«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1456-Ն
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽԵՂՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊԸ ՈՐՈՇԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը (այսուհետ` մահվան պատճառական կապ) որոշելու կարգը:
2. Մահվան պատճառական կապը որոշում են միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից ձևավորվող բժիշկ փորձագետների խումբը (այսուհետ՝ փորձագիտական խումբ) և վերափորձաքննության իրավասություն ունեցող ստորաբաժանումը: Մահվան պատճառական կապը սահմանվում է, երբ մահվան պատճառ են հանդիսացել արտադրական խեղումը, մասնագիտական հիվանդությունը, ռազմաճակատում գտնվելու կամ զինվորական ծառայության ժամանակ (այդ թվում` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցած զինծառայողի) տարած հիվանդությունը, կրած վնասվածքը, խեղումը կամ դրանց անմիջական բարդությունը, խորացումը։ Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը սահմանելու համար փորձագիտական խմբին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը,
գ) մահվան վկայական,
դ) տարած հիվանդությունների, կրած վնասվածքների և խեղումների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,
ե) բժշկական քարտ (առկայության դեպքում)։
(2-րդ կետը լրաց. 30.06.16 N 670-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)
3. Փորձագիտական խումբն ուսումնասիրում է ներկայացված դիմումը, պարզում սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի առկայությունը և մեկշաբաթյա ժամկետում նշանակում բժշկասոցիալական փորձաքննության վայրը, օրը և ժամը` դրա մասին տեղեկացնելով դիմումատուին:
(3-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
4. Ներկայացված փաստաթղթերի և հաշմանդամության սահմանման մասին բժշկասոցիալական փորձաքննության ակտի (առկայության դեպքում) հիման վրա, մանրակրկիտ վերլուծությունից հետո, հաշվի առնելով ախտաբանական գործընթացի յուրահատկությունները, փորձագիտական խումբն ընդունում է որոշում, որով հաստատում կամ ժխտում է մահվան պատճառը` կապված արտադրական վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության, կամ ռազմաճակատում գտնվելու, կամ զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ` պայմանավորված պատճառահետևանքային կապի առկայությամբ կամ բացակայությամբ, և մահացածի ընտանիքի չափահաս անդամին կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցչին հանձնում սահմանված ձևի տեղեկանք:
(4-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
5. Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները գրանցվում են բժշկասոցիալական փորձաքննության ակտում և համապատասխան գրանցամատյանում, որոնք ստորագրում են բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետները և վավերացնում ծառայության կնիքով:
(5-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
6. Մահացածի ընտանիքի չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը ծառայության ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում այն կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով: Վերադասության կարգով բողոքարկման մասին դիմումն ստանալիս` փորձագիտական խումբը փաստաթղթերը` դիմումի հետ միասին, մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է ծառայության պետին, որը վերափորձաքննության իրավասություն ունեցող ստորաբաժանման միջոցով` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իրականացնում է վերափորձաքննություն և ընդունում որոշում:
(6-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
(հավելվածը լրաց. 30.06.16 N 670-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |