Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
09.04.2021
Дата вступления в силу
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԴ/0790/04/18

2021 թ.    

Սնանկության գործ թիվ ԵԴ/0790/04/18 

Նախագահող դատավոր՝

 Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ն. Բարսեղյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

     

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

       2021 թվականի ապրիլի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արեգ Հարությունյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի Երևան համայնքի՝ Արեգ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

        

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Երևան համայնքը պահանջել է Արեգ Հարությունյանին ճանաչել սնանկ:

 ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս Թադևոսյան) 13.08.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի 15.12.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Արեգ Հարությունյանի պահանջների վերջնական ցուցակը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Դ. Սերոբյան) 30.01.2020 թվականի որոշմամբ Արեգ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 15.11.2019 թվականի որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել ՀՀ սնանկության դատարան՝  նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 01.06.2020 թվականի որոշմամբ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պահանջը գրանցվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2020 թվականի որոշմամբ Արեգ Հարությունյանի ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արեգ Հարությունյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

               

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թվականի թիվ 23Լ որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնների 1-ին բաժնի 5-րդ կետը, 6-րդ բաժնի 16-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտերի բողոքարկումն ուղեկցվում է գործը ստորադաս ատյանի կողմից վերադաս ատյան առաքմամբ: Այդ նպատակից ելնելով ՀՀ դատարանների գործավարության կանոններով սահմանվել է այն ընթացակարգը, ըստ որի՝ դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

 Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պարտապան Արեգ Հարությունյանի կողմից 07102019 թվականին փաստաբան Էրիկ Հայրապետյանին տրվել է լիազորագիր, որի գործողության ժամկետը լրանում է միայն 07102022 թվականին:

Նշված լիազորագիրը մուտքագրվել է Դատարան, որի հիման վրա ներկայացուցիչը հետագայում մասնակցել է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու կապակցությամբ հրավիրված դատական նիստին, ստացել բոլոր անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, բողոքարկել ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 15.11.2019 թվականի որոշումը, ստացել այն վերացնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը:

Հետևաբար Դատարանը պարտավոր էր սույն սնանկության գործի հավելվածը կազմելիս գործին կցել նաև լիազորագրի պատճենը, իսկ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հավելվածում լիազորագրի բացակայության պայմաններում այն պահանջել ստորադաս դատարանից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերից ակնհայտ է մինչև ակտի բողոքարկումը Էրիկ Հայրապետյանի մասնակցությունը տվյալ գործին:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացուցչի լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, կողմի վրա դրել է ոչ իրավաչափ պարտականություն, դրանով իսկ թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բացի այդ, տվյալ դեպքում առկա է նաև հակասություն բողոքարկվող դատական ակտի և ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի միջև: Մասնավորապես՝ թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով բողոքարկվել է ՀՀ սնանկության դատարանի 15.11.2019 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, բողոքը ներկայացվել է առանց լիազորագրի օրինակը կցելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արդեն իսկ ներկայացվել էր ՀՀ սնանկության դատարանին։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը իրավացիորեն ճանաչել է օրենքին համապատասխանող, ընդունել վարույթ և քննել, մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը լիազորագրի բացակայության հիմքով վերադարձրել է բողոքը:

Միևնույն ժամանակ բողոք բերած անձը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն սնանկության վարույթը հարուցվել է Երևան համայնքի դիմումի հիման վրա, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է պահանջ ներկայացնելուց, որպիսի պայմաններում չի ընդգրկվել պահանջների նախնական և վերջնական ցուցակներում և բողոքարկվող դատական ակտը որևէ կերպ չի առնչվում նրա շահերին: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի կողմից դիմումատուին չծանուցելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը չի բխում վերոհիշյալ վերլուծությունների տրամաբանությունից կամ առնվազն կրում է ձևական բնույթ:

               

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

                    

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

            

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

            

(I) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի  6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս,  Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս,  Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: Նշված կանոնը վերաբերում է նաև սնանկության վարույթի շրջանակներում կայացվող դատական ակտերի տեսակները և դրանց բողոքարկման հնարավորությունը որոշելուն(տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո`  15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Վերը նշվածը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելիս ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգի և պայմանների վերաբերյալ կանոնները, նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տվյալ կանոնները նախատեսված չեն: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…)։ Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ  գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Բացի այդ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում է բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)՝ կազմելով գործի հավելված:

Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս՝ դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:

Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները՝ դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.՝ գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլն: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:

             

(II) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները. (…):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը կարող է վարույթ ընդունվել եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերը:

Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ է, որ բողոք բերող անձի կողմից ներկայացված բողոքը համապատասխանի օրենքով սահմանված դատավարական պահանջներին: Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս վերաքննիչ դատարանը ստուգում և պարզում է արդյոք բողոքաբերը պահպանել է վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված կարգը, այլ կերպ ասած՝ պահպանվել են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Ընդ որում ձևական պահանջների ամրագրումն ինքնանպատակ չէ, և դրանց իմպերատիվ ամրագրումը կանխորոշում է դրանք պահպանելու միակ և պարտադիր վարքագիծը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի բովանդակային և համակողմանի դիտարկումը հնարավորություն է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված պայմաններից՝ յուրաքանչյուրի, այդ թվում՝ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պահանջի պահպանումը պարտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնելիս, և դրա չպահպանումը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:

               

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Երևան համայնքը դիմում է ներկայացրել Դատարան պահանջել է Արեգ Հարությունյանին ճանաչել սնանկ (հավելված հատոր 1-ին գ.թ. 3-4): Դատարանի 19102018 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և 13082019 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Արեգ Հարությունյանը ճանաչվել է սնանկ (հավելված հատոր 1-ին գ.թ. 7-9)։

Դատարանի 01062020 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 42-46)։

Դատարանի 01062020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արեգ Հարությունյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանը (հավելված հատոր 2-րդ գթ 54-60):

Վերաքննիչ դատարանի 08072020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արեգ Հարությունյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «Տվյալ դեպքում Արեգ Հարությունյանի անունից վերաքննիչ բողոքը ստորագրել է Էր. Հայրապետյանը, մինչդեռ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերջինիս տրված լիազորագիրը, իսկ քաղաքացիական գործում բացակայում է լիազորագիրը» (հավելված 2-րդ հատոր գթ62-63):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն ուսումնասիրելով Դատարանի կողմից կազմված և Վերաքննիչ դատարան ուղարկած թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործի հավելվածի նյութերը (բաղկացած 39 թերթից), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հավելված 1-ին հատորի գթ 24 առկա «վկայական վերնագրված» փաստաթղթի պատճենի դարձերեսին լուսապատճենված է Արեգ Հարությունյանի կողմից Էրիկ Հայրապետյանին 07102019 թվականին 3 տարի ժամկետով տրված լիազորագիրը, ինչից էլ հետևում է, որ տվյալ դեպքում բացակայել է վերաքննիչ բողոքին կից լիազորագիր ներկայացնելու անհրաժեշտությունը։

          

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ «սույն գործի փաստերի համաձայն սնանկության վարույթը հարուցվել է Երևան համայնքի դիմումի հիման վրա, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է պահանջ ներկայացնելուց, որպիսի պայմաններում չի ընդգրկվել պահանջների նախնական և վերջնական ցուցակներում և բողոքարկվող դատական ակտը որևէ կերպ չի առնչվում նրա շահերին: Հետևաբար գտնում է, Վերաքննիչ դատարանի կողմից դիմումատուին չծանուցելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը չի բխում վերոհիշյալ վերլուծությունների տրամաբանությունից կամ առնվազն կրում է ձևական բնույթ», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, որևէ առանձնահատկություն և կամ բացառություն չի սահմանում բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու պայմանի վերաբերյալ, հակառակը՝ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելը կրում է իմպերատիվ բնույթ, ինչն ինքնանպատակ չէ, և այն ուղղված է դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը: Նման պայմաններում բողոք ներկայացրած անձի պնդումը Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտումը վերացնելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

          

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 08072020 թվականի որոշմամբ վերադարձնելով Արեգ Հարությունյանի ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու արդյունքում սահմանափակվել է վերաքննիչ բողոք բերած անձի դատական ակտը բողոքարկելու և դատարանի մատչելիության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:

           

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի  1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

           

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

             

Ո Ր Ո Շ Ե Ց

               

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08072020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: