Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.08.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
27.08.2020
Дата вступления в силу
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0223/02/09

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0223/02/09

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

 

Ա. Սմբատյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

    

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

2020 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալբերտ Իսկանդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալբերտ Իսկանդարյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք Համբարձում Իսկանդարյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 16 տան 1/3 մասի` 24,0քմ բնակելի, 21,9քմ օժանդակ մակերեսներով բնակելի տունն ըստ 15.08.1983 թվականի թիվ 2-1731 ժառանգության իրավունքի վկայագրի ժառանգական զանգված ճանաչելու, 24,0քմ բնակելի, 21,9քմ օժանդակ մակերեսներով բնակելի տան և 0,0494հա հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալբերտ Իսկանդարյանը պահանջել է «Երքաղսովետի շրջգործկոմիտեի 10.08.1982 թվականին Զարիկ Իսկանդարյանի անվամբ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 16 հասցեի 26,8քմ բնակելի և 44,0քմ օժանդակ մակերեսների օրինականացման՝ օրենքին հակասող որոշումն անվավեր ճանաչել։ Ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 16 հասցեի 24.0քմ բնակելի և 21,9քմ օժանդակ մակերեսով տան նկատմամբ։ Անվավեր ճանաչել նախկին՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 26,8քմ բնակելի և 44,0քմ օժանդակ մակերեսի` որպես ժառանգական գույքի ընդունած մասը։ Որպես կառուցապատող` իրավահաջորդ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 16 հասցեի 390քմ ինքնակամ մակերեսի նկատմամբ ճանաչել իր սեփականությունը»:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մերանգուլյան) 29.09.2010 թվականի վճռով 26,8քմ բնակելի և 44,0 քմ օժանդակ մակերեսների օրենքին հակասող օրինականացման որոշումն անվավեր ճանաչելու, 24.0քմ բնակելի և 21,9քմ օժանդակ մակերեսով տունը որպես ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի վկայագրում 26,8քմ բնակելի և 44,0 օժանդակ մակերեսն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցը մերժվել է, իսկ որպես կառուցապատող իրավահաջորդ` 390քմ ինքնակամ մակերեսի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. Միքայելյան, Ն. Տավարացյան, Ն. Հովսեփյան) 24.01.2011 թվականի որոշմամբ Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ մասնակիորեն բեկանվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2010 թվականի վճիռը` հայցը մերժելու մասով, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության, իսկ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2010 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 13.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2018 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2017 թվականի վճռի դեմ Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և վերջինս ազատվել է պետական տուրքի վճարումից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (ասյուհետ` Վերաքննիչ Դատարան) 10.07.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Ալբերտ Իսկանդարյանից բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Իսկանդարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ, 99-րդ, 100-րդ հոդվածները, 365-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 370-րդ, 375-րդ, 386-րդ, 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

21.02.2018 թվականի կողմի միջնորդության հիման վրա Վերաքննիչ դատարանի դատավորներ՝ Լ. Գրիգորյանը, Գ. Խանդանյանը, Հ. Ենոքյանը հայտնել են ինքնաբացարկ:

Վերաքննիչ բողոքը 05.03.2018 թվականին վերամակագրվել է հետևյալ կազմին՝ Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան, Մ. Հարթենյան, իսկ 06.03.2018 թվականի որոշմամբ դատավոր Ա. Խառատյանն ինքնաբացարկ է հայտնել:

06.03.2018 թվականին վերաքննիչ բողոքը մակագրվել է հետևյալ կազմին՝ Ն. Բարսեղյան, Տ. Նազարյան, Ս. Թորոսյան, իսկ 15.05.2018 թվականի որոշմամբ դատավոր Ն. Բարսեղյանն ինքնաբացարկ է հայտնել:

Այնուհետև Վերաքննիչ բողոքը մակագրվել է հետևյալ կազմին՝ Ա. Պետրոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան և 23.05.2018 թվականին վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, դատական նիստ է նշանակվել 19.06.2018 թվականին:

Վերաքննիչ դատարանում գործի նյութերին ծանոթանալու պահին պարզվել է, որ առկա է 18.06.2018 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, հետևյալ կազմով՝ Ա. Պետրոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան, սակայն այդ որոշումը հայցվորին չի ուղարկվել և դրանում նշված չէ դատական նիստի վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև չի քննվել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Եթե Ալբերտ Իսկանդարյանին ուղարկվեր նշված կազմով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, ապա վերջինս դատավոր Ա. Սմբատյանին կհայտներ ինքնաբացարկ:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, 31-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը 12.01.2018 թվականին (դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Մ. Հարթենյան, Գ. Խանդանյան) քննելով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին Ալբերտ Իսկանդարյանի միջնորդությունը՝ բավարարել է այն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 10.07.2018 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ և Ալբերտ Իսկանդարյանից գանձվել է պետական տուրք 10.000 ՀՀ դրամի չափով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2018 թվականի որոշումն ամբողջությամբ և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 13.11.2017 թվականի վճռի դեմ Ալբերտ Իսկանդարյանի կողմից 07.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան, վարույթ է ընդունվել 12.01.2018 թվականին, և բողոք բերած անձի՝ վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը բավարարվել է (հատոր 17-րդ, գ.թ. 8-18, 42):

2) Վերաքննիչ դատարանը 12.01.2018 թվականի <<Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին>> որոշումը սահմանված կարգով ուղարկել է գործին մասնակցող անձանց (հատոր 17-րդ, գ.թ. 52-67):

3) Վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան, 18.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ (հատոր 18-րդ, գ.թ. 25): Որոշումն Ալբերտ Իսկանդարյանին ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց չկա:

4) Վերաքննիչ դատարանի 10.07.2018 թվականի որոշմամբ՝ նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան, Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 13.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Ալբերտ Իսկանդարյանից բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք (հատոր 18-րդ, գ.թ. 30-37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 370-րդ, 375-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը պարտավոր է դատարանի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկել գործին մասնակցող անձանց:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան), այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում:

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև նույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում (…) վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց (…):

Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ: Դա առաջին հերթին նպատակ է հետապնդում գործին մասնակցող անձանց տեղեկացնելու բողոքը քննող դատական կազմում ընդգրկված դատավորների մասին, որպեսզի գործին մասնակցող անձինք հնարավորություն ունենան պատկերացում կազմել և իրենց վերաբերմունքն արտահայտել այդ դատավորների անաչառության վերաբերյալ, իսկ նրանցից յուրաքանչյուրի անաչառության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում օգտվել ինքնաբացարկի վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրենց իրավունքից: Օրենսդրական նման կարգավորումները կոչված են երաշխավորելու, որ որևէ դատավորի անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում կողմնակալ դատավորը կհեռացվի բողոքի (գործի) քննությունից և վերջին հաշվով բողոքի (գործի) քննությունը կկատարվի անկողմնակալ դատավորների կողմից, ինչն արդար դատաքննության իրավունքի բաղադրիչներից է:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի հանգամանքներին, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 13.11.2017 թվականի վճռի դեմ Ալբերտ Իսկանդարյանի կողմից 07.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան, վարույթ է ընդունվել 12.01.2018 թվականին, և բողոք բերած անձի՝ վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը բավարարվել է:

 Վերաքննիչ դատարանը 12.01.2018 թվականի <<Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին>> որոշումը սահմանված կարգով ուղարկել է գործին մասնակցող անձանց:

Վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան, 18.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Որոշումն Ալբերտ Իսկանդարյանին ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց չկա:

 Վերաքննիչ դատարանի 10.07.2018 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) Ալբերտ Իսկանդարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 13.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Ալբերտ Իսկանդարյանից բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 18.06.2018 թվականի որոշմամբ նոր կազմով վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքով սահմանված ժամկետում «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը չի ուղարկել գործին մասնակցող անձանց, այդ թվում՝ բողոք բերած անձ Ալբերտ Իսկանդարյանին, դրանով իսկ վերջինիս զրկելով դատական կազմում ընդգրկված դատավոր Ա. Սմբատյանի անաչառության վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի մասով ևս վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալբերտ Իսկանդարյանի կողմից Վերաքննիչ դատարան 07.12.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան, վարույթ է ընդունվել 12.01.2018 թվականին, և նույն որոշմամբ բողոք բերած անձի՝ վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը բավարարվել է:

 Մինչդեռ, Վերաքննիչ դատարանում բողոքն ըստ էության քննելու և որոշում կայացնելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 10.07.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Իսկանդարյանից բռնագանձվել է պետական տուրք 10.000 ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը բավարարված լինելու և բողոք բերած անձի՝ պետական տուրքի վճարումից ազատված լինելու պայմաններում վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանն այլևս իրավասու չէր պետական տուրք բռնագանձել այն անձից, որն արդեն իր իսկ որոշմամբ ազատված էր պետական տուրք վճարելու պարտականությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Իսկանդարյանն օրենքի ուժով ազատված է դատական ծախսերի մասով բերված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարումից, իսկ Վճռաբեկ դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ նաև ազատվել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը վճարելու պարտականությունից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող 

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան