ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0684/11/18 |
Գործ թիվ ԵԴ/0684/11/18 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Վարդանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի փետրվարի 12-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ դիմող Նաիրա Շիրակի Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդրակ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Հ.Հովհաննիսյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Նաիրա Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ Արտակ Սմբատյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
2. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ն.Գրիգորյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ մերժվել է:
3. Դիմող Ն.Գրիգորյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է:
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի` 2019 թվականի մայիսի 6-ին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։
5. Դիմող Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ մերժվել է:
6. Դիմող Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է:
7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ դիմող Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Գործի նյութերի համաձայն` Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանը ստացել է 2019 թվականի ապրիլի 23-ին1, իսկ դիմող Ն.Գրիգորյանի կողմից դատական ակտի ստացման մասին հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը) գործի նյութերում բացակայում է:
9. Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ 2019 թվականի մայիսի 6-ին ներկայացրած վերաքննիչ բողոքում նշել է, որ դիմող Ն.Գրիգորյանը որոշումը ստացել է 2019 թվականի ապրիլի 25-ին2` բողոքին կցելով RL026256241AM բեռնային համարով փոստային ծրարի պատճենը3:
10. Վերաքննիչ դատարանը, դիմողի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ արձանագրել է․ «(...) [Ն]երկայացված նյութերի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը Նաիրա Գրիգորյանը և վերջինիս ներկայացուցիչ Սեդրակ Մկրտչյանը ստացել են 2019 թվականի ապրիլի 23-ին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2019 թվականի մայիսի 6-ին (բողոքը ներկայացվել է առանց ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդության), այն դեպքում, երբ բողոքարկման ժամկետն ավարտվել էր 2019 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 24:00-ին:
Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, վերաքննիչ բողոքը ժամկետանց է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության: (…)»4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է ակնհայտ անհիմն դատական ակտ՝ թույլ տալով դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշումը դիմող Նաիրա Գրիգորյանը ստացել է 2019 թվականի ապրիլի 25-ին, իսկ նշված օրից բողոք ներկայացնելու 10-օրյա ժամկետն ավարտվում է մայիսի 5-ին՝ կիրակի օրը: Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածը՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով մայիսի 6-ին ներկայացված բողոքը չէր կարող դիտվել որպես ժամկետանց, քանի որ բողոք ներկայացնելու վերջին օրը՝ մայիսի 5-ը՝ ոչ աշխատանքային օր է:
12. Վերոշարադրյալի հիման վրա, դիմող Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը, և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող Նաիրա Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդրակ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
14. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
14.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումներին, 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Ս]տորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար5։
(…)
Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը։ Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից: (…)»6։
14.2. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլի, նշել է.
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման7:
15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
15.1. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) «[Դ]ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ։ Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման։ Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (…)։ Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)։
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»8:
15.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ արդյունավետորեն ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք որոշակի բեռ են դնում նրանց վրա կամ կարող են խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը9։
15.3. Բողոքարկման ժամկետների առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը, անկասկած, նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, հատկապես իրավական որոշակիության սկզբունքը: Շահագրգռված անձինք պետք է հաշվի առնեն, որ այդ կանոնները պետք է կիրառվեն10։
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «(…) Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` « Իր կողմից բաց թողնված ժամկետի վերականգնման համար դիմողը, (…) [նրա] ներկայացուցիչները, (…) միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են վարույթն իրականացնող մարմնին: (…)»։
17. Սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք։ Միաժամանակ, այս հիմնարար իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանափակման որոշակի օբյեկտիվ պայմաններով։ Մասնավորապես, դատական ակտերի իրավաչափությունը վիճարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովելու քրեական դատավարության պատշաճ իրականացումը։
Ինչպես նշել է Վճռաբեկ դատարանը, քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են11: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանված այդ ժամկետներն ինքնանպատակ չեն և ի սկզբանե միտված են հնարավորինս կարճ ժամկետում անձի իրավական պաշտպանության արդյունավետության ապահովմանը։ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նաև այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետ։
17.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը։ Նշվածն ուղղակիորեն բխում է նաև վերը վկայակոչված քրեադատավարական կարգավորումներից, որոնք մի դեպքում` ամրագրում են, որ քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձին հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ, մյուս կողմից` նշում, որ դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրն իր բաց թողնված ժամկետի վերականգնման համար միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին։ Այս համատեքստում պետք է փաստել, որ օրենսդիրը տարբերակում է դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար բողոք բերելու ժամկետի հաշվարկը։ Նշվածն իր հերթին բխում է նաև դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից բողոքարկման ենթակա դատական ակտն իր ստորագրությամբ ստանալու հանգամանքից։ Այսինքն` դատավարության յուրաքանչյուր մասնակից ստանալով դատական ակտը` հնարավորություն է ունենում բողոք ներկայացնել` այն ստանալու պահից որոշակի ժամանակահատվածում։ Նշվածի հիմքում ընկած է նաև այն պատճառաբանությունը, որ դատական ակտը դատավարության յուրաքանչյուր մասնակցին ուղարկելն ինքնանպատակ լինել չի կարող։ Այն մի կողմից` ապահովում է դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից բողոք բերելու համար դատական ակտի պատճառաբանություններին ծանոթանալու, բողոքը կազմելիս այն իր տրամադրության տակ ունենալու հնարավորությունը, մյուս կողմից` որոշակիացնում դատավարության յուրաքանչյուր մասնակցի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- դիմողի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշումը ստացել է 2019 թվականի ապրիլի 23-ին, իսկ դիմող Ն.Գրիգորյանի կողմից դատական ակտի ստացման մասին հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը) գործի նյութերում բացակայում է12,
- Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ 2019 թվականի մայիսի 6-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշելով, որ դիմող Ն.Գրիգորյանը որոշումը ստացել է 2019 թվականի ապրիլի 25-ին, ինչպես նաև բողոքին կցել է RL026256241AM բեռնային համարով փոստային ծրարի պատճենը,
- Վերաքննիչ դատարանը 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշումը Ն.Գրիգորյանը և վերջինիս ներկայացուցիչ Ս.Մկրտչյանը ստացել են 2019 թվականի ապրիլի 23-ին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2019 թվականի մայիսի 6-ին (բողոքը ներկայացվել է առանց ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդության), այն դեպքում, երբ բողոքարկման ժամկետն ավարտվել էր 2019 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 24:00-ին։
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17.1-րդ կետերում շարադրված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վերաքննիչ բողոքում դիմողի ներկայացուցիչը հղում է կատարել ոչ թե իր, այլ դիմողի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրվան, սակայն, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է դիմողի ներկայացուցիչը, Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոք բերելու ժամկետի սկիզբ` համարել է դիմողի ներկայացուցչի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու օրը` 2019 թվականի ապրիլի 23-ը՝ վերաքննիչ բողոքն իրավացիորեն համարելով ժամկետանց։
Վերոնշյալ պնդումը համապատասխանում է սույն որոշման 17-րդ կետում նշված իրավական դիրքորոշումներին, որոնք արտացոլում են օրենսդրի մոտեցումը` դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի բողոքարկման ժամկետների հաշվարկը տարբերակելու անհրաժեշտության վերաբերյալ։ Նշվածի լույսի ներքո պետք է նկատի ունենալ նաև այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համատեքստում դիմողի ներկայացուցիչը հանդիսանում է դատավարության ինքնուրույն մասնակից, ով ունի Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ինքնավար իրավունք։ Հետևաբար, նրա կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հաշվարկման սկիզբը չի կարող պայմանավորվել դիմողի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստանալու ժամկետով։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով դիմողն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստանալուց հետո ողջամտորեն անհրաժեշտ և բավարար ժամանակ է ունեցել վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցն իր ներկայացուցչի հետ համաձայնեցնելու և դրա շուրջ խորհրդակցելու համար։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը, դատավարության յուրաքանչյուր մասնակցի բողոքարկման ժամկետի հաշվարկը տարբերակելիս, արդեն իսկ ձևավորված նախադեպային իրավունքով, հատուկ ուշադրության է արժանացնում նրա՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ և իրական ապահովման հնարավորությունը։ Այսպես, Նավասարդ Ալավերդյանի գործով Վճռաբեկ դատարանը գտել է, որ պաշտպանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբն անհրաժեշտ էր հաշվել ոչ թե ամբաստանյալի կողմից պաշտպանին հանձնման ենթակա` դատավճռի պատճենը դատարանից ստանալու պահից, այլ ավելի ուշ` այն պահից, երբ համապատասխան փաստաթուղթը հասու էր դարձել պաշտպանին13: Նշվածն իր հերթին ևս վկայում է այն մասին, որ քրեադատավարական գործող իրակարգավորումների և ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկայի պայմաններում, բողոքարկման ժամկետի հաշվարկն իրականացնելիս դիմողի և իր ներկայացուցչի` վերաքննիչ բողոքարկման ժամկետների հաշվարկը ենթակա է տարբերակման։ Ուստի, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, դիմողի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է իր համար սահմանված բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով դիմող Նաիրա Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդրակ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է:
20. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ն.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Նաիրա Գրիգորյանի ներկայացուցիչ Ս․Մկրտչյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 156:
2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 1:
3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 11-12:
4 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 17:
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, կետ 8:
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, կետ 10։
7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Miragall Escolano and Others v. Spain գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, կետ 37։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Perez De Rada Cavanilles v. Spain գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 28090/95, կետ 45:
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Եղինյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ՇԴ/0008/11/10 որոշումը, կետ 13:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
13 Տե՛ս Նավասարդ Ալավերդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշումը, կետ 16:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|