Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
17.03.2021
Дата вступления в силу
17.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ6/0154/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ6/0154/05/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

Դատավորներ՝

Ա. Պողոսյան

 

Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մարտի 17-ին

քննելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավի, «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` տուգանքի գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի ներկայացուցիչ Գնել Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 13.057.214 ՀՀ դրամ տուգանքի գումար և պարտավորեցնել Ընկերությանը կատարել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2018 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը և չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն` անտեսելով այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչներն ազատված են հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վերացնել Վերաքննիչ դատարանի 04.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Համանման կարգավորում նախատեսված է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

 Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland (59519/00) գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, 125-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է։

Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (21638/03) գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ):

25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու՝ դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով արձանագրել է նաև, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքով ազատվելու դեպքերից մեկը սնանկության կառավարիչների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացումն է։ Այդ դեպքում սնանկության գործով կառավարիչը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում։

 

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2017 թվականի վճռով Արամ Եսայանի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 62-67):

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.08.2017 թվականի վճռով Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերյոժա Մինասյանը (հատոր 2-րդ, գ.թ. 10-12):

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 13.057.214 ՀՀ դրամ տուգանքի գումար և պարտավորեցնել Ընկերությանը կատարել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 2-5):

Դատարանի 15.10.2018 թվականի վճռով Կոմիտեի հայցն ընդդեմ Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավի, Ընկերության` տուգանքի գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 121-129):

Վերաքննիչ դատարանը 04.06.2019 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի վճարել պետական տուրքը և չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև բողոքին չի կցվել բողոքի պատճենը դատավարության մասնակից Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավին ուղարկելու մասին ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 14-15):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ներկայացված վերաքննիչ բողոքը նաև պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը (հատոր 2-րդ, գ.թ. 3-5, 9):

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի ուժով սնանկության կառավարիչներն ազատվում են նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում ներկայացվող վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի վճարումից։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով նաև բողոք բերած անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով, անտեսել է, որ տվյալ դեպքում Ընկերության սնանկության գործով կառավարիչն ազատված է վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը նաև օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով, թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի խախտում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 04.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն հիմքով, որ բողոքին չի կցվել բողոքի պատճենը դատավարության մասնակից Վիլհելմ-Ֆրիդրիխ Հոլդգրավին ուղարկելու մասին ապացույցը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 04.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, վճռաբեկության կարգով բողոքարկել է միայն պետական տուրքի մասով, չի անդրադառնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մյուս հիմքի իրավաչափության գնահատմանը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով վերադարձնելու մասով, վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակի` վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով վերադարձնելու մասով, վերացնել։ Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան