Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
31.03.2021
Дата вступления в силу
31.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3618/02/17 

2021 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3618/02/17 

Նախագահող դատավոր՝

 Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Գ. Խանդանյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

     

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

2021 թվականի մարտի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Անահիտ Ավետիսյանի հայցի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Արծրուն Մելիքսեթյանի և «ԿԱՐԵՆ Z» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի` աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 24ա հասցեում գտնվող հյուրատան վերաբերյալ 15.09.2017 թվականին անցկացված աճուրդը և դրա հիման վրա 15.09.2017 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի ու Արծրուն Մելիքսեթյանի միջև կնքված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 10.11.2017 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի և Բանկի միջև կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրը, 27.11.2017 թվականին վերը նշված անշարժ գույքի նկատմամբ (որին Երևանի քաղաքապետի 22.11.2017 թվականի թիվ 4153-Ա որոշմամբ տրամադրվել է ք. Երևան, Ն. Զարյան փողոց, թիվ 24/2 հասցեն) Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Ավետիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09.09.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

        

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները;

Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Ընկերության վերաբերյալ սնանկության գործով դատարանի 27.08.2015 թվականի «Գույքագրման նպատակով գույքը սնանկության գործով կառավարչին հանձնելու մասին» որոշման առկայությունը։

Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ ապացույց և չի նշել որևէ հիմնավորում այն մասին, որ բողոքաբերը երբևէ փորձել է օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասում նշված իր իրավունքից, կամ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար դիմել է սնանկության գործով կառավարչին ու մերժվել է:

Վերաքննիչ դատարանը Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետը խախտելու արդյունքում անտեսել է, որ հենց Անահիտ Ավետիսյանը պետք է ապացուցեր իր վկայակոչած փաստերն այն մասին, որ զրկված է եղել (իրական հնարավորություն չի ունեցել) տեղեկացված լինելու սնանկության վարույթում իր սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի վաճառքի և վաճառքի հետ կապված այլ էական պայմանների՝ աճուրդի օրվա, գնի և այլնի մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անահիտ Ավետիսյանն իր գործողություններով չարաշահել է իր իրավունքները՝ դրանով վնաս պատճառելով Բանկին:

          

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.09.2019 թվականի վճռին:

            

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը 09.09.2019 թվականին վճիռ է կայացրել Անահիտ Ավետիսյանի հայցը մերժելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 55-60).

2) սույն գործով վճիռ կայացրած դատավոր Ա. Հովհաննիսյանը չի ստորագրել և չի կնքել վճռի յուրաքանչյուր էջը (հատոր 2-րդ, գ.թ. 55-60):

             

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտն ստորագրված և կնքված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին՝ անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

               

Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից:

Նախկին օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Նախկին օրենսգրքով սահմանված իրավական նորմերի վերլուծության արդյունքում նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերին, նշել է, որ վճռի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք (տե'ս Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով դատավորի կողմից դատական ակտը պատշաճ չստորագրելու իրավական հետևանքներին, արձանագրել է, որ դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը: Դատավորի կողմից դատական ակտը պատշաճ կարգով չստորագրելու հանգամանքը պետք է վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանա (տե'ս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի և մյուսների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ։

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի համար պարտականություն է սահմանել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ վճռաբեկ դատարանի դեպքում ևս ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը կամ հիմքերը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա (դրանց) վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական։

Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտն ստորագրված կամ կնքված չլինելը, որն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

Այսինքն՝ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ նշված հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է անվերապահ բեկանման ոչ միայն այն դեպքում, երբ այդ խախտումը թույլ է տվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այլ նաև այն դեպքում, երբ այդ խախտումը թույլ է տվել առաջին ատյանի դատարանը, սակայն այն անտեսվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից։

         

 Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 09.09.2019 թվականին վճիռ է կայացրել Անահիտ Ավետիսյանի հայցը մերժելու մասին: Սույն գործով վճիռ կայացրած դատավոր Ա. Հովհաննիսյանը չի ստորագրել և չի կնքել վճռի յուրաքանչյուր էջը։

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Անահիտ Ավետիսյանի ներկայացուցիչը՝ վերաքննիչ բողոքում չնշելով վերը նշված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի մասին։

Վերաքննիչ դատարանը 17.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Ավետիսյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.09.2019 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել` հայցը բավարարել է՝ անտեսելով, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքը, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի, 379-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 365-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի համակարգային վերլուծության արդյունքում պարտավոր էր շեղվել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտը վերանայելու ընդհանուր կանոնից, ու դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից՝ դատական ակտն անվերապահ բեկանել բացառապես դատական ակտն ստորագրված և կնքված չլինելու հիմքով՝ առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ այն համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը՝ դրանում որպես բողոք բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածները խախտված լինելը, ինչպես նաև պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.09.2019 թվականի վճռին: Այսինքն՝ վճռաբեկ բողոքում ևս չի նշվել Դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտման մասին, ինչպես նաև այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված այդ խախտումը։

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Դատարանի 09.09.2019 թվականի վճռի յուրաքանչյուր էջն ստորագրված և կնքված չէ վճիռը կայացրած դատավորի կողմից, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

      

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու գործը ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար:

                    

 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

         

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

           

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

      

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. մկրտչյան

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: