Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-13-Ո-Կ-03
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
08.04.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Дата подписания
08.04.2021
Дата вступления в силу
08.04.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

         Ք. Երևան

       08.04.2021 թ.

ԲԴԽ-13-Ո-Կ-03

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի անդամ
 

Ա. Մխիթարյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,
Դ
. Խաչատուրյանի,
Մ
. Մակյանի,
Լ.
Մելիքջանյանի,
Ս.
Միքայելյանի,
Ս
.
Չիչոյանի,
Գ
. Ջհանգիրյանի,
Վ. Քոչարյանի,
 

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և

կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

 

Ս. Մարաբյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և

կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

 

Հ. Շահնազարյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

 

Ա. Մկրտչյանի,

 

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 25-ի թիվ Կ-16/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Էլինա Գյուրջյանի կողմից 24.07.2020 թվականին Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը՝ թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Հանձնաժողովը 23.11.2020 թվականի թիվ Կ-16/2020 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։

Հանձնաժողովի 25.01.2021 թվականի թիվ Կ-16/2020 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 2-րդ մասը, 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 1-ին մասը, 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը, հայտնել է, որ վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը հանդիսանում է անձի դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև։

Վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է նաև Սահմանադրական դատարանի 18.06.2019 թվականի թիվ ՍԴՈ-1464 որոշմամբ արտահայտած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատագրած չափանիշները՝ դատարանի մատչելիության իրավունքի ժամկետային սահմանափակումների վերաբերյալ, որոնք վերաբերել են գործի ողջամիտ ժամկետում քննությանը:

Միաժամանակ օրենսդիրը, հաշվի առնելով որոշ գերակա շահեր, առանձին տեսակի վարույթների համար սահմանել է գործի քննության այլ ժամկետներ կամ այլ ընթացակարգեր, մասնավորապես երեխայի շահերի արդյունավետ և հնարավորինս արագ պաշտպանելու նպատակին է ծառայում երեխայի ապրուստը հոգալու համար ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջի դեպքում գործի քննության արագացված դատաքննության կարգի կիրառման հնարավորության վերաբերյալ օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերի պաշտպանության նպատակով ընտանեկան վեճերով առհասարակ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու կարգավորումը` հաշվի առնելով, որ նշված գործերի շրջանակներում շոշափվում են երեխայի օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությունը պետք է մշտապես լինի դատարանների ուշադրության կենտրոնում առաջնահերթության կարգով:

Վերոգրյալի հաշվառմամբ վարույթ հարուցած մարմինը Դատարանի կողմից գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման և դատավարական գործողության ուշացման արդյունքում թույլ տրված խախտման ողջամտության հարցը քննարկել է գործի բնույթի հաշվառմամբ:

Դիմողն ընդգծել է, որ 07.02.2020 թվականին Արմինե Հովհաննիսյանի (այսուհետ՝ Հայցվոր) ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Զավեն Զոհրաբյանի (այսուհետ՝ Պատասխանող)` ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և անչափահասների բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Հայցադիմումը 07.02.2020 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս կողմից ստացվել է 10.02.2020 թվականին: Դատարանը (դատավոր Արթուր Միշայի Մկրտչյան) 18.02.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Նշված որոշման մասին տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացվել են 22.06.2020 թվականին: Հայցվորը չի ստացել վերը նշված որոշումը, ինչի կապակցությամբ 23.04.2020 թվականին Դատարանի նախագահին է ներկայացրել դիմում՝ շարադրելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ հաղորդման մեջ նշված փաստական տվյալները և խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ գործի հետագա ընթացքն ապահովելու համար: Դատարանի նախագահի կողմից վերը նշված դիմումը 29.04.2020 թվականին հասցեագրվել է Դատավորին՝ հետագա ընթացքը լուծելու համար: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 18.02.2020 թվականի որոշումը Հայցվորին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ (գրությունը Դատարանի գրասենյակից ելքագրվել է հաջորդ օրը՝ 27.05.2020 թվականին) և այն հասցեատիրոջ կողմից ստացվել է 04.06.2020 թվականին: Դատարանի 31.08.2020 թվականի որոշմամբ 30.09.2020 թվականին գործով հրավիրվել է առաջին նախնական դատական նիստը (նիստի վերաբերյալ ծանուցումները կողմերին ուղարկվել են 11.09.2020 թվականին), որը կայացել ու հետաձգվել է:

Վերը նշված փաստերից հետևում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Հայցվորին հասանելի է դարձել ավելի քան երեք ու կես ամիս հետո:

Դատավորն իր բացատրությամբ ընդունել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն իսկապես դատավարության մասնակիցներին ուղարկվել է դատավարական օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, ուստի այն անվիճելի փաստ է:

Հանձնաժողովի կողմից սույն որոշմամբ շարադրված դատավարական նորմերի, վարքագծի կանոնների խախտման և արարքը որպես կարգապահական խախտում որակվելու համար, ի թիվս վերը նշված ժամանակահատվածի երկարատևության փաստի, հիմք են հանդիսացել ներքոհիշյալ էական հանգամանքները.

Հայցվորը դիմել է Դատարան՝ խնդրելով կողմերին ամուսնալուծել, ինչպես նաև իր երկու երեխաների համար որպես ապրուստի միջոց բռնագանձել ալիմենտ ու ճանաչել երեխաների բնակելի տարածության օգտագործման իրավունքները: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմին չի տրամադրվել այն դեպքում, երբ վերջինս պահանջել է այն Դատարանից: «DataLex» դատական տեղեկատվական համակարգում հայցադիմումի դատավարական ընթացքի մասին տեղեկությունները բացակայել են (հայցադիմումն ընդունվելու մասին տեղեկությունը համակարգում զետեղվել է միայն 22.06.2020 թվականին), և այս միջոցով ևս հայցվոր կողմը զրկված է եղել հայցադիմումի ընդունման մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից:

Նշված անորոշ իրավիճակից ելք գտնելու համար փաստաբանը ստիպված դիմել է Դատարանի նախագահին՝ վարույթի մասին տեղեկություն ստանալու և ողջամիտ ժամկետի պահպանման հետ կապված հարցերին լուծում տալու համար:

Դատարանի նախագահին դիմելուց և դիմումի ընթացքը լուծելու մակագրությամբ գրությունը Դատավորին հանձնվելուց անմիջապես հետո՝ կարճ ժամկետում, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կրկին Հայցվորին չի ուղարկվել: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվել է Հայցվորին դիմումի ընթացքը լուծելու մակագրությամբ Դատարանի նախագահի գրությունը Դատավորի կողմից ստացվելուց մոտ մեկ ամիս հետո:

Հաշվի առնելով այն փաստը, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը չէր ստացվել Պատասխանողի կողմից, ըստ այդմ՝ վերոհիշյալ դատավարական նորմերի իմաստով մինչ այդ հնարավոր չէր հրավիրել առաջին նախնական դատական նիստը և միայն 2020 թվականի հունիս ամսից էր սկսել հոսել պատասխան ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը՝ առաջին նախնական դատական նիստը հրավիրվել է բավականին ուշ՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց յոթ և ավել ամիս հետո, արդյունքում՝ մեկ տարվա ընթացքում հրավիրվել է ընդամենը երկու նախնական դատական նիստ և ներկայումս գործի դատաքննությունը շարունակվում է (ընդհանուր առմամբ մեկ տարուց ավել է, ինչ գործը քննվում է):

Փաստորեն, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին չուղարկելու արդյունքում այլևս հնարավոր չի եղել կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածով, 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատավարական գործողությունները, այսինքն՝ դրանք ևս չեն կատարվել հենց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ գործի քննության սկիզբն ազդարարելու մասին տեղեկության բացակայության, այն կողմին ուղարկված չլինելու և այդ ուղղությամբ Դատավորի կողմից գործուն քայլեր չձեռնարկվելու արդյունքում: Ընդ որում, «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացված չեն եղել հայցադիմումի դատավարական ընթացքի մասին տեղեկությունները, և էլեկտրոնային եղանակով ևս կողմերը զրկված են եղել հայցադիմումի ընդունման մասին տեղեկություն ստանալու և քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրենց դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություններից:

Վերոգրյալի հաշվառմամբ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է համոզմունք առ այն, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմին տևական ժամանակ չուղարկելով՝ վնաս է հասցվել երեխաների լավագույն շահերին, որն այս դեպքում դրսևորվել է ալիմենտի և բնակելի տարածության օգտագործման իրավունքների ճանաչման հայցվող խնդրանքներին տևական ժամանակ լուծում չտրվելու և այդ ընթացքում երեխայի համար որևէ դատավարական գործողություն կատարելու հնարավորությունից կողմերին զրկելով (օրինակ՝ թե՛ Հայցվորը, թե՛ Պատասխանողը, ովքեր հանդիսանում են երեխաների ծնողները, այդ ընթացքում երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված գործուն միջոցներ չեն ձեռնարկել՝ սպասելով Դատարանի կողմից հայցադիմումի ընդունման հարցի լուծման մասին որոշման կայացմանը, քանի որ հայցադիմումը կարող էր վերադարձվել կամ հայցադիմումի ընդունումը կարող էր մերժվել, և միայն հայցադիմումի ընդունման պահից է համարվում, որ հիշյալ պահանջների շուրջ վեճ է քննվում Դատարանում և անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վճարել ալիմենտ, տեղյակ լինել, թե որքան պետք է վճարել, տալ կամ չտալ բնակտարածության օգտագործման իրավունք և այլն), ինչպես նաև այդ ընթացքում սեփական նախաձեռնությամբ երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված որևէ գործողություն չկատարելով (օրինակ՝ իր նախաձեռնությամբ Դատարանը կարող էր կիրառել հայցի ապահովում՝ ժամանակավոր ալիմենտ գանձելու և (կամ) երեխաներին ժամանակավոր բնակելի տարածության օգտագործման իրավունք տալուն Պատասխանողին պարտավորեցնելու և այլնի մասին, ինչը կարող էր նշանակալիորեն մեղմացնել թույլ տրված խախտումն ու զերծ մնալ բացասական թվարկված հետևանքներից):

Փաստորեն, Հայցվորը, ով հանդիսանում է երեխաների մայրը, տևական ժամանակ՝ ավելի քան երեք ու կես ամիս, որևէ տեղեկություն չի ունեցել իր հայցի ճակատագրի մասին՝ թե՛ իրավական առումով, թե՛ երեխաների ապրուստը հոգալու ու բնակելի տարածության հարցը լուծելու առումով գտնվելով բացարձակ անորոշության մեջ, և նույն կերպ որևէ տեղեկություն չի ունեցել Պատասխանողը, ով հիշյալ որոշումը ստանալուց հետո էր միայն ձեռք բերել հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունք, ինչը կարող էր դրսևորվել երեխաների շահերից բխող տարբեր գործողություններ կատարելով, մասնավորապես հայցն ընդունելով կամ դրա կատարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելով և այլն:

Հանձնաժողովը եկել է այն համոզման, որ վերը նշված պատճառաբանություններով ևս հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը բավականին երկար ժամանակ կողմերին չուղարկելն իր մեջ պարունակելով սույն օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատկանիշներ, իր կարևորությամբ ունի ոչ թե նվազ արժեք, այլ հակառակ՝ իր կարևորությամբ իրենից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ հասարակության մոտ արժեքների, տվյալ դեպքում՝ երեխաների լավագույն շահերի պաշտպանության նկատմամբ Դատավորի վարքագիծը, որը դրսևորվել է տևական ժամանակ երեխաների հետ կապված հայցի լուծման անգործության տեսքով, նսեմացրել է դատական իշխանության նկատմամբ հանրության մոտ առկա վստահությունը և իր էությամբ հեղինակազրկել է դատական իշխանությունը:

Հանձնաժողովը, անդրադառնալով Դատավորի ներկայացրած բացատրությամբ մատնանշած գերծանրաբեռնվածության վերաբերյալ փաստարկին, ընդունել է, որ Դատավորի կողմից մատնանշված ծանրաբեռնվածության խնդիրն իրոք կարող է ազդել վերջինիս կողմից իր պարտականությունները սահմանված ժամկետում կատարելուն ուղղված գործողությունների որակի վրա, սակայն յուրաքանչյուր իրավիճակում պետք է ելնել տվյալ դեպքի փաստերի առանձնահատկությունից:

Տվյալ դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կազմելու և ուղարկելու պարտականության կատարման համար անհրաժեշտ ժամանակը համադրելով Դատավորի ծանրաբեռնվածության մասին տվյալների հետ՝ Հանձնաժողովի համար պարզ է դարձել, որ վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին նման տևողությամբ ուշացած ուղարկելը որևէ կերպ արդարացված չէ:

Ինչ վերաբերում է ուշացումը Հայաստանի Հանրապետությունում «COVID-19» վիրուսի համաճարակով պայմանավորելու Դատավորի կողմից վկայակոչված փաստարկին, ապա ի պատասխան Հանձնաժողովի կատարած հարցման՝ ստացվել է տեղեկատվություն առ այն, որ Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակի աշխատակիցների «COVID-19» վիրուսով վարակվելու պատճառով գրասենյակի բնականոն աշխատանքը չի խաթարվել, այն շարունակել է աշխատել:

Նշվածից հետևում է, որ ուշացման հիմքում դրված երկու պատճառներն էլ անհիմն են և չեն կարող հիմք հանդիսանալ խախտման բացակայության կամ խախտումը որպես կարգապահական խախտում չորակելու, ըստ այդմ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի պայմանների առկայության մասին Դատավորի օգտին եզրահանգման գալու համար:

Այսպիսով, Դատավորը, թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը տևական ժամանակ դատավարության մասնակիցներին չուղարկելով և դրանով հանդերձ՝ հնարավորինս կարճ ժամկետում գործի քննություն չիրականացնելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված իրավական պահանջները, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը գրավոր բացատրություն է ներկայացրել Հանձնաժողովին, որով հայտնել է, որ Դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով հայցադիմումն օրենքով նախատեսված ժամկետում, այն է` 7 աշխատանքային օրվա մեջ` 18.02.2020 թվականին, ընդունվել է վարույթ: Դատավորն ընդունել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն իսկապես դատավարության մասնակիցներին ուղարկվել է դատավարական օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, ինչը պայմանավորված է եղել Դատարանի գերծանրաբեռնվածությամբ և Հայաստանի Հանրապետությունում «COVID-19» վիրուսի համաճարակով: Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակի տարբեր աշխատակիցներ 2020 թվականի տարբեր ժամանակահատվածներում հիվանդացել են «COVID-19» հիվանդությամբ, գրասենյակի աշխատակիցները ենթարկվել են բուժզննման, իսկ հիվանդացած աշխատակիցները մեկուսացվել են, գրասենյակի բնականոն աշխատանքը խաթարվել է, թեև առանց այդ էլ և՛ Դատավորի աշխատակազմը, և՛ Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:

Դատավորը Հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքների վրա, որ 31.08.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ: 30.09.2020 թվականին կայացած նախնական դատական նիստում գործի քննության դատաքննության նախապատրաստումն իրականացվել է ծանուցված, սակայն Դատարան չներկայացած Հայցվորի ու նրա ներկայացուցչի բացակայությամբ և Պատասխանողի մասնակցությամբ: 30.09.2020 թվականին առանձին դատական ակտի ձևով կայացվել է կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և այն ուղարկվել է կողմերին: 01.12.2020 թվականին կայացած նախնական դատական նիստում գործի քննության դատաքննության նախապատրաստումն իրականացվել է Հայցվորի և վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ ու ծանուցված, սակայն Դատարան չներկայացած Պատասխանողի բացակայությամբ:

01.12.2020 թվականին առանձին դատական ակտի ձևով կայացված որոշմամբ Դատարանը նախնական դատական նիստն ավարտել է և գործը նշանակել դատաքննության: Դատարանը, Հայցվորի և վերջինիս ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանի կարծիքը հաշվի առնելով, դատաքննությունը նշանակել է 16.03.2021 թվականի ժամը` 17:00-ին:

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ, 3-րդ մասերը, 147-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Դատավորը նշել է, որ թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում արդարադատություն իրականացնելիս, ինքը` որպես սույն քաղաքացիական գործով նախագահող դատավոր, նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ չի տվել, և խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով Դատավորը հայտնել է, որ դատավորի վարքագծի կանոնների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված խախտումների մասին Հանձնաժողովին փաստաբան Էլինա Գյուրջյանը տեղեկացրել է 24.07.2020 թվականին, սակայն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված եռամսյա ժամկետի խախտմամբ, այն է՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո 4 ամիս անց՝ 26.11.2020 թվականին։

Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, հայտնել, որ Հանձնաժողովը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար նույն օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետը, և ինքը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը, ուստի Հանձնաժողովի կողմից 25.01.2021 թվականին կայացված N-Կ-16/2020 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ենթակա է մերժման:

Միևնույն ժամանակ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման նաև այլ հիմքով.

Դատավորը վկայակոչել է Արդարադատության նախարարի՝ «ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 18.09.2020 թվականի թիվ 95-Ա որոշումը և քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից 10.12.2020 թվականին կայացված ներկայացված միջնորդությունը մերժելու մասին թիվ ԲԴԽ-64-Ո-Կ-17 որոշումը:

Դատավորը հայտնել է, որ իր կողմից թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով 18.02.2020 թվականին կայացված որոշումը դատավարական օրենքով սահմանված ժամկետում կողմերին ուղարկելու պարտականությունը ծագել է մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ նույն ժամանակահատվածում կամ դրանից հետո կայացված նմանատիպ դատական ակտերը պատշաճ ուղարկվել են կողմերին. նշված որոշումը դատավարական օրենքով սահմանված ժամկետում կողմերին չուղարկելը եղել է անփութության և ոչ թե դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք։

Դատավորը հայտնել է, որ թեև ձևական առումով առկա են իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն Բարձրագույն դատական խորհրդի կողմից 10.12.2020 թվականին կայացված թիվ ԲԴԽ-64-Ո-Կ-17 որոշման մեջ նշված հիմնավորումների հաշվառմամբ դրանք կասկածի տակ չեն դնում իր՝ որպես Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հանգեցնում դատական իշխանության հեղինակազրկմանը:

Դատավորը նաև վկայակոչել է Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշումը և հայտնել, որ 2020 թվականին՝ գրեթե ողջ տարին, աշխատել է արտակարգ դրության պայմաններում, 2019 թվականից փոխանցվել է 1454 գործ, 2020 թվականին ստացել է 1194 գործ (42 գործով հայցադիմումները վերադարձվել են, 2 գործով հայցադիմումները վարույթ ընդունելը մերժվել է), հետևաբար 2020 թվականին իր վարույթում է գտնվել 2648 գործ, ավարտել է 1892 գործ, անավարտ գործերի թիվը կազմում է 694 գործ։ Բացի այդ արդեն տասնմեկ տարի աշխատում է որպես դատավոր, իր պարտականությունները կատարում՝ բարեխղճորեն, մասնավորապես 2020 թվականին աշխատել է գերծանրաբեռնված, այս պահի դրությամբ նույնպես աշխատանքը դյուրին չէ, նախկինում՝ 2019 թվականին, հարուցվել է կարգապահական վարույթ, սակայն տույժ չունի, իսկ կարգապահական վարույթը կարճվել է։

Վերոգրյալի հիման վրա՝ Դատավորը խնդրել է Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել:

Սույն գործով Բարձրագույն դատական խորհրդում կայացած դատական նիստի ընթացքում Դատավորը պնդել է վերն արտահայտած դիրքորոշումները:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) 07.02.2020 թվականին Արմինե Հովհաննիսյանի ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Զավեն Զոհրաբյանի` ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և անչափահասների բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Հայցադիմումը 07.02.2020 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս կողմից ստացվել՝ 10.02.2020 թվականին:

2) Դատարանը (դատավոր Արթուր Միշայի Մկրտչյան) 18.02.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Նշված որոշման մասին տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացվել են 22.06.2020 թվականին:

3) Հայցվոր կողմը չի ստացել վերը նշված որոշումը, ինչի կապակցությամբ Դատարանի նախագահին 23.04.2020 թվականին ներկայացրել է դիմում՝ շարադրելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ հաղորդման մեջ նշված փաստական տվյալները և խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ գործի հետագա ընթացքն ապահովելու համար:

4) Դատարանի նախագահի կողմից վերը նշված դիմումը 29.04.2020 թվականին հասցեագրվել է Դատավորին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

5) Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 18.02.2020 թվականի որոշումը Արմինե Հովհաննիսյանին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ (գրությունը Դատարանի գրասենյակից ելքագրվել է հաջորդ օրը՝ 27.05.2020 թվականին) և այն հասցեատիրոջ կողմից ստացվել է 04.06.2020 թվականին:

6) Դատարանի 31.08.2020 թվականի որոշմամբ 30.09.2020 թվականին գործով հրավիրվել է առաջին նախնական դատական նիստը (նիստի վերաբերյալ ծանուցումները կողմերին ուղարկվել են 11.09.2020 թվականին), որը կայացել է և հետաձգվել:

7) Դատարանի 30.09.2020 թվականի որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:

8) Թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել 01.12.2020 թվականին:

9) Դատարանի 01.12.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության 16.03.2021 թվականին, ժամը` 17:00-ին:

10) Դատավորն իր բացատրությամբ ընդունել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն իսկապես դատավարության մասնակիցներին ուղարկվել է դատավարական օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

11) Ըստ ստացված տեղեկատվության՝ Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակի աշխատակիցների «COVID-19» վիրուսով վարակվելու պատճառով գրասենյակի բնականոն աշխատանքը չի խաթարվել, այն շարունակել է աշխատել:

12) Ըստ 2020 թվականի 1-ին կիսամյակում Դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ տվյալների՝ 2019 թվականից առկա է 1454 փոխանցված գործ, 2020 թվականին ստացվել է 683 գործ, որից կարճվել է 50, ավարտվել է 1139 գործ, անավարտ՝ 940 գործ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի և անդամի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը նախ էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ,

2. արդյո՞ք թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտման:

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումն ամեն դեպքում համարվում է կարգապահական խախտում:

Բարձրագույն դատական խորհուրդը, հանդիսանալով դատավորի և դատական իշխանության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այն հաշվով, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջի ապահովումը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:

Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատվել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերը ներկայացված իրավական վերլուծության արդյունքում անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ («Ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը») հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում։

Օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

Ըստ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:

Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, այլ միտված է առավել արդյունավետ դարձնելու ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանությունը, միաժամանակ փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկելու օրենքով սահմանված ժամկետը, այդ կերպ առաջացնելով Օրենսգրքի 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված դրույթների իրագործման խոտան, ինչը հանգեցրել է դատավարության մասնակիցների համար բացասական հետևանքների, մասնավորապես չի նպաստել կողմերի խախտված իրավունքների արագ վերականգնմանը և չի ձևավորել վերջիններիս համար կանխատեսելիության մթնոլորտ:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ Դատարանը պարտավոր էր 18.02.2020 թվականին կայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկել, մինչդեռ Հայցվորին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ: Այսինքն, որոշումը կայացվելուց ավելի քան 3 ամիս անց:

Ամփոփելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման։

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը, սույն գործի առանձնահատկությամբ պայմանավորված անհրաժեշտ է համարում անդրադառնալ Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ սույն դեպքում օրենքով սահմանված ժամկետի խախտումը պայմանավորված է եղել աշխատանքային ծանրաբեռնվածությամբ և թագավարակի համաճարակով, և ընդգծում է, որ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մի շարք վարույթներում դատավորների կողմից մասնավորապես գերծանրաբեռնվածության փաստարկը ներկայացվել է, սակայն Բարձրագույն դատական խորհուրդն այդ փաստարկով չի արդարացրել թույլ տրված խախտումները (տե΄ս Բարձրագույն դատական խորհրդի 07.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-5-Ո-Կ-03, 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումներ), այնուամենայնիվ Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում «COVID-19» վարակի համաճարակը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում համաճարակով պայմանավորված եղել են նաև օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել արդարադատություն իրականացնելիս Դատավորի գործունեության բնականոն ընթացքի երբեմնի խաթարման վրա, և Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը եղել է անփութության և ոչ դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում է նաև, որ չնայած թույլ տրված դատավարական նորմի խախտման, կարևոր է արձանագրել, որ համաձայն ներկայացված նյութերի, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն: Դատավորի արարքը չի հանգեցրել դատական իշխանության հեղինակազրկմանը, դրանով չեն խախտվել երեխայի իրավունքները և օրինական շահերը, և այն կարող է գնահատվել իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից, իսկ երեխան օրենքի ուժով (ՀՀ ընտանեկան օրենսգիրք) կարող է բնակվել ծնողներից ցանկացածի հետ, իսկ կայացվելիք վճիռը միայն որոշակիություն կմտցնի կողմերի հարաբերությունների մեջ:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի կողմից վկայակոչված արագացված դատաքննության կարգի կիրառման հնարավորության վերաբերյալ օրենսդրական կարգավորմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ արագացված դատաքննության կիրառումը դատարանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թեև ձևական առումով առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն վերը նշված հիմնավորումների հաշվառմամբ գտնում է, որ Դատավորին առերևույթ դատական իշխանությունը հեղինակազրկող վարքագծի կանոնի խախտում վերագրելը չի կարող կասկածի տակ դնել վերջինիս համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը՝ հաշվի առնելով նաև վերջինիս պրոֆեսիոնալիզմը, բարոյաէթիկական հատկանիշները և մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորը չի ունեցել կարգապահական որևէ տույժ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամ

 

Ա. Մխիթարյան

Անդամներ`

Հատուկ կարծիք

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

Հատուկ կարծիք (որոշման

պատճառաբանական մասի

վերաբերյալ)

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

   

Մ. ՄԱԿՅԱՆ

Հատուկ կարծիք

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

   

Ս. Միքայելյան

   

Ս. ՉԻՉՈՅԱՆ

Հատուկ կարծիք (որոշման

պատճառաբանական մասի

վերաբերյալ)

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Հատուկ կարծիք (որոշման

պատճառաբանական մասի

վերաբերյալ)

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«5» մայիսի 2021 թ.

ք.Երևան

 

 Սույն թվականի ապրիլի 8-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) որոշում կայացրեց (այսուհետ՝ Որոշում) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին: Համաձայն չլինելով Խորհրդի որոշման պատճառաբանական մասի հետ՝ սույն Հատուկ կարծիքի շրջանակում ցանկանում ենք հիմնավորել մեր կարծիքը Դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության չենթարկելու պատճառների վերաբերյալ:

1. Մեր համոզմամբ՝ Խորհուրդը իր գործունեության ընթացքում և մասնավորապես՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ քննելիս և որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվի արդարության, անաչառության, անկողմնակալության, համաչափության, դատավորների վարքագծի գնահատման միասնական չափանիշների կիրառման և խտրականության բացառման սկզբունքներով: Սույն կարգապահական վարույթի շրջանակում մեր կողմից Հատուկ կարծիք ներկայացնելը պայմանավորված է հետևյալ նկատառումներով:

2. Գտնում ենք, որ սույն թվականի ապրիլի 5-ի՝ դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու՝ Խորհրդի որոշ անդամների թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմանը հաջորդիվ դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարելը խնդրահարույց է սույն կարծիքի առաջին կետում նշված սկզբունքների պահպանման տեսանկյունից:

 3. Դատավոր Կարինե Պետրոսյանի գործով «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 05 ապրիլի 2021թ. թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ» Խորհրդի երեք անդամների հատուկ կարծիքում նշվել է, որ այդ գործով`

«17. (...) դատարանը կիրառել է չգործող նորմ, այն դեպքում, երբ դատավորը պարտավոր է իմանալ օրենսդրությունը, դրանում կատարվող փոփոխությունները, միջնորդությամբ վերջինիս համար նշվել է գործող նորմը, սակայն դատավորը կիրառել և հիմնավորել է միջնորդությունը չգործող նորմով, իսկ, այնուհետև, իր բացատրություններով փորձել է հերքել կամ խեղաթյուրել ակնհայտը»...

18. (...) Դատավորի վերոնշյալ գործողությունները հիմնավորում են, որ խախտումը թույլ է տրվել դիտավորությամբ և նման պայմաններում դատական ակտում ուժը կորցրած նորմի կիրառումը արդեն իսկ բացասական հետևանք է արդարադատության համար։ Նման պայմաններում խախտումը չի կարող ունենալ նվազ կարևորություն և չհեղինակազրկել դատական իշխանությունը։ Խորհուրդը իրավունք չուներ մտնել նյութաիրավական դաշտ և կանխատեսել դատարանի հնարավոր որոշումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի գործող նորմի կիրառության դեպքում։ Խորհրդի նման որոշումը նախադեպ է ստեղծում և թույլ տալիս դատարաններին շարունակել կիրառել ուժը կորցրած նորմերը՝ վստահ լինելով, որ նման մեկնաբանման արդյունքում կազատվեն պատասխանատվությունից...»։

4. Գտնում ենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանի արարքում կարգապահական պատասխանատվության հիմքեր առկա էին, սակայն ակներև է նաև, որ դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տված արարքում այդ հիմքերը շատ ավելի լուրջ էին, սակայն, չնայած դրան, Խորհրդի որոշ անդամների որոշմամբ դատավոր Կարինե Պետրոսյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության:

«ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդը նախ՝ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը»:

Այսինքն՝ խախտման առկայությունը քվեարկությամբ փաստելուց հետո, Խորհուրդը, Օրենսգրքի համաձայն, պարտավոր է կիրառել կարգապահական տույժերից որևէ մեկը: Խորհուրդը թե՛ դատավոր Կարինե Պետրոսյանի, և թե՛ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով կիրառել է նույն՝ խախտման նվազ կարևորության վերաբերյալ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավանորմը: Քանի որ մենք գտնում ենք, որ երկու դեպքում էլ խախտումն առկա էր՝ ընդ որում՝ դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից՝ ավելի ծանր, քան դատավոր Արթուր Մկրտչյանի դեպքում, ապա վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու ցանկացած որոշման դեպքում, ելնելով Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, անխուսափելիորեն ստիպված էինք լինելու դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ կիրառել Օրենսգրքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը: Ցանկացած կարգապահական տույժի նշանակման դեպքում, սակայն, խտրական վերաբերմունք կդրսևորվեր դատավոր Արթուր Մկրտչյանի հանդեպ:

Այս պայմաններում, գտնում ենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կհակասեր արդարության, անաչառության, անկողմնակալության, համաչափության, դատավորների վարքագծի գնահատման միասնական չափանիշների կիրառման և խտրականության բացառման սկզբունքներին:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ____________________

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ____________________

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ ____________________

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Բարձրագույն դատական խորհրդի 08 ապրիլի 2021թ. թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) 2021թ. ապրիլի 8-ին քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 25-ի թիվ Կ-16/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը (այսուհետ՝ Միջնորդություն) որոշել է․ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել» (այսուհետ՝ Որոշում): Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 27.04.2021թ.։

Միջնորդության բավարարման օգտին են քվեարկել Խորհրդի նիստին մասնակցած Խորհրդի 9 անդամներից 2-ը, 5 անդամ քվեարկել է դեմ (որոնցից երեքը պատճառաբանական մասի վերաբերյալ ներկայացրել են հատուկ կարծիք), ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ընդունվել է միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում։

Համաձայն չլինելով Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, գտնում ենք, որ դատավոր Արթուր Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կողմից թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով թույլ է տրվել այնպիսի կարգապահական խախտում, որի համար Դատավորը պետք է ենթարկվեր պատասխանատվության, ուստի ներկայացնում ենք սույն հատուկ կարծիքը։

 

1. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) 07.02.2020 թվականին Արմինե Հովհաննիսյանի ներկայացուցիչ Էլինա Գյուրջյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Զավեն Զոհրաբյանի` ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և անչափահասների բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին:

Հայցադիմումը 07.02.2020 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս կողմից ստացվել՝ 10.02.2020 թվականին:

2) Դատարանը (դատավոր Արթուր Միշայի Մկրտչյան) 18.02.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։

3) Հայցվոր կողմը չի ստացել վերը նշված որոշումը, ինչի կապակցությամբ Դատարանի նախագահին 23.04.2020 թվականին ներկայացրել է դիմում՝ շարադրելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ հաղորդման մեջ նշված փաստական տվյալները և խնդրելով անհապաղ ձեռնարկել միջոցներ գործի հետագա ընթացքն ապահովելու համար:

4) Դատարանի նախագահի կողմից վերը նշված դիմումը 29.04.2020 թվականին հասցեագրվել է Դատավորին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

5) Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 18.02.2020 թվականի որոշումը Արմինե Հովհաննիսյանին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ (գրությունը Դատարանի գրասենյակից ելքագրվել է հաջորդ օրը՝ 27.05.2020 թվականին) և այն հասցեատիրոջ կողմից ստացվել է 04.06.2020 թվականին: Նշված որոշման մասին տեղեկությունները «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացվել են 22.06.2020 թվականին:

6) Դատարանի 31.08.2020 թվականի որոշմամբ 30.09.2020 թվականին գործով հրավիրվել է առաջին նախնական դատական նիստը (նիստի վերաբերյալ ծանուցումները կողմերին ուղարկվել են 11.09.2020 թվականին), որը կայացել է և հետաձգվել:

7) Դատարանի 30.09.2020 թվականի որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:

8) Թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել 01.12.2020 թվականին:

9) Դատարանի 01.12.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3870/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննության 16.03.2021 թվականին, ժամը` 17:00-ին:

10) Դատավորն իր բացատրությամբ ընդունել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն իսկապես դատավարության մասնակիցներին ուղարկվել է դատավարական օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

11) Ըստ ստացված տեղեկատվության՝ Դատարանի Քանաքեռ նստավայրի գրասենյակի աշխատակիցների «COVID-19» վիրուսով վարակվելու պատճառով գրասենյակի բնականոն աշխատանքը չի խաթարվել, այն շարունակել է աշխատել:

12) Ըստ 2020 թվականի 1-ին կիսամյակում Դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ տվյալների՝ 2019 թվականից առկա է 1454 փոխանցված գործ, 2020 թվականին ստացվել է 683 գործ, որից կարճվել է 50, ավարտվել է 1139 գործ, անավարտ՝ 940 գործ:

13) Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 2020թ. մարտի 16-ի ժամը 18:30-ից (տե՛ս ՀՀ Կառավարության 16.03.2020 թվականի N 298-Ն որոշում)։

14) Դատավորը միջնորդել է մերժել միջնորդությունը հղում անելով Օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին։

 

2. Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ կապված մեկնաբանություններ

1) Որոշմամբ միջնորդությունը մերժած Խորհրդի անդամներն արձանագրել են, որ «Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման։»:

2) Չնայած խախտման փաստի արձանագրմանը, Խորհուրդը որոշել է մերժել պատասխանատվության կիրառումը, քանի որ. «(․․.)հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում «COVID-19» վարակի համաճարակը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում համաճարակով պայմանավորված եղել են նաև օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն են ունեցել արդարադատություն իրականացնելիս Դատավորի գործունեության բնականոն ընթացքի երբեմնի խաթարման վրա, և Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը եղել է անփութության և ոչ դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք:»։

3) Մեզ համար անընդունելի են միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների կողմից վերը բերված պատճառաբանությունները։ Մասնավորապես Որոշման մեջ անտեսվել է այն հանգամանքը, որը կողմերին հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու Դատավորի պարտականությունը ծագել է մինչև կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումը, ինչը հաստատվում է նաև Որոշմամբ։

4) Դեռ ավելին, գործի նյութերով հիմնավորվում է, որ Դատավորի այն բացատրությունը, թե իբր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին ուշ ուղարկելը պայմանավորված է եղել դատարանի գրասենյակի աշխատանքի խափանմամբ, հերքվել է ինչպես Դատարանի գրությամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը գրասենյակին Դատավորի աշխատակազմի կողմից հանձնելու հենց հաջորդ օրն այն ուղարկվել է կողմերին։

5) Ակնհայտ է, որ Որոշման մեջ նշված այն եզրահանգումը, որ. «(...)Դատավորի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը եղել է անփութության և ոչ դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունք», նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես հիմնավորվում է գործի նյութերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումը Դատավորի կողմից վերացվել է միայն Դատարանի նախագահի կողմից հայցվորի դիմումը 29.04.2020 թվականին Դատավորին հասցեագրվելուց հետո շուրջ մեկ ամիս անց՝ 26.05.2020 թվականին։ Անհասկանալի է, թե ինչու Որոշման մեջ Խորհուրդը քննարկելով Դատավորի կողմից ժամկետների բացթողումը, փաստելով, որ. «(...)Դատարանը պարտավոր էր 18.02.2020 թվականին կայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն օրենքով սահմանված եռօրյա ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկել, մինչդեռ Հայցվորին ուղարկվել է Դատավորի օգնականի 26.05.2020 թվականի գրությամբ: Այսինքն, որոշումը կայացվելուց ավելի քան 3 ամիս անց:», չի անդրադառնում Հայցվորի սույն կետում նշված դիմումին, ինչը ուղղակի պատճառ է հանդիսացել Դատավորի կողմից խախտման վերացման։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը օրենքով նախատեսված ժամկետում կողմերին չուղարկելը և հայցվորի կողմից այդ մասին հայտնելուց հետո որոշումը մեկ ամիս անց նոր ուղարկելը, այսինքն նույնիսկ դիմումից հետո անմիջապես գործողություններ չձեռնարկելը հաստատում են, որ խախտումը եղել է կոպիտ անփութության և ոչ թե անփութության արդյունք։

6) Համաձայն չենք նաև Միջնորդության մերժման հիմքում դրված Որոշման հետևյալ հիմնավորումների հետ. «Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում է նաև, որ չնայած թույլ տրված դատավարական նորմի խախտման, կարևոր է արձանագրել, որ համաձայն ներկայացված նյութերի, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն: Դատավորի արարքը չի հանգեցրել դատական իշխանության հեղինակազրկմանը, դրանով չեն խախտվել երեխայի իրավունքները և օրինական շահերը, և այն կարող է գնահատվել իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից, իսկ երեխան օրենքի ուժով (ՀՀ ընտանեկան օրենսգիրք) կարող է բնակվել ծնողներից ցանկացածի հետ, իսկ կայացվելիք վճիռը միայն որոշակիություն կմտցնի կողմերի հարաբերությունների մեջ»:

7) Քննարկվող գործով որոշումը ժամանակին չուղարկելու հետևանքով առաջացած բացասական հետևանքների արդյունքում Դատավորի դատավարական անգործությունն ուղղակիորեն ազդել է գործի հետագա ընթացքի վրա:

8) Մասնավորապես հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին չուղարկելու արդյունքում դատավարությունը մտել է փակուղի, ինչն էլ հանգեցրել է նրան, որ գործով առնվազն 7 ամիս դատական նիստ չի հրավիրվել, և քանի դեռ պատասխանողի պատասխան կամ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքներն ապահովված չէին, հնարավոր չէր գործի ըստ էության քննությանն ուղղված կատարել անհրաժեշտ դատավարական գործողություններ: Ընդ որում, ալիմենտի գանձման պահանջի մասով կարող էր կիրառվել արագացված դատաքննություն, ինչն էլ իր հերթին ընդգծում է նման պահանջով դատական վարույթն անհապաղ սկսելու, ըստ այդմ՝ վարույթի սկիզբն ազդարարող հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն առնվազն եռօրյա ժամկետում կողմին ուղարկելու անհրաժեշտությունը:

9) Փաստորեն, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին չուղարկելու արդյունքում այլևս հնարավոր չէր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածով, 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատավարական գործողությունները, այսինքն՝ դրանք այլևս չեն կատարվել հենց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ գործի քննության սկիզբն ազդարարելու մասին տեղեկության բացակայության, այն կողմին ուղարկված չլինելու և այդ ուղղությամբ Դատավորի կողմից գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում: Ընդ որում, «DataLex» դատական տեղեկատվական համակարգում լրացված չեն եղել հայցադիմումի դատավարական ընթացքի մասին տեղեկությունները, և էլեկտրոնային եղանակով ևս կողմերը զրկված են եղել հայցադիմումի ընդունման մասին տեղեկություն ստանալու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրենց դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություններից:

10) Բացի այդ, գործով ներկայացված պահանջներն իրենց հերթին պարզապես ընդգծում են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ժամանակին ուղարկելու իրավական նշանակությունն ու արժեքը և բացահայտում են այն չուղարկելու Դատավորի անգործությունից բխող բացասական հետևանքները:

11) Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանա»: «Երեխայի իրավունքների մասին» (20 նոյեմբերի 1989 թվական) կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»: Նույն հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականություններն, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները»:

12) Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. Նոյեմբերի 4) 7-րդ արձանագրության 5-րդ հոդվածի՝ «Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում ամուսինների հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում: Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար»:

13) Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն երեխայի լավագույն շահերով ( C.v. Finland գործով 2006թ. մայիսի 9-ի վճիռ, Olsson v. Sweden գործով 1988թ. Մարտի 24-ի վճիռը):

14) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ապահովվի հավասարակշռություն երեխայի և ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գործընթացում առանձնակի կարևորություն պետք է վերապահել երեխայի շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և շրջանակներից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ անկախ իր բնակության վայրից (…)»: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով»:

15) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

2. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

3. Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման»:

16) Ամբողջ վերոշարադրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովմանը միտված օրենսդրությամբ սահմանվել են այնպիսի կարգավորումներ, որոնք ստեղծում են պայմաններ հնարավորինս արագ և արդյունավետ ապահովելու երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը՝ դրանք գերակա համարելով անգամ ծնողական իրավունքներից ու պարտականություններից, միևնույն ժամանակ՝ սահմանելով այնպիսի մեխանիզմներ, որոնց պրակտիկ կիրառման արդյունքում երեխաների շահերը ենթարկվեն ուղղակի պաշտպանության՝ անկախ ծնողների վարքագծից: Վերը նշվածի մասին են վկայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ կարգավորումները, որոնք ոչ միայն հնարավորություն են ստեղծում, այլև՝ պարտականություն են դնում դատարանի վրա չսահմանափակվել գործին մասնակցող անձանց միջնորդություններով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հայցի ապահովման կարգով գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ կարող է հանգեցնել ներկայացված պահանջի փաստացի կատարման՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով: Ընդ որում, եթե ծնողների գործողությունները կամ անգործությունը հակասում են երեխայի լավագույն շահերին, ապա դատարանը պարտավոր է ինքնուրույն միջամտել և իր նախաձեռնությամբ կատարել այնպիսի գործողություններ, որոնք պետք է ուղղված լինեն երեխայի լավագույն շահերի պաշտպանությանն ու կոնկրետ դեպքով կյանքի կոչեն երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը՝ այդ գործերով ցուցաբերելով առանձնահատուկ ուշադրություն, ջանասիրություն և հոգատարություն:

17) Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական այն բոլոր գործողությունները, այդ թվում՝ հայցադիմում վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելն ու դրանից բխող հետագա դատավարական գործողությունները, երեխաների ապրուստի և բնակելի տարածության օգտագործման իրավունքի ճանաչման վերաբերյալ հարցերով գործի քննության ժամանակ պետք է կատարվեն հնարավորինս արագ և արդյունավետ կերպով, և նման գործերով դատավարությունը դատավորը պետք է կազմակերպի այնպես, որպեսզի երեխաների իրավունքների պաշտպանության հայցին հնարավորինս շուտ տրվի դատական լուծում՝ սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու հարցից:

18) Ի հակառակը վերոգրյալի, Խորհուրդը որոշել է, որ «(․․․)Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չի հանգեցրել այնպիսի հետևանքների, որոնք առաջացրել են իրավունքի անհամաչափ սահմանափակում, կամ իրավունքից զրկում կամ կողմի համար առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություն: (...) չեն խախտվել երեխայի իրավունքները և օրինական շահերը, և այն կարող է գնահատվել իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից, իսկ երեխան օրենքի ուժով (ՀՀ ընտանեկան օրենսգիրք) կարող է բնակվել ծնողներից ցանկացածի հետ, իսկ կայացվելիք վճիռը միայն որոշակիություն կմտցնի կողմերի հարաբերությունների մեջ»։ Չհամաձայնվելով Խորհրդի նշված եզրահանգման հետ, պետք է արձանագրել, որ Դատավորի գործողությունները կողմերի համար անմիջականորեն հանգեցրել են իրավունքի անհամաչափ սահմանափակման, քանի որ հայցվորը զրկված է եղել սպասվելիք բավարարումը ժամանակին ստանալուց, պատասխանողը՝ հայցադիմումի պատասխան ժամանակին ներկայացնելուց։ Հայցվորը ստիպված կատարել է լրացուցիչ գործողություններ՝ Դատավորի անգործությունը վերացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում, նոր, ուղղվել է խախտումը։

19) Ակնհայտ է, որ Դատավորի գործողությունների արդյունքում երեխան տևական ժամանակ զրկված է եղել (հայցադիմումը ներկայացվել է 07.02.2020թ., իսկ գործը դատաքննության է նշանակվել 16.03.2021 թվականին, ժամը` 17:00-ին) ապրուստի միջոց, այն է՝ ալիմենտ ստանալու հնարավորությունից։ Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամների այն պատճառաբանությունը, որ խախտումը կարող է գնահատվել «(...)իբրև նվազ կարևորություն ունեցող խախտում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից(...)» չի կարող որևէ կերպ ընդունելի լինել մեզ համար։ Ալիմենտի վճարումը ոչ թե եկամուտ ստանալու այլ ապրուստի համար միջոցներ ունենալու նպատակ է հետապնդում։ Կարևորելով ալիմենտի ժամանակին վճարումը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 96-րդ հոդվածը իրավունք է տալիս դատարաններին ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։ Ակնհայտ է, որ ալիմենտային պարտավորությունների ողջ նպատակը ժամանակին և հնարավորինս արագ ապրուստի միջոց տրամադրելու պարտականության ամրագրումն է, այնինչ, Որոշմամբ խեղաթյուրվում է այդ սկզբունքը և Դատավորի գործողություններն արդարացնելու համար փաստացի նշվում է, որ դատարան դիմելու պահից ալիմենտ հաշվարկելու հնարավորությունը «թույլ է տալիս» դատարաններին ձգձգել նմանատիպ գործերի քննությունը։ Այնինչ, նման մեկնաբանության պայմաններում դատարանների կողմից ալիմենտային գործերով ձգձգումները կարող են հանգեցնել նրան, որ թեկուզև հայցվորը տևական ժամանակ հետո պատասխանողից կլորիկ գումար ստանալու իրավունք կունենա, սակայն, իրականում, երկարատև դատական գործընթացի արդյունքում կանգնած կլինի ապրուստի միջոցներ հայթայթելու խնդրի առջև։ Կոպիտ ասած Որոշումից ստացվում է, որ «նորմալ է, եթե երեխան մեկ կամ երկու տարի սոված մնա, փոխարենը վերջում խոշոր գումար կստանա»։

20) Որոշմամբ Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամներն անդրադարձել են միայն հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին ուշ ուղարկելու հանգամանքին, այնինչ, Միջնորդության մեջ որպես խախտում է նշված նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուշ ուղարկելու արդյունքում առնվազն 6 ամիս դատական նիստ չհրավիրվելու և դրա արդյունքում անհրաժեշտ դատավարական գործողություններն ուշացնելու հանգամանքը: Խորհուրդը պարտավոր էր գործով վերջնական որոշում կայացնելու համար քննարկեր Միջնորդության մեջ նշված բոլոր հիմքերն ու հիմնավորումները, անդրադառնար այն հանգամանքին, թե ինչ կլիներ, եթե հայցվորը չհիշեցներ Դատավորի անգործության մասին, ինչը չի կատարվել։

21) Որոշմամբ չի քննարկվել նաև Դատավորի կողմից ներկայացված պատասխանում բերված առարկությունը վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու ժամկետների խախտման վերաբերյալ, որպիսի հանգամանքը դարձել է նաև քննարկման առարկա գործի բանավոր քննության փուլում։ Դատավորը գտել է, որ վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենքով սահմանված ժամկետները, և համաձայն է եղել այդ հիմքով վարույթի կարճմանը։ Դատավորը նշել է, որ Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է եռամսյա ժամկետ վարույթ հարուցելու համար այն դեպքում, երբ վարույթը հարուցվում է դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով։ Հանձնաժողովը առարկել է և նշել, որ վարույթի հարուցման հիմք է հանդիսացել Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը, որից ածանցվել է արդեն դատավորի վարքագծի կանոնների խախտումը, ուստի, որպես ժամկետների հաշվարկման հիմք պետք է դիտել Օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սահմանում է վարույթի հարուցման մեկ տարվա ժամկետ։

22) Կարծում ենք Խորհուրդը պարտավոր էր անդրադառնալ վարույթների հարուցման ժամկետների պահպանման այս կարևոր հարցին, որը չի կատարել։ Այնուամենայնիվ սույն հատուկ կարծիքի ամբողջականության ապահովման նպատակով մենք գտնում ենք, որ սույն գործի փաստերի համատեքստում ավելի հիմնավոր է Հանձնաժողովի կողմից բերված բացատրությունը, քանի որ գործի նյութերից ակնհայտ է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտումներն ածանցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումից, և առանց դատավարական նորմի խախտման սույն գործով չէր ծագի նաև վարքագծի կանոնների խախտման հարց։ Ուստի ցանկացած վարույթի ընթացքում, երբ հարց է ծագում ժամկետների պահպանման մասին, անհրաժեշտ է նախ և առաջ ուշադրություն դարձնել՝ պահպանվել են արդյո՞ք հիմնական խախտման համար վարույթ հարուցելու ժամկետները։

23) Վերոգրյալի արդյունքում գտնում ենք, որ Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման։ Խախտումը կատարվել է կոպիտ անփութությամբ, բացակայում են Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերը, և Խորհուրդը պարտավոր էր բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և դատավոր Արթուր Մկրտչյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։Բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ ___________________

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ ___________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան