ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0253/01/19 |
Գործ թիվ ԵԴ/0253/01/19 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Մնացականյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի փետրվարի 25-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը:
2019 թվականի ապրիլի 30-ին քրեական գործն ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Վ.Գրիգորյանի վարույթ, ում կողմից 2019 թվականի մայիսի 6-ին կայացվել է որոշում` ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
2019 թվականի մայիսի 7-ին քրեական գործն ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Դ.Գրիգորյանի վարույթ:
2019 թվականի օգոստոսի 19-ին քրեական գործը վերաբաշխվել է` դատավոր Դ.Գրիգորյանի լիազորությունների կասեցված լինելու հիմքով և 2019 թվականի օգոստոսի 20-ին ընդունվել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի վարույթ:
2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, որոշվել է Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ և առաջին դատական նիստում` կողմերի մասնակցությամբ քննության առնել մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Հ.Խուդոյանի միջնորդությունները։
3. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 2-ի` «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ անդրադառնալով Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, արձանագրել է. «(…) [Ս]ույն քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում նշանակված դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների մասնակցությամբ դատարանը քննության է առել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը և 18.05.2019թ. որոշմամբ փոփոխելով այն` որպես խափանման միջոց ընտրել է անձնական երաշխավորությունը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը` կալանքի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի 26.06.2018թ. թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշման համապատասխան, սույն քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից իրացվել է իր անձնական ազատության սահմանափակման հարցը քննարկելիս դատարանի կողմից լսված լինելու սահմանադրական իրավունքը, որպիսի պայմաններում դատարանի կազմի փոփոխությունը չի ենթադրում դատավարության նույն փուլում խափանման միջոցի հարցը դատական նիստում կրկին քննարկելու անհրաժեշտություն: Հետևաբար, նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը դատավարության ներկա փուլում արդեն իսկ լուծվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, դատարանը գտնում է, որ նշված որոշմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, տվյալ պահին պետք է թողնել անփոփոխ: Միաժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված միջնորդություններին` «Մեղադրյալի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ» և «Մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու և նրա նկատմամբ գրավը` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին», դատարանը գտնում է, որ նշված միջնորդությունները պետք է առաջնահերթության կարգով քննության առնվեն դատական քննության փուլում` առաջին դատական նիստում, կողմերի մասնակցությամբ (…)»1:
6. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) - քրեական գործը դատական քննության նշանակելու փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը ենթակա է անմիջական վերաքննիչ բողոքարկման միայն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը, ի կատարումն ՀՀ սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման պահանջների, մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցությամբ քննության է առնում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումները չեն ենթադրում դատավորի փոխարինման դեպքում նախորդ դատավորի կողմից քրեական գործը դատական քննության նշանակելու փուլում խափանման միջոցների վերաբերյալ կայացված որոշումների, ինչպես նաև դրանց վերաքննիչ բողոքարկման արդյունքում կայացված որոշումների ինքնըստինքյան չեղարկում, որպիսի պայմաններում նոր դատավորը պարտավոր չէ վերստին կատարել ՀՀ սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման պահանջները (մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցությամբ քննության առնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը), եթե այն արդեն իսկ կատարվել է նախորդ դատավորի կողմից:
Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/0253/01/19 գործով [մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն] անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումն այնպիսի դատական ակտ է, որը ենթակա չէ անմիջական վերաքննիչ բողոքարկման (...)»2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերը նշել է, որ թույլ է տրվել Ռ.Քոչարյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ վերջինս զրկվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով, 1-ին կետի «գ» ենթակետով, 3-րդ, 4-րդ կետերով և 5-րդ հոդվածի հետ փոխկապակցված՝ 13-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից:
8. Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի որոշումն այն մասով, որը վերաբերում է Ռ.Քոչարյանի խափանման միջոցին, զուրկ է կալանավորման հիմքերին ու պայմաններին վերաբերող որևէ պատճառաբանությունից, կայացվել է առանց Ռ.Քոչարյանի և նրա պաշտպանների փաստարկները լսելու, առանց այդ հարցի քննարկմանը նրանց մասնակից դարձնելու:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստացի, անորոշ ժամկետով երկարացվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը, այդ որոշմամբ լուծում չի տրվել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Ռ.Քոչարյանի պաշտպանի` 2019 թվականի հունիսի 27-ի և օգոստոսի 14-ի միջնորդություններին, ինչպես նաև այդ որոշումը կայացվել է կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ մեղադրանքի կողմի միջնորդության բացակայության պայմաններում, ինչն ի սկզբանե բացառել է մրցակցային դատավարության հնարավորությունը:
9. Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ անդրադարձել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցին, թողել է անփոփոխ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը և այդ պահից սկսած Ռ.Քոչարյանի մոտ ծագել է Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անհապաղ քննության առնել պաշտպանի վերաքննիչ բողոքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն այն չի քննել` պատճառաբանելով, որ դա պայմանավորված է նրանով, որ ամբաստանյալն Առաջին ատյանի դատարանում խափանման միջոցի քննությանը մասնակից չի եղել և բողոքարկման իրավունք կունենար, եթե մասնակից դարձվեր:
Բողոքաբերը նշել է, որ եթե Վճռաբեկ դատարանը կհամաձայնվի այն պնդման հետ, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը ենթակա է եղել քննության, ապա պետք է հենց ինքն անհապաղ քննի և լուծում տա Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցին:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը` Ռ.Քոչարյանի մասով, բեկանել և փոփոխել, կալանքը որպես խափանման միջոց վերացնել և վերջինիս ազատել կալանքից, հակառակ դեպքում, գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել` Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատելու մասին` սահմանելով գրավի ողջամիտ չափ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անմիջական վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
12. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ք]րեական գործը դատական քննության նախապատրաստելու ժամանակ դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ընտրված կալանքը հիմնավոր համարելու հարցի քննությունը չի սահմանափակում անձին՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը՝ դատական բողոքարկման (ստուգման) ձևով դրսևորվելու դեպքում:
(…) [Գ]ործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (…): Ուստի և, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի՝ որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (…)»3:
13. ՀՀ Սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը, վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները4, Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով5:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին» որոշմամբ Առաջին ատյանի դատարանը որոշել է, Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ և առաջին դատական նիստում` կողմերի մասնակցությամբ քննության առնել մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Հ.Խուդոյանի միջնորդությունները6,
- Վերաքննիչ դատարանը Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անմիջական վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Ըստ Վերաքննիչ դատարանի` քրեական գործը դատական քննության նշանակելու փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը ենթակա է անմիջական վերաքննիչ բողոքարկման միայն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման պահանջների, մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցությամբ քննության է առնում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը7։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, որը ենթակա է անմիջական վերաքննիչ բողոքարկման: Այս առումով հարկ է նշել, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելու ժամանակ դատարանի կողմից առանց մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելը չի սահմանափակում անձի՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը՝ դատական բողոքարկման ձևով: Ավելին, հենց առանց կողմերի մասնակցության խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկման իրավաչափությունը, ի թիվս այլնի, բարձրացվել էր պաշտպանի կողմից և ենթակա էր քննության Վերաքննիչ դատարանում։
16. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անմիջական վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։ Թեև բողոքի հեղինակը նշել է, որ եթե Վճռաբեկ դատարանը կհամաձայնվի այն պնդման հետ, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը ենթակա է եղել քննության, ապա պետք է հենց ինքն անհապաղ քննի և լուծում տա Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցին, սակայն հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները8, այդ թվում՝ դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է բողոքաբերի մյուս փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:
Հետևաբար, նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է քննարկման առարկա դարձնի Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 1-5:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 65-74:
3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: