ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 284-Ն
ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին):
(1-ին կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
2. Սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են`
1) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընտանեկան նպաստը և սոցիալական նպաստը.
2) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված խնամքի նպաստի գումարը.
3) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստի գումարը, հաշմանդամության նպաստի գումարը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարը, վճարման ենթակա` չվճարված նպաստի գումարը.
4) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
5) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի գումարը, վճարման ենթակա` չվճարված կենսաթոշակի գումարը.
6) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարգևավճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պարգևավճարի գումարը.
7) «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվովճարի գումարը, վճարման ենթակա` չվճարված պատվովճարի գումարը.
8) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները:
4. Սույն որոշման շրջանակներում լիազոր մարմնի տեղեկատվական համակարգերից տվյալների փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումն իրականացվում են փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումների համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները 2020 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով, բացառությամբ 3-րդ կետի 1-ի ենթակետում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից:
(6-րդ կետը լրաց. 24.09.20 N 1579-Ն)
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի՝ անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին համապատասխան պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը, համաձայնագրում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2020 թվականի հուլիսի 1-ը, իսկ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ համապատասխան պայմանագրով ստանձնած պարտավորությունները բանկի կողմից պատշաճ կատարելու ժամկետը`
ա. կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` 2020 թվականի հոկտեմբերի 1-ը` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման N 2 հավելվածի 2.3.5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը ներառյալ,
բ. մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի՝ անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` համաձայնագիրը կնքելու օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու ամիսը ներառյալ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության (բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում), այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից մշակվելու և ներդրվելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների, այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր կնքելու դեպքում պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով կենսաթոշակառուներին ծանուցելը (տեղեկացնելով նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում նոր բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) բացելու նպատակով տասներկու ամսվա ընթացքում տարածքային բաժին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին)` պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ.
4) մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարները` սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարելու համար անհրաժեշտ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակումը դրանք նշանակող տարածքային բաժնի և լիազոր մարմնի միջև:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Քաղ. Երևան |
____ _____________ 2020 թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին)` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ ___________________ -ի, ով գործում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի N 74-Լ հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կանոնադրության հիման վրա, և __________________ ընկերությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` բանկ), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) պարբերական դրամական վճարի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար.
2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ.
3) շահառու` անձ, ում օրենքով վճարվում է պարբերական դրամական վճարի գումար (ում անվամբ բացվում է բանկային հաշիվ).
4) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
2. Լիազոր մարմինը բանկին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), այդ թվում` սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները, իսկ բանկը, համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ, հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով նույնականացնում է շահառուին, ճշտում է շահառուի անվամբ բացված բանկային հաշվի առկայությունը և՝
1) շահառուի անվամբ բացված գործող բանկային հաշվի առկայության դեպքում` պարբերական դրամական վճարի գումարը մուտքագրում է այդ բանկային հաշվին.
2) շահառուի անվամբ գործող բանկային հաշվի բացակայության դեպքում` շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և պարբերական դրամական վճարի գումարը մուտքագրում այդ հաշվին:
3. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ՝
1) շահառուն հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռքբերում պարբերական դրամական վճարի գումարն իր անվամբ բացված բանկային հաշվին մուտքագրելու պահից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
2) շահառուի` իր բանկային հաշվին առկա միջոցները վճարվում են կանխիկ եղանակով կամ անկանխիկ եղանակով.
3) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում շահառուն բանկային հաշիվը կարող է տնօրինել պարբերական դրամական վճարի գումարը ծառայության կողմից բանկին փոխանցելու օրվանից հետո` շահառուի և բանկի միջև բանկային հաշվի պայմանագիր կնքելու օրվանից.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը (ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով, Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելը) համարվում է շահառուի կողմից կատարված, եթե նա, անձամբ բանկ ներկայանալով, հայտարարություն է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին կամ նույնականացվել է և ստորագրել որևէ այլ փաստաթուղթ կամ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է բանկը: Պարբերական դրամական վճարի գումարն անկանխիկ եղանակով վճարելու համար դիմած շահառուի՝ վերջին անգամ բանկ ներկայանալու ամիսը հաշվարկվում է նրա տվյալները վճարման ցուցակով լիազոր մարմնի կողմից բանկին փոխանցելու (շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու) ամսվանից սկսած.
5) բանկը, իր համար նախընտրելի միջոցներով, շահառուին տեղեկացնում է բանկային քարտի ժամկետը լրանալու մասին կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելու անհրաժեշտության մասին:
(3-րդ կետը լրաց. 24.09.20 N 1579-Ն)
3.1. Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝
1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.
2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):
Սույն կետում նշված՝ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:
(3.1-ին կետը լրաց. 24.09.20 N 1579-Ն)
4. Բանկային հաշվին մուտքագրվում է բացառապես պարբերական դրամական վճարի գումարը:
5. Շահառուին վճարվող բոլոր պարբերական դրամական վճարների գումարները բանկը մուտքագրում է շահառուի անվամբ բացված նույն բանկային հաշվին:
6. Շահառուի բանկային հաշվին մուտքագրված պարբերական դրամական վճարի գումարները տնօրինելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` վճարային քարտի սպասարկմանն առնչվող, կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:
7. Բանկը կարող է շահառուներին մատուցել այլ լրացուցիչ ծառայություններ, որոնք ներառված չեն սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված` պարբերական դրամական վճարների գումարների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների (այսուհետ՝ հիմնական ծառայություններ) ցանկ, կամ հիմնական ծառայությունների համար սահմանել հատուկ պայմաններ, որոնք պետք է պակաս բարենպաստ չլինեն շահառուի համար:
8. Սույն պայմանագրի ձևերը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունները) լիազոր մարմնի և բանկի միջև փոխանակվում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):
9. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը բանկի կողմից լիազոր մարմնին մատուցված է համարվում նախորդ ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին սույն պայմանագրի N 2 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Կողմերն իրավունք ունեն՝
1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկել մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.
3) իրականացնել օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
11. Բանկը պարտավոր է՝
1) համաձայն վճարման ցուցակի, հաշվի առնելով նաև սույն պայմանագրի 5-րդ կետի պահանջը՝ պարբերական դրամական վճարի գումարը սույն պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրել շահառուի գործող բանկային հաշվին, իսկ 2-րդ ենթակետում նշված դեպքում` շահառուի անվամբ վճարման ցուցակով տրամադրված տվյալների հիման վրա բացված բանկային հաշվին, դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով.
2) լիազոր մարմնի՝ սույն պայմանագրի N 3 ձևով սահմանված տեղեկատվությունը պարունակող կարգադրության (պահանջի) հիման վրա, այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, դրանում նշված գումարի չափով, առանց շահառուի համաձայնության, նրա բանկային հաշվից հետգանձել միջոցները (բավարար միջոցներ չլինելու դեպքում` բանկային հաշվում առկա հասանելի մնացորդի չափով) և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` միաժամանակ ապահովելով սույն պայմանագրի N 4 ձևով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմին ներկայացնելը: Բանկը պատասխանատվություն չի կրում բանկային հաշիվ մուտքագրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի (շահառուի) կարգադրության հիման վրա բանկային հաշվից դուրս են գրվել (ելքագրվել են)՝ մինչև լիազոր մարմնից սույն ենթակետում նշված կարգադրությունը (պահանջը) ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը.
3) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 5 ձևով սահմանված տվյալները (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը չկատարած շահառուների վերաբերյալ).
4) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 6 ձևով սահմանված տվյալները (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը կատարած շահառուների վերաբերյալ).
5) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան (սույն պայմանագրի իմաստով` մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում շահառուի մահվան վկայականը կամ դրա պատճենը բանկ ներկայացնելու օրը) հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ սույն պայմանագրի N 7 ձևով սահմանված տվյալները ներկայացնել լիազոր մարմին.
6) էլեկտրոնային եղանակով կամ շահառուի` բանկին անձամբ ներկայացրած պահանջի դեպքում անվճար տրամադրել նրա բանկային հաշվին մուտքագրված պարբերական դրամական վճարների գումարների մասին տեղեկատվություն (քաղվածք)` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.
7) շահառուին սպասարկել սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված` հիմնական ծառայությունների առավելագույն սակագների համաձայն.
8) շահառուին սպասարկել նաև այն դեպքում, երբ նա ներկայացնում է վճարման ցուցակում նշված` անձը հաստատող փաստաթղթից տարբեր այլ` անձը հաստատող վավերական փաստաթուղթ, եթե դրանով բանկը կարողանում է նույնականացնել այդ անձին:
12. Լիազոր մարմինը պարտավոր է`
1) տվյալ ամսվա վճարման ցուցակը և բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.
2) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկ ներկայացնել սահմանված ձևի կարգադրություն.
3) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ սույն պայմանագրի N 7 ձևով սահմանված տվյալները տրամադրել բանկին և դադարեցնել պարբերական դրամական վճարի գումարի վճարումը.
4) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
13. Բանկը սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցում է անվճար:
14. Բանկը շահառուի անվամբ բանկային հաշիվ բացելու և սպասարկելու համար ծառայությունների վարձավճար չի գանձում:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:
16. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
17. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
18. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին շահառուին պատշաճ կարգով ծանուցել պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:
19. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
20. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը, իսկ սույն պայմանագրի 21-րդ կետում նշված դեպքում` այդ կետում նշված համաձայնագրով նախատեսված` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ներդնելու օրը և գործում է անորոշ ժամկետով:
21. Ըստ անհրաժեշտության` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակվում և ներդրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող լրացուցիչ համաձայնագրի համաձայն` սույն պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3-րդ ամսվանից ոչ ուշ:
22. Եթե կողմերը կնքել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված` անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր, որը սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ գործում է, ապա սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ այդ վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծվում է: Այս դեպքում շահառուի` վերջին անգամ բանկ ներկայանալու ամիս է համարվում նախկին պայմանագրի համաձայն վերջին անգամ բանկ ներկայանալու ամիսը:
23. Սույն պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքում, եթե սույն պայմանագիրն իրավաբանական ուժ ստանալու օրվա դրությամբ բանկում շահառուի անվամբ հաշիվը`
1) բացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված` անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` այն համարվում է սույն պայմանագրով սահմանված կարգով բացված բանկային հաշիվ.
2) բացվել է այլ հիմքով, ապա պարբերական դրամական վճարի գումարը բանկը մուտքագրում է այդ հաշվին՝ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը կատարելու ամիսը ներառյալ: Այդ ժամկետից հետո բանկը սույն պայմանագրով սահմանված կարգով շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ:
V. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն |
_________________________________ |
Գտնվելու վայրը` ՀՀ, քաղ. Երևան, Նալբանդյան 13 |
Գտնվելու վայրը`———————— |
Հեռ.` ————————————— |
Հեռ.` ———————————— |
Էլ. փոստ` —————————————— |
Էլ. փոստ` ——————————— |
ՀՎՀՀ` ——————————————— (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը) | |
________________________ |
______________________ |
(անունը, ազգանունը) |
(անունը, ազգանունը) |
________________________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև N 1 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ) ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Պարբերական դրամական վճարի գործի համարը, պարբերական դրամական վճարի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Շահառուի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում):
Ձև N 2 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ` ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Հաշվետու ամսվա տարեթիվը և ամիսը, որին վերաբերում է փոխադարձ հաշվարկների ակտը.
3. Հաշվետու ամսվա վճարման ցուցակներում ներառված շահառուների ընդհանուր թիվը.
4. Հաշվետու ամսվա վճարման ցուցակների հիման վրա վճարման ենթակա (բանկին փոխանցված) պարբերական դրամական վճարների ընդհանուր գումարը.
5. Այն շահառուների թիվը, որոնք հաշվետու ամսվա ընթացքում կատարել են պայմանագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պահանջը.
6. Այն շահառուների թիվը, որոնք հաշվետու ամսվա ընթացքում չեն կատարել պայմանագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պահանջը.
7. Հաշվետու ամսվա ընթացքում շահառուների բանկային հաշիվներին մուտքագրված պարբերական դրամական վճարների ընդհանուր գումարի չափը.
8. Պարբերական դրամական վճարների գործերի թիվը, որոնց բանկային հաշիվներից պարբերական դրամական վճարների գումարները հաշվետու ամսվա ընթացքում, լիազոր մարմնի համապատասխան կարգադրության հիման վրա, բանկը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ըստ գանձապետական հաշիվների).
9. Լիազոր մարմնի կարգադրության հիման վրա հաշվետու ամսվա ընթացքում բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձված պարբերական դրամական վճարների գումարների հանրագումարը:
Ձև N 3 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Պարբերական դրամական վճարի գործի համարը, պարբերական դրամական վճարի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված պարբերական դրամական վճարի տեսակը.
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված (վճարման ցուցակով փոխանցված) պարբերական դրամական վճարի` վերադարձման ենթակա գումարի չափը.
7. Գանձապետական հաշիվը, որին պետք է փոխանցել (վերադարձնել) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարը:
Ձև N 4 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ (ՍԽԱԼ) ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ենթակա՝ պարբերական դրամական վճարի գործի համարը, պարբերական դրամական վճարի տեսակը և վճարման ենթակա գումարի չափը.
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի փոխանցված (վերադարձված)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված պարբերական դրամական վճարի գումարի չափը.
6. Գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված պարբերական դրամական վճարի գումարը.
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված պարբերական դրամական վճարի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Ձև N 5 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 928.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԸ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԿԱՏԱՐԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Պարբերական դրամական վճարի գործի համարը.
5. Վերջին անգամ բանկ ներկայանալու (բանկային հաշիվ բացելու համար շահառուի տվյալներն ստանալու) օրը, ամիսը, տարեթիվը, ստորագրած փաստաթղթի անվանումը:
Ձև N 6 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 928.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋԸ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
(վերնագիրը փոփ. 24.09.20 N 1579-Ն)
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Պարբերական դրամական վճարի գործի համարը.
5. Բանկ ներկայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ստորագրած փաստաթղթի անվանումը կամ նշում շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ:
(5-րդ կետը լրաց. 24.09.20 N 1579-Ն)
(ձևը փոփ., լրաց. 24.09.20 N 1579-Ն)
Ձև N 7 պարբերական դրամական վճարների |
Ց Ա Ն Կ
ՄԱՀԱՑԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Բանկի անվանումը (ծածկագիրը).
2. Մահացած շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. Պարբերական դրամական վճարի գործի համարը.
5. Շահառուի մահվան մասին տեղեկատվությունն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը.
6. Բանկային հաշիվ մուտքագրված` պարբերական դրամական վճարի տեսակը:
Ձև N 8 պարբերական դրամական վճարների |
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Աղյուսակ
NN |
Ծառայությունների տեսակը |
Առավելագույն սակագինը |
1. |
Բանկային (քարտային) հաշվի բացում և սպասարկում |
անվճար |
2. |
Քարտերի թողարկում և տրամադրում |
անվճար |
3. |
Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (տվյալ բանկի սպասարկման կետերում) |
անվճար |
4. |
Քարտային հաշվից միջոցների կանխիկացում (այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում) |
0.5 % |
5. |
Քարտի արգելափակում և ապաարգելափակում (քարտապանի պահանջով) |
անվճար |
6. |
Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական սպասարկման կետերում) քարտի վերադարձ |
անվճար |
7. |
Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (այլ բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձ |
200 դրամ |
8. |
Գաղտնաբառի (PIN կոդի) վերականգնում |
700 դրամ |
9. |
Քարտի վերաթողարկում (կորցնելու դեպքում) |
900 դրամ |
10. |
Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրում |
անվճար |
11. |
Անկանխիկ վճարումների ապահովում |
անվճար |
Սույն աղյուսակի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված ծառայությունները մեկ տարվա ընթացքում առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար` աղյուսակում նշված սակագնի (միջնորդավճարի) համաձայն, եթե բանկն ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:
(հավելվածը լրաց., փոփ. 24.09.20 N 1579-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)