Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.02.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
23.02.2021
Дата вступления в силу
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42766/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/42766/02/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝    Ս. Թորոսյան 

Դատավորներ՝

   Ա. Խառատյան

 

   Դ. Սերոբյան

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

      

 2021 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Արմինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմենակ Մարկոսյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

     

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արմենակ Մարկոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի՝ 31.10.2019 թվականի թիվ 360-Կ հրամանը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (այսուհետ` Հրաման), և կիրառել դրա անվավերության հետևանքները՝ վերականգնել իրեն նախկին պաշտոնում և Ընկերությունից հօգուտ Արմենակ Մարկոսյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 01.11.2019 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը, իսկ վերականգնման անհնարինության դեպքում Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 01.11.2019 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Դ Մխեյան) (այսուհետ՝ Դատարան) 09.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմենակ Մարկոսյանի ներկայացուցիչ Գայանե Դեմիրչյանը։

             

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 59-րդ, 62-րդ, 66-րդ, 77-րդ հոդվածները և 379-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ։ Մասնավորապես՝ Դատարանի կողմից պատշաճ գնահատական չի տրվել Արմենակ Մարկոսյանի ցուցմունքին, որով վերջինս Դատարանում դատական նիստի ժամանակ պնդել է 31.10.2019 թվականի քննարկման ժամանակ բացատրություն տալուց հրաժարվելու փաստը: Գործատուի կողմից ձեռնարկվել են միջոցներ Արմենակ Մարկոսյանից բացատրություն ստանալու ուղղությամբ հրավիրվել է քննարկում, որի ընթացքում, սակայն վերջինս ոչ թե խնդրել է իրեն տրամադրել լրացուցիչ ժամկետ բացատրություն տալու կամ դիրքորոշումը համապատասխան ձևակերպմամբ ներկայացնելու համար, այլ պարզապես հրաժարվել է որևէ բացատրություն տալուց, ինչն ամրագրվել է քննարկման արձանագրությամբ: Դրանով Դատարանի կողմից գործատուի վրա դրվել է անհամաչափ պարտականություն՝ տրամադրելու ևս մեկ անորոշ ժամկետ հայցվորի կողմից լրացուցիչ դիրքորոշում կամ բացատրություն ներկայացնելու համար, այն հիմնավորմամբ, որ Արմենակ Մարկոսյանից չի պահանջվել գրավոր բացատրություն:

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել վերոնշյալ փաստարկները, որոնք դրվել են վերաքննիչ բողոքի հիմքում։ 

Միևնույն փաստական հանգամանքի կապակցությամբ Վէրաքննիչ դատարանը ցուցաբերել է երկակի մոտեցում, ինչով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, և գտել է, որ բողոքարկվող դատական ակտը չի կարող օրինական և հիմնավորված համարվել։

            

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

                

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով ստորադաս դատարաններն իրավացիորեն որպես հաստատված և էական նշանակություն ունեցող փաստ են դիտարկել այն, որ մինչև արձանագրության և հրամանի կազմումը պատասխանողի կողմից հայցվորին չի ներկայացվել արձանագրությամբ քննարկված փաստական հանգամանքների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջ, գործով առկա չէ ինչպես գրավոր բացատրություն պահանջելու վերաբերյալ որևէ ապացույց, այնպես էլ քննարկման պահին աշխատանքից ազատման հրամանի հիմքում  ընկած այնպիսի փաստի՝ ինչպիսին է Ընկերությանը 3.000.000 ՀՀ դրամ վնաս պատճառելու վերաբերյալ բացատրություն ներկայացնելու պահանջը հավաստող որևէ ապացույց։

Բացի այդ, արձանագրության կազմման հիմքում ընկած ժողովի ժամանակ բանավոր բացատրության պահանջը չի կարող դիտարկվել որպես պատշաճ և ողջամիտ ժամկետներում բացատրություն տալու պահանջ։

Միաժամանակ հայցվորի կողմից պատասխանողին որևէ  նյութական վնաս չի պատճառվել, այլ կերպ՝ Ընկերության կողմից չի հիմնավորվել ՀՀ աշխատանքային  օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը։ Հետևաբար ստորադաս դատարաններն իրավացիորեն բավարարել են հայցվորի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը, քանի որ պատասխանողը հակառակը, այն է՝ վերականգնման անհնարինությունը հաստատող որևէ  ապացույց չի ներկայացրել։

            

Վերոգրյալի հիման վրա Արմենակ Մարկոսյանի ներկայացուցիչը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

                        

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության և Արմենակ Մարկոսյանի միջև 30.10.2009 թվականին կնքվել է աշխատանքային թիվ 464 պայմանագիր, որի համաձայն՝ Արմենակ Մարկոսյանն ընդունվել է աշխատանքի Ընկերությունում որպես ներքին աուդիտի ծառայության գլխավոր աուդիտոր (հատոր 1, գ.թ. 17-21)։

2) Ընկերության գլխավոր տնօրենի 04.09.2019 թվականի թիվ 280-Կ հրամանով՝ Արմենակ Մարկոսյանը «Ներքին աուդիտի և վերստուգման ծառայություն/Ղեկավարման ապարատ. Ծառայության պետ» աշխատանքից փոխադրվել է «Ներքին աուդիտի և վերահսկման բաժին/Ղեկավարման ապարատ. Գլխավոր աուդիտոր-բաժնի պետի ժ/պ» աշխատանքի (հատոր 1, գ.թ. 2)։

3) Ընկերության գլխավոր տնօրենի 31.10.2019 թվականի թիվ 360-Կ հրամանով՝ Արմենակ Մարկոսյանի հետ 30.10.2009 թվականին կնքված թիվ 464 աշխատանքային պայմանագիրը լուծվել է, և Արմենակ Մարկոսյանը 01.11.2019 թվականին ազատվել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմք ընդունելով Արմենակ Մարկոսյանի գործունեության արդյունքների վերլուծության արձանագրությունը (հատոր 1, գ.թ. 84)։

4) Ընկերության գլխավոր տնօրենի նախագահությամբ 31.10.2019 թվականին Արմենակ Մարկոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Արմենակ Մարկոսյանի գործունեության արդյունքների վերաբերյալ քննարկում, որի արդյունքներով կազմվել է թիվ 138 արձանագրությունը։

Արձանագրության համաձայն՝ Ընկերության Ներքին աուդիտի և վերահսկողության ծառայության կողմից կատարված՝ Վանաձորի ուղեմասի ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքների հիման վրա կատարվել է Կոնցեսիոն հիմնական միջոցների ընդունում-հանձնում առ 01.05.2015 թվականը, և կազմվել է համեմատական տեղեկագիր, որի համաձայն՝ Ընկերության Վանաձորի ուղեմասում հայտնաբերվել է 46.000.000 ՀՀ դրամի չափով պակասորդ, որը հետագայում ճշգրտվել է տվյալ տեղեկատվության հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննության և դատաքննության շրջանակներում իրականացված փորձաքննությունների հիման վրա և սահմանվել է 1.808.000 ՀՀ դրամի չափով։ Վանաձորի ուղեմասի պետը ազատվել է աշխատանքից, այնուհետև հայց է ներկայացրել Ընկերության դեմ՝ վերջնահաշվարկի գումարը բռնագանձելու պահանջով։ 2019 թվականի սեպտեմբերին Դատարանը վճիռ է կայացրել, որով հաստատվել է ստորագրված հաշտության համաձայնությունը։ Ելնելով վերոգրյալից՝ Ընկերությունն արձանագրել է այն փաստը, որ Ներքին աուդիտի և վերահսկողության ծառայության անբարեխիղճ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով հայցվորի կողմից ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն, ինչի հետևանքով Ընկերությունը կրել է 3.000.000 ՀՀ դրամի վնաս։ Արդյունքում կայացվել է որոշում՝ հայցվորի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա լուծելու վերաբերյալ՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով, որի գործողությունները պաշտոնեական պարտականությունները կատարելիս հանգեցրել են նրան, որ Ընկերությունը նյութական վնաս է կրել։ Արձանագրությամբ նշվել է, որ Ընկերության գլխավոր տնօրեն Ս. Գ. Վալկոյի հարցերին Արմենակ Մարկոսյանը հրաժարվել է որևէ բացատրություն տալուց (հատոր 1, գ.թ. 24-27)։

5) Ըստ Ընկերության՝ Արմենակ Մարկոսյանի հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով իրականացվել է որպես կարգապահական տույժ (հատոր 2, գ.թ. 7-12, 26)։

              

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ սույն բողոքի քննության համար առանցքային հարցադրման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե գրավոր բացատրություն ներկայացնելու համար աշխատողին ժամկետ տրամադրված չլինելու դեպքում արդյո՞ք կարգապահական տույժ կիրառելու՝ օրենքով սահմանված կարգը համարվում է պահպանված, երբ գործատուի մոտ քննարկման ժամանակ աշխատողը հրաժարվել է բացատրություններ տալուց։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը` դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս (...):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն` կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել կարգապահական տույժ՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու ձևով։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 226-րդ հոդվածի համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածին, արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում նշված նորմը կրում է իմպերատիվ (համապարտադիր) բնույթ, որի համաձայն` գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է մինչև կարգապահական տույժի կիրառումը (տե՛ս Ալբերտ Ջանիբեկյանն ընդդեմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ թիվ ԵԿԴ/2998/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը), ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 226-րդ հոդվածը չի պարտավորեցնում գործատուին աշխատողից խախտման մասին բացատրություն պահանջել բացառապես գրավոր ձևով։ Ի լրումն նշված իրավական վերլուծության՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով թույլատրելի ցանկացած, այդ թվում՝ անուղղակի ապացույցով կարող է հաստատվել գործատուի կողմից աշխատողից բացատրություն պահանջված լինելու փաստը։ 

Սույն բողոքի քննությամբ առաջադրված իրավական հարցադրման համատեքստում վերոնշյալ կարգավորման բովանդակությունը բացահայտելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում տվյալ իրավանորմը ենթարկել տարածական մեկնաբանման՝ բացահայտելով նաև դրա նշանակությունն օրենսդրի նպատակների տեսանկյունից։

 Նշված կարգավորմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել բացառելու կարգապահական տույժի կիրառման գործընթացում գործատուի գործողությունների միակողմանիությունը և ապահովելու աշխատողի՝ իր հարցի կապակցությամբ լսված լինելու իրավունքը։ Ընդ որում, գրավոր բացատրություն ներկայացնելու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու պահանջը նպատակ ունի աշխատողի համար ապահովել բացատրություն ներկայացնելու իրական և լիարժեք հնարավորություն։ Մյուս կողմից, քննարկվող իրավանորմը տառացի և տրամաբանական (տրամաբանական փոխակերպման մեթոդ) կանոններով մեկնաբանելու դեպքում ստացվում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն ցանկացած դեպքում պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ դրա համար տրամադրելով ողջամիտ ժամկետ։ Սակայն, նման մեկնաբանությունն ինքնանպատակ է դարձնում գրավոր բացատրություն ներկայացնելու համար աշխատողին ժամկետ տրամադրելու պահանջն այն դեպքում, երբ աշխատողը հայտնում է գործատուին, որ հրաժարվում է բացատրություն տալուց։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավադրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ այդ մեկնաբանությամբ չիմաստազրկի իրավական դրույթի նպատակը։

Գործատուի կողմից աշխատողից բացատրություն պահանջված լինելու փաստի առնչությամբ Դատարանը գտել է, որ մինչև արձանագրության և աշխատանքից ազատման հրամանի կազմումը, Ընկերությունն Արմենակ Մարկոսյանից չի պահանջել արձանագրությամբ քննարկված փաստական հանգամանքների վերաբերյալ գրավոր բացատրություն ներկայացնել, չի սահմանել ողջամիտ ժամկետ՝ նշված բացատրությունը ներկայացնելու համար։ Հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը՝ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է Դատարանի եզրահանգումը, ըստ որի՝ Ընկերության տնօրենի հարցերին բացատրություն տալուց հրաժարվելը չի կարող գնահատվել որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ պատասխանողի կողմից գրավոր բացատրություն պահանջելու և դրա համար ողջամիտ ժամկետ տրամադրելու պարտականության պահպանում:

Տվյալ դեպքում ստորադաս ատյաններում հաստատված և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստի համաձայն՝ Ընկերության գլխավոր տնօրենի նախագահությամբ 31.10.2019 թվականին Արմենակ Մարկոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որտեղ գործունեության արդյունքների վերաբերյալ Արմենակ Մարկոսյանը հրաժարվել է Ընկերության գլխավոր տնօրենի հարցերին որևէ բացատրություն տալ։ Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական հիմնավորումների լույսի ներքո սույն փաստերի գնահատման արդյունքում հանգում է այն հետևության, որ Ընկերությունն Արմենակ Մարկոսյանի գործունեության արդյունքների վերաբերյալ 31.10.2019 թվականին վերջինիս մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ հնարավորություն է տվել նրան՝ ներկայացնելու բացատրություն կարգապահական տույժի կիրառման հիմքերի վերաբերյալ, և հավաստիացել է, որ Արմենակ Մարկոսյանը հրաժարվում է այդ հարցի կապակցությամբ բացատրություն տալ։ Ընդ որում, Արմենակ Մարկոսյանը գրավոր բացատրություն ներկայացնելու համար գործատուից ողջամիտ ժամկետ չի հայցել։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը խախտված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Դատարանի կողմից Ընկերության վրա դրվել է անհամաչափ պարտականություն՝ տրամադրել Արմենակ Մարկոսյանին ևս մեկ անորոշ ժամկետ բացատրություն ներկայացնելու համար այն դեպքում, երբ վերջինս հրաժարվել է կարգապահական տույժի հիմքերի վերաբերյալ բացատրություն տալ։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

          

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

           

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

             

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

             

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

             

Ո Ր Ո Շ Ե Ց

    

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2.  Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան