Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-29-Ո-Կ-10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
31.05.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
31.05.2021
Дата вступления в силу
31.05.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

           31.05.2021 թ.

ԲԴԽ-29-Ո-Կ-10

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահի պաշտոնակատար 

 

Գ. Ջհանգիրյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,
Դ. Խաչատուրյանի,
Մ. Մակյանի,
Լ
. Մելիքջանյանի,
Ա. Մխիթարյանի,
Ս. Չիչոյանի,
Վ. Քոչարյանի,
 

Դատավորների ընդհանուր ժողովի

Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովի նախագահ

 

Ս. Մարաբյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

 

Հ. Շահնազարյանի,

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

Ն. Գրիգորյանի,

 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ

 

Գ. Գրիգորյանի,

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մարտի 15-ի թիվ Կ-1/2021 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԱՐԴ1/4479/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Նաջարյանի կողմից 04.11.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Նաիրա Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Հանձնաժողովը 18.01.2021 թվականի թիվ Կ-1/2021 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Հանձնաժողովի 15.03.2021 թվականի թիվ Կ-1/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցող մարմինն իր միջնորդությամբ հաստատված է համարել, որ Դատարանի 29.10.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել 21.10.2019 թվականին Պետրոս Ավետիսյանի կողմից ընդդեմ Արթուր Նաջարյանի՝ գումարի բռնագանձման մասին ներկայացված հայցադիմումը։ Միաժամանակ Դատարանի 29.10.2019 թվականի որոշմամբ հայցվորի ներկայացուցիչ Իրինա Հակոբյանի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը, մերժվել է։

Դատարանի 12.02.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել 10.02.2020 թվականին Արթուր Նաջարյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Պետրոս Ավետիսյանի՝ 25.07.2013 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 1.000.000 ՀՀ դրամի չափով կնքված համարելու, 1.000.000 ՀՀ դրամի չափով փոխառուի կողմից փոխատուի նկատմամբ պարտավորությունը կատարված համարելու և փոխառության պայմանագիրը դադարած ճանաչելու պահանջների մասին։

22.05.2020 թվականին ժամը 11:40-ին թիվ ԱՐԴ1/4479/02/19 քաղաքացիական գործով (այսուհետ՝ Գործ) հրավիրված դատական նիստի ժամանակ Դատարանը քննության է առել Պետրոս Ավետիսյանի ներկայացուցիչ Իրինա Հակոբյանի կողմից 09.03.2020 թվականին ներկայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ինչը Դատարանի 09.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է։

Հանձնաժողովը վկայակոչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի, 128-րդ հոդվածի 1-ին մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 152-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի դրույթները և հայտնել, որ հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոց է, որի նպատակն է ներկայացված հայցի հնարավոր բավարարման դեպքում կայացվելիք դատական ակտի կատարման համար երաշխիքներ սահմանելը:

Օրենսդիրը սահմանել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու դատավարական կարգը, մասնավորապես դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ: Ընդ որում, կարևոր է պահպանել գաղտնիության սկզբունքը, քանի որ հիմնականում այլ անձանց կողմից դատական ակտով նման միջոց կիրառվելու մասին տեղյակ լինելը կարող է հանգեցնել հայցի ապահովման անհնարինության և խաթարել նման միջոց կիրառելու օրենսդրի սահմանած իրավաչափ նպատակները: Բացի դրանից օրենքով սահմանված բացառիկ դեպքերում գործին մասնակցող անձանց միջնորդությունն ու դրան կից փաստաթղթերն ուղարկելու կարգը չի գործում:

Ելնելով վերը նշված փաստերից և իրավական վերլուծության համադրումից՝ վարույթ հարուցող մարմինն արձանագրել է, որ 09.03.2020 թվականին սկզբնական հայցով հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ոչ ուշ, քան հաջորդ օրը Դատավորի կողմից չի քննվել և այն քննության առնելու համար հրավիրվել է դատական նիստ` 22.05.2020 թվականին, այսինքն` մոտ երեք ամիս անց, ավելին՝ Դատարանը հետաձգել է միջնորդության քննությունն այն հիմքով, որ բացակայում է միջնորդության օրինակն սկզբնական պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցը` փոստային անդորրագրի օրինակը, ըստ այդմ՝ հնարավորություն տալով սկզբնական հայցով հայցվորին ներկայացված հայցի ապահովման միջնորդությանը ծանոթանալ և քննարկումը շարունակել հաջորդ դատական նիստում:

Մինչդեռ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը, որպես կանոն, քննվում է առանց դատական նիստ հրավիրելու և առնվազն հաջորդ օրը, ավելին՝ այն ուղղված է հայցվորի շահերը հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելուն, ըստ այդմ՝ նման միջնորդությունը քննարկվում է այսպես կոչված «գաղտնիության» սկզբունքով:

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն արձանագրել է, որ Դատավորը, Գործով հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին միջնորդությունն առանց դատական նիստ հրավիրելու և առնվազն հաջորդ օրն այն քննության չառնելով, ինչպես նաև միջնորդության ներկայացման կարգի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունը չկիրառելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, 152-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերով, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված իրավական պահանջները և գտել, որ այդ արարքները Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Միաժամանակ Հանձնաժողովն արձանագրել է, որ Դատավորի արարքներն իրենց էությամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը:

Բացի վերոգրյալը Հանձնաժողովը, չհամաձայնելով Դատավորի բացատրության մեջ նշված պատճառաբանության հետ, արձանագրել է, որ հայցի ապահովում կիրառելու մասին յուրաքանչյուր միջնորդություն քննության է առնվում տվյալ պահին գործող դատավարական կարգով՝ անկախ մինչ այդ ներկայացված միջնորդություններից ու դրանց քննության արդյունքներից, և եթե նույն կողմի խնդրանքով նախկինում արդեն իսկ քննության առնվել ու մերժվել է հայցի ապահովում կիրառելու մասին մեկ այլ միջնորդություն, ապա դա չի նշանակում, որ հերթական միջնորդությունը պետք է քննության առնվի օրենքով սահմանված կարգի խախտմամբ:

Միաժամանակ վարույթ հարուցող մարմինն արձանագրել է, որ որոշումն ստանալուց հետո հաղորդում տված անձի կողմից սահմանված ժամկետում չբողոքարկվելու փաստը կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրինական արգելք չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածով սպառիչ թվարկված են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, իսկ նույն օրենքի 147-րդ հոդվածով սպառիչ թվարկված են կարգապահական վարույթը կարճելու հիմքերը։

Այսպիսով, Հանձնաժողովը գտել է, որ Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ, ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր։

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Հանձնաժողովին ուղղված բացատրությամբ և Բարձրագույն դատական խորհրդին ուղղված նույնաբովանդակ պատասխանով Դատավորը հայտնել է, որ ըստ հաղորդում տված անձի՝ Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կոպիտ խախտում: Նշված եզրահանգումը բխում է այն փաստական հանգամանքից, որ Դատարանը 22.05.2020 թվականին ժամը 11:40-ի նախնական դատական նիստում, չունենալով լիազորություն, որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի խախտումներով քննարկել սկզբնական հայցով հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը, հետաձգել է դատական նիստը և հնարավորություն տվել կողմին Դատարանին ներկայացնել վիճելի միջնորդությունը կողմին ուղարկելը հավաստող ապացույց (ենթադրյալ փոստային անդորրագրի օրինակը), այն դեպքում, երբ Դատարանը նման դատավարական լիազորությամբ օժտված չի եղել, այլ հակառակը՝ Դատարանը պարտավոր է եղել դատական նիստում չքննարկել ներկայացված միջնորդությունը, քանի որ այդ միջնորդությունը չի պարունակել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջը:

Դատավորը, ուսումնասիրելով գործի նյութերը, նկատի ունենալով, որ Դատարանի 29.10.2019 թվականի որոշմամբ հայցվորի ներկայացուցչի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել էր, Դատարանը գտել է, որ կրկին սկզբնական հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է քննության դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո:

Դատավորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 130-րդ հոդվածի 2-րդ մասը, 131-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և նույն հոդվածի 4-րդ մասը:

Տվյալ դեպքում հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը ներկայացրել է ոչ թե հաղորդում տված անձը, այլ մյուս կողմը: Ընդ որում, միջնորդությունը մերժվել է, որի վերաբերյալ որոշումը չի բողոքարկվել:

Դատարանը հայտնել է, որ իր կողմից կատարված գործողությունները հաղորդում տված անձի համար որևէ բացասական հետևանք չեն առաջացրել, ուստի այն ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության: Եթե անգամ իր արարքը ձևականորեն պարունակում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, այն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը՝ Դատավորը խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Հանձնաժողովի միջնորդությունը մերժել:

Սույն գործով Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստի ընթացքում Դատավորը պնդել է վերն արտահայտած դիրքորոշումը:

Միաժամանակ Դատավորը տվել է իր համաձայնությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով՝ վարույթ հարուցած մարմնի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները խախտելու հիմքով՝ վարույթի կարճմանը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Հանձնաժողովը 18.01.2021 թվականի «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-1/2021 որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

2) Հանձնաժողովը 15.03.2021 թվականին կայացրել է «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ Կ-1/2021 որոշում, ինչը կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենների հետ միասին Հանձնաժողովի 15.04.2021 թվականի թիվ ԴԴ-Գ-64/1 գրությամբ ուղարկվել է Բարձրագույն դատական խորհրդին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի անդամի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննարկելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք Հանձնաժողովի կողմից պահպանվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը և կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու ժամկետները:

Բարձրագույն դատական խորհուրդը, հանդիսանալով դատավորի և դատական իշխանության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այն հաշվով, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջի ապահովումը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

Վերոնշյալ իրավական կարգավորման համատեքստում անվիճելի է, որ վարույթը հարուցող մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում պետք է ուղարկվի Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ օրենսդրի կողմից ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով և վարույթ հարուցող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այդ ժամկետն օրենքով նախատեսված այն որոշակի ժամանակահատվածն է, որի ընթացքում վարույթի մասնակիցներն իրավունքն ունեն (պարտավոր են) կատարելու օրենքով նախատեսված գործողություններ:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ որոշակի ժամկետներով այդօրինակ գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կոչված է կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:

Վերոգրյալից ելնելով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ հիմնավոր չեն վարույթ հարուցող մարմնի այն բացատրությունները, որ ուշացումը եղել է ծանրաբեռնվածության արդյունք։ Վարույթ հարուցող մարմինները պարտավոր են հստակ պահպանել օրենքով նախատեսված ժամկետները, որը տվյալ դեպքում չի արվել։

Սույն կարգապահական վարույթի նյութերի համաձայն՝ Հանձնաժողովը 15.03.2021 թվականին կայացրել է «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ Կ-1/2021 որոշում, ինչը կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենների հետ միասին Հանձնաժողովի 15.04.2021 թվականի թիվ ԴԴ-Գ-64/1 գրությամբ ուղարկվել է Բարձրագույն դատական խորհրդին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

Ելնելով վերոգրյալից, գնահատելով ստեղծված փաստացի իրավիճակը, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի՝ նիստի ընթացքում Հանձնաժողովի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար ժամկետի խախտման հիմքով վարույթի կարճման համաձայնությունը, ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Անդամներ`

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Մ. ՄԱԿՅԱՆ
 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Ա. Մխիթարյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2021 թվական: