Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
23.04.2021
Дата вступления в силу
23.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/8485/05/18 

Վարչական գործ թիվ ՎԴ/8485/05/18 

2021 թ.

Նախագահող դատավոր՝    Կ. Մաթևոսյան

Դատավորներ՝

   Կ. Բաղդասարյան

 

   Կ.  Ավետիսյան

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

     

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

                

2021 թվականի ապրիլի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ Վոլոդյա Կարապետյանի հայցի ընդդեմ Ծառայության` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

        

Պ Ա Ր Զ Ե Ց

                    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վոլոդյա Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի բռնագանձվել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական  ծախսի փոխհատուցման գումար»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.10.2018 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

                   

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին և 2-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ և 152-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում չէր կարող դնել Օրենքը, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է 19.09.2016 թվականին, Վոլոդյա Կարապետյանն այն ստացել է 03.10.2016 թվականին, իսկ հայցը Դատարան է ներկայացրել 13.08.2018 թվականին, որի պայմաններում բաց է թողել որոշումը դատարանում վիճարկելու երկամսյա ժամկետը։ Դրանից ելնելով՝ Դատարանը գործի վարույթը պետք է կարճեր նշված հիմքով, որի արդյունքում չէր առաջանա նաև ներկայացուցչական ծախս:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վոլոդյա Կարապետյանը միջնորդություն չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին, իսկ Դատարանը, հիմք ընդունելով միայն հայցադիմումում նշված այն փաստը, որ հայցվորի կողմից վիճարկվող որոշումն ստացվել է 14.06.2018 թվականին, նշված հայցադիմումն ընդունել է վարույթ: Ավելին՝ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց վիճարկվող որոշումը 14.06.2018 թվականին ստացած լինելու վերաբերյալ: Փոխարենը Ծառայությունում առկա է փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր, որի համաձայն՝ վիճարկվող որոշումը հայցվորի կողմից ստացվել է 03.10.2016 թվականին: Նշված ապացույցը Դատարան չի ներկայացվել այն պատճառաբանությամբ, որ դատական նիստը նշանակված է եղել 25.10.2018 թվականին, սակայն Դատարանի գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացրել է 05.10.2018 թվականին, որի պայմաններում զրկված է եղել նշանակված դատական նիստին ապացույց ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ «վարչական պատասխանատվության չենթարկված» հասկացությունը չի նշանակում, որ նշված վարչական ակտերը համարվել են չկայացված. ավելին՝ Օրենքի որևէ դրույթով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները չեն ճանաչվել ոչ իրավաչափ վարչական ակտեր

             

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` վարչական գործի վարույթը կարճել հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու հիմքով, ինչպես նաև մերժել հօգուտ հայցվորի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի ծախսի հատուցման գումար բռնագանձելու մասին պահանջը կամ գործն ուղարկել նոր քննության:

                  

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)  Ծառայությունը, պարզելով, որ Վոլոդյա Կարապետյանը 24.10.2016 թվականին ժամը 23։19-ին երթևեկության սահմանված արագությունը գերազանցել է, 08.11.2016 թվականին կայացրել է թիվ 1605338081 որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար Վոլոդյա Կարապետյանի նկատմամբ 2.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին (գ.թ. 9).

2) Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը Վոլոդյա Կարապետյանը Դատարան է ներկայացրել 13.08.2018 թվականին։ Նույն հայցադիմումով Վոլոդյա Կարապետյանը պահանջել է Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցում» (գ.թ. 1, 5, 6).

3) Դատարանը 05.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի բռնագանձել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար» (գ.թ. 16-18):

                 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի   2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ և 152-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին՝

1) արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասից բխող հայցի հիման վրա հարուցված գործով դատական ակտ կայացնելիս վեճը կարող է համարվել սպառված, եթե ուժի մեջ է մտել օրենք, որով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած հայցվորն ազատվել է տվյալ վարչական իրավախախտումը կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից և համարվել է վարչական տույժի չենթարկված, անկախ՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից,

2) արդյո՞ք կարող է վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը սույն գործի փաստերի հաշվառմամբ վեճն ըստ էության սպառվելու հիմքով կարճվելու դեպքում պատասխանող վարչական մարմնի վրա դրվել հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես՝ ներկայացուցչին վճարված գումարի հատուցման պարտականությունը, եթե վեճը սպառված է եղել մինչ հայցվորի կողմից հայց հարուցելը:

                 

1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ու վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն ու ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Le Compte, Van Leuven and De Meyere v. Belgium գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Benthem v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Վերը նշվածից բխում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցի հիման վրա վարչական դատարանում դատավարության իրականացումը թույլատրելի է բացառապես պայմանով, որ խախտված են կամ անմիջականորեն կարող են խախտվել վերը նշված անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, նրանց վրա ոչ իրավաչափորեն դրվել է պարտականություն կամ նրանք վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այսինքն՝ առկա է նրանց իրավունքների վերաբերյալ վեճ։

Միևնույն ժամանակ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ վերը նշված հայցի հիման վրա հարուցված գործով դատական ակտ կայացնելիս վեճն արդեն իսկ ըստ էության սպառված է լինում (բացակայում է վեճի առարկան), ընդ որում վեճը կարող է սպառվել ոչ միայն գործի քննության ընթացքում մինչև հարուցված գործով դատական ակտ կայացնելը, այլև՝ մինչև հայցի հիման վրա գործը հարուցելը։ Այս դեպքում վարչական դատարանը, հաստատված համարելով այդ փաստի առկայությունը, պարտավոր է, ղեկավարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,  գործի վարույթը կարճել վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով։

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ (բացառությամբ 31-րդ և 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումների),  124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից, բացառությամբ, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել, և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Համաներման կիրառումը կասեցվում է մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումներ կատարած անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, նույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից համարել վարչական տույժի չենթարկված, բացառությամբ նույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` համաներման կիրառումը բացառող կամ դրա կիրառումը կասեցնող դեպքերի:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, ընդունելով նշված օրենքը, նպատակ է հետապնդել համաներում կիրառելու միջոցով ազատել վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից վարչական պատասխանատվության ենթարկված այն անձանց, ովքեր կատարել են Օրենքով 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումները՝ ներառյալ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը։ Ընդ որում, տվյալ համաներումը կիրառելու համար մյուս պարտադիր պայմանը վարչական իրավախախտումը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված լինելն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը տվյալ անձանց, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից, նույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 26.07.2018 թվականից, համարել է վարչական տույժի չենթարկված:

              

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վոլոդյա Կարապետյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը կատարել է մինչև 31.12.2017 թվականը, այն է՝ 24.10.2016 թվականին ժամը 23:19-ին։ Նշված իրավախախտումը կատարելու համար Ծառայության 08.11.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1605338081 որոշմամբ Վոլոդյա Կարապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2.000 ՀՀ դրամի չափով:

13.08.2018 թվականին Վոլոդյա Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ միաժամանակ պահանջելով Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցում»:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործի փաստերով հաստատվում է, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտը (տուգանքի որոշումը) համապատասխանում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» 2018 թվականի հուլիսի 12-ին թիվ ՀՕ-371-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով սահմանված չափանիշներին ու պայմաններին, քանի որ տուգանքի որոշմամբ հայցվորը վարչական տույժի է ենթարկվել մինչև 31.12.2017 թվականը նշված օրենքի 1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, ուստի հիշյալ օրենքով սահմանված համաներումը կիրառելի է նաև հայցվորի նկատմամբ», և գտնելով, որ ««Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» 2018 թվականի հուլիսի 12-ին թիվ ՀՕ-371-Ն օրենքով սահմանված համաներման` տուգանքի որոշման նկատմամբ կիրառման հետևանքով սույն գործով վեճն ըստ էության սպառված է», եզրահանգել է, որ «այդ հանգամանքը հիմք է հանդիսանում գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով կարճելու համար»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ տվյալ գործով ենթադրյալ իրավախախտումը կատարվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այդ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմը ներառված է Oրենքի 2-րդ հոդվածում, գտել է, որ համաներումը տարածվում է նաև բողոքաբերի վրա:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ «26.07.2018 թվականին ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթ է պարունակում առ այն, որ օրենքի  1-ին և 2-րդ հոդվածներին համապատասխանող անձիք ոչ միայն ազատվում են վարչական ակտով առաջադրված տուգանքը վճարելու պարտականությունից, այլ այդ անձիք համարվում են վարչական պատասխանատվության չենթարկված», գտել է, որ «նշված օրենքով ոչ միայն հանվել է վարչական ակտերով առաջադրված պարտավորությունը, այլ բուն վարչական ակտերը համարվել են չկայացված»։ Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ հայցը դատարան ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պայմանում գործի վարույթը ենթակա էր կարճման մյուս՝ հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով, և ոչ թե դատարանի նշած հիմքով, գտել է, որ «այս պայմաններում դատավարական ժամկետը որևէ նշանակություն ունենալ չի կարող, քանզի վիճարկվող որոշման հետ կապված դատական պաշտպանության իրացման անհրաժեշտությունը բացակայում է»: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով բողոքը, այն մերժել է:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են, քանի որ ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցի հիման վրա վարչական դատարանում դատավարության իրականացումը թույլատրելի է բացառապես պայմանով, որ առկա է նրանց իրավունքների վերաբերյալ վեճ։ Սակայն սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ինչպես հայցը Դատարան ներկայացնելու, այնպես էլ սույն գործով դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ վեճն արդեն իսկ ըստ էության սպառված է եղել (բացակայել է վեճի առարկան), քանի որ Վոլոդյա Կարապետյանը, կատարած լինելով Օրենքում հիշատակված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը, և այն կատարած լինելով մինչև 31.12.2017 թվականը, Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 26.07.2018 թվականից, արդեն իսկ համարվել է վարչական տույժի չենթարկված՝ անկախ նշանակված տուգանքը վճարած լինելու հանգամանքից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս դեպքում գործի վարույթը ենթակա էր կարճման հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով։

Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վճռաբեկ բողոքի նշված հիմքը:

                 

2) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական կարգավորումներին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ «դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով», «Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի ու արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր» (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար, դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում` որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Թեև օրենսդիրը սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` լուծելու վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանին վճարված գումարների հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանողի վրա դնելու հարցը, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ լիազորությունը դատարանները պետք է իրացնեն մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների հաշվառմամբ՝ այնպես, որ չխաթարվի այդ իրավունքների բուն էությունը: Մասնավորապես, եթե վեճը սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, օրինակ՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ժամանակ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է վիճարկվող վարչական ակտը, ապա այդ պարագայում հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, ինչն ապահովում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացումը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա (….) Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցի լուծման համար դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ չափորոշիչները. (...) 6) վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը: Ընդ որում վերջին չափորոշիչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, ուստի դատական ծախսերի հատուցման մյուս չափորոշիչները ենթակա են գնահատման անձի կատարած ծախսերի արդյունավետության և համարժեքության հաշվառմամբ»:

Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումները, Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես արդեն իսկ նշվեց վերը, դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները, կազմելով դատական ծախսերի մաս, ենթակա են հատուցման։ Սակայն դրանց հատուցումը ևս պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով այն, թե արդյո՞ք դատական պաշտպանության միջոցը գործնականում եղել է արդյունավետ՝ հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ կանխելու ենթադրյալ խախտման շարունակումը, թե՝ ոչ։ Տվյալ դեպքում վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Այսինքն՝ օրենսդիրը, օգտագործելով «կարող է» եզրույթը, դատարանի լիազորությունը՝ կապված վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի լուծման հետ, տվյալ դեպքում սահմանել է որպես հայեցողական, որը դատարանին հնարավորություն է տալիս վերը նշված սկզբունքներից ելնելով՝ նաև այլ ձևով լուծելու այդ հարցը, օրինակ՝ դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը չդնել պատասխանողի վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավիճակ կարող է լինել այնպիսի դեպքը, երբ դատական ակտ կայացնելիս պարզվում է, որ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը վեճն արդեն իսկ սպառված է եղել։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս առաջնահերթ անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք անձի կողմից դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, այնուհետ միայն քննարկման առարկա դարձնել դատական ծախսերի հատուցման մյուս չափորոշիչները՝ անձի կատարած ծախսերի արդյունավետության և համարժեքության համատեքստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը վեճն արդեն իսկ սպառված լինելու լավագույն օրինակներից մեկը կարող է հանդիսանալ սույն գործով ստեղծված իրավիճակը, երբ օրենսդրի կողմից Օրենքն ընդունելու արդյունքում Վոլոդյա Կարապետյանը 26.07.2018 թվականից, այսինքն՝ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը, Օրենքի ուժով արդեն իսկ համարվել է վարչական տույժի չենթարկված։

Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցչին վճարված գումարների տեսքով հայցվորի կրած դատական ծախսի հատուցման պարտականությունը  վերը նշված դիրքորոշումներից ելնելով՝ չի կարող դրվել պատասխանողի վրա, քանի որ տվյալ դեպքում վերը նշված կարգավորումները սահմանող Օրենքի առկայության պայմաններում հայցվորի կողմից նման պահանջով դատական պաշտպանության դիմելը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես չարդարացված։

           

Դրանից ելնելով՝ վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 05.10.2018 թվականի որոշումը՝ Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, անփոփոխ թողնելու մասը, բեկանելու համար:

                    

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի  վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև այդ մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

                     

5. Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները  դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վարչական գործի վարույթը հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու հիմքով կարճելու մասով բերված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցն այդ մասով պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ այդ մասով վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարված մասով դատական ծախսերի հարցի լուծմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ մասով ևս դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված՝ այն դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանն ուղղված լինելու պատճառաբանությամբ:

              

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

            

Ո Ր Ո Շ Ե Ց

                

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասով հայցը մերժել:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

    

23.04.2021թ.

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/8485/05/18 վարչական գործով 23.04.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23.04.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ Վոլոդյա Կարապետյանի հայցի ընդդեմ Ծառայության` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասով հայցը մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Սուրեն Անտոնյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վոլոդյա Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 05.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի բռնագանձվել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական  ծախսի փոխհատուցման գումար»:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.10.2018 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

         

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին և 2-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ և 152-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում չէր կարող դնել Օրենքը, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է 19.09.2016 թվականին, Վոլոդյա Կարապետյանն այն ստացել է 03.10.2016 թվականին, իսկ հայցը Դատարան է ներկայացրել 13.08.2018 թվականին, որի պայմաններում բաց է թողել որոշումը դատարանում վիճարկելու երկամսյա ժամկետը։ Դրանից ելնելով՝ Դատարանը գործի վարույթը պետք է կարճեր նշված հիմքով, որի արդյունքում չէր առաջանա նաև ներկայացուցչական ծախս:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վոլոդյա Կարապետյանը միջնորդություն չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին, իսկ Դատարանը, հիմք ընդունելով միայն հայցադիմումում նշված այն փաստը, որ հայցվորի կողմից վիճարկվող որոշումն ստացվել է 14.06.2018 թվականին, նշված հայցադիմումն ընդունել է վարույթ: Ավելին՝ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց վիճարկվող որոշումը 14.06.2018 թվականին ստացած լինելու վերաբերյալ: Փոխարենը Ծառայությունում առկա է փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր, որի համաձայն՝ վիճարկվող որոշումը հայցվորի կողմից ստացվել է 03.10.2016 թվականին: Նշված ապացույցը Դատարան չի ներկայացվել այն պատճառաբանությամբ, որ դատական նիստը նշանակված է եղել 25.10.2018 թվականին, սակայն Դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է 05.10.2018 թվականին, որի պայմաններում զրկված է եղել նշանակված դատական նիստին ապացույց ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ «վարչական պատասխանատվության չենթարկված» հասկացությունը չի նշանակում, որ նշված վարչական ակտերը համարվել են չկայացված. ավելին՝ Օրենքի որևէ դրույթով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները չեն ճանաչվել ոչ իրավաչափ վարչական ակտեր

              

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` վարչական գործի վարույթը կարճել հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը հայցվորի կողմից բաց թողնելու հիմքով, ինչպես նաև մերժել հօգուտ հայցվորի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի ծախսի հատուցման գումար բռնագանձելու մասին պահանջը կամ գործն ուղարկել նոր քննության:

            

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր  Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1)  Ծառայությունը, պարզելով, որ Վոլոդյա Կարապետյանը 24.10.2016 թվականին ժամը 23։19-ին երթևեկության սահմանված արագությունը գերազանցել է, 08.11.2016 թվականին կայացրել է թիվ 1605338081 որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար Վոլոդյա Կարապետյանի նկատմամբ 2.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին (գ.թ. 9).

2) Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը Վոլոդյա Կարապետյանը Դատարան է ներկայացրել 13.08.2018 թվականին։ Նույն հայցադիմումով Վոլոդյա Կարապետյանը պահանջել է Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցում» (գ.թ. 1, 5, 6).

3) Դատարանը 05.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի բռնագանձել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար» (գ.թ. 16-18):

                

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վոլոդյա Կարապետյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը կատարել է մինչև 31.12.2017 թվականը, այն է՝ 24.10.2016 թվականին ժամը 23:19-ին։ Նշված իրավախախտումը կատարելու համար Ծառայության 08.11.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1605338081 որոշմամբ Վոլոդյա Կարապետյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2.000 ՀՀ դրամի չափով:

Վոլոդյա Կարապետյանը 13.08.2018 թվականին հայց է ներկայացրել դատարան՝ Ծառայության 08.11.2016 թվականի թիվ 1605338081 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ պահանջելով Ծառայությունից բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես «ներկայացուցչական ծախսի փոխհատուցում»:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործի փաստերով հաստատվում է, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտը (տուգանքի որոշումը) համապատասխանում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» 2018 թվականի հուլիսի 12-ին թիվ ՀՕ-371-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով սահմանված չափանիշներին ու պայմաններին, քանի որ տուգանքի որոշմամբ հայցվորը վարչական տույժի է ենթարկվել մինչև 31.12.2017 թվականը նշված օրենքի 1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, ուստի հիշյալ օրենքով սահմանված համաներումը կիրառելի է նաև հայցվորի նկատմամբ», և գտնելով, որ ««Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» 2018 թվականի հուլիսի 12-ին թիվ ՀՕ-371-Ն օրենքով սահմանված համաներման` տուգանքի որոշման նկատմամբ կիրառման հետևանքով սույն գործով վեճն ըստ էության սպառված է», եզրահանգել է, որ «այդ հանգամանքը հիմք է հանդիսանում գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով կարճելու համար»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ տվյալ գործով ենթադրյալ իրավախախտումը կատարվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այդ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմը ներառված է Oրենքի 2-րդ հոդվածում, գտել է, որ համաներումը տարածվում է նաև բողոքաբերի վրա:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ «26.07.2018 թվականին ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթ է պարունակում առ այն, որ օրենքի  1-ին և 2-րդ հոդվածներին համապատասխանող անձիք ոչ միայն ազատվում են վարչական ակտով առաջադրված տուգանքը վճարելու պարտականությունից, այլ այդ անձիք համարվում են վարչական պատասխանատվության չենթարկված», գտել է, որ «նշված օրենքով ոչ միայն հանվել է վարչական ակտերով առաջադրված պարտավորությունը, այլ բուն վարչական ակտերը համարվել են չկայացված»։ Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ հայցը դատարան ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պայմանում գործի վարույթը ենթակա էր կարճման մյուս՝ հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով, և ոչ թե դատարանի նշած հիմքով, գտել է, որ «այս պայմաններում դատավարական ժամկետը որևէ նշանակություն ունենալ չի կարող, քանզի վիճարկվող որոշման հետ կապված դատական պաշտպանության իրացման անհրաժեշտությունը բացակայում է»: Արդյունքում Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով բողոքը, այն մերժել է:

                              

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վարչական դատարանի 25.07.2019 թվականի որոշման` Դատարանի 05.10.2018 թվականի որոշումը՝ Ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասով հայցը մերժել:

1. Անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասից բխող հայցի հիման վրա հարուցված գործով դատական ակտ կայացնելիս վեճն արդյո՞ք կարող է համարվել սպառված, եթե ուժի մեջ է մտել օրենք, որով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած հայցվորն ազատվել է տվյալ վարչական իրավախախտումը կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից և համարվել է վարչական տույժի չենթարկված, անկախ՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից և վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, վեճն իրական և իր բնույթով` լուրջ լինելու վերաբերյալ Le Compte, Van Leuven and De Meyere v. Belgium գործով  23.06.1981 թվականի վճռով (47-րդ կետ), Benthem v. The Netherlands գործով 23.10.1985 թվականի վճռով (32-րդ կետ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան),  դատարան դիմելու «իրական (ռեալիրավունքներ ունենալու մասին ՀՀ սահմանադրական դատարանի 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ, ինչպես նաև Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասը, Վճռաբեկ դատարանը վերլուծություն է արել այն մասին, որ «(...) յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

(...) Վերը նշվածից բխում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցի հիման վրա վարչական դատարանում դատավարության իրականացումը թույլատրելի է բացառապես պայմանով, որ խախտված են կամ անմիջականորեն կարող են խախտվել վերը նշված անձանց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, նրանց վրա ոչ իրավաչափորեն դրվել է պարտականություն կամ նրանք վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այսինքն՝ առկա է նրանց իրավունքների վերաբերյալ վեճ։

Միևնույն ժամանակ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ վերը նշված հայցի հիման վրա հարուցված գործով դատական ակտ կայացնելիս վեճն արդեն իսկ ըստ էության սպառված է լինում (բացակայում է վեճի առարկան), ընդ որում վեճը կարող է սպառվել ոչ միայն գործի քննության ընթացքում մինչև հարուցված գործով դատական ակտ կայացնելը, այլև՝ մինչև հայցի հիման վրա գործը հարուցելը։ Այս դեպքում վարչական դատարանը, հաստատված համարելով այդ փաստի առկայությունը, պարտավոր է, ղեկավարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետովգործի վարույթը կարճել վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-5-րդ էջերը):

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք հիմնավոր են, քանի որ «ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցի հիման վրա վարչական դատարանում դատավարության իրականացումը թույլատրելի է բացառապես պայմանով, որ առկա է նրանց իրավունքների վերաբերյալ վեճ։ Սակայն սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ինչպես հայցը Դատարան ներկայացնելու, այնպես էլ սույն գործով դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ վեճն արդեն իսկ ըստ էության սպառված է եղել (բացակայել է վեճի առարկան), քանի որ Վոլոդյա Կարապետյանը, կատարած լինելով Օրենքում հիշատակված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ իրավախախտումը, և այն կատարած լինելով մինչև 31.12.2017 թվականը, Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 26.07.2018 թվականից, արդեն իսկ համարվել է վարչական տույժի չենթարկված՝ անկախ նշանակված տուգանքը վճարած լինելու հանգամանքից:

(...) այս դեպքում գործի վարույթը ենթակա էր կարճման հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-5-րդ էջերը):

                   

2. Անդրադառնալով նաև այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք կարող է վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը սույն գործի փաստերի հաշվառմամբ վեճն ըստ էության սպառվելու հիմքով կարճվելու դեպքում պատասխանող վարչական մարմնի վրա դրվել հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես՝ ներկայացուցչին վճարված գումարի հատուցման պարտականությունը, եթե վեճը սպառված է եղել մինչ հայցվորի կողմից հայց հարուցելը և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 59-րդ հոդվածի 9-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում դիտարկվելու անթույլատրելիության և դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերի առնչությամբ Z and Others v. the United Kingdom, Kreuz v. Poland, Stankiewicz v. Poland, Aït-Mouhoub v. France, Stankov v. Bulgaria և  Apostol v. Georgia գործերով համապատասխանաբար 10.05.2001,19.06.2001, 06.04.2006, 28.10.1998, 12.07.2007 և 28.11.2006 թվականների վճիռներով Եվրոպական դատարանի, փաստաբանի վարձատրության խելամտության, այդ հարցը որոշելիս անհրաժեշտ չափանիշների վերաբերյալ Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով հետևյալը.

«() դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները, կազմելով դատական ծախսերի մաս, ենթակա են հատուցման։ Սակայն դրանց հատուցումը ևս պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով այն, թե արդյո՞ք դատական պաշտպանության միջոցը գործնականում եղել է արդյունավետ՝ հետապնդե՞լ է իրավաչափ նպատակ կանխելու ենթադրյալ խախտման շարունակումը, թե՝ ոչ։ Տվյալ դեպքում վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Այսինքն՝ օրենսդիրը, օգտագործելով «կարող է» եզրույթը, դատարանի լիազորությունը՝ կապված վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի լուծման հետ, տվյալ դեպքում սահմանել է որպես հայեցողական, որը դատարանին հնարավորություն է տալիս վերը նշված սկզբունքներից ելնելով՝ նաև այլ ձևով լուծելու այդ հարցը, օրինակ՝ դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը չդնել պատասխանողի վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավիճակ կարող է լինել այնպիսի դեպքը, երբ դատական ակտ կայացնելիս պարզվում է, որ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը վեճն արդեն իսկ սպառված է եղել։

() վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս առաջնահերթ անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք անձի կողմից դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, այնուհետ միայն քննարկման առարկա դարձնել դատական ծախսերի հատուցման մյուս չափորոշիչները՝ անձի կատարած ծախսերի արդյունավետության և համարժեքության համատեքստում:

() մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը վեճն արդեն իսկ սպառված լինելու լավագույն օրինակներից մեկը կարող է հանդիսանալ սույն գործով ստեղծված իրավիճակը, երբ օրենսդրի կողմից Օրենքն ընդունելու արդյունքում Վոլոդյա Կարապետյանը 26.07.2018 թվականից, այսինքն՝ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը, Օրենքի ուժով արդեն իսկ համարվել է վարչական տույժի չենթարկված։

() ներկայացուցչին վճարված գումարների տեսքով հայցվորի կրած դատական ծախսի հատուցման պարտականությունը  վերը նշված դիրքորոշումներից ելնելով՝ չի կարող դրվել պատասխանողի վրա, քանի որ տվյալ դեպքում վերը նշված կարգավորումները սահմանող Օրենքի առկայության պայմաններում հայցվորի կողմից նման պահանջով դատական պաշտպանության դիմելը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես չարդարացված» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-10-րդ էջերը):

                    

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Սուրեն Անտոնյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի  հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

                   

Հարկ ենք համարում ընդգծել, որ Օրենքն ուժի մեջ է մտել 26.07.2018 թվականին, իսկ սույն գործով հայցը դատարան է ներկայացվել 13.08.2018 թվականին, այսինքն` մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը Վոլոդյա Կարապետյանն Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից արդեն իսկ համարվել է վարչական տույժի չենթարկված, ինչն իր որոշմամբ ընդունել է նաև Վճռաբեկ դատարանը:

ՀՀ վարչական դատավարության 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Գտնում ենք, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, հետևաբար այն դեպքում, երբ մինչև դատարանում գործի հարուցումը վեճն արդեն իսկ սպառվել է, հայցը չի կարող ենթակա լինել դատարանում քննության, քանի որ բացակայում է դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ պայման հանդիսացող վեճը: Գտնում ենք, որ վեճի բացակայությունն ինքնին բացառում է դատական պաշտպանության հնարավորությունը, քանի որ դատարանները վեճը լուծող մարմիններ են, հետևաբար հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ գործի քննության ընթացքում բացահայտելով այն հանգամանքը, որ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելն վեճն արդեն իսկ գոյություն չուներ, Դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իրավակարգավորումը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը հաստատվում է նաև նրանով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում վեճի բացակայությունը կամ վեճն արդեն իսկ սպառված լինելը պարզելու պարագայում ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ պարտավոր է մերժել վեճ չպարունակող հայցադիմումի ընդունումը:

                

Ինչ վերաբերում է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, ապա գտնում ենք, որ նշված հիմքով գործի վարույթը ենթակա կլինի կարճման միայն այն դեպքում, երբ հայցադիմումը վարույթ ընդունելու պահին վեճն օբյեկտիվորեն գոյություն ունեցած լինի և միայն գործի քննության ընթացքում որոշակի հանգամանքների հետևանքով սպառվի (օրինակ՝ եթե Օրենքն ուժի մեջ մտներ սույն գործով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո):

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ըստ հայցի «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում  քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը:

Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում» քննության կարճման հիմքը և նույն հոդվածի 1-ն մասի 9-րդ կետով նախատեսված` բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսված` «հայցը ենթակա չէ դատարանում քննության» նույնանում են, և հարց է առաջանում, թե որ հիմքով է ենթակա գործը կարճման:

Գտնում ենք, որ գործի վարույթը ենթակա էր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը վեճն արդեն իսկ գոյություն չի ունեցել:

Ինչ վերաբերում է դատական ծախսերի բաշխման հարցին, ապա գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով կարճելու դեպքում ծախսերի բաշխման հարցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորված է: Նշված իրավանորմի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...)։  

Նման պայմաններում գտնում ենք, որ սույն գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճելու պարագայում Ծառայության վրա չէր կարող դրվել դատական ծախսերի հատուցման պարտականություն, ուստի հայցվորի ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի բաշխման հարցը պետք է համարվեր լուծված։

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի 25.07.2019 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 05.10.2018 թվականի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վոլոդյա Կարապետյանի 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչական ծախսի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, անփոփոխ թողնելու մասը, պետք է բեկանել և այդ մասով այն փոփոխել ու ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասով հայցը մերժել սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանությամբ:

                  

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

Ս. Անտոնյան

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: