Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.04.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
20.04.2021
Дата вступления в силу
20.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33311/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33311/02/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան
ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի ապրիլի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հարություն Բետխեմյանի ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի`փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գրիգոր Բետխեմյանի ընդդեմ Հարություն Բետխեմյանի, երրորդ անձինք՝ Հայկ Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարություն Բետխեմյանը պահանջել է Երևան քաղաքի Մարկվարտի փողոց 23 տան 1/2-րդ մասի նկատմամբ իրեն ճանաչել Սիրանուշ Սիմոնյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով Գրիգոր Բետխեմյանին ճանաչել Սիրանուշ Սիմոնյանի ժառանգությունն ամբողջ ծավալով ընդունած ժառանգ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 01.09.2020 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հակընդդեմ հայցվոր Գրիգոր Բետխեմյանի միջնորդությունը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2020 թվականի որոշմամբ Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի և 5-րդ մասի դրույթները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գրիգոր Բետխեմյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը գործում առկա է եղել, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, վերաքննիչ բողոքին կրկին այն չի կցվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատարանի կողմից հավելվածի կազմման պարագայում, դրանում ներառված բոլոր փաստաթղթերը պետք է համարել հավաստի, հաշվի առնելով նաև դրա կազմման գործընթացի առանձնահատկությունների հանգամանքը, մասնավորապես այն, որ հավելվածը կազմվում է այն փաստաթղթերի պատճեններից, որոնք առկա են գործում, որից հետո դրանց վրա դատարանի կողմից դրվում է համապատասխան դրոշմակնիք (շտամպ), կազմվում է հավելվածում առկա փաստաթղթերի ցուցակ, որը հավաստվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ և լրացուցիչ նաև կցվում է տվյալ դատարանի պատասխանատուի ուղեկցական գրությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/0028/04/16 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, միաժամանակ նշել է, որ վերաքննիչ բողոք բերած անձի լիազորությունների առկայության փաստը պարզելու համար Վերաքննիչ դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր գործողությունները, մինչդեռ առաջին ատյանի դատարանը չի տրամադրել փաստաբան Տիգրան Ղազարյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ՝ նշելով, որ քաղաքացիական գործի հավելվածում արդեն իսկ առկա է Գրիգոր Բետխեմյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի պատճենը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել, որպես պատշաճ փաստաթուղթ:

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն քաղաքացիական գործի հավելվածում արդեն իսկ առկա է Գրիգոր Բետխեմյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի պատճենը, ինչը լրացուցիչ հանգամանք է լիազորագրի իսկության հավաստիության հարցում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»։

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի միատեսակ կիրառության, մասնավորապես` վերաքննիչ բողոքին ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթուղթը կցելու իրավական հարցը քննելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է և առկա է գործում, ավելին՝ դրա պատճենը ներառվել է նաև գործի հավելվածում:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրանց չի անդրադառնում (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում է բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)՝ կազմելով գործի հավելված:

Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:

Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս՝ դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:

 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական և այլ փաստաթղթերի ստացման, հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նաև արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:

Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները՝ դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.՝ գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլն: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:

Վերը նշվածը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ տվյալ դեպքում գործում է դատարանի կողմից կազմված և հավելվածում ներառված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկության կանխավարկածը, ինչն իրենից ենթադրում է, որ հավելվածում ներառված դատավարական փաստաթղթերի պատճենները չպետք է կասկածի տակ դրվեն զուտ միայն այն պատճառով, որ դրանք պատճեններ են: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք առաջին հերթին պատճենահանվում են դատական գործից՝ դատարաններում գործավարության կանոններին համապատասխան, երկրորդ՝ դատարանի կողմից, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է փաստաթղթերի իսկության կանխավարկածի ապահովման համար, եթե հակառակը չի ապացուցվել:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Հարություն Բետխեմյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի պահանջելով՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել։ Գրիգոր Բետխեմյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Հարություն Բետխեմյանի, երրորդ անձինք՝ Հայկ Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:

Դատարանի 01.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ հակընդդեմ հայցվոր Գրիգոր Բետխեմյանի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է (հավելվածի գ.թ. 27-29):

Դատարանի 01.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչը, միաժամանակ վերաքննիչ բողոքում նշելով, որ վերաքննիչ բողոք բերած անձի ներկայացուցչի լիազորագիրն առկա է գործում (հավելվածի գ.թ. 37-46):

Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 05.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարան ուղարկվել է քաղաքացիական գործը՝ հավելվածի տեսքով, որում առկա չէ բողոք ներկայացրած անձի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ (լիազորագրի բնօրինակ կամ Դատարանի կողմից համապատասխանությունը բնօրինակին հաստատած պատճեն), հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 06.07.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/0028/04/16 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, վերաքննիչ բողոքը Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի կողմից ստորագրելու լիազորության առկայության հարցը պարզելու նպատակով ստորադաս դատական ատյանում գտնվող քաղաքացիական գործում այն հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու և Դատարանի հաստատած պատճենը տրամադրելու համար Վերաքննիչ դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր գործողությունները:

Դատարանը Վերաքննիչ դատարանին չի տրամադրել փաստաբան Տիգրան Ղազարյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ նշելով, որ քաղաքացիական գործի հավելվածում արդեն իսկ առկա է Գրիգոր Բետխեմյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին 16.10.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի պատճենը (գործի հավելված, թերթ 15), մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող դիտվել, որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է» (հավելվածի գ.թ. 48-49):

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանի կողմից: Միաժամանակ, հակընդդեմ հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշվել է՝ «Կից ներկայացնում եմ՝ 1.(…), 2.(…), 3. Լիազորագիրը, 4.(…), 5.(…), 6.(…)» (հավելվածի գ.թ. 13):

Գործում առկա է Գրիգոր Բետխեմյաի կողմից 16.10.2019 թվականին փաստաբան Տիգրան Ղազարյանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը, որով վերջինիս ի թիվս այլնի իրավունք է վերապահվել բողոքարկելու դատական ակտերը: Լիազորագիրը տրվել է 3 (երեք) տարի ժամկետով (հավելվածի գ.թ. 15):

 

Տիգրան Ղազարյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և նա որպես Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ հնարավորություն է ստացել մասնակցելու Դատարանում գործի քննությանը:

Այնուհետև, Գրիգոր Բետխեմյանի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 01.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ: Տվյալ որոշման վերաքննության կարգով բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված և ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Հավելվածում ներառվել է հակընդդեմ հայցվորի ներկայացուցչի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթի պատճենը, որում նշված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորությունը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործի հավելվածը Դատարանի կողմից կազմվել է դատարաններում գործավարության կանոններին համապատասխան: Մասնավորապես, դրանում ներառվել է հակընդդեմ հայցվորի կողմից Տիգրան Ղազարյանին տրված լիազորագրի պատճենը: Ընդ որում հակառակն ապացուցված չլինելու պայմաններում, գործում է Տիգրան Ղազարյանին տրված լիազորագրի պատճենի իսկության կանխավարկածը:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գործում առկա Գրիգոր Բետխեմյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին 16.10.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի պատճենը (գործի հավելված, թերթ 15), չի կարող դիտվել, որպես վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է:

Ամփոփելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, դրանով իսկ թույլ տալով բողոք բերած անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտում: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: