծրագրով նախատեսվել է ընդամենը ներդրում կատարել «ABS GLOBAL» ընկերության գործունեության մեջ՝ «Գործարար շահեր ձեռք բերելու և համատեղ պահելու» նպատակով՝ առանց նշելու, թե ուր պետք է ուղղվեն այդ միջոցները և ինչ կոնկրետ նպատակի պետք է ծառայեն կատարված կամ կատարվելիք ներդրումները,

- ներդրումային և բիզնես ծրագրերը միմյանց չեն համապատասխանում նաև միջոցների օգտագործման գումարային առումով: Այսպես, եթե ներդրումային ծրագրով գործունեություն իրականացնելու համար սկզբնական փուլում նախատեսվել է ստանալ ընդամենը 5.750.000 ԱՄՆ դոլար գումար, որից 250.000 ԱՄՆ դոլարը ծախսվել է մինչև «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից վարկ ստանալը, ապա բիզնես ծրագրով նախատեսվել է սկզբնական փուլում սարքավորումների ձեռք բերման նպատակով ծախսել 9.000.000 ԱՄՆ դոլար,

- բիզնես ծրագրում որևէ հիշատակում չի արվել, որ վարկային միջոցների զգալի մաս կազմող` 5.500.000 ԱՄՆ դոլար վարկային միջոցները պետք է ուղղվեն և օգտագործվեն Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված որևէ ընկերության գործունեության կազմակերպման համար: Հիշատակում չկա նաև, որ վարկային միջոցները պետք է օգտագործվեն այդ պետությունում գրանցված ընկերությունների միջոցով,

- Բիզնես ծրագրում խոսք է գնում միայն Սիեռա Լեոնեի Հանրապետությունում գործող` «GLOBAL KARAT» ընկերության մասին, մինչդեռ ներդրումային ծրագրում հիշատակվում է նաև Սիեռա Լեոնեի Հանրապետությունում գործող մեկ այլ` «GMC GLOBAL» ընկերությունը16:

14. Միաժամանակ, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացման դատական ակտ կայացնելիս, ի թիվս այլնի, հիմնվել է վկաներ Ղուկաս Ղուկասյանի, Հրանտ Մուրադյանի, Վերաքննիչ դատարանում հարցաքննված վկա Վահան Հարությունյանի կողմից տրված ցուցմունքների, ինչպես նաև պաշտպանության կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հասցեագրված 2 փաստաթղթերի վրա, համապատասխանաբար՝ «ՊԱՐՈՆ ԲԱԿԱՐՐ ՌԱՍԿԻՆ ԿԱԲԲԱ ԷՍԿ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» և «ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԱՀԳ գրառումներով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել վկա Հ.Մուրադյանի ցուցմունքներում առկա տվյալներն առ այն, որ իր ունեցած տեղեկություններով, ինչպես նաև հանքավայրի աշխատողների խոսակցություններից հասկացել է, որ հանքավայրը Ա.Սուքիասյանին չի պատկանել, և որ վերջինս կարող էր դառնալ այնտեղ փայատեր, եթե կատարեր որոշակի ներդրումներ, իսկ վկա Ղ.Ղուկասյանը հայտնել է, որ Ա.Սուքիասյանի՝ ադամանդի հանքերում մասնաբաժին ունենալու մասին իմացել է անուղղակի կերպով՝ իրենց խմբավար Վահան Հարությունյանից, ով Ա.Սուքիասյանի խնամին է17։

Ինչ վերաբերում է Վ.Հարությունյանի կողմից հայտնած տվյալներին, այդ թվում՝ նաև տուժող Փ.Հայրապետյանի կողմից հանքերում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրազեկված լինելու մասին18, ապա դրանք չեն հաստատվում գործով ձեռք բերված փաստական տվյալներով։ Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջինս կարող է ողջամտորեն շահագրգռված լինել գործի ելքով, քանի որ Ա.Սուքիասյանի խնամին է։

14.1. Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը հասցեագրված` համապատասխանաբար՝ «ՊԱՐՈՆ ԲԱԿԱՐՐ ՌԱՍԿԻՆ ԿԱԲԲԱ ԷՍԿ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» և «ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (ԱՀԳ գրառումներով երկու փաստաթղթերին, որոնք Վերաքննիչ դատարանը դրել է Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հիմքում, Վճռաբեկ դատարանը նախևառաջ ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը դրանք թույլատրելիության ու արժանահավատության տեսանկյունից որևէ գնահատման չի ենթարկել, որևէ գործողություն չի կատարել` տվյալ փաստաթղթերի ստացման աղբյուրի օրինականությունը` քրեադատավարական օրենքով սահմանված կարգով պարզելու ուղղությամբ։ Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ փաստաթղթերը գործով ապացուցողական զանգվածում ներառելով, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները:

Այս առումով հատկանշական է, որ սույն քրեական գործով նախաքննական մարմինը դեռևս 2012 թվականի սեպտեմբերի 7-ին իրավական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է Սիերա Լեոնեի Հանրապետության իրավասու մարմիններին, այնուհետև բազմիցս հիշեցումներ է ուղարկել միջնորդության կատարումն արագացնելու խնդրանքով, սակայն այդպես էլ որևէ արձագանք չի ստացվել19:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ փաստաթղթերը նույնիսկ թույլատրելի ապացույց դիտարկվելու պայմաններում, չեն կարող բավարար հիմք լինել Ա.Սուքիասյանի արարքում խարդախության հանցակազմի առկայությունը բացառելու համար, քանի որ գործով ձեռք է բերվել թույլատրելի և վերաբերելի ապացույցների բավարար համակցություն առ այն, որ ամբաստանյալ Ա.Սուքիասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել մոլորության մեջ գցել տուժող Փ.Հայրապետյանին և խաբեության եղանակով հափշտակել վերջինիս` առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքի գրավադրման արդյունքում ստացված գումարը: Այսպես` վերոնշյալ փաստաթղթերում նշվում է, որ Ա.Սուքիասյանը «(WALISPERA HOLDINGS LIMITED) ՎՈԼԻՍՊԵՐԱ ՀՈԼԴԻՆԳՍ ԼԻՄԻԹԵԴ-ի ՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից բաժնետեր է, ով իր հերթին, ABS GLOBAL LTD ԱԲՍ ԳԼՈԲԱԼ ԼԻՄԻԹԵԴԻ ՝ գրանցված Կիպրոս 2010 թվականից [66]%-ի բաժնետերը և տնօրենն է»20, մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվել է սույն որոշման շրջանակներում, Ա.Սուքիասյանը դեռևս 2009 թվականի աշնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված՝ ադամանդագործության ոլորտի զարգացման հետ կապված ծրագրի քննարկման ժամանակ հայտնել է, որ Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում ունի ադամանդի հանքեր, այնուհետև տուժող Փ.Հայրապետյանին և հետաքրքրված այլ գործարարներին է տրամադրել Սիերա Լեոնեի Հանրապետությունից՝ տարբեր աղբյուրներից ձեռքբերված շուրջ 300.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդի հումք` ներկայացնելով իբրև իր հանքերից արդյունահանված հումք։

Ավելին՝ վերոնշյալ փաստաթղթերում պարունակվող տեղեկություններն առ այն, որ Ա.Սուքիասյանը տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ուղարկել է հող փորիչ մեքենաներ, լվացող տեխնիկա, լեռնահանքային մեքենաներ, նյութեր, որոնք կազմել են 6.700.800 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2.200.000 ԱՄՆ դոլար տարվող աշխատանքների և հանքարդյունաբերության տարածքում երկրաբանական երկու խմբերի գործունեության համար, ընդհանուր՝ 15.886.906.78 ԱՄՆ դոլար21, հակասում է սույն գործով հաստատված փաստական այն հանգամանքին, որ անշարժ գույքի գրավադրմամբ ստացված վարկային միջոցները չեն օգտագործվել նպատակային նշանակությամբ, այն է՝ հանքերի շահագործման համար անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու նպատակով, ինչը, ըստ էության, իր ցուցմունքներում չի հերքել նաև Ա.Սուքիասյանը։

15. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքում արդարացնելով հանգել է սխալ եզրահանգման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել սույն գործում առկա ապացույցների ամբողջությունը, մինչդեռ դրանց` համակցության մեջ վերլուծությունը վկայում է, որ մինչև տուժող Փ.Հայրապետյանին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքներ ձեռք բերելը և դրանց գրավադրման արդյունքում վարկային միջոցներ ստանալը, Ա.Սուքիասյանն ի սկզբանե նպատակ է ունեցել մոլորության մեջ գցել տուժողին, հափշտակել վերջինիս գույքը, չվերադարձնել վարկային միջոցները և չկատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

Ուստի, ընդհանրացնելով վերոնշյալ վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

 

II. Փողերի լվացման հանցակազմի որակման առանձնահատկությունները.

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փողերի լվացման հանցակազմի առարկա հանդիսացող գույքի՝ նախորդող հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելու հատկանիշի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում ապացուցված չի կարող համարվել նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը։

18. ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

(…)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(…)

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում»։

19. Փողերի լվացման հանցակազմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արսեն Սարգսյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(…) Նախորդող հանցագործության բացակայությունը բացառում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի գոյությունը, ուստի նմանատիպ գործերով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նախ պետք է հաստատված համարի նախորդող հանցագործության դեպքը, ինչպես նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում պարտադիր չէ նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չէ, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը որևէ առնչություն ունենա նախորդող հանցագործության հետ: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը: (…)»22:

19.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հովհաննես Գևորգյանի և Հրաչյա Չանախչյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, քողարկելու և թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը։ Այլ կերպ, այս հանցագործությունն արտահայտվում է անօրինական ճանապարհով ստացված «կեղտոտ» փողերի օրինականացմամբ, որով էական վնաս է պատճառվում պետության տնտեսությանը։ Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն և քրեական պատասխանատվությունից ազատվելուն։ Հետևաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս` պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի և եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին։

Այսպես, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը և փողերի լվացմանն ուղղված անձի դիտավորությունը որոշելիս` անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների պատշաճ իրավական գնահատմամբ պարզել ստացված անօրինական գույքի և եկամուտների ծագման աղբյուրը, նշված գույքն ու եկամուտներն օրինական շրջանառության մեջ ներդնելուն ուղղված գործողությունների ամբողջությունը, այդ նյութական միջոցների շարժընթացն ու շրջապտույտն օրինական քաղաքացիական շրջանառության մեջ, ձեռնարկված գործողությունների շղթան, որի վերջնարդյունքում այդ գույքն ու եկամուտները ստացել են օրինական տեսք։ Ընդ որում, վերջին դեպքում հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ, որ օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինական տեսք ստացել ձեռքբերված նյութական միջոցները։ Պայմանավորված տվյալ հանցագործության լատենտային բնույթով` հանցավոր գույքի ու եկամուտների օրինականացումը կարող է ունենալ բազմապիսի դրսևորում։ Սակայն, բոլոր դեպքերում այն պետք է սերտորեն փոխկապակցված լինի ենթադրյալ հանցանքը կատարած անձի` «փողերի լվացման» դիտավորության հետ` հիմնավորելով վերջինիս առկայությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում է հնարավոր հաստատապես որոշել անձի արարքում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը։ (...)»23։

20. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2005 թվականի մայիսի 16-ի Վարշավայի կոնվենցիայի (այսուհետ` Վարշավայի կոնվենցիա)24 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ «Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ նախորդող հանցանքի համար նախկին կամ ներկա դատվածությունը նախապայման չէ փողերի լվացման համար դատապարտելու համար:

() Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ, սույն հոդվածի համաձայն, փողերի լվացման համար դատապարտումը հնարավոր է այն դեպքում, երբ ապացուցված է, որ սույն հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված գույքն ի հայտ է եկել նախորդող հանցանքի արդյունքում` առանց հանցանքը ճշգրիտ նշելու անհրաժեշտության»։

Վարշավայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի (գ) կետի համաձայն՝ «Սույն պարբերությամբ սահմանված հանցանքի համար իբրև պարտադիր պայման հանդիսացող իմացության, դիտավորության կամ նպատակի վերաբերյալ եզրակացությունը կարող է արվել օբյեկտիվ, փաստացի հանգամանքներից ելնելով»։

Վարշավայի կոնվենցիայի բացատրական զեկույցում նշվում է. «5-րդ մասն անդրադառնում է փողերի լվացման գործերով քրեական հետապնդման մեկ այլ էական գործնական խնդրի, որը հայտնաբերվել է տարբեր երկրներում գնահատումների արդյունքում, այն է՝ ընկալումը, որ հիմք հանդիսացող նախորդ հանցանքի համար դատապարտումն անհրաժեշտ է՝ որպես փողերի լվացման գործերով քրեական հետապնդման հիմք: Սույն Կոնվենցիան այժմ Կողմերից պահանջում է ապահովել, որ նախնական կամ միաժամանակյա դատապարտումը նախորդող հանցագործության համար նախադրյալ չլինի փողերի լվացման գործերով դատապարտման համար: Սույն Կոնվենցիան մշակողները կարծում էին, որ 5-րդ մասում նշվածը պարզաբանելուց հետո պետք է փողերի լվացման գործերով հնարավոր լինի նախորդող հանցագործությունը (լինի դա ներպետական, թե օտարերկրյա) հաստատել` հիմնվելով անուղղակի կամ այլ ապացույցների վրա: Մշակողների կողմից սա կարևորվել էր, քանզի այդպիսի դատապարտման ընկալվող անհրաժեշտությունը հաճախ խանգարում էր փողերի լվացման, որպես ինքնավար հանցագործության համար հետապնդման իրականացմանը, հատկապես՝ երրորդ անձանց կողմից ուրիշների օգտին իրականացվող փողերի լվացման դեպքում:

6-րդ մասը վերաբերում է նախորդող հանցագործության ապացուցման հարցին փողերի լվացման գործերով հետապնդման դեպքում: Հետապնդմանն օժանդակելու համար սույն Կոնվենցիայի մշակողները մատնանշեցին փողերի լվացման գործերով դատախազների՝ հստակ մասնավորեցված նախորդող հանցանքի բոլոր փաստական տարրերի ապացուցման պարտականություն չկրելու կարևորությունը, եթե գույքի ապօրինի ծագում ունենալը կարող է ապացուցվել ցանկացած այլ հանգամանքներով:

Նշելով, որ սույն մասը վերաբերում է այս հոդվածի համաձայն փողերի լվացման համար դատապարտումներին, սույն Կոնվենցիայի մշակողները ցանկանում են նշել, որ դրույթը պետք է դիտարկել փողերի լվացման սահմանման համատեքստում, ինչպես նշված է 9-րդ հոդվածում և մասնավորապես դրա 1-ին մասում, որը վերաբերում է դիտավորյալ վարքագծին: Հետևաբար, Կողմերը կարող են իրականացնել 9.6 հոդվածի իմպլեմենտացում՝ պահանջելով, որ փողերի լվացման հանցագործության կատարողը իմանա, որ ակտիվները առաջացել են նախորդող հանցագործության արդյունքում, առանց պահանջելու, որ ապացուցվի, թե հստակ որ նախորդող հանցագործությունն է կիրառելի»25:

Եվրոպական միության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունված թիվ 2018/1673 հրահանգի 3-րդ հոդվածի 3-րդ մասն անդամ պետություններին պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար, որ՝

«(ա) նախորդող կամ միաժամանակյա դատապարտումը հանցավոր գործունեության համար, որից ստացվել է գույքը, [փողերի լվացման հանցակազմով] դատապարտման համար նախապայման չէ.

(բ) [փողերի լվացման հանցակազմով] դատապարտումը հնարավոր է, եթե հաստատվի, որ գույքը բխում է հանցավոր գործունեությունից, առանց պահանջելու, որ հաստատվեն այդ հանցավոր գործունեությանն առնչվող բոլոր փաստական տարրերը կամ բոլոր հանգամանքները, ներառյալ հանցագործի ինքնությունը. ()»:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Եվրոպական միության անդամ պետությունների միասնական մոտեցումը համահունչ է Վարշավայի կոնվենցիայով սահմանված չափանիշներին։

20.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) Ցշյուշենն ընդդեմ Բելգիայի գործով որոշման շրջանակներում ընդգծել է, որ փողերի լվացման հանցակազմի ապացուցման առնչությամբ Վարշավայի կոնվենցիայով որդեգրված մոտեցումն ինքնին չի կարող դիտարկվել որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի վրա իր գույքային վիճակի վերաբերյալ հավաստի բացատրություն տալու պարտականություն դնելուն, փաստել է, որ այն ինքնին չի հանդիսանում լռելու իրավունքի խախտում՝ ընդգծելով, որ Կոնվենցիան չի արգելում հաշվի առնել մեղադրյալի լռությունը՝ իր մեղավորությունը պարզելու համար, բացառությամբ, եթե նրա դատապարտումը հիմնված է բացառապես կամ հիմնականում նրա լռության վրա26։

Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ՝

- գույքի հանցավոր ծագումը կարող է հաստատվել անուղղակի ապացույցների հիման վրա, այդ թվում՝ եզրահանգումներ անելով այն հանգամանքից, որ մեղադրյալը հրաժարվում է ներկայացնել բացատրություններ գույքի ծագման առնչությամբ27,

- քրեական գործերով արդար դատաքննության հայեցակարգի հետ համատեղելի է դիմումատուի վրա իր գույքային իրավիճակի վերաբերյալ հավաստի բացատրություններ տալու պարտականություն դնելը28։

21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված՝ փողերի լվացման վերաբերյալ առկա միջազգային-իրավական փաստաթղթերի, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ անդրազգային կազմակերպված հանցավոր գործունեության դեմ պայքարին նվիրված միջազգային չափանիշները զարգանում են այն ուղղությամբ, ըստ որի փողերի լվացումն անհրաժեշտ է դիտարկել որպես ինքնավար բնույթ ունեցող հանցավոր արարք, որի համար պատասխանատվությունը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար նախկին կամ միաժամանակյա դատապարտմամբ, նախորդող հանցագործությունն ապացուցված և դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։ Ավելին՝ փողերի լվացման հանցակազմի ինքնավար բնույթը ենթադրում է, որ նախորդող հանցագործության քննությունը, որպես այդպիսին, փողերի լվացման ինքնուրույն հանցակազմ պարունակող արարքների քննության նպատակը չէ, իսկ այն մոտեցումը, ըստ որի՝ փողերի լվացումը քննվում է միայն որպես նախորդող հանցագործության գործերով իրականացվող քննության մաս, այլևս կենսունակ չէ՝ հաշվի առնելով այս ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև խնդրո առարկա հանցագործության բացահայտման գործընթացում առաջացող լուրջ խոչընդոտները։

Միևնույն ժամանակ, սույն դեպքում չի կարող վտանգվել նաև անմեղության կանխավարկածը, քանի որ անձը պատասխանատվության է ենթարկվում ոչ թե նախորդող հանցավոր գործունեության, այլ հենց փողերի լվացման հանցագործության համար։ Այսպես՝ Եվրոպական Դատարանը վերոնշյալի կապակցությամբ ընդգծել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը չի նախատեսում մեղադրանքում նախորդող հանցանքը հստակ նկարագրելու պարտականություն։ Ի վերջո, նախորդող հանցանքը, որի միջոցով փողը ձեռք է բերվել, չի կազմում փողերի լվացման գործով մեղադրանքի հիմքը29։

21.1. Այսպիսով, փողերի լվացման համար անձին պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ընդամենը փաստել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ինչը ամենևին չի ենթադրում այդ հանցագործության քրեաիրավական հատկանիշների ճշգրիտ նկարագրություն. տվյալ դեպքում բավարար է որոշակի ապացուցողական զանգվածով, այդ թվում՝ նաև անուղղակի ապացույցների համակցությամբ, հաստատված համարել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր գործունեության արդյունքում։ Ավելին, միջազգային հանրությունն այս ուղղությամբ որդեգրել է հենց անուղղակի ապացուցման մեթոդը, մասնավորապես, եթե բացակայում են նախորդող հանցագործության վերաբերյալ ուղղակի ապացույցներ, ապա գույքի հանցավոր ծագումը կարելի է հաստատված համարել անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում։

22. Հիմք ընդունելով սույն որոշման 20-21.1-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման հանցակազմն ունի ինքնավար բնույթ, և դրա համար պատասխանատվությունը չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար դատապարտմամբ, ինչպես նաև նախորդող հանցագործության դեպքն ապացուցված, դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։ Այլ կերպ` անհրաժեշտ է ոչ թե քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշների, այլ միայն նախորդող հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորման մասին վկայող հատկանիշների առկայության հավաստում: Միևնույն ժամանակ պարտադիր չէ, որ հանցավորը գիտակցի նախորդող հանցագործության բոլոր հատկանիշները: Մասնավորապես, չի պահանջվում, որ անձը գիտակցի` կոնկրետ որ հանցանքի կատարմամբ է ձեռք բերվել լվացվող գույքը, այլ բավարար է միայն գիտակցել, որ գույքն ունի հանցավոր ծագում:

Ուստի, զարգացնելով փողերի լվացման գործերով՝ նախորդող հանցագործության առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը հաստատելու համար անհրաժեշտ չէ ոչ միայն նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, այլև տվյալ գույքի հանցավոր ծագման փաստը կարող է հաստատվել՝ անկախ նախորդող հանցագործության՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված լինելու պայմանից։

Տվյալ դեպքում բավարար է գործի փաստերից բխող որոշակի տվյալների, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համադրման արդյունքում գալու ողջամիտ եզրահանգման առ այն, որ խնդրո առարկա գույքն ունի հանցավոր ծագում։ Այլ կերպ` պահանջվում է միայն այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որոնք ողջամտորեն կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքի հանցավոր լինելու մասին: Մասնավորապես, քննության օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ անուղղակի, սակայն իրենց ամբողջության մեջ դրա՝ հանցավոր ճանապարհով ծագած լինելու մասին ողջամտորեն վկայող հանգամանքներ կարող են հանդիսանալ տվյալ անձի եկամուտների կամ այլ նյութական միջոցների ու ակտիվների հարաբերակցությամբ քննության առարկա հանդիսացող գույքի անհամաչափ բարձր արժեքը, տվյալ գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին վկայող որոշակի տվյալների առկայությունը, ինչպես նաև գործի լուծման տեսանկյունից էական նշանակություն ունեցող հանգամանքներ։

Ընդ որում, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ ճշգրիտ կերպով վկայակոչել և նկարագրել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն կոնկրետ հանցակազմը, որի արդյունքում ստացվել է ապօրինի գույքը, այլ բավարար է տալ միայն որևէ հանցավոր արարքի ընդհանրական նկարագրությունը (օրինակ՝ գույքը ստացվել է հափշտակությունների, թրաֆիքինգի, թմրամիջոցների կամ զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության այս կամ այն դրսևորման կամ այլ հանցագործության արդյունքում):

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ փողերի լվացման հանցակազմի մասին չի կարող խոսք գնալ այն դեպքում, երբ գործում առկա փաստական տվյալներով հաստատվում է, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, իսկ դրա հանցավոր ծագումը բացառվում է։

23. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող նպատակի, ինչպես նաև փողերի լվացմանն ուղղված անձի դիտավորության առկայությունը հաստատված համարելուն, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների առկայությունը և փողերի լվացմանն ուղղված անձի դիտավորությունը որոշելիս` անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների պատշաճ իրավական գնահատմամբ պարզել ստացված անօրինական գույքի և եկամուտների ծագման աղբյուրը, նշված գույքն ու եկամուտներն օրինական շրջանառության մեջ ներդնելուն ուղղված գործողությունների ամբողջությունը, այդ նյութական միջոցների շարժընթացն ու շրջապտույտն օրինական քաղաքացիական շրջանառության մեջ, ձեռնարկված գործողությունների շղթան, որի վերջնարդյունքում այդ գույքն ու եկամուտները ստացել են օրինական տեսք30։

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցավոր ճանապարհով՝ խաբեությամբ գույքային իրավունքներ ձեռք բերելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.424.969.470 ՀՀ դրամին համարժեք 9.327.538 ԱՄՆ դոլարի չափով անուղղակի եկամուտներն օրինականացնելու, դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ, փոխանցումներ, փոխարկումներ, թանկարժեք մետաղների ձեռք բերում31, որպիսի հանգամանքներն էլ Առաջին ատյանի դատարանը համարել է հաստատված և Ա.Սուքիասյանին մեղավոր ճանաչել նշված հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ32:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, նշել է, որ Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում ապացուցված չի կարող համարվել նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը։

25. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-23-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում ապացուցված չի կարող համարվել նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը, չի բխում փողերի լվացման հանցակազմի ինքնավար բնույթից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի բացակայությունը մեխանիկորեն պայմանավորել է նախորդող հանցագործությունը, այն է՝ խարդախության հանցակազմն ապացուցված չլինելու հանգամանքով, մինչդեռ, ինչպես նշվել է սույն որոշման շրջանակներում, փողերի լվացման հանցակազմն ունի ինքնավար բնույթ, և դրա համար դատապարտումը չի կարող պայմանավորվել նախորդող հանցագործությունն ապացուցված, դրա քրեաիրավական բոլոր հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ դրամական փոխանցումներից հնարավոր չի եղել տարանջատել, թե «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին փոխանցված դրամական միջոցները եղել են «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվից «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններին նախկինում փոխանցված դրամական միջոցները, թե նշված երեք ընկերությունների հաշվին եղած այլ դրամական միջոցները33, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դա ևս բավարար գործոն չի կարող լինել` Ա.Սուքիասյանի արարքում փողերի լվացման հանցակազմի բացակայությունը հավաստելու համար։ Այսպես՝ սույն գործով հաստատվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվից «ABS GLOBAL LIMITED», «STR EMERALD LIMITED» և «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերություններին փոխանցվող գումարները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, այն է՝ խարդախության արդյունքում, իսկ ամբաստանյալ Ա.Սուքիասյանը, վերոնշյալ դրամական միջոցները տարատեսակ փոխանցումների արդյունքում միացնելով իր ունեցած դրամական միջոցներին, այնուհետև կրկին հետ փոխանցելով «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին, փորձել է խեղաթյուրել, թաքցնել տվյալ գույքի հանցավոր ծագումը և օրինական տեսք տալ դրանց, որպիսի հանգամանքն առավել քան բավարար է հաստատված համարելու Ա.Սուքիասյանի նպատակը` քողարկելու, թաքցնելու հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրները և այդ միջոցները ներգրավելու օրինական շրջանառության մեջ:

Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ա.Սուքիասյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում ապացուցված չի կարող համարվել նաև փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի` նախորդող հանցագործության արդյունքում ձեռք բերված լինելու հանգամանքը, հիմնավոր չէ։

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքներում արդարացնելով, պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա ապացույցների ամբողջությունը։

Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 190-րդ հոդվածներով մեղսագրվող արարքներում արդարացնելու հարցում եկել է սխալ եզրահանգման, պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 190-րդ հոդվածներով մեղավոր ճանաչելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է այդ մասով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռին։ Մնացած, այն է` Ա.Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքում մեղավոր ճանաչելու, այդ թվում նաև` որպես լրացուցիչ պատիժ նշանակված` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով գույքը բռնագրավելու մասով, Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Աշոտ Արշիկի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը մասնակիորեն` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացնելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դատավճռին։

2. Աշոտ Արշիկի Սուքիասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով թողնել անփոփոխ։

3. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հանցանքների համակցության կանոններով ամբաստանյալ Աշոտ Արշիկի Սուքիասյանի նկատմամբ նշանակված 16 (տասնվեց) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել 2014 թվականի հունվարի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն Աշոտ Սուքիասյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը, և վերջնական թողնել կրելու 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ոչ ավելի, քան հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով: Պատժի կրման սկիզբը հաշվել Աշոտ Արշիկի Սուքիասյանին արգելանքի վերցնելու օրվանից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 79-83:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 57-89:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 49-րդ, թերթեր 74-109:

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11, Նելլի Ափոյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

7 Տե՛ ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 57-89:

9 Տե՛ս նույն տեղում։

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթ 67:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 45-րդ, թերթեր 57-89:

13 Տե՛ս նույն տեղում։

14 Տե՛ս նույն տեղում։

15 Տե՛ս նույն տեղում։

16 Տե՛ս նույն տեղում։

17 Տե՛ս նույն տեղում։

18 Տե՛ ս սույն որոշման 7-րդ կետը։

19 Տե՛ս քրեական գործ, հատոր 26-րդ, թերթեր 84-85:

20 Տե՛ ս սույն որոշման 7-րդ կետը։

21 Տե՛ ս սույն որոշման 7-րդ կետը։

22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Սարգսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշման 11-րդ կետը:

23 Տե՛ս Հովհաննես Գևորգյանի և Հրաչյա Չանախչյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշման 16-16.2-րդ կետերը:

24 Վարշավայի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի հունիսի 2-ին:

25 Տե՛ս ,Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասինե Վարշավայի կոնվենցիայի՝ 2005 թվականի մայիսի 16-ի բացատրական զեկույցը, կետեր 100-101, հասանելի է հետևյալ հղմամբ՝ www.rm.coe.int/16800d3813:

26 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ZschՖschen v. Belgium գործով 2017 թվականի մայիսի 2-ի որոշումը, գանգատ 23572/07, կետեր 27-30:

27 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ZschՖschen v. Belgium գործով 2017 թվականի մայիսի 2-ի որոշումը

28 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Grayson and Barnham v. United Kingdom գործով 2008 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը, գանգատներ 19955/05 և 15085/06, կետեր 49, 23: Տե՛ս նաև, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ZschՖschen v. Belgium գործով 2017 թվականի մայիսի 2-ի որոշումը, գանգատ 23572/07, կետ 30:

29 Տե՛ս mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ZschՖschen v. Belgium գործով 2017 թվականի մայիսի 2-ի որոշումը, գանգատ 23572/07, Timmermans v. Belgium գործով 2017 թվականի մայիսի 2-ի որոշումը, գանգատ 12162/07:

30 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գևորգյանի և Հրաչյա Չանախչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը:

31 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

32 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

33 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան