Գլխավոր տեղեկություն
Номер
N 896-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
03.06.2021
Дата вступления в силу
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 896-Ն

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հունիսի 3-ի N 896-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք միջազգային փորձագետների (այսուհետ՝ փորձագետներ) ներգրավման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի կազմում փորձագետների ներգրավման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի (այսուհետ՝ վարչապետի աշխատակազմ) կողմից՝ մրցութային կարգով:

3. Փորձագետների թեկնածություններն առաջադրվում են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցող միջազգային կամ միջկառավարական կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ հայտատուներ):

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 10-րդ, 15-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո՝ հնգօրյա ժամկետում ապահովում է խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մինչև երեք փորձագետների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումը: Հայտարարությունը հրապարակվում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:

5. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտը ներկայացնելու վայրը, հասցեն, հայտն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտատուներին և փորձագետներին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

III. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

6. Հայտատուների կողմից հայտերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմ՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 5 օրվա ընթացքում:

7. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:

8. Փաստաթղթերն ընդունելու նպատակով վարչապետի աշխատակազմը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտատուների վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

9. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

10. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

IV. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Խորհրդի կազմում որպես փորձագետներ կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք հակակոռուպցիոն ոլորտում ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն:

12. Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մեկ փորձագետի թեկնածություն:

13. Հայտատուները պետք է ներկայացնեն՝

1) հայտ՝ ուղղված վարչապետի աշխատակազմին.

2) հայտատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) հայտը ներկայացնող անձի՝ հայտատուի կողմից լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.

4) փաստաթուղթ, որը կվկայի հայտատուի՝ վերջին երկու տարվա ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության մասին.

5) փորձագետի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).

6) հայտարարություն՝ փորձագետի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին:

14. Փորձագետների ներգրավման նպատակով վարչապետի աշխատակազմի կողմից ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է մեկ աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում փորձագետի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Վարչապետի աշխատակազմը փաստաթղթերն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իսկ թերությունների առկայության դեպքում՝ հայտատուի կողմից թերությունները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում ապահովում է փաստաթղթերի ամփոփումը և սույն կարգի 18-րդ կետով սահմանված եղանակով միջազգային փորձագետների՝ խորհրդի կազմում ներգրավելու գործընթացը:

18. Եթե սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանում են մինչև երեք փորձագետներ, ապա վերջիններս սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում փաստաթղթերի ամփոփումից հետո ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երեքից ավելի փորձագետներ, ապա նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող և վերջին երեք տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում առավել շատ ծրագրեր իրականացրած երեք փորձագետներին:

19. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, վարչապետի աշխատակազմը մրցույթում հաղթող ճանաչված փորձագետներին ներգրավում է խորհրդի կազմում և մեկօրյա ժամկետում մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

03.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան