Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2021
Дата вступления в силу
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0257/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0257/02/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան  

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Գոհար Համբարձումյանի ընդդեմ Հովհաննես, Սյուզաննա, Լուսինե և Ռազմիկ Թուսինյանների իրավահաջորդ Նանե Թուսինյանի՝ ի դեմս օրինական ներկայացուցիչ Լուսինե Պողոսյանի, երրորդ անձ Գրիգոր Թուսինյանի՝ Երևան քաղաքի Շինարարների թիվ 25 փողոցի 33-րդ բնակարանում գտնվող անշարժ գույքի՝ պատասխանողներին պատկանող բաժնեմասերը տիրազուրկ ճանաչելու, նշված բաժնեմասերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Գոհար Համբարձումյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գոհար Համբարձումյանը պահանջել է Երևան քաղաքի Շինարարների թիվ 25 շենքի 33-րդ հասցեում գտնվող բնակարանի՝ պատասխանողներին պատկանող բաժնեմասերը ճանաչել տիրազուրկ և այդ մասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Շահնազարյան) 25.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2019 թվականի որոշմամբ Գոհար Համբարձումյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2019 թվականի որոշմամբ Գոհար Համբարձումյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Համբարձումյանը (ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սյուզաննա Թուսինյանը և Լուսինե Պողոսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը¸ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 372-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սյուզաննա Թուսինյանի ներկայացուցիչը ինչպես վերաքննիչ ատյանին, այնպես էլ վերաքննիչ բողոք բերած անձին ուղարկել է վերաքննիչ բողոքի պատասխան, ինչը վկայում է այն փաստի մասին, որ Սյուզաննա Թուսինյանը ստացել է վերաքննիչ բողոքը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ սխալ եզրահանգման է եկել, քանի որ թե գործի հետագա հանգամանքներով (Սյուզաննա Թուսինյանի կողմից վերաքննիչ դատարանին ուղարկված պատասխանով), և թե համապատասխան հարցումների միջոցով պարզ է դառնում, որ նշված վերաքննիչ բողոքը ուղարկվել է Սյուզաննա Թուսինյանին, ապացույցն էլ կցվել է վերաքննիչ բողոքին։ Սակայն փոստի աշխատակցի վրիպակի հետևանքով անդորրագրի վրա սխալ անուն է նշվել։

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ թույլ է տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտում, ինչի արդյունքում խախտվել է բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքում բացակայում են բավարար ապացույցներ այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից 23.09.2019 թվականի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշմամբ առկա են դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։

Վերաքննիչ դատարանը ճիշտ եզրահանգման է եկել, որ կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքն ուղարկվել է Սյուզաննա Թուսինյանին:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյո՞ք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե գործին մասնակցող անձինք փաստացի ստացել են վերաքննիչ բողոքը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության (...) համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են՝ (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) [Կրկին] ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:

Ամփոփելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ պահանջն ըստ էության ուղղված է հասու դարձնել դատավարության մասնակիցներին ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությանը: Հետևաբար, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել պատշաճ ապացույց բողոքի պատճենը գործին մասնակցող այլ անձին ուղարկելու վերաբերյալ, բայց վերջինս ընդունել է իր կողմից վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու փաստը, բողոք բերող անձի դատական ակտը բողոքարկելու իրավունքը չպետք է սահմանափակվի զուտ ձևական նկատառումներով:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գոհար Համբարձումյանն իր ներկայացուցչի միջոցով, փոստային առաքմամբ, 10.06.2019 թվականին Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ի թիվս այլնի՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, վերաքննիչ բողոքը 10.06.2019 թվականին գործին մասնակցող անձանց՝ Լուսինե Պողոսյանին, Սյուզաննա և Հովհաննես Թուսինյաններին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագրերի պատճենները (հատոր 3-րդ, գ.թ. 3-15):

Վերաքննիչ դատարանը 27.06.2019 թվականի որոշմամբ Գոհար Համբարձումյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է և այն վերականգնվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում նշված չէ երրորդ անձ Գրիգոր Թուսինյանի անունն ու հասցեն, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքը երրորդ անձ Գրիգոր Թուսինյանին ուղարկելու մասին ապացույցը։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 18-19):

Գոհար Համբարձումյանի ներկայացուցիչը, ստանալով Վերաքննիչ դատարանի 27.06.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, 14.08.2019 թվականին փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, վերացնելով Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված խախտումները։ Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են վերաքննիչ բողոքը 14.08.2019 թվականին Դատարանին, Լուսինե Պողոսյանին, Գրիգոր, Հովհաննես Թուսինյաններին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը՝ փոստային անդորրագրերը: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 14.08.2019 թվականի փոստային անդորրագիրը, որում առկա է տեսանելի և ընթեռնելի միայն հետևյալ գրառումը ստացող «...Սյուզաննա», որևէ այլ գրառում անդորրագրի վրա հնարավոր չէ տարբերակել (հատոր 3-րդ, գ.թ. 47-50):

Վերաքննիչ դատարանը 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և մերժելով Գոհար Համբարձումյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանի 27.06.2019 թվականի որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում բողոք բերած անձը, թեպետ կրկին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, սակայն ներկայացված բողոքում թույլ է տվել նոր խախտում, այն է՝ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել բողոքը պատասխանողներից Սյուզաննա Ռազմիկի Թուսինյանին ուղարկելու փաստն հավաստող ապացույցը» (հատոր 3-րդ, գ.թ. 78-79):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Գոհար Համբարձումյանի ներկայացուցչի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները չեն առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին (բովանդակությանը): Մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում նշված չէր երրորդ անձ Գրիգոր Թուսինյանի անունն ու հասցեն, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կցված չէր վերաքննիչ բողոքը վերջինիս ուղարկելու մասին ապացույցը։

Վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. ներկայացրած վերաքննիչ բողոքին կցվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, վերաքննիչ բողոքը 14.08.2019 թվականին Դատարանին և գործին մասնակից անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները, որոնցից բացակայել է գործին մասնակցող երրորդ անձ Սյուզաննա Թուսինյանին ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագիրը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքները նույնաբովանդակ են:

Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ սույն գործում առկա է Սյուզաննա Թուսինյանի և Լուսինե Պողոսյանի ներկայացուցչի կողմից՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխանը, որով վերջինս հայտնել է, որ ի պատասխան «հայցվոր՝ Գոհար Լիպարիտի Համբարձումյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ պատասխանող՝ Լուսինե Պողոսյանը, Սյուզաննա Թուսինյանը և Նանե Թուսինյանի օրինական ներկայացուցիչ՝ Լուսինե Պողոսյանն առարկում են, գտնում են, որ ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է, զուրկ է և իրավական և փաստական հիմնավորումներից …» (հատոր 3-րդ, գ.թ.74-77)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելիս և մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` օրենսդիրը սահմանելով վերաքննիչ բողոք բերած անձի պարտականությունը՝ բողոքին կցել բողոքը նաև գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու բողոքը՝ գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու և դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը:

 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործով Գոհար Համբարձումյանի ներկայացուցչի կողմից երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել վերաքննիչ բողոքը գործին մասնակցող երրորդ անձ Սյուզաննա Թուսինյանին ուղարկելու մասին պատշաճ ապացույցը, այդուհանդերձ Լուսինե Պողոսյանի և Սյուզաննա Թուսինյանի ներկայացուցչի կողմից 16.09.2019 թվականին առձեռն ներկայացվել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան, որպիսի պայմաններում, ըստ էության, ապահովվել է գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը, վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց հասանելի է դարձել և վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքը չի խախտվել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնաբովանդակ բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը սույն դեպքում կրում է ձևական բնույթ և անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոհար Համբարձումյանի ներկայացուցիչն ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմին ուղարկելու պարտականությունը: Հետևաբար Սյուզաննա Թուսինյանին այն ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է Գոհար Համբարձումյանին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Գոհար Համբարձումյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: