Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
26.03.2021
Дата вступления в силу
26.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1083/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1083/02/11

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մարտի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վեներա Մկրտչյանի (Ալբերտ Մկրտչյանի իրավահաջորդն է) հայցի ընդդեմ Լիաննա և Արման Մկրտչյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու ու փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լիաննա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալբերտ Մկրտչյանի իրավահաջորդ Վեներա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 19.03.1992 թվականին Արման Մկրտչյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա Երևանի Հաղթանակ 5-րդ փողոցի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ 20.03.2001 թվականին Կադաստրի կողմից Արման Մկրտչյանի անվամբ կատարված պետական գրանցումը, մասնակիորեն անվավեր ճանաչել 01.06.1992 թվականին Վանիկ Մկրտչյանին տրված` վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնի և 05.02.2001 թվականին վերը նշված հասցեի տան և հողի ժառանգության բաց թողնված 1/4 բաժինների նկատմամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ինչպես նաև փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ծնողների մասով ժառանգական գույքի` վերը նշված հասցեում գտնվող տան 1/2 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2020 թվականի որոշմամբ Լիաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2020 թվականի որոշմամբ Լիաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիաննա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի դեմ կրկին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, քանի որ վստահել է Վերաքննիչ դատարանի 01.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմանը: Մասնավորապես, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձվել է բացառապես այն ստորագրված չլինելու հիմքով և դրանում չի նշվել բողոքը սահմանված ժամկետում լրանալուց հետո ներկայացված լինելու մասին, ուստի ինքը Վերաքննիչ դատարանի նման վարքագիծը գնահատել է այն իմաստով, որ վերջինս հարգելի է համարել վերաքննիչ բողոքն այն ներկայացրած անձի մեղքից անկախ պատճառով ուշացված լինելու հանգամանքը: Հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանը, բացի բողոքն ստորագրված չլինելու հիմքից, որոշման մեջ որպես խախտում կնշեր նաև այն սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու մասին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վերաքննիչ բողոքին կից ներկայացված գրությունից ակնհայտ է, որ ՀՀ պետական բյուջեում գոյություն ունի թիվ  Ա57-26844 անդորրագրով Լիաննա Մկրտչյանի կողմից 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի նախապես վճարված, սակայն չօգտագործված գումար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուն վերաբերող իրավական կարգավորումները:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր է նախատեսել այն դեպքերը, երբ չեն պահպանվել նույն օրենսգրքով վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանն առաջադրված պահանջները, որոնցից է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պահանջը, այն է՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու () մասին ապացույցները, կամ վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին, կամ բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է, կամ վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու օրենսդրական կարգավորումը նպատակ ունի հնարավորություն տալ վերաքննիչ բողոք բերած անձին օրենքով սահմանված ժամկետում վերացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնելու նաև առանց այդ խախտումների:

Նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև կարևորելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով սահմանելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները, ըստ էության վերաքննիչ դատարանի համար պարտականություն է նախատեսել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս դրանում նշելու բողոքում թույլ տրված բոլոր խախտումները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման պարտականության առկայությունը բացառում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով այն ներկայացրած անձի կողմից ընդամենը մեկ խախտում թույլ տված լինելու մասին` այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս թույլ են տրվել մեկից ավելի խախտումներ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պարտականություն նախատեսելն ինքնանպատակ չէ. տվյալ կարգավորումը նպատակ է հետապնդում խուսափելու դատարանի մատչելիության իրավունքը և իրավական որոշակիության սկզբունքը խաթարելուց, որպիսի վտանգը կարող է առաջանալ այն դեպքում, երբ արդարադատությունը պատշաճ իրականացվելու փոխարեն անձի համար խոչընդոտներ ստեղծվեն իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը հասնելու համար։

Ընդ որում, օրենսդիրը ոչ բոլոր դեպքերում է վերաքննիչ բողոք ներկայացրած անձին հնարավորություն տալիս վերացնելու բողոքում թույլ տված խախտումները և այն կրկին ներկայացնելու՝ սահմանելով, որ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելու պայմաններում է հնարավոր բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելը։

Վճռաբեկ դատարանի վերը նշված մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլնի, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 10.03.2020 թվականին վճիռ է կայացրել Ալբերտ Մկրտչյանի իրավահաջորդ Վեներա Մկրտչյանի հայցը մերժելու մասին:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Լիաննա Մկրտչյանը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2020 թվականի որոշմամբ Լիաննա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է բացառապես այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ, և տրվել է 15-օրյա ժամկետ նշված խախտումը վերացնելու ու վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Լիաննա Մկրտչյանը, շտկելով այդ խախտումը, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի որոշմամբ առանց նոր ժամկետ սահմանելու վերադարձվել է արդեն այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է դրա համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ու վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց։

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինքնուրույն հիմք է նախատեսել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին չկցելը, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը, երբ բողոքը չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։

Տվյալ դեպքում Լիաննա Մկրտչյանի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պահանջի խախտմամբ, այնպես էլ առկա է եղել նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինքնուրույն հիմքը՝ վերաքննիչ բողոքը բերված է եղել սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բողոքը չի պարունակել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։

 

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Լիաննա Մկրտչյանը, ստանալով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 01.07.2020 թվականի որոշումը, որով առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել էր բացառապես այն ստորագրված չլինելու հիմքով, ըստ էության, համոզված է եղել, որ ստացել է որոշակի, հաստատուն և կասկած չհարուցող որոշում` կապված իր իրավունքների ու պարտականությունների հետ, և հետագայում իր վարքագիծը համապատասխանեցնելով այդ որոշմանը՝ վերացրել է Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 01.07.2020 թվականի որոշմամբ արձանագրված միակ խախտումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2020 թվականին կայացված որոշման մեջ նշված խախտումները, իրոք, առկա են եղել որոշում կայացնելիս, որպիսի փաստը Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում գործում առկա փաստաթղթերի հետազոտմամբ, սակայն այդ խախտումներն առկա են եղել նաև առաջին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս, որոնց մասին, Վերաքննիչ դատարանն իր 01.07.2020 թվականի որոշման մեջ չի նշել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը, ոչ իրավաչափորեն է կրկին վերադարձրել Լիաննա Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. բԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: