Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.07.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
27.07.2021
Дата вступления в силу
27.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/2468/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/2468/02/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

Դատավորներ՝

Տ. Նազարյան

 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2021 թվականի հուլիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սեյրան Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսինե Աղլամազյանի ընդդեմ «ԳԱԲ Էլեկտրոմաշ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի, երրորդ անձինք Ընկերության, Ավետիք Դաբաղյանի, Սեյրան Սիրեկանյանի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ թիվ ԳԴ/0002/04/16 սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի և Ավետիք Դաբաղյանի միջև 17.07.2018 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդով առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 23.07.2018 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը և Ավետիք Դաբաղյանի և Սեյրան Սիրեկանյանի միջև 04.11.2019 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.11.2019 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Լուսինե Աղլամազյանը պահանջել է ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Կենտրոնական փողոցի թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով անվավեր ճանաչել 31.05.2018 թվականին կայացած աճուրդը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել թիվ ԳԴ/0002/04/16 սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի և Ավետիք Հարութիկի Դաբաղյանի միջև 17.07.2018 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդով առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա՝ 23.07.2018 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը և Ավետիք Դաբաղյանի և Սեյրան Սիրեկանյանի միջև 04.11.2019 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 07.11.2019 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 29.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2021 թվականի որոշմամբ Լուսինե Աղլամազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.10.2020 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեյրան Սիրեկանյանի ներկայացուցիչը (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսինե Աղլամազյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը «շահագրգիռ անձ» հասկացությանը տվել է ավելի նեղ մեկնաբանում, քան սահմանում են բողոքում վկայակոչված օրենսդրական ակտերը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։ Սույն գործի շրջանակներում՝ պարզելու համար, արդյոք հայցվորը շահագրգիռ անձ է, թե ոչ, պետք է առաջնորդվել ոչ միայն լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստի առկայությամբ կամ բացակայությամբ (դատարանի կողմից այն կասկածի տակ չի դրվել), այլև պարզել, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված պահանջի նպատակն արդյ՞ոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել պահանջ ներկայացրած անձի իրավունքները: Այսինքն՝ բացառապես լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու հանգամանքը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ հայցվորի շահագրգռվածությունը հաստատելու համար: Հայցվորը պետք է հիմնավորի իր իրավունքների խախտման առկայությունը և/կամ իր համար անբարենպաստ հետևանքների առաջացումը:

 Դատարանը փաստել է, որ Լուսինե Աղլամազյանը չի կարող հանդիսանալ այն շահարգրգիռ անձը, ում օրենսդիրը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով և Օրենսգրքի 465-րդ հոդվածով հնարավորություն է ընձեռել աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, այն առումով, որ վերջինս չի հիմնավորել սուբյեկտիվ իրավունքի որևէ խախտում, քանի որ վիճարկվող աճուրդի մեկնարկային գնի նվազումը պայմանավորված է եղել չկայացած տասներեք աճուրդների արդյունքով։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածը, և անտեսելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում տրված «շահագրգիռ անձ» դատավարական ինստիտուտի մեկնաբանությունը, սխալմամբ արձանագրել է, որ հայցվորի մոտ Ընկերությանը պատկանող գույքի աճուրդն անվավեր ճանաչելու հարցում առկա է շահագրգռվածություն և այդ հանգամանքը դրել է դատական ակտի բեկանման հիմքում:

Դատարանն իրականացրել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և եկել է այն եզրահանգման, որ հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ և/կամ ապացույց, որով կհաստատվեր վերջինիս իրավունքների խախտումը, որը միայն կարող է հիմք հանդիսանալ աճուրդն անվավեր ճանաչելու համար։

Այն հանգամանքը, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտումը ոչ բոլոր դեպքերում կարող է հանգեցնել աճուրդի անվավերության առաջին հերթին խոսում է այն փաստը, որ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածով և թե «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով օգտագործվում է «դատարանը կարող է ճանաչել անվավեր» արտահայտությունը։ Այսինքն՝ այս նորմերով օրենսդիրը դատարանին տալիս է որոշման հայեցողություն, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Դատարանը իրավունք ունի որոշելու՝ վրա հասնի արդյոք նորմի իրավական հետևանքը, թե ոչ: Հետևաբար, աճուրդը կարող է անվավեր ճանաչվել միայն երբ դատարանը գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելուց և խախտման բնույթը, ծանրությունը և հետևանքները գնահատման առարկա դարձնելուց հետո, գա այն եզրահանգման, որ խախտումը այնպիսին է, որ խաթարել է աճուրդի բուն էությունը և նպատակը և դրանով իսկ հանգեցրել է հայցվորի իրավունքների էական խախտման (պատճառահետևանքային կապի հաշվառմամբ)։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.10.2020 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ընկերության սնանկության կառավարիչ Սարգիս Միրաքյանի կողմից ինտերնետով ծանուցման պաշտոնական «azdarar.am» կայքում հրապարակված ծանուցման հայտարարության մեջ նշված չէ, ինչպես վաճառվող գույքի ֆիզիկական վիճակի վերաբերյալ վավերապայմանը, այնպես էլ հստակ մեկնարկային գինը, էական մի շարք այլ պայմաններ, լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը, կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը։ Հայտարարության մեջ նշված չէ նաև գույքի հասցեում տեղակայված շինությունների մանրամասն նկարագրությունը, որը միանշանակ հանդիսանում է էական պայման։

Բացի այդ, օրենսդիրն աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու հնարավորություն է տվել միայն շահագրգիռ անձին, ով տվյալ դեպքում հանդիսացել է Լուսինե Աղլամազյանը, քանի որ թիվ ԳԴ/0002/04/16 սնանկության գործով կայացված աճուրդի մասով հանդիսանում է պարտապան ընկերության տնօրենը և միակ մասնակիցը, միևնույն ժամանակ գույքի նկատմամբ կատարված վերանորոգումները կատարվել են տնօրենի անձնական ներդրումների հաշվին, որին պատկանող գույքը վաճառվել է օրենքի պահանջները չպահպանված աճուրդի միջոցով, մինչդեռ այդպիսի պահանջների պահպանումը հանգեցնելու էր գույքի առավել բարձր գնով վաճառքի, որի դեպքում ընկերության ֆինանսական մուտքերն ավելանալու էին։

 

Վերոգրյալի հիման վրա պահանջել է Վերաքննիչ դատարանի 12.02.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2017 թվականի թիվ ԳԴ/0002/04/16 որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով իրացնել Ընկերությանը պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փողոց, թիվ 31 հասցեում գտնվող անշարժ գույքը։

2) 07.05.2018 թվականի Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի կողմից www.azdarar.am հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքում հրապարակվել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ իրականացնելու մասին հայտարարություն (հատոր 1, գ.թ. 82):

3) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի կողմից հայտարարված թվով տասներեք աճուրդների չկայացման արդյունքում աճուրդի դրված գույքի գինը նվազել է և 31.05.2018 թվականին կայացած աճուրդում գույքի մեկնարկային գինը սահմանված է եղել 52.397.511 ՀՀ դրամ։

4) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի կողմից 31.05.2018 թվականին կազմված աճուրդի արդյունքների մասին թիվ 1 արձանագրության համաձայն՝ նույն օրը կայացած աճուրդում Ավետիք Դաբաղյանն աճուրդային վաճառքի արդյունքում առաջարկելով 52.397.511 ՀՀ դրամ, մեկնարկային գին ունեցող լոտ 1՝ ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փ. թիվ 31 հասցեում գտնվող շինությունները /ընդհանուր մակերեսը՝ 4371,4 քմ, պարիսպ 15,1քմ կամ 75,5 գ/մ/, հողամաս 0,4 հա, ընդհանուրը 52.397.511 ՀՀ դրամ, ճանաչվել է հաղթող (հատոր 1, գ.թ. 85):

5) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի /Վաճառող/ և Ավետիք Դաբաղյանի /Գնորդ/ միջև 17.07.2018 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդով առուվաճառքի պայմանագրով Վաճառողը 31.05.2018 թվականի աճուրդի արդյունքների մասին թիվ 1 արձանագրության հիման վրա Գնորդին է վաճառել ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փ. թիվ 31 հասցեում գտնվող շինությունները 52.397.511 ՀՀ դրամով (հատոր 1, գ.թ. 83-84):

6) 23.07.2018 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23072018-03-0044 վկայականի համաձայն՝ ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փ. թիվ 31 հասցեի շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է Ավետիք Դաբաղյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 86-93):

7) Ավետիք Դաբաղյանի /Վաճառող/ և Սեյրան Սիրեկանյանի /Գնորդ/ միջև 04.11.2019 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով Վաճառողը Գնորդին է վաճառել ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փ. թիվ 31 հասցեում գտնվող շինությունները (հատոր 3, գ.թ. 21-22):

8) 07.11.2019 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07112019-03-0034 վկայականի համաձայն՝ ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Կենտրոնական փ. թիվ 31 հասցեի շենք-շինությունների նկատմամբ գրանցվել է Սեյրան Սիրեկանյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 23-24)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աճուրդի անվավեր ճանաչման դատարանի լիազորության կիրառման և դատարանի կողմից գնահատման ենթակա հարցերի շրջանակներին:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Նույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Օրենսդիրը նշված դրույթով շահագրգիռ անձին հնարավորություն է ընձեռել դատական կարգով անվավեր ճանաչել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի իմաստով ով կարող է հանդիսանալ շահագրգիռ անձ։ Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի մոտ շահագրգռվածությունը պետք է առկա լինի աճուրդի հանված լոտի նկատմամբ: Ընդ որում, շահագրգռված լինելը կարող է պայմանավորված լինել ինչպես լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, այնպես էլ հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Վերջին դեպքում անհրաժեշտ է իրավաբանական այնպիսի փաստերի ամբողջություն, որոնք իրենց համակցությամբ կարող են բավարար լինել նպաստելու անձի մոտ ապագայում լոտի նկատմամբ իրավունքներ ծագելուն (տե՛ս, «Մովսիսյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի և Նորիկ Մալխասյանի թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել նաև, որ սնանկության վարույթում ևս աճուրդի արդյունքները վիճարկելու հնարավորություն պետք է ունենան միայն շահագրգիռ անձինք, որոնց շահագրգռվածությունը պետք է որոշվի լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, ինչպես նաև հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ սնանկության վարույթում աճուրդի արդյունքների վիճարկման հարցում շահագրգռվածության որոշման հարցի նկատմամբ նույնպես կիրառելի են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները: Տվյալ դեպքում նույնպես աճուրդի վիճարկման հիմքում պետք է լինի պահանջ ներկայացնողի իրավական շահագրգռվածությունը, այլ խոսքով` դատարանը պետք է պարզի, թե նման պահանջ ներկայացնողի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված պահանջի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել պահանջ ներկայացրած անձի իրավունքները (տե՛ս, Կարինե Ղազարյանը և այլոք ընդդեմ Իգոր Մանդելի թիվ ԵԱՔԴ/0009/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Վերոնշյալից հետևում է, որ պետք է պարզել, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ներկայացված պահանջի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, թե ոչ, ինչպես նաև այն թե հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել պահանջ ներկայացրած անձի իրավունքները: Այսինքն՝ հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի դեպքում աճուրդ անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու համար հայցվորը պետք է հիմնավորի իր իրավունքների խախտման առկայությունը և/կամ դրա արդյունքում իր համար անբարենպաստ հետևանքների առաջացումը:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը. «գործում առկա ապացույցների ուսումնասիրության և հայցադիմումի բովանդակության, ինչպես նաև հայցվորի ներկայացուցչի դատական նիստերում հնչեցրած դիրքորոշման համատեքստում արձանագրում է, որ թեև հայցվոր Լուսինե Աղլամազյանը հանդիսանում է պարտապան Ընկերության տնօրեն և միակ հիմնադիր, այդուհանդերձ ՝ ներկայացրած հայցով չի կարող հանդիսանալ շահագրգիռ անձ այն հիմնավորմամբ, որ վերջինս որևէ վերաբերելի ու թույլատրելի ապացույցով չի հիմնավորել իր իրավունքների խախտման առկայությունը և/կամ իր համար անբարենպաստ հետևանքների առաջացումը»։ «հայցվորի կողմից բարձրաձայնվել են միայն ենթադրյալ հանգամանքներ», «բացառապես ենթադրությունների հիման վրա կառուցված հանգամանքներով չի կարող հիմնավորվել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջները չպահպանելով իրականացրած աճուրդի արդյունքում խախտվել է Հայցվորի որևէ իրավունք և/կամ նրա համար առաջացրել են անբարենպաստ հետևանքներ: Հետևաբար՝ Լուսինե Աղլամազյանը չի կարող հանդիսանալ այն շահարգրգիռ անձը, ում օրենսդիրը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով և Օրենսգրքի 465-րդ հոդվածով հնարավորություն է ընձեռել աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան»:

Դատարանի վճռի ուսումնասիրությունից ակնհայտ է, դառնում, որ Դատարանը, հայցվորի շահագրգիռ անձ չլինելու վերաբերյալ իր եզրահանգումը ոչ թե պայմանավորել է հայցվորի կարգավիճակով, այլ այն հանգամանքով, որ հայցվորը չի հիմնավորել իր իրավունքների խախտման փաստը։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ «Դատարանն անտեսել է, որ Լ. Աղլամազյանը, որպես սնանկ ճանաչված ընկերության միակ մասնակից ինչպես օրենքի ուժով, այնպես էլ նշված ընկերության կանոնադրության համաձայն, ունի ընկերության լուծարվելու դեպքում շահույթի իր մասը, ինչպես նաև պարտատերեր հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մի մասը կամ դրա արժեքը ստանալու իրավունք: Նշվածն արդեն իսկ բավարար է արձանագրելու, որ Լ. Աղլամազյանի մոտ, որպես ընկերության մասնակից, աճուրդի հանված լոտի նկատմամբ ապագայում հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար առկա են բավարար նախադրյալներ և լեգիտիմ ակնկալիք, ինչն ուղղակիորեն փաստում է ընկերությանը պատկանող գույքի աճուրդն անվավեր ճանաչելու հարցում հայցվորի շահագրգռվածությունը»:

Տվյալ դեպքում հայցվորը պնդել է, որ աճուրդի հայտարարության մեջ գույքի ճիշտ նկարագրությունը նշված չլինելու հանգամանքը հանգեցրել է գույքի՝ ցածր գնով վաճառքի, ինչն էլ խախտել է իր` որպես պարտապան Ընկերության տնօրենի և միակ հիմնադրի իրավունքները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ թե աճուրդի հայտարարության մեջ գույքի ճիշտ նկարագրությունը նշված չլինելու հանգամանքի հետևանքով է վիճելի գույքի արժեքը նվազել, ինչպես հայցվորն է պնդում, այլ վեճի առարկա գույքն ի սկզբանե գնահատվել է 205.600.000 ՀՀ դրամ և հայտարարված թվով 13 աճուրդները չեն կայացվել և լոտի արժեքը յուրաքանչյուր անգամ նվազեցել է 10 տոկոսով, լոտի արժեքը է սահմանվել 52.397.511 ՀՀ դրամը, որն էլ գնվել է այդ արժեքով։ Ի դեպ նախորդ բոլոր չկայացած 13 աճուրդների հայտարարությունները նույնպես ունեցել են նույն բովանդակությունը և այդ աճուրդները չեն վիճարկվել հայցվորի կողմից՝ աճուրդի դրված գույքի գնիջեցումը կանխելու համար։

Փաստերի նման դասավորվածությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ հայցվորի աճուրդի դրված գույքի մեկնարկային գինը ձևավորվել է ոչ թե վիճարկվող աճուրդը օրենքի պահանջների խախտումով անցկացնելու, այլ նախորդ՝ չկայացած և հայցվորի կողմից չվիճարկված աճուրդների արդյունքում։ Այսինքն՝ հայցվորը հնարավորություն է ունեցել վերահսկելու սակարկությունների կազմակերպման ամբողջ ընթացքը, իսկ կառավարչի կողմից իր լիազորությունների ոչ պատշաճ կատարման արդյունք հանդիսացող գործողությունների իրականացման դեպքում՝ բողոքարկելու դրանք:

Վերոնշյալից հետևում է, որ Դատարանն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, որ հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ և ապացույց, որով կհաստատվեր վերջինիս իրավունքների խախտումը, որը միայն կարող է հիմք հանդիսանալ հայցվորի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը հաստատված համարելու և աճուրդն անվավեր ճանաչելու համար։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դատական ակտի բեկանումը պայմանավորել է զուտ վերջինիս՝ Ընկերության մասնակցի կարգավիճակով, անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանը չի էլ հերքել հայցվորի՝ ընկերության մասնակցի կարգավիճակով պայմանավորված շահագրգռվածությունը։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը իրավացիորեն է արձանագրել, որ Հայցվորի վերաբերելի և թույլատրելի որևէ ապացույցով կամ փաստարկներով չի հիմնավորել իր, որպես պարտապան Ընկերության տնօրեն և միակ հիմնադիր, իրավունքների խախտման փաստը։

 

Վերոնշյալ կարգավորումների տրամաբանական շարունակությունը գտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում, համաձայն որի՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուսինե Աղլամազյանից հօգուտ Սեյրան Սիրեկանյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 29.10.2020 թվականի վճռին։

2. Լուսինե Աղլամազյանից հօգուտ Սեյրան Սիրեկանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: