Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
05.03.2021
Дата вступления в силу
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0055/15/20

Գործ թիվ ԱՐԴ/0055/15/20

Նախագահող դատավոր՝  Ա. Վարդանյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

2021 թվականի մարտի 5-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ դատապարտյալ Գարիկ Էդիկի Ոսկանյանի պաշտպան Գ.Ասատրյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի դատավճռով Գարիկ Էդիկի Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 8 (ութ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով նշանակված 11 (տասնմեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Գ.Ոսկանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ից:

2. 2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ.Ոսկանյանը դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ վիճարկելով իր նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2020 թվականի հունիսի 22-ի որոշումը:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ.Ոսկանյանի դիմումը մերժվել է:

4. Դատապարտյալ Գ.Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 51-րդ կետերով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Գ.Ոսկանյանի պաշտպան Գ.Ասատրյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատապարտյալ Գ.Ոսկանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(…)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն (…):

2.1. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

1) վերաքննիչ բողոքը բերվել է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված պահանջների խախտմամբ.

(...)»:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գարիկ Ոսկանյանը վերաքննիչ բողոքում չի նշել բողոքարկման հիմքերի, վիճարկվող դատական ակտով նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումների մասին:

Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի 1-ին կետի պահանջները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Գ.Ոսկանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության»1։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը, ինչի արդյունքում Գ.Ոսկանյանը զրկվել է իր նկատմամբ կայացված դատական ակտի՝ վերադաս դատարանի կողմից վերանայման հնարավորությունից։

Ըստ բողոքաբերի՝ Գ.Ոսկանյանի իրավագիտակցության պայմաններում գրված և Վերաքննիչ դատարանին հասցեագրված «Դիմում» վերնագրով տեքստը, ըստ էության անհամաձայնություն է Առաջին ատյանի դատարանի որոշման հետ:

Բողոք բերած անձը նշել է, որ դատապարտյալը չունի համապատասխան իրավաբանական կրթություն և չէր կարող իմանալ քրեական դատավարության նորմերի պահանջները, տարբերակել նյութական կամ դատավարական սխալի էությունը, քանի որ ունի միջնակարգ կրթություն, ուստի չէր կարող պատշաճ բողոք ներկայացնել վերադաս դատարանին:

Բողոքաբերը նշել է, որ ներկայացված բողոքն առանց քննության թողնելու դեպքում կարող են խախտվել անձի` արդար դատաքննության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքները:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դատապարտյալ Գ.Ոսկանյանի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3 ,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք էձևականբնույթկրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

13. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջներիչ պահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»8։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

5) բողոքի հիմքերը և պահանջը.

51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը. (...)»:

15. Մեջբերված նորմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Հարություն Հարությունյանի գործով արձանագրել է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, Վերաքննիչ դատարանը primа facie ոչ իրավաչափորեն սահմանափակում է անձի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը9 :

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ դատապարտյալի բողոքը թողնվել է առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 51-րդ կետերով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ10 ։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող։ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական պահանջներին տրված նման մեկնաբանությամբ դատապարտյալի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատարան դիմելու անձի իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

18. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել բողոքի հիմքը և հիմնավորումը ներկայացնելու վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջը, հանգեցրել է դատապարտյալ Գ.Ոսկանյանի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գարիկ Էդիկի Ոսկանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս նյութեր հատոր 1-ին, թերթեր 64-65։

2 Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

3 Տե՛ս նույն տեղում:

4 Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

9 Տե՛ս Հարություն Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 16-17-րդ կետերը:

10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: