Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
09.03.2021
Дата вступления в силу
09.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0331/06/20

Գործ թիվ ԵԴ/0331/06/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Դանիելյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

2021 թվականի մարտի 9-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ալբերտ Արմանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) 2020 թվականի մարտի 5-ին հարուցվել է թիվ 90258020 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1.1. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ալբերտ Արմանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

1.2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ա.Առաքելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

1.3. 2020 թվականի ապրիլի 22-ին Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Ա.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ա.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 30-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ալբերտ Առաքելյանի կողմից դեռևս 2019 թվականի փետրվարի 6-ին ստորագրված պարտավորագրի համաձայն՝ վերջինս պարտավորվել է դիվանագիտական (հյուպատոսական) մարմնի առաջին իսկ ծանուցման դեպքում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար, զորակոչային տարիքը լրանալու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունք չունենալու դեպքում ներկայանալ դիվանագիտական (հյուպատոսական) մարմին՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչվելու համար, իսկ պարտավորագրի պահանջները չկատարելու դեպքում տեղեկացվել է ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ որպես զորակոչից խուսափողի, պատասխանատվության ենթարկվելու մասին1։

5.1. ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Ա.Ավթանդիլյանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի գրության համաձայն՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ին ծնված Ա.Առաքելյանը, ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1269-Ն որոշման պահանջների համաձայն, 2019 թվականի մայիսի 14-ին հաշվառվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, ենթակա է եղել զորակոչման 2019 թվականի ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար2:

5.2. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանը 2020 թվականի մարտի 5-ի գրությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետին խնդրել է Գերմանիայում ՀՀ դեսպանության միջոցով մի շարք անձանց, այդ թվում՝ Ա.Առաքելյանին հայտնել և միաժամանակ պարտավորեցնել 2020 թվականի ապրիլի 3-ին ներկայանալ Նախաքննության մարմնին՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով4:

5.3. 2020 թվականի մարտի 17-ին ստացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից ուղարկված Ա.Առաքելյանի դիմում-ծանուցագրի պատճենը, համաձայն որի՝ Ա.Առաքելյանը տեղեկացվել է, որ պետք է ներկայանա ՀՀ զինվորական կոմիսարիատ՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի միջոցառումներին մասնակցելու համար4:

5.4. 2020 թվականի մարտի 25-ին Բեռլինում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար5:

5.5. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի պետ Վ.Նասոյանի՝ 2020 թվականի մարտի 30-ի գրությամբ հայտնվել է, որ հնարավոր չի եղել պարզել Ա.Առաքելյանի գտնվելու վայրը, քանի որ վերջինիս հոր՝ Արման Ալբերտի Առաքելյանի հաշվառման վայրում տեղեկություն չունեն նրա և նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրի վերաբերյալ6:

6. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ալբերտ Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 14.05.2019թ. հաշվառվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում և ենթակա է եղել զորակոչման 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»7:

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ Ալբերտ Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ուստի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: (…) [Դ]ատարանը հաստատված է համարում, որ առկա են հիմքեր հաստատված համարելու մեղադրյալին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը:

Անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությանը, դատարանը արձանագրում է, որ միջնորդության մեջ վարույթն իրականացնող մարմինը դրա հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը՝ «մեղսագրվող հանցավոր արարքի համար որպես պատիժ է նախատեսվում ազատազրկում մեկ տարուց ավել ժամանակով, վերջինս թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց»: Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն հաստատված համարելու, որ մեղադրյալը տեղյակ է իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար չի կարելի հանգել հետևության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից և կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է քննիչի այն հիմնավորմանը, որ մեղադրյալը կարող է խուսափել նշանակված պատիժը կրելուց, ապա դատարանի համար նման ձևակերպումն անընդունելի է, քանի որ փաստ է, որ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվել ու բացի այդ նման հիմնավորում կարող է նշել միայն դատարանն անձի նկատմամբ պատիժ նշանակելուց հետո: Ավելին ներկայացված նյութերի համաձայն մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել ՀՀ, իսկ քրեական գործը հարուցվել է 05.03.2020 թվականին, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի պնդումները, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից անհիմն են ու հակասում են գործի նյութերից բխող փաստական տվյալներին:

 (…)

Ինչ վերաբերվում է դատական նիստի ժամանակ քննիչի կողմից ներկայացված գրությանը, ըստ որի՝ 25.03.2020 թվականին Բեռլինում ՀՀ դեսպանատունը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով՝ վարույթ իրականացնող մարմին ներկայանալու մասին, ապա հարկ է արձանագրել, որ եթե անգամ նա ստացել է այդ ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված, Ա.Առաքելյանը դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան, քանի որ Հայաստանի և այլ երկրների միջև կանոնավոր ավիաթռիչքները չեղարկվել են:

(…)

[Դ]ատարանը գտնում է, որ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորման կիրառումը կոնկրետ դեպքում անհամաչափ կսահմանափակի նրա ազատության իրավունքը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»8:

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, հիմնավոր կասկածի առնչությամբ ներկայացված փաստական տվյալներն ու տեղեկությունները, (կոնկրետ դեպքում) բավարար են գործի քննության ներկա փուլում, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:

Ինչ վերաբերում է (միջնորդությամբ վկայակոչված) կալանավորման հիմքին` մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելուն, ապա այդ առնչությամբ դատախազի կողմից ներկայացված պատճառաբանություններն ու արտահայտած պնդումները (կոնկրետ դեպքում) բավարար չափով փաստարկված չեն և բավարարության կանխավարկածի համատեքստում այդ առումով հիմնավոր ենթադրություն անելու հիմք հանդիսանալ չեն կարող:

Այլ կերպ ասած, քննարկվող դեպքում, առկա չէ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու հիմքը, ինչն ինքնին բացառում է մեղադրյալ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը:

Որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում, առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է (կոնկրետ դեպքում) մեղադրյալ Ալբերտ Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը:

 (…)

[Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով, դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Հետևաբար, վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել»9:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է՝ քրեադատավարական օրենքի էական խախտում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերի սխալ մեկնաբանում և կիրառում, ինչն էլ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

10. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Ա.Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ և իրենց որակական ու քանակական կազմով բավարար միջոցառումները, մասնավորապես այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության միջոցով Ա.Առաքելյանին հայտնելու և միաժամանակ վերջինիս պարտավորեցնելու ներկայանալ Նախաքննության մարմին, քննիչի հանձնարարությամբ՝ Ա.Առաքելյանին հայտնաբերելու նպատակով, այցելություն է կատարվել նրա հոր՝ Արման Առաքելյանի հաշվառման վայր:

 Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից գնահատման չի ենթարկվել այն հանգամանքը, որ Ա.Առաքելյանին՝ որպես ՀՀ քաղաքացու, հայտնի է եղել պետության պաշտպանությանը մասնակցելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունը, ինչի մասին է վկայում հյուպատոսական վարչության կողմից ուղարկված, քրեական գործում առկա Ալբերտ Առաքելյանի կողմից ստորագրված պարտավորագիրը, 2019 թվականի հունիսի 20-ին ստորագրված դիմում-ծանուցագիրը։

 Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, թե մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պնդումներն անհիմն են, քանի որ մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ Հայաստանի Հանրապետություն չի այցելել, ակնհայտորեն անտեղի են:

 Բողոքի հեղինակի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ եթե անգամ Ալբերտ Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան, ինքնին բավարար չէ համարելու, որ Ա.Առաքելյանը զրկված է եղել ՀՀ վերադառնալու հնարավորությունից, քանի որ, այդ իրավիճակն առաջացել է իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը սկսելուց տևական ժամանակ անց, բացի այդ, նա որևէ կերպ զրկված չի եղել համապատասխան իրավասու մարմիններին այդ մասին տեղեկացնելու հնարավորությունից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիմնավորումների հետ, դատախազի բողոքում բերված հիմնավորումներին ըստ էության չի անդրադարձել և իր դատական ակտը պատշաճ կերպով չի պատճառաբանել, իսկ նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին տվել է հակասող մեկնաբանություն։

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ՝ Ա.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննությունից թաքնվելու հիմքի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

13.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»:

13.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

(…)»:

14. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով10:

14.1. Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով։ Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները, յուրաքանչյուր դեպքում, պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա։

Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանուցման պատշաճ լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել այդ ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների քանակական և որակական կազմը, ծանուցվող անձի դրսևորած վարքագիծը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կարող են առանցքային նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար11:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ալբերտ Առաքելյանի կողմից 2019 թվականի փետրվարի 6-ին ստորագրվել է պարտավորագիր, որով տեղեկացվել է զորակոչային տարիքը լրանալու դեպքում ՀՀ վերադառնալու՝ Զինված ուժեր զորակոչվելու, պարտավորագրի պահանջները չկատարելու դեպքում որպես զորակոչից խուսափողի, պատասխանատվության ենթարկվելու մասին12։

- Ա.Առաքելյանը 2019 թվականի մայիսի 14-ին հաշվառվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, ենթակա է եղել զորակոչման 2019 թվականի ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար13:

- 2020 թվականի մարտի 5-ին հարուցվել է թիվ 90258020 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նույն օրը՝ 2020 թվականի մարտի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությանը հանձնարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության միջոցով Ա.Առաքելյանին հայտնել և պարտավորեցնել 2020 թվականի ապրիլի 3-ին ներկայանալ Նախաքննության մարմին՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու նպատակով14:

- 2020 թվականի մարտի 17-ի ստացվել է Ա.Առաքելյանի դիմում-ծանուցագրի պատճենը, որով վերջինս տեղեկացվել է, որ պետք է ներկայանա ՀՀ զինվորական կոմիսարիատ՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի միջոցառումներին մասնակցելու համար15:

- 2020 թվականի մարտի 25-ին Բեռլինում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ծանուցագիր է ուղարկել Ա.Առաքելյանի բնակության հասցեով՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար16:

- Ա.Առաքելյանի հոր՝ Արման Ալբերտի Առաքելյանի հաշվառման վայր այցելությամբ հնարավոր չի եղել պարզել Ա.Առաքելյանի գտնվելու վայրը17:

- Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ա.Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքները, չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2019 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում18,

- Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ արձանագրել է, որ Ալբերտ Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ուստի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, հետևապես առկա են հիմքեր հաստատված համարելու մեղադրյալին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի առկայությունը: Միևնույն ժամանակ, վերոգրյալ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված՝ Ա.Առաքելյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքի վերաբերյալ պատճառաբանությանը, ընդգծել է, որ քննիչի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն հաստատված համարելու, որ մեղադրյալը տեղյակ է իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար չի կարելի հանգել հետևության, որ նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից և կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից: Առաջին ատյանի դատարանն անընդունելի է համարել Նախաքննության մարմնի այն հիմնավորումը, որ մեղադրյալը կարող է խուսափել նշանակված պատիժը կրելուց, քանի որ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվել ու նման հիմնավորում կարող է նշել միայն դատարանն անձի նկատմամբ պատիժ նշանակելուց հետո: Դատարանի գնահատմամբ՝ մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 5-ին, հետևաբար վարույթն իրականացնող մարմնի պնդումները, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից, անհիմն են ու հակասում են գործի նյութերից բխող փաստական տվյալներին: Իսկ եթե անգամ Ա.Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված, դրանից հետո չէր կարող մեկնել Հայաստան19:

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ20։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ որոշումն անփոփոխ թողնելով, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ և իրենց եզրահանգումները չեն կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա: Մասնավորապես, ստորադաս դատարաններն անտեսել են.

- մեղադրյալ Ա.Առաքելյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների որակական և քանակական կազմը, մասնավորապես՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով գրություն ուղարկելը, Ա.Առաքելյանի բնակության հասցեով ծանուցագիր ուղարկելը, մեղադրյալի հոր հաշվառման վայրի հասցեով այցելություն կատարելը,

- այն, որ Ա.Առաքելյանին՝ որպես զինվորական ծառայության ենթակա լինելու պարտականություն ունեցող ՀՀ քաղաքացու, հայտնի է եղել զորակոչի ենթակա լինելու հանգամանքը, ինչպես նաև ողջամտորեն կանխատեսելի են եղել զորակոչի ներկայանալու պոզիտիվ պարտականությունը չկատարելու դեպքում հնարավոր բացասական հետևանքները, ինչի մասին վկայում են մեղադրյալի կողմից ստորագրված պարտավորագիրը և դիմում-ծանուցագիրը։

17. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, թե մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու մասին վարույթն իրականացնող մարմնի պնդումներն անհիմն են, քանի որ մեղադրյալը ծնվել է արտերկրում և երբևէ չի այցելել Հայաստանի Հանրապետություն, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 5-ին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առաքելյանը տեղյակ է եղել Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչվելու պարտավորության մասին: Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ եթե անգամ Ալբերտ Առաքելյանը ստացել է ծանուցումը, ապա երկրում ստեղծված արտակարգ դրության իրավիճակով պայմանավորված դրանից հետո չէր կարող վերադառնալ Հայաստան, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դա որևէ փաստական տվյալով չհիմնավորված ենթադրություն է և վերոնշյալի պայմաններում չի կարող չեզոքացնել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փաստը:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիմնավոր չեն Ա.Առաքելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննությունից թաքնվելու հիմքի բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար21։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ալբերտ Արմանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 11:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 6:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 20:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 35:

6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 25:

7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 30:

8 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-40:

9 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 19-28:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշոտ Առաքելյանի գործով 2007 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները և այլն:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 1-րդ և 5.2-րդ կետերը:

15 Տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը

17 Տե՛ս սույն որոշման 5.5-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

21 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: