ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0010/02/14 2020 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0010/02/14 |
Նախագահող դատավոր՝ | Ն. Մարգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Մխիթարյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մարգո Մարգարյանի և Ինգա Գեորգաձեի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարգո Մարգարյանի և Ինգա Գեորգաձեի ընդդեմ Սևիկ Սևաչյանի, Գոռ Սևաչյանի, Աշոտ Մադոյանի, Անահիտ Չեքուջյանի, Անդրանիկ Ավետիսյանի, Էմմա Ավետիսյանի, Արթուր Ավետիսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Նելլի Կարապետյանի, Լուսինե Կարապետյանի, Արթուր Կարապետյանի, Ռուբեն Խառատյանի, Շուշան Խառատյանի, Իրինա Աղաջանյանի, Գագիկ Պետրոսյանի, Ժենիկ Գրիգորյանի, Ժորա Վարդանյանի, Մարիամ Վարդանյանի, Արևհատ Հարությունյանի, Տիգրան Վարդանյանի, Ռուբեն Գևորգյանի, Արփենիկ Կարապետյանի, Ռուզաննա Կարապետյանի, Անրի Ղազարյանի, Դիանա Գալստյանի, Աննա Գալստյանի, Յուրա Ուդումյանի, Ֆլորա Ուդումյանի, Հրայր Դավթյանի, Միշա Դավթյանի, Ալվարդ Դավթյանի, Մարինա Մխիթարյանի, Սեդա Միրզոյանի իրավահաջորդ` Արմինե Զոհրաբյանի, Հայկ Գալստյանի, Արա Գալստյանի, Զարուհի Գալստյանի, Ջուլիետա Հովհաննիսյանի, Գագիկ Մարգարյանի, Վարդան Հարությունյանի, Արտո Գյանջիլյանի, Նորիկ Պետրոսյանի, Սահակ Մուրադյանի, Իրինա Ճատարյանի, Արման Ավագյանի, Արմինե Զոհրաբյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մարգո Մարգարյանը և Ինգա Գեորգաձեն պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 41/1 շենքում գտնվող, իրենց կողմից զբաղեցրած 53,9քմ մակերեսով նկուղային տարածքի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) 26.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ս. Միքայելյան, դատավորներ` Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան) 20.11.2015 թվականի որոշմամբ Մարգո Մարգարյանի և Ինգա Գեորգաձեի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 29.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ պատասխանողներ Ժորա Վարդանյանի և Ռուբեն Գևորգյանի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.12.2018 թվականի որոշմամբ Անրի Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ռուզաննա Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 29.06.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգո Մարգարյանի և Ինգա Գեորգաձեի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, կիրառել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը և 439-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 09.04.2018 թվականից, 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժը կորցրել է: Հետևաբար այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, ապա վերաքննիչ բողոքի քննությունը չէր կարող իրականացվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.02.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով:
Վերաքննիչ դատարանը վճռի անվերապահ բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.01.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունն անորակ է, որի արդյունքում, ըստ Վերաքննիչ դատարանի, հնարավոր չէ լսել դատական նիստում կատարվածը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեև դատական նիստի արձանագրության խոտանված լինելը դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերից է, սակայն ունի բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելուն խոչընդոտելու վավերապայման: Այսինքն` ստացվում է, որ դատական նիստում կատարվածը պետք է նշանակություն ունենա բողոքի քննության համար: Տվյալ դեպքում բողոքաբերը չի նշել, թե որ հանգամանքի առկայության կամ բացակայության հարցը պարզելուն է խոչընդոտում 30.01.2017 թվականի դատական նիստի արձանագրության անորակ լինելը: Վերաքննիչ դատարանը միայն վերացականորեն նշել է, թե կրիչի անորակ լինելն անհնար է դարձնում դատավարության մասնակիցների ելույթները լսելը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.06.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանում գործը քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով:
2) Ռուզաննա Կարապետյանի ներկայացուցչի 15.10.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 23.10.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 53-րդ, գ.թ. 19-20):
3) Գործում առկա է Դատարանում 30.01.2017 թվականին կայացած դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը և դատական նիստի ձայնային արձանագրությունը պարունակող էլեկտրոնային կրիչը: Սույն դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրման համաձայն՝ Դատարանը, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով, դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը բավարարել է և գործի քննությունը հետաձգել է (հատոր 32-րդ, գ.թ. 137-140):
4) Ռուզաննա Կարապետյանի ներկայացուցչի կողմից 15.10.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝
- Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի և 132-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները, այն է՝ պատշաճ չի գնահատել գործում առկա գրավոր ապացույցները և չի պատճառաբանել դատական ակտը:
- Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, այն է՝ սույն գործով առկա չէ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության ճանաչման հիմք, քանի որ հայցվորները ոչ նախկինում, ոչ էլ ներկայումս չեն տիրապետում վեճի առարկա տարածքը:
- Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի խախտում, այն է՝ գործից բացակայում են 30.01.2017, 12.06.2017, 30.10.2017, 29.11.2017 և 01.02.2018 թվականներին կայացած դատական նիստերի ձայնային արձանագրությունները: Բացի այդ, մի քանի դատական նիստերի արձանագրությունները կատարված են այնպիսի որակով, որ դատավարության մասնակիցների ելույթներն անհնար է լսել, ինչը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է:
- Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խախտում, այն է` դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում` այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել (հատոր 53-րդ, գ.թ. 1-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի խախտում, որի արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտում, որով և խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը կարոող է արդյոք իրականացվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով.
2. արդյո՞ք քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրումների այն թերությունները, որոնք անհնար չեն դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, կարող են հանգեցնել դատական ակտի անվերապահ բեկանման:
1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած՝ 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես՝ այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե´ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0010/02/14 քաղաքացիական գործը առաջին ատյանի դատարանում քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով: Ռուզաննա Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ներկայացվել է 15.10.2018 թվականին, այսինքն՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում: Ռուզաննա Կարապետյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 23.10.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայության կամ վատ որակի վերաբերյալ փաստարկին, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթով, արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործում առկա 12.06.2017, 30.10.2017, 01.02.2018 թվականների դատական նիստերը չեն կայացել, որոնց վերաբերյալ գործում առկա են տեղեկանքներ, 29.11.2017 թվականի դատական նիստը վարվել է պարզ թղթային եղանակով, իսկ 30.01.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունն անորակ է` հնարավոր չէ լսել դատական նիստում կատարվածը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու հիմք, ուստիև չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, այն է՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը, նշել է, որ 30.01.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունն անորակ է, հնարավոր չէ լսել դատական նիստում կատարվածը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական նիստի ձայնային արձանագրության` որոշակի թերություններով կատարված լինելու հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն` դատական ակտի պարտադիր բեկանման հիմք չէ:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանի 29.06.2018 թվականի վճռի դեմ Ռուզաննա Կարապետյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել 23.10.2018 թվականին, այն է՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, հետևաբար սույն վերաքննիչ բողոքի քննությունը պետք է իրականացվեր 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերն էլ պետք է քննվեին 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը վկայակոչելու փոխարեն, պետք է ղեկավարվեր 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով:
2) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը՝ ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները՝ հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը: Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը (տե´ս, Կարեն Ստեփանյանի ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի թիվ ԵԱՔԴ/2279/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումն արտահայտվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի կապակցությամբ, որը, որպես վճռի պարտադիր բեկանման հիմք, միայն նախատեսում էր գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը: Մինչդեռ գործնականում հնարավոր էին իրավիճակներ, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել էր այնպիսի թերություններով, որոնք հնարավորություն չէին տալիս վերադաս դատական ատյանին լիարժեք ստուգելու ստորադաս դատական ատյանում կատարված գործողությունների իրավաչափությունը: Այս նկատառումով օրենսդիրը 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նաև այն դեպքը, երբ դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը:
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում՝ ամրագրված լազերային կրիչի վրա, և համառոտագրում՝ արտատպված թղթի վրա: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը: Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ոչ միայն լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունն է հանդիսանում դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այլ նաև դատական նիստերի ձայնային արձանագրություններում առկա այն թերությունները, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Այսինքն՝ լազերային կրիչի վրա ամրագրված դատական նիստերի ձայնային արձանագրությունների միայն առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ դրանք լինեն պիտանի և բավարար բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Հետևաբար լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների խոտանումը, որն անհնարին է դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի անվերապահ բեկանման՝ անկախ բողոքում այդ հիմքի վերաբերյալ որևէ վկայակոչումից (տե´ս, Անի Հովհաննիսյանն ընդդեմ «Սպուտնիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2080/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ դատարանը, քննության առնելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված անվերապահ բեկանման հիմքը, պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ դատական նիստի արձանագրության թերություններով կատարված լինելը կարող է հանգեցնել դատական ակտի անվերապահ բեկանման միայն այն պայմաններում, երբ դրանք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Հետևաբար նշված վավերապայմանը ենթակա է դատարանի կողմից գնահատման, այսինքն՝ դատական նիստում կատարված դատավարական գործողությունները պետք է նշանակություն ունենան բողոքի քննության համար հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի 29.06.2018 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.01.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունն անորակ է և հնարավոր չէ լսել դատական նիստում կատարվածը, հետևաբար առկա է գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու հիմք, ուստիև չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ սույն գործով Դատարանը 30.01.2017 թվականի դատական նիստն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով, և դատական նիստի ձայնային արձանագրությունն ամրագրված է գործում առկա լազերային կրիչի վրա: Վճռաբեկ դատարանը 30.01.2017 թվականի դատական նիստի համակարգչային եղանակով համառոտագրման հետազոտության արդյունքում եզրահանգում է, որ նշված օրվա դատական նիստի ընթացքում դատական նիստը նախագահողի կողմից հրապարակվել է դիմում դատական նիստը հետաձգելու մասին, և հայցվորների ներկայացուցիչը չի առարկել դրա դեմ, որի արդյունքում դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 06.03.2017 թվականին:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ գործի նյութերում առկա 30.01.2017 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունը խոտանված է և հնարավոր չէ լսել դատական նիստում կատարվածը, հետևաբար առկա է գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու հիմք, որի հետևանքով էլ չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելն անհնարին դարձնող թերությունները տվյալ դեպքում բացակայել են, քանի որ, ինչպես արդեն նշվել է, վերոնշյալ դատական նիստի ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք բողոքի քննության համար կարող էին էական և կարևոր նշանակություն ունենալ: Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ենթակա է նոր քննության՝ վերաքննիչ բողոք բերած անձի վկայակոչած նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հետ կապված բոլոր հիմքերին ու փաստարկներին անդրադառնալու և քննության առարկա դարձնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ առաքելությունը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, դատական ակտի պարտադիր բեկանման հիմքի առկայության մասին սխալ եզրահանգման գալով, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մնացած հիմքերին և հիմնավորումներին՝ սահմանափակելով բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը՝ արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար՝ Ռուզաննա Կարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
|
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: