ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 603-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-908-24.03.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-908-24.03.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նաև Նախագիծ) նախատեսվում է փոփոխություն և լրացումներ իրականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 169.28-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է սահմանում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։ Ընդ որում, Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելուն։ Մասնավորապես, ներկայացված Նախագծով առաջարկվում է 169.28-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝ առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ»:
Նախագծով առաջարկվում է նաև նշված հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր՝ 6-րդ և 7-րդ մասերով, այն է՝
«6. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երկրորդ անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով։
7. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»։
Օրենսգրքում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ ներկայումս հայտարարագիր լրացնում և ներկայացնում են նաև հանրային ծառայողները, որոնց դեպքում գործող տուգանքի չափը անհամաչափ է, քանի որ վերջիններս վարձատրվում են շատ ավելի ցածր։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.
«Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:»։
Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո՝ քառօրյա ժամկետում: Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված է (…):»։
Վերը նշվածից պարզ է դառնում, որ հայտարարագիր ներկայացնելուց հետո անձը կարող է չհրապարակված հայտարարագրում քառօրյա ժամկետում իրականացնել ներկայացված տեղեկատվության շտկում: Ավելին, երբ հայտարարատուն հրապարակված հայտարարագրում հայտնաբերում է անհամապատասխանություն, սեփական դիմումի հիման վրա կարող է շտկել այն: Այսինքն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված են համապատասխան օբյեկտիվ երաշխիքներ, որոնց պայմաններում անձը հնարավորություն ունի վերացնելու իր կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները, այդ թվում՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալները:
Վերոգրյալ կարգավորումների պայմաններում, երբ առկա են օրենսդրորեն տրված հնարավորություններ՝ հայտարարագրում առկա անհամապատասխանություններն անձի կողմից ինքնուրույն շտկելու համար, հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար նախազգուշացում կիրառելը փաստացի կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ հայտարարատուները, վստահ լինելով, որ զանցանքի համար նախատեսված է նախազգուշացում, հայտարարագրերի նկատմամբ դրսևորեն առավել անփույթ վարքագիծ: Մինչդեռ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր խախտման դեպքով իրականացվում է համապարփակ ուսումնասիրություն, հարուցվում է վարույթ, ինչը պահանջում է Հանձնաժողովի ռեսուրսների ներդրում:
Այդ համատեքստում պետք է ուշադրություն դարձնել նաև նշված իրավախախտման վտանգավորության աստիճանին և տույժի սահմանմամբ հետապնդվող նպատակին: Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածի շրջանակում նկարագրվող գրեթե բոլոր իրավախախտումների համար կիրառվում է տուգանք վարչական տույժը: Ընդ որում, միակ իրավախախտումը, որի համար նախատեսվում է նախազգուշացում, այն է՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելը, հիմնականում կրում է տեխնիկական բնույթ, և տվյալ դեպքում խախտվում են միայն հայտարարագրի ձևին ներկայացվող օրենսդրական պահանջները:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հոդվածով նկարագրված զանցանքները բովանդակային առումով ուղղված են կոռուպցիոն հնարավոր երևույթները քողարկելուն, ուստի նշված շրջանակում իրականացվող իրավախախտումներն ունեն առավել բարձր վտանգավորություն:
Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարչական պատասխանատվության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում՝ ամրագրելով, որ արարքի ֆինանսական պատասխանատվությունն այնպիսի զսպող միջոցի կիրառմամբ, ինչպիսին տուգանքն է, պետության հայեցողության տիրույթում է (Վալիկո ՍՊԸ-ն ընդդեմ Իտալիայի (Valicօ S.r.l. v. Italy) 2006 թ. մարտի 21-ի որոշում)1:
ՀՀ սահմանադրական դատարանն իր հերթին 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները: Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով: Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը:»:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «…համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:»:
Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին և բավարար է տույժի նշանակման նպատակներին հասնելու տեսանկյունից: Իսկ սույն դեպքում, կարծում ենք, որ տուգանքի ձևով վարչական տույժի սահմանումը բավարարում է այդ չափանիշներին:
Ասվածը հիմնավորվում է նաև արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությամբ: Այսպես, նախ՝ հարկ է նշել, որ քննարկվող իրավախախտման համար պատասխանատվություն (և՛ վարչական, և՛ քրեական) սահմանված է նաև մի շարք երկրներում, որոնց փորձը, որոշակի տարբերություններով հանդերձ, վկայում է այն մասին, որ հայտարարագիրը սահմանված կարգով չներկայացնելու կամ սխալ ու ոչ ամբողջական ներկայացնելու համար սահմանվում է համեմատաբար խիստ պատասխանատվություն:
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» դաշնային օրենքի2 համաձայն՝ այն պաշտոնատար անձը, ով սահմանված կարգով չի ներկայացրել եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին հայտարարագիրը կամ ծախսերի վերաբերյալ հայտարարագիրը կամ վերջինիս մեջ թերի կամ ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել, ազատվում է զբաղեցրած պաշտոնից։
Գերմանիայի՝ «Բունդեսթագի անդամների վարվելակերպի կանոնների մասին» օրենքի համաձայն3՝ եթե Բունդեսթագի անդամն իր եկամուտներն ու գույքը, ինչպես նաև մատուցված ծառայությունները չի հայտարարագրել, ապա նրա նկատմամբ կարող է սահմանվել տուգանք, որը չպետք է գերազանցի վերջինիս տարեկան աշխատավարձի կեսը, իսկ թեթև վտանգավորության արարքի դեպքում՝ կարող է տրվել նախազգուշացում։
Ֆիլիպինների՝ «Հանրային ծառայողների և աշխատողների էթիկայի և վարվելակերպի կանոնների մասին» օրենքի համաձայն4՝ եթե պաշտոնատար անձը պատշաճ կերպով չի ներկայացրել հայտարարագիրը, ապա պետք է վճարի տուգանք, որը չի գերազանցում վերջինիս տարեկան աշխատավարձի կեսը, կամ նրա պաշտոնավարումը կասեցվում է մինչև մեկ տարի ժամկետով, կամ եթե արարքն առավել վտանգավոր է, ապա վերջինս կարող է ազատվել աշխատանքից։
Բելգիայի՝ «Մանդատի, գործառույթների և գույքային ակտիվների հայտարարագրման պարտավորության մասին»5 օրենքի համաձայն՝ հայտարարագիրը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում պաշտոնատար անձը պետք է վճարի տուգանք՝ 100-ից 1000 եվրոյի սահմաններում, իսկ եթե նույն արարքը վերջինիս կողմից 3 տարվա ընթացքում կրկնվել է, ապա տուգանքի չափերը եռապատկվում են։
Ավելի մեղմ սանկցիաներ են նախատեսվում, օրինակ, Շվեդիայի՝ «Ռայխստագի անդամների տնտեսական շահերի և պարտավորությունների մասին»6 օրենքով, որի համաձայն՝ եթե Ռայխստագի անդամը պատշաճ չի ներկայացրել հայտարարագիրը, ապա այդ մասին հայտարարվում է լիագումար նիստի ժամանակ։ Մեծ Բրիտանիայում7 Համայնքների պալատի անդամի վարվելակերպի կանոնների համաձայն՝ եթե անդամը չի ներկայացրել հայտարարագիրը, ապա պետք է ներողություն խնդրի նիստի ժամանակ։
Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայտարարագրերում սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կիրառվում են պատասխանատվության խիստ միջոցներ: Օրինակ, ինչպես արդեն նշվեց, տարածված պատասխանատվության տեսակ է զբաղեցրած պաշտոնի դադարեցումը, կասեցումը կամ տուգանքի կիրառումը: Մասնավորապես, կիրառվող տուգանքի չափը կարող է հասնել մի քանի հարյուր եվրոյից կամ դոլարից մինչև մի քանի հազարի, իսկ պաշտոնատար անձի պարտավորությունները կարող են կասեցվել մինչև 1 տարի ժամկետով (օրինակ՝ Բելգիա, Գերմանիա, Ֆիլիպիններ) և այլն: Այլ երկրներում հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվության նախազգուշացում տեսակը հազվադեպ է կիրառվում, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այն սույն իրավախախտման կանխարգելման արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց է:
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը տարբերակել՝ կախված նման խախտումը առաջին, երկրորդ, երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ կատարելու հանգամանքից: Հարկ է նշել, որ սույն իրավախախտման դեպքում «առաջին, երկրորդ կամ երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը» տերմինների կիրառումն իրավական տեսանկյունից խնդրահարույց է։ Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ նույն արարքի համար վարչական պատասխանատվություն կիրառելիս հիմք է ընդունվում վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու հանգամանքը, ինչը պայմանավորված է Օրենսգրքի 38-րդ հոդվածի կարգավորմամբ, համաձայն որի՝ եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարում, համարվում է վարչական տույժի չենթարկված: Այսինքն՝ Օրենսգիրքը համանման իրավահարաբերությունների դեպքում ամրագրում է որոշակի պայմաններ, որոնք, ըստ էության, իրենց արտացոլումը չեն գտել առաջարկվող կարգավորումներում:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նախագծի ընդունումը՝ ներկայացված կարգավորումների տեսքով, համարում է ոչ նպատակահարմար: Միաժամանակ, Նախագծով և հիմնավորմամբ բարձրացվող խնդիրը լուծելու տեսանկյունից առաջարկվում է դիտարկել Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայի ստորին շեմը վերանայելու հնարավորությունը:
____________________
2 https://digital.gov.ru/ru/documents/3419/
3 https://www.bundestag.de/resource/blob/195006/a1232d4a394f7cdee1b9bccc2f374880/code_of_con duct-data.pdf
5 https://www.ejustice.just.fgov.be/cgi_loi/change_lg_2.pl?language=fr&nm=1995021222&la=F