Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1587
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.04.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 19.04.2021
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.04.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
13.04.2021
Дата вступления в силу
13.04.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 ապրիլի 2021 թ.

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԱԺՈ-014-Ա ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ Ս. Գրիգորյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը (այսուհետ՝ նաև Որոշում) Ազգային ժողովի կողմից ընդունվել և Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին:

Որոշմամբ սահմանված է.

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածը`

Ազգային ժողովը որոշում է.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահե:

Գործի քննության առիթը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2021 թվականի հունվարի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով սույն գործին առնչվող իրավական ակտերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողի պնդմամբ՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից մեկ այլ խմբակցությանը վերապահված հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարց նախաձեռնելը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 150-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Ըստ այդմ՝ դիմողը պնդում է, որ Որոշումը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ այն ընդունվել է Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտմամբ:

Դիմողը գտնում է, որ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը նախաձեռնելիս «Իմ քայլը» խմբակցությունը սխալ է մեկնաբանել Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Դիմողը, ըստ էության, բարձրացնելով Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի՝ իրավական որոշակիության պահանջներին համապատասխանության հարց, առաջ է քաշում հարցադրում՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ցանկացա՞ծ խմբակցություն, թե՞ միայն այն խմբակցությունը, որին վերապահվել է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Դիմողի համոզմամբ հիշյալ նախագիծը ներկայացնելու իրավունք ունի միայն այն խմբակցությունը, որին վերապահվել է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև Կանոնակարգի 11-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաև հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ: Դրանով իսկ դիմողն ընդգծում է խմբակցության կամքի առաջնայնությունը:

Դիմողը վկայակոչում է նաև Կանոնակարգի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ: Ըստ դիմողի՝ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի ցանկացած այլ մեկնաբանություն, որի պայմաններում դիտարկվող իրավունքը կվերապահվի ցանկացած խմբակցության, կարժեզրկի Կանոնակարգի 8-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված երաշխիքը:

Դիմողը նաև փաստարկում է, որ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասում «խմբակցություն» եզրույթը գործածված է եզակի թվով, ինչը ևս վկայում է օրենսդրի մտադրությունը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք վերապահել այն խմբակցությանը, որին վերապահվել է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ մշտական հանձնաժողովի նախագահի և անդամի պաշտոններում, համապատասխանաբար՝ ընտրվելու և նշանակվելու, ինչպես նաև այդ պաշտոններում լիազորությունների ավարտման կառուցակարգերի համեմատությունը ոչ միայն չի հիմնավորում դիմողի հիմնական պնդումը, այլ ընդհակառակը՝ առավել ակներև է դարձնում դրա անհիմն լինելը։

Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։

Վերոնշյալ դրույթից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորվում է.

 խմբակցությունների՝ ըստ դրանցում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության ներկայացվածությունը մշտական հանձնաժողովներում.

● խմբակցությունների՝ ըստ դրանցում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության ներկայացվածությունը մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում։

Միաժամանակ, Սահմանադրությամբ չեն ամրագրվում ընթացակարգային դրույթներ, որոնց միջոցով պետք է ապահովվեն Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ խմբակցությունների ներկայացվածության երաշխիքները. նշված ընթացակարգերն ամրագրված են Կանոնակարգով:

Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ օրենսդրի կողմից հստակ տարբերակվել են Ազգային ժողովի մարմիններում նշանակումները և ընտրությունները։

Պատասխանողը նշում է, որ ի տարբերություն մշտական հանձնաժողովի անդամի տեղում նշանակման դեպքի, մշտական հանձնաժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում ընտրվելու դեպքում պատգամավորն այդ պաշտոնները կարող է ստանձնել Ազգային ժողովի կամահայտնության արդյունքում, այլ ոչ թե սոսկ այն խմբակցության կամահայտնության արդյունքում, որի կազմում նա ընդգրկված է։ Ըստ պատասխանողի՝ մշտական հանձնաժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ոչ թե մեկ խմբակցության կողմից նշանակվելու կառուցակարգի ամրագրումը, թերևս, պայմանավորված է դրանց գործառույթներով, մասնավորապես, այն հանգամանքով, որ Գմշտական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները այդ կարգավիճակում գործելիս ներկայացնում են (համակարգում են) ոչ միայն այն խմբակցությունը և իրենց խմբակցության պատգամավորներին, այլ նաև այլ խմբակցություններում ընդգրկված պատգամավորներին, իսկ որոշ դեպքերում նաև ամբողջ Ազգային ժողովըգ։ Եվ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահված է ցանկացած խմբակցության։

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անդրադառնում է, մասնավորապես,

- Որոշման (անհատական իրավական ակտի) սահմանադրականության հարցին, որն ընդունվել է Կանոնակարգի 150-րդ հոդվածի հիման վրա: Վերջինիս առնչությամբ, պարզման ենթակա է, մասնավորապես, Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունն այն իմաստով՝ օրենսդիրն Ազգային ժողովի ցանկացա՞ծ, թե՞ միայն այն խմբակցությանն է օժտել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Ըստ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքով պայմանավորված՝ բարձրացվեց խորհրդարանական փոքրամասնության դերակատարությունը: Այդ առնչությամբ, սահմանադրական մակարդակում ամրագրում ստացան նաև Ազգային ժողովի մարմիններում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչության վերաբերյալ մի շարք դրույթներ (մասնավորապես` Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը վերապահվեց խորհրդարանական փոքրամասնությանը (տվյալ պաշտոնը զբաղեցնող անձն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից), նախատեսվեց պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծում, որում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, և որում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը, ամրագրվեց Ազգային ժողովի խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման վերաբերյալ դրույթ՝ ելնելով խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունից, որը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացվածության կարևոր երաշխիք է): Խորհրդարանական փոքրամասնությանը վերապահվեցին նոր լիազորություններ (ընդլայնվեց դրանց շրջանակը)՝ խորհրդարանական վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում՝ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ տեղերի բաշխման հարցի առնչությամբ հարկ է նշել, որ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունն արտացոլված է Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-րդ մասում: Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝ խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխելու: Կանոնակարգի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաև հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ, իսկ 5-րդ մասի համաձայն՝ խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրեն վերապահված տեղը, ինչպես նաև փոխելու հանձնաժողովի կազմում ընդգրկված իր անդամին:

Վերոնշյալից բխում է, որ վերը հիշատակված սահմանադրական և օրենսդրական կարգավորումները, մասնավորապես, վերաբերում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղերի բաշխմանը, Ազգային ժողովի խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովի անդամի տեղում տվյալ խմբակցության անդամին նշանակելուն, նրան փոխելուն, հանձնաժողովի կազմից դուրս գալուն՝ տվյալ խմբակցության որոշմամբ:

Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը վերաբերում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների՝ խմբակցությունների միջև բաշխմանը՝ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այդ առնչությամբ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան՝ խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու: Կանոնակարգի 138-րդ հոդվածը սահմանում է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների ընթացակարգը, համաձայն որի՝ նախ և առաջ, նույն հոդվածով սահմանված կարգով որոշվում է այն խմբակցությունը, որին վերապահվում է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը: Ընդ որում, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Սահմանված կարգի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Կանոնակարգի հիշյալ հոդվածով ամրագրված բանաձևով։ Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը վերապահվում է մշտական հանձնաժողովների նախագահներից կամ նրանց տեղակալներից մեկի թեկնածուին առաջադրելու իրավունքը: Հաջորդ պաշտոնում առաջադրելու իրավունքը վերապահվում է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությանը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

Կանոնակարգի 138-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխանակել կամ միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը:

Կանոնակարգի 138-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, իսկ 12-րդ մասին համապատասխան՝ եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Կանոնակարգի 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Վերոնշյալից բխում է, որ վերը հիշատակված սահմանադրական և օրենսդրական կարգավորումները, մասնավորապես, վերաբերում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների՝ խմբակցությունների միջև բաշխմանը: Հատկանշական է, որ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է Ազգային ժողովի խմբակցության՝ մշտական հանձնաժողովի նախագահի իրեն վերապահված պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, իսկ Կանոնակարգի 138-րդ հոդվածում գործածված են «սահմանված կարգով որոշված խմբակցությունըե, «խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների (…) պաշտոնների», «իրավասու խմբակցությունըե, «իրեն վերապահված թափուր պաշտոնում» բառակապակցությունները:

Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասում արտացոլված երկու նախադասություններից յուրաքանչյուրն ունի ինքնավար բովանդակություն (թեև երկու դեպքում էլ պետք է հաշվի առնվի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունը). առաջինը վերաբերում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղերի բաշխմանը՝ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, որի առնչությամբ Կանոնակարգին համապատասխան՝ Ազգային ժողովի համապատասխան խմբակցությունն իրեն վերապահված մշտական հանձնաժողովի անդամի տեղում նշանակում է տվյալ խմբակցության անդամին և փոխում նրան, իսկ երկրորդը՝ խմբակցությունների միջև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխմանը՝ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, որի առնչությամբ օրենսդիրը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների գործընթացում այդ պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքով օժտել է Ազգային ժողովի ոչ թե ցանկացած, այլ կոնկրետ խմբակցությանը՝ գործածելով հիշյալ բառակապակցությունները: Միաժամանակ, օրենսդիրը երաշխավորել է Ազգային ժողովի համապատասխան խմբակցության՝ նշված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքի պահպանումը մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ Կանոնակարգով սահմանելով նաև. «Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է (...) ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանըե:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ունի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու սահմանադրական իրավունք, և տվյալ դեպքում նույնիսկ վիճարկվող անհատական իրավական ակտով Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումը չի հանգեցնում մշտական հանձնաժողովները ձևավորելիս տվյալ խմբակցության համար Սահմանադրությամբ երաշխավորված համամասնության կանոնների խախտման։ Ընդ որում՝ Ազգային ժողովի խմբակցությունն իր կամահայտնությունը դրսևորում է մշտական հանձնաժողովի նախագահի՝ իրեն վերապահված պաշտոնում թեկնածու առաջադրելով (Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի ստանձնումը պայմանավորված է Ազգային ժողովի կամահայտնության (ընտրության) արդյունքով (Կանոնակարգի 138-րդ հոդված):

4.2. Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, հետևաբար՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով՝ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «խմբակցությունը» բառը տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա:

Տվյալ դեպքում հարկ է պարզել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասում ամրագրված՝ «կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից» պայմանի առկայությունը կամ բացակայությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Կանոնակարգի ուսումնասիրությունից բխում է, որ վերջինիս 24, 38, 40, 96, 146-րդ և այլ հոդվածներում գործածված են «ընդդիմադիր խմբակցությունե, 7, 24, 58, 146-րդ և այլ հոդվածներում՝ «կառավարող խմբակցությունե, 137-րդ հոդվածում՝ «միայն ընդդիմադիր խմբակցությունե, 3-րդ հոդվածում՝ «իր խմբակցությանը» արտահայտությունները, իսկ վերաբերելի մնացած հոդվածներում՝ «խմբակցություն» բառը՝ եզակիով/հոգնակիով:

Վերոգրյալից բխում է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին համահունչ՝ օրենսդիրը Կանոնակարգում միևնույն միտքն արտահայտելիս կիրառել է միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները: Այսինքն՝ եթե օրենսդիրը նպատակ հետապնդեր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք վերապահել միայն տվյալ անձին՝ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրած խմբակցությանը, ապա հատուկ կնշեր հենց այդ խմբակցությանը:

Հարկ է նշել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրման/ընտրության գործընթացում Ազգային ժողովի խմբակցության դերակատարության (ներգրավվածության) հարցի համատեքստում օրենսդիրը որոշակիացրել է, թե կոնկրետ դեպքում/իրավիճակում ոԲր խմբակցության մասին է խոսքը՝ Կանոնակարգում գործածելով համապատասխան բառակապակցություններ: Մինչդեռ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով օժտված սուբյեկտին նշելիս օրենսդիրը գործածել է «խմբակցություն» եզրույթը:

Հատկանշական է, որ Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը ևս, Կանոնակարգի 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, վերապահված է Ազգային ժողովի խմբակցությանը, թեև Կանոնակարգի 137-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից (Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները):

Ելնելով վերոնշյալից՝ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով օժտել է բոլոր խմբակցություններին: Հետևաբար՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ցանկացած խմբակցություն, այլ ոչ թե միայն այն խմբակցությունը, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

4.3. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Ազգային ժողովի՝ 29.12.2020 թ. թիվ ԱԺՈ-014-Ա որոշումն ընդունելու և գործողության մեջ դնելու՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության հարցին:

19.04.2019 թ. ՍԴՈ-1454 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Չնայած այն հանգամանքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքն այլևս չի գործում, և նոր՝ համանուն սահմանադրական օրենքը նման հատուկ կարգավորում չի պարունակում, այդուհանդերձ, հարկ է նշել, որ ՀՕ-58-Ն օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ի շարս այլ չափանիշների, վիճարկվող իրավական ակտի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը հաշվի էր առնում նաև իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը, իսկ նույն հոդվածի նույն մասի 5-րդ կետի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները (...):

Թեև հիշյալ դրույթը չի վերարտադրվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, քանի որ այն սահմանադրականության գնահատման մասնավոր դեպքերի թվարկում էր, և օրենսդիրն այդ հիմքով այլևս անհրաժեշտություն չի տեսել ոչ սպառիչ եղանակով թվարկելու առանձին մասնավոր դեպքեր, ակնհայտ է, որ նաև ներկայում, ի թիվս այլնի, որևէ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման կամ գործողության մեջ դնելու՝ միայն Սահմանադրությամբ նախատեսված կարգն է սահմանադրականության գնահատման մասշտաբը, ինչպես նաև Ազգային ժողովի (Սահմանադրությամբ սպառիչ ամրագրված) լիազորությունների թույլատրելի սահմանները: Ուստի ակնհայտ է նաև, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել սահմանադրական կամ սովորական օրենքների և իր ընդդատությանը վերապահված այլ իրավական ակտերի ցանկացած խախտումներ կամ դրանց համապատասխանությունը ոչ թե Սահմանադրությանը, այլ դրանց նկատմամբ գերակայող այլ իրավական ակտերին: Այդպիսի վերահսկողությունը հանրային իշխանության այլ մարմինների, հատկապես՝ այլ դատարանների իրավասության մեջ է: Հակառակ դեպքում՝ Սահմանադրական դատարանը կարող է ծանրաբեռնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ցանկացած խախտումով կամ, օրինակ՝ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ այլ նորմատիվ իրավական ակտերի՝ իրենց հանդեպ գերակայող նորմատիվ իրավական ակտին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ վեճերով, որոնք դուրս են Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթի շրջանակներից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի՝ իր կանոնակարգի համաձայն գործելու սահմանադրական պահանջի խախտումները կարող են Սահմանադրական դատարանում վեճի առարկա դառնալ միայն այդ խախտումների արդյունքում Սահմանադրության որևէ պահանջ խախտվելու դեպքերում:

Օրենքի (վիճարկվող այլ իրավական ակտի) սահմանադրականության գնահատման համար այդ օրենքը (իրավական ակտը) ընդունելու և գործողության մեջ դնելու՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության նշանակության խնդրին Սահմանադրական դատարանն իր որոշումներում ևս անդրադարձել է: Այսպես՝ 07.07.2015 թ. ՍԴՈ-1224 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշված խնդրի վերաբերյալ հետևյալ դիրքորոշումն է արտահայտել. «....օրենքների ընդունման խորհրդարանական կամ ինչպես հանրային քննարկումներ կազմակերպելու պահանջի տեսանկյունից՝ արտախորհրդարանական ընթացակարգերի ցանկացած խախտում անթույլատրելի է օրենսդրական գործընթացի շրջանակներում, անհամատեղելի է օրենսդրական գործունեության կանոնների հետ, սակայն այդ խախտումներից ոչ բոլորն են, որ սահմանադրականության տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեն: Վերջիններիս թվին են դասվում միայն այն կանոնների խախտումները, որոնք ուղղակիորեն հիմնված են Սահմանադրության պահանջների վրա, օրենքի ընդունման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար որոշիչ նշանակություն ունեն և/կամ այնքան էական են, որ առանց այդ կանոնների պահպանման անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը, հետևաբար` նաև օրենսդրի կողմից ներկայացվող ՀՀ ժողովրդի կամքը»:

Սահմանադրությամբ իրենց ամրագրումն են ստացել օրենսդրական գործունեության (Ազգային ժողովում օրենքների (որոշումների) ընդունման ընթացակարգին առնչվող) միայն հիմնական՝ առանցքային պահանջները: Դրանք առնչակցվում են, մասնավորապես, Ազգային ժողովի նիստերի հրապարակայնության (Սահմանադրության 101-րդ հոդված), իրավազորության (Սահմանադրության 102-րդ հոդված), օրենքների, այդ թվում՝ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակի, քվեարկություններին մասնակցող պատգամավորների անհրաժեշտ նվազագույն քանակի (Սահմանադրության 103-րդ հոդված), օրենսդրական նախաձեռնության իրավունքի սուբյեկտների (Սահմանադրության 109-րդ հոդված), ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելու և հրապարակելու (Սահմանադրության 129-րդ հոդված) հետ կապված հարցերին, և իրենց էության մեջ կոչված են երաշխավորելու Ազգային ժողովի գործունեության լեգիտիմությունը»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 07.07.2015 թ. ՍԴՈ-1224 և 19.04.2019 թ. ՍԴՈ-1454 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող Որոշումն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ Որոշման ընդունման սահմանադրականության առումով, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը: Հետևաբար՝ վիճարկվող Որոշումը, նաև վերջինիս ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց չէ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

13 ապրիլի 2021 թվականի
 ՍԴՈ-1587

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 ապրիլի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԱԺՈ-014-Ա ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1587 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1587 որոշմամբ (հրապարակվել է 2021 թվականի ապրիլի 16-ին) որոշել է.

«1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը: (…)»:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1587 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 1 Նախ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1587 որոշմամբ, արձանագրել է, որ «Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ունի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու սահմանադրական իրավունք, և տվյալ դեպքում նույնիսկ վիճարկվող անհատական իրավական ակտով Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումը չի հանգեցնում մշտական հանձնաժողովները ձևավորելիս տվյալ խմբակցության համար Սահմանադրությամբ երաշխավորված համամասնության կանոնների խախտման»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը քննարկման առարկա է դարձրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես՝ այն հարցը, թե ըստ այդ իրավանորմի՝ օրենսդիրը որ խմբակցություններին է օժտել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով։

 Փաստորեն, ՍԴՈ-1587 որոշման 4.1-րդ կետից կարելի է եզրակացնել, որ Սահմանադրական դատարանը կարևորություն է տվել այն հանգամանքին, թե Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումից հետո ում է պատկանում համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը։ Մինչդեռ կարծում եմ, որ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն առնչվում է ինչպես Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության, այնպես էլ նրա լիազորությունները դադարեցնելու գործընթացներին, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման 4.2-րդ կետում նշված վերլուծությունները որոշման մեջ չէին կարող տեղ գտնել։

 Բացի այդ, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման մեջ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «խմբակցությունը» բառի մեկնաբանման վերաբերյալ պատճառաբանությունները կառուցված են բացառապես օրենքի դրույթների վերլուծության վրա, մինչդեռ կարծում եմ, որ նման եղանակով հնարավոր չէ բացահայտել որևէ իրավադրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը (ՍԴՈ-1587 որոշման 3-րդ կետ)։ Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշումից պարզ չէ, թե որն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «խմբակցությունը» բառին Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Սահմանադրության 106-րդ հոդվածի կապը, այսինքն՝ ինչի հիման վրա է Սահմանադրական դատարանը եկել այն եզրահանգման, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «խմբակցությունը» բառն ունի այն սահմանադրաիրավական բովանդակությունը, համաձայն որի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ցանկացած խմբակցություն, այլ ոչ թե միայն այն խմբակցությունը, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այն դեպքում, երբ այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի վերլուծությունները սահմանափակվում են օրենքի դրույթների վերլուծությամբ, մասնավորապես՝ թե օրենսդիրը տարբեր իրավանորմերում ինչ բառեր և բառակապակցություններ է գործածել։ Կարծում եմ, որ օրենքի նման՝ սահմանադրական կարգավորումների հետ չկապված, դրանցից կտրված մեկնաբանում կատարելով Սահմանադրական դատարանը տվյալ դեպքում ստանձնում է մասնագիտացված՝ վարչական դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը Սահմանադրական դատարանը չունի: Իմ կարծիքով՝ Սահմանադրական դատարանի կողմից նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հիմքում պետք է ընկած լինեն սահմանադրական կարգավորումներ և դրանց վերաբերյալ վերլուծություններ (որոնցից կբխի նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը), որպիսիք տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման մեջ առկա չեն։

Իմ գնահատմամբ Սահմանադրական դատարանի՝ օրենքի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող որոշման առանցքում պետք է լինի սահմանադրի կամքը, որը վերհանելիս և վելուծելիս անընդունելի եմ համարում միայն օրենսդրի կողմից կոնկրետ հարցի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումները հիմք ընդունելը։ Այսինքն՝ օրենսդրի կամքը երբեք չի կարող կաշկանդող լինել Սահմանադրական դատարանի համար սահմանադրի կամքը վերհանելիս և վելուծելիս։

Որպես ուղենիշ հիմք ընդունելով վերը նշված մոտեցումը՝ սույն հատուկ կարծիքում շարադրվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցող «խմբակցություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը։

2. Կարծում եմ, որ «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հետևյալ հիմնավորմամբ.

2.1. Խորհրդարանում և դրանից դուրս քաղաքական ընդդիմության առկայությունը լավ գործող ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է1։ Արդյունավետ քաղաքական ընդդիմության առկայությունը հակադրվում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» գաղափարին՝ առաջարկելով մեծամասնությունից տարբերվող դիրքորոշումներ և լուծումներ, այդպիսով նպաստելով տեսակետների մրցակցությանը, ինչն արդյունավետ կառավարման նախապայման է։

Արդյունավետ քաղաքական ընդդիմության կարևորությունն ընդգծվել է նաև միջազգային բազմաթիվ փաստաթղթերում։ Օրինակ՝ 2012 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևում արձանագրվել է ժողովրդավարության պատշաճ գործողության մեջ քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարևոր դերը2։ Խորհրդարանների նախագահների եվրոպական խորհրդաժողովի շրջանակներում արձանագրվել է, որ ժողովրդավարության և ավտորիտար ռեժիմի էական տարբերությունն այն է, որ ժողովրդավարությունը հավասար հիմքերով ճանաչում է քաղաքական ընդդիմությունը3։

Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմությունը4 կարող է արդյունավետորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները միայն այն դեպքում, եթե վերջինս օժտված է անհրաժեշտ գործիքակազմով։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ժողովրդավարության որակը չափվում է ընդդիմության կամ խորհրդարանական փոքրամասնության գործառույթներն իրականացնելու համար նրա տրամադրությանը հանձնված միջոցներով5։

Խորհրդարանական ընդդիմության արդյունավետ գործունեության առավել կարևոր երաշխիքներն ամրագրում են ստացել Սահմանադրության տարբեր դրույթներում։ Այն թեև ուղղակիորեն չի բնորոշում ընդդիմության դերը, սակայն ճանաչում և երաշխավորում է դրա մի շարք իրավունքներ։ Ընդ որում, այդ իրավունքները և երաշխիքները Սահմանադրության դրույթներում տեղ են գտել տարբեր ձևակերպումների միջոցով, ինչի արդյունքում կարելի է առանձնացնել խորհրդարանական ընդդիմության ուղղակի և անուղղակի իրավունքներ։ Եթե ուղղակի իրավունքները սահմանող դրույթներն ուղղակի նշում են պարունակում ընդդիմության մասին (օրինակ՝ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից), ապա անուղղակի իրավունքները նման նշում չեն պարունակում։ Օրինակ՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պատգամավորի անձեռնմխելիությունը պաշտպանում է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, կամ Ազգային ժողովի կողմից մի շարք պաշտոնատար անձանց ընտրությունը պատգամավորների թվի ձայների որակյալ մեծամասնությամբ կատարելու պահանջը (օրինակ՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր, 192-րդ հոդվածի 2-րդ մաս, 195-րդ հոդվածի 2-րդ մաս, 197-րդ հոդվածի 2-րդ մաս, 199-րդ հոդվածի 2-րդ մաս, 201-րդ հոդվածի 1-ին մաս) որոշակի երաշխիք է խորհրդարանական փոքրամասնության համար։

Խորհրդարանական ընդդիմության արդյունավետ գործունեության անուղղակի երաշխիքներ են սահմանված նաև Սահմանադրության 106-րդ հոդվածով, որը վերաբերում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ձևավորմանը և դրանցում տեղերի բաշխմանը։

Մշտական հանձնաժողովները պատգամավորներից կազմված մշտապես գործող խմբեր են, որոնց ստեղծման նպատակներն են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկումը և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացությունների ներկայացումը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության իրականացումը։ Մշտական հանձնաժողովների առկայությունը խորհրդարանին հնարավորություն է տալիս միաժամանակ քննարկել իր իրավասությանը վերապահված տարբեր հարցեր, ինչի արդյունավետությանն է նպաստում նաև այն հանգամանքը, որ, որպես կանոն, մշտական հանձաժողովները խորհրդարանի համեմատությամբ ունենում են գործունեության առավել պարզ կարգ, իսկ դրանց անդամների առավել փոքր թիվը բարձրացնում է քննարկումների արդյունավետությունը։ Ընդ որում, պատգամավորներից կազմված այս խմբերում ապահովվում է կարծիքների բազմազանությունը և դրանց փոխանակման միջոցով Ազգային ժողովում երկխոսությունը՝ հաշվի առնելով խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովներում տեղերի բաշխումը։

Խորհրդարանի պատասխանատու պաշտոններում խորհրդարանական փոքրամասնության ներկայացվածությունն ընդդիմության իրավունքների ապահովման կարևոր գործիք է6։ Մշտական հանձնաժողովներում խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև հավասարակշռության ապահովման և դրանց աշխատանքներում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող պատգամավորների ներառման նպատակով սահմանադիրն ամրագրել է, որ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Միաժամանակ, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով հատուկ անդրադարձ է կատարվել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխմանը՝ սահմանելով, որ դրանք խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ7:

Այս իրավանորմի մեկնաբանության հարցում է իմ դիրքորոշումն էապես տարբերվում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումից։ Այսպես՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները համամասնորեն բաշխելու պահանջը կապել է բացառապես այդ պաշտոններում պատգամավորների ընտրության հետ, այսինքն՝ ըստ Սահմանադրական դատարանի՝ այդ իրավանորմը վերաբերում է այն հարցին, թե ինչպես են պատգամավորներն ընտրվում մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում։ Մինչդեռ իմ կարծիքով՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները համամասնորեն բաշխելու պահանջը սերտորեն կապված է նաև այդ պաշտոնում ընտրված պատգամավորի՝ որպես մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարման և դադարեցման կարգի հետ, քանի որ քաղաքական փոքրամասնությունը պետք է արդյունավետորեն ներկայացված լինի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում, ինչը ենթադրում է, որ այն պետք է որոշակի ազդեցություն ունենա այն հարցում, թե իր ո՛ր ներկայացուցիչն է (հաշվի առնելով նաև նրա մասնագիտությունը, փորձառությունը) ընդգրկվում մշտական հանձնաժողովում՝ որպես դրա նախագահ։ Հակառակ դեպքում, կարող է թույլատրելի համարվել առանց խորհրդարանական փոքրամասնության մասնակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից այն պատգամավորի հեռացումը, որն առավել խիստ քննադատության է ենթարկում խորհրդարանական մեծամասնությանը կամ գործող կառավարությանը, ինչը համատեղելի չէ ընդդիմության արդյունավետ գործունեության երաշխիքների ապահովման անհրաժեշտության հետ և չի նպաստում ժողովրդավարության ամրապնդմանը և գործողությանը։ Հետևաբար, կարծում եմ, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում պատգամավորների ընտրությանը, ինչպես նաև այդ պաշտոններում նրանց լիազորությունների դադարմանը և դադարեցմանը վերաբերող իրավակարգավորումները պետք է ապահովեն այդ գործընթացներում խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը և խորհրդարանական մեծամասնության ու խորհրդարանական փոքրամասնության միջև փոխզսպումների առկայությունը։

2.2. Ի ապահովումն Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավանորմի պահանջի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը սահմանում է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների ընթացակարգը։ Այդ հոդվածով նախատեսված բանաձևի կիրառմամբ նախ որոշվում է մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը, իսկ մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածը կարգավորում է մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարմանը և դադարեցմանն առնչվող հարցերը։ Ըստ այդ հոդվածի՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը (մաս 2), իսկ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (մաս 4):

Վերոգրյալից հետևում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացում խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունն արտահայտվում է նաև համապատասխան խմբակցության կողմից որոշ դեպքերում մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքի իրացմամբ։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության առաջադրմամբ ընտրված մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցմանը, ապա օրենսդիրը, մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահելով խմբակցությանը, շեշտադրում չի կատարել, թե խոսքը որ խմբակցությանն է վերաբերում, ինչով էլ պայմանավորված՝ անհրաժեշտ է վերհանել այդ արտահայտության սահմանադրաիրավական բովանդակությունը։

Հիմք ընդունելով սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումները և հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածով սահմանված՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը (քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին)՝ կայուն խորհրդարանական մեծամասնության առկայության պահանջի (Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մաս) պայմաններում այդ գործընթացում խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը և խորհրդարանական մեծամասնության ու խորհրդարանական փոքրամասնության միջև փոխզսպումների առկայությունն ապահովելու միակ գործուն երաշխիքը կարող է լինել մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման առաջարկ ներկայացնելու բացառիկ հնարավորության առկայությունը։ Հակառակ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը (կառավարող խմբակցություն) հնարավորություն կունենա մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից առանց որևէ խոչընդոտի հեռացնելու իր գործունեությունն առավել խիստ քննադատության ենթարկող ընդդիմադիր պատգամավորներին, որպիսի պայմաններում կարող է չապահովվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում խորհրդարանական փոքրամասնության արդյունավետ ներկայացվածությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրանում օգտագործված «խմբակցությունը» բառը վերաբերում է ոչ թե ցանկացած խմբակցության, այլ միայն այն խմբակցությանը, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այդ նորմի՝ միայն այդպիսի մեկնաբանությունը կարող է համահունչ լինել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին։

2.3. Տվյալ դեպքում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, և Ազգային ժողովի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունվել է սույն գործով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը։ Ընդ որում, Ազգային ժողովի 132 պատգամավորներից նշված որոշումը կայացնելիս քվեարկությանը մասնակցել են 84 պատգամավորներ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. դադարեցմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դադարեցմանը դեմ է քվեարկել 4 պատգամավոր8։

Փաստորեն, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավորի՝ որպես մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվել են Ազգային ժողովի մեկ այլ՝ կառավարող խմբակցության նախաձեռնությամբ, ինչը, իմ կարծիքով, վերը նշված դիրքորոշումների հաշվառմամբ չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին՝ խախտելով նաև Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը, ինչպես նաև Ազգային ժողովի՝ իր կանոնակարգին համապատասխան գործելու՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված պահանջը։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի կողմից 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշմամբ և 2019 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1454 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում հարկ եմ համարում արձանագրել, որ տվյալ դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն ուղղակիորեն հիմնված է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի վրա, կոչված է ապահովելու մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանական փոքրամասնության արդյունավետ ներկայացվածությունը և մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար ունի որոշիչ նշանակություն, ուստի այդ պահանջի խախտումն «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման սահմանադրականության տեսանկյունից ունի սկզբունքային նշանակություն։ Ասվածից բխում է նաև տվյալ դեպքում Ազգային ժողովի՝ իր կանոնակարգի համաձայն գործելու սահմանադրական պահանջի խախտումը Սահմանադրական դատարանում վեճի առարկա դառնալու հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ այդ խախտման արդյունքում խախտվել է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը։

Միաժամանակ, հաշվի առնելով Ազգային ժողովի խմբակցությունների կողմից այլ խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված պատգամավորի՝ որպես մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավական հնարավորության բացակայությունը՝ հարկ եմ համարում անդրադառնալ նաև սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ այն իրավիճակներին, երբ, որևէ խմբակցության գնահատմամբ, մշտական հանձնաժողովի նախագահի կողմից թույլ է տրվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտում, սակայն նրա լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցող խմբակցությունն այդպիսի նախաձեռնությամբ հանդես չի գալիս։

Նման իրավիճակներում կարող է գործադրվել մյուս խմբակցության (խմբակցությունների) կողմից պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծով հանդես գալու, Ազգային ժողովի որոշմամբ այդպիսի հանձնաժողով ձևավորելու գործիքակազմը (Սահմանադրության 107-րդ հոդված, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ գլուխ)։ Ընդ որում, հատկանշական է, որ այդ հանձնաժողովը ոչ միայն իր իրավասության շրջանակում քննարկում է պատգամավորական էթիկային առնչվող հարցեր և դրանց վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում Ազգային ժողովին («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), այլև այդ եզրակացությունները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի միջոցով մշտական հանձնաժողովի նախագահի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների ենթադրյալ խախտում թույլ տրված լինելու կապակցությամբ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրահանգումները հասանելի են դառնում հանրությանը։ Վերը նշվածն իր հերթին կարող է ազդակ հանդիսանալ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեցող խմբակցության կողմից այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու համար։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անհրաժեշտ էր «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր։

 

_________________

1 Տե՛ս Council of Europe Parliamentary Assembly, Procedural guidelines on the rights and responsibilities of the opposition in a democratic parliament, Resolution 1601 (2008), 3.

2 Տե՛ս United Nations Human Rights Council, Human rights, democracy and the rule of law, Resolution 19/36 (2012), 6.

3 Տե՛ս European Conference of Presidents of Parliament, Rights and responsibilities of the opposition in a Parliament: Background document prepared by the Secretariat upon the instruction of the President of the Parliamentary Assembly of the Council of Europe (2010), 1.

4 Սույն հատուկ կարծիքում «խորհրդարանական ընդդիմություն» և «խորհրդարանական փոքրամասնություն» արտահայտություններն օգտագործվում են նույն իմաստով և վերաբերում են խորհրդարանական քաղաքական փոքրամասնությանը։

5 Տե՛ս Council of Europe Parliamentary Assembly, Procedural guidelines on the rights and responsibilities of the opposition in a democratic parliament, Resolution 1601 (2008), 2.

6 Տե՛ս նաև Council of Europe, European Commission for Democracy through Law (Venice Commission), Parameters on the relationship between the parliamentary majority and the opposition in a democracy: a Checklist, CDL-AD(2019)015 (2019), 86.

7 Խորհրդարանի հանձնաժողովների նախագահների պաշտոններում խորհրդարանական ընդդիմության ներկայացվածության մասին տե՛ս նաև Council of Europe Parliamentary Assembly, Procedural guidelines on the rights and responsibilities of the opposition in a democratic parliament, Resolution 1601 (2008), 2.5.1; European Conference of Presidents of Parliament, Rights and responsibilities of the opposition in a Parliament: Background document prepared by the Secretariat upon the instruction of the President of the Parliamentary Assembly of the Council of Europe (2010), Appendix.

8 Տե՛ս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, յոթերորդ գումարում, արտահերթ նստաշրջան, սղագրություն թիվ 2, 29 դեկտեմբերի 2020 (հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/transcript.php?lang=arm&month=12&year=2020):

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

22 ապրիլի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԱԺՈ-014-Ա ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1587 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը` Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը (2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ–1587 որոշում):

 Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք՝ հիշյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։

1. Խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական պաշտպանությունն ածանցվում է Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներից։

Խորհրդարանական վերահսկողություն իրականացնելիս հատկապես կարևոր դեր ունեն խորհրդարանի այն անդամները կամ խմբերը, որոնք չեն աջակցում Կառավարությանը։ Որպես խորհրդարանական ընդդիմություն նրանք Կառավարության և խորհրդարանական մեծամասնության «բնական հակառակորդներ» են։

Որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունենա իրականացնել խորհրդարանական վերահսկողական իր գործառույթը, նրա՝ որպես խորհրդարանական փոքրամասնության` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները պետք է մեկնաբանվեն դրանց արդյունավետ իրացման տեսանկյունից։ Նշվածը վերաբերում է նաև ընդդիմադիր խմբակցությունների կողմից ըստ իրենց տեղերի համամասնության՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնելու իրավունքին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանական մեծամասնությունն է ձևավորում գործադիր իշխանություն` խորհրդարանական վերահսկողության արդյունավետությունն առավելապես կախված է խորհրդարանական փոքրամասնության իրավունքների բնույթից ու ծավալից, ինչպես նաև դրանց իրացման արդյունավետ կառուցակարգերից:

1.1. Սահմանադրության 105-րդ հոդվածի համաձայն՝ խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը: Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է լայն իրավունքներ։

Դրանք իրենց արտացոլումն են գտել պետական մարմինների ձևավորման, Ազգային ժողովում օրենսդրական գործընթացի, արտահերթ նիստեր և նստաշրջաններ հրավիրելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության կարևորագույն գործիք հանդիսացող քննիչ հանձնաժողովների ձևավորման և գործունեության վերաբերյալ կանոնակարգումներում:

Ազգային ժողովի մարմիններում, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ղեկավար կազմում խորհրդարանական փոքրամասնության ներկայացվածության պահանջը նրանց իրավունքների կարևորագույն բաղկացուցիչ մասն է:

Խորհրդարանական փոքրամասնությանը կարևոր դեր է վերապահված խորհրդարանի արդյունավետ գործունեության համար առանցքային նշանակություն ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով: Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընդդիմության կողմից հանձնաժողովի անդամի ու նախագահի մակարդակով ներկայացվածությունը խորհրդարանական ընդդիմությանը տրամադրված կարևոր գործիքակազմ է:

Խորհրդարանական ընդդիմության դերի և նշանակության, նրա գործառույթների իրացման համար պատշաճ գործիքակազմի անհրաժեշտությունը պայմանավորում է այն հանգամանքը, որ ընդդիմության կողմից խորհրդարանական վերահսկողության գործառույթի իրականացումը չպետք է կախված լինի խորհրդարանական մեծամասնության բարի կամքից։ Ընդդիմությանն այդ լիազորությունները վերապահված են առավելապես ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ ժողովրդավարական պետության։

 1.2. Դիմողի կողմից ներկայացված փաստերի շրջանակներում Սահմանադրական դատարանը պետք է պարզեր, թե ընդդիմադիր խմբակցության կողմից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված և Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուի լիազորությունների դադարեցումը մեկ այլ, տվյալ դեպքում՝ կառավարող խմբակցության նախաձեռնությամբ կարո՞ղ է արդյոք խաթարել Սահմանադրությամբ ամրագրված այն կանոնը, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված կանոնը պահանջում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (այսուհետ` Կանոնակարգ) սահմանվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն կոնկրետ խմբակցության համար կոնկրետ մշտական հանձնաժողովներում կոնկրետ թվով տեղեր` իր ստացած մանդատների թվի համամասնությանը համապատասխան: Իսկ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված կանոնը պահանջում է, որ Կանոնակարգով սահմանվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն կոնկրետ խմբակցության համար իր ստացած մանդատների թվի համամասնությանը համապատասխան՝ կոնկրետ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ:

Սահմանադրության նշված պահանջների ապահովումը Կանոնակարգում գնահատելու համար Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնար Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի առաջադրման, ընտրության, լիազորությունների դադարման և դադարեցմանն առնչվող վերաբերելի կարգավորումներին։

Ըստ այդմ` խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու (Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ)։

Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրանց պաշտոնը թափուր մնալու դեպքում:

 Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կանոնակարգի 138-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունը: Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

 Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի (Կանոնակարգի 138-րդ հոդվածի 1-3-րդ մասեր):

Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

Մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

 Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու (Կանոնակարգի 138-րդ հոդվածի 8-10 մասեր):

Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում, մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում (Կանոնակարգի 138-րդ հոդվածի 6-րդ մաս)։

Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները, նա հրաժարական է տվել, կամ նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (Կանոնակարգի 150-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասեր)։

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ թեև մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու առաջադրելու իրավունքը կրկին պատկանում է տվյալ խմբակցությանը մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, սակայն այդ իրավունքը, չուղեկցվելով բավարար երաշխիքներով, մշտապես չի ապահովում ստացած մանդատների թվի համամասնությամբ մշտական հանձնաժողովների նախագահներ ունենալու ընդդիմադիր խմբակցության իրավունքը: Այլ կերպ` Կանոնակարգը չի ընտրել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված կանոնով ընդդիմադիր խմբակցությունների համար երաշխավորված իրավունքի ապահովման կառուցակարգ։ Արդյունքում՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող և Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորման հարցում կարևոր դերակատարում ունեցող խորհրդարանական ընդդիմությունը զրկվում է իր գործառույթների իրականացման համար էական նշանակություն ունեցող գործիքակազմից։

Այդ մասին է վկայում կառավարող խմբակցության կողմից ընդդիմադիր խմբակցության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցով կամայականորեն նախագիծ շրջանառելու հանգամանքը (սահմանված չեն չափանիշներ, որոնց դեպքում կամրագրվի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումը նախաձեռնելու իրավունք) և ձայների բավարար քանակով պայմանավորված՝ նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման հնարավորությունը խորհրդարանական մեծամասնության կողմից:

Չնայած Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության ժամկետների կանոնակարգումներին՝ առաջադրված նոր թեկնածուի ընտրվելու երաշխիքները բացակայում են, իսկ ընտրության գործընթացը կարող է այնչափ երկարաձգվել, որ իմաստազրկվի նշված պաշտոնի ստանձնումը։

Կամայական պաշտոնանկություններով պայմանավորված գործընթացների արդյունքում կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր որևէ խմբակցություն չի ունենա մշտական որևէ հանձնաժողովի նախագահ այն պարագայում, երբ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը քաղաքական դրդապատճառներով կամ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, առանց որևէ հիմքի պաշտոնանկ կանի մշտական հանձնաժողովների ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող բոլոր նախագահներին։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության կառուցակարգը, հաշվի առնելով Սահմանադրության 94-րդ հոդվածը, ըստ որի «պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», չի կարող խմբակցություններին երաշխավորել իրենց վերապահված թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու և մշտական հանձնաժողովների նախագահներ ունենալու իրավունքը:

Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ այն չի ապահովել Սահմանադրությամբ սահմանված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվելու կանոնը։

Ի հակադրություն նշված դիրքորոշման` Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվելու կանոնը պահպանվել է, քանի որ ընդդիմադիր խմբակցությունը պահպանել է թեկնածու առաջադրելու իր իրավունքը, նշելով. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ունի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու սահմանադրական իրավունք, և տվյալ դեպքում նույնիսկ վիճարկվող անհատական իրավական ակտով Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումը չի հանգեցնում մշտական հանձնաժողովները ձևավորելիս տվյալ խմբակցության համար Սահմանադրությամբ երաշխավորված համամասնության կանոնների խախտման»։

Դրանով Սահմանադրական դատարանը Սահմանադրության համապատասխան նորմին տվել է չափազանց նեղ մեկնաբանություն, որում չի անդրադարձել ընդդիմադիր խմբակցությունների դերին, նրանց վերապահված իրավունքի իրացման իրական երաշխիքներին, խորհրդարանական փոքրամասնության իրավունքը չի մեկնաբանվել դրա արդյունավետության տեսանկյունից, Սահմանադրության համապատասխան նորմը դիտարկել է բացառապես որպես ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու իրավունք, այլ ոչ թե իրենց ստացած մանդատների համամասնորեն մշտական հանձնաժողովի նախագահ ունենալու իրավունք։ Նեղ մեկնաբանության պարագայում այս նորմը իրականության մեջ որևէ բան չի տալիս ընդդիմադիր խմբակցություններին, հետևաբար՝ այն չի կարող ծառայել խորհրդարանական փոքրամասնությունների դերին համարժեք՝ վերջիններիս վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը։

2. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Հետևապես` Ազգային ժողովը չի կարող ունենալ լիազորություններ, որոնք սահմանված չեն Սահմանադրությամբ: Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները իրենց մանրամասն կարգավորումը կարող են ստանալ Կանոնակարգով՝ պահպանելով իրենց ածանցյալ բնույթը, ինչպես նաև չխաթարելով Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների էությունը:

Սահմանադրությամբ Ազգային ժողովին չի վերապահվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում թեկնածուների ընտրության կամ նախագահների լիազորությունների դադարեցման իրավասություն:

Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ «Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ»: Սակայն այս կանոնն ընդհանուր բնույթ ունի և չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ Սահմանադրությունն ուղղակիորեն այլ բան է նախատեսել:

Ինչպես նշվեց, Սահմանադրությամբ սահմանված չէ Ազգային ժողովի կողմից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում թեկնածուների ընտրության կամ նախագահների լիազորությունների դադարեցման հարցով որոշում ընդունելու լիազորություն:

Հարկ է նշել նաև, որ խորհրդարանական կառավարման համակարգում ընդդիմադիր խմբակցությունների դերի ուժեղացման պայմաններում նշված խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուի ընտրության և/կամ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցով որոշում ընդունելը չի բխում Ազգային ժողովի՝ Սահմանադրությամբ սահմանված լիազորություններից՝ հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում ընդդիմադիր խմբակցություններին վերապահված դերն ու նշանակությունը:

Հատկանշական է, որ, ի տարբերություն մշտական հանձնաժողովների նախագահների, որոնց դեպքում Կանոնակարգը ներդրել է ընտրության կառուցակարգ, մշտական հանձնաժողովների անդամների կազմը որոշելու իրավասությունը պատկանում է կոնկրետ խմբակցությանը:

Այդուհանդերձ` Կանոնակարգի կարգավորումները, որևէ կերպով չեն կարող կաշկանդել Սահմանադրական դատարանին, և Սահմանադրական դատարանը սահմանադրականության հարցը լուծում է ոչ թե որևէ օրենքի, այլ բացառապես Սահմանադրության հիման վրա (Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մաս):

3. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները. դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում՝ այն փաստարկները, որոնք հաստատում կամ հերքում են կողմերի պնդումները:

Սահմանադրական արդարադատության առնչությամբ Սահմանադրական դատարանը բազմիցս է արտահայտել դիրքորոշում առ այն, որ, ի տարբերություն իրավական նորմի սահմանադրականության հարցի, այդ նորմի կիրառման իրավաչափության հարցերը Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում:

 Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը փաստել է, որ վիճարկվող անհատական իրավական ակտով Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցումը չի հանգեցնում մշտական հանձնաժողովները ձևավորելիս տվյալ խմբակցության համար Սահմանադրությամբ երաշխավորված համամասնության կանոնների խախտման` հաշվի առնելով, որ Ազգային ժողովի խմբակցությունն իր կամահայտնությունը դրսևորում է մշտական հանձնաժողովի նախագահի՝ իրեն վերապահված պաշտոնում թեկնածու առաջադրելով:

Այնուհետև Սահմանադրական դատարանն անդրադառնալով Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի բովանադակությանը` եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ցանկացած խմբակցություն, այլ ոչ թե միայն այն խմբակցությունը, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Սահմանադրական դատարանի հայտնած առաջին դիրքորոշումից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշման հետագա շարադրանքից ակնհայտ է դառնում, որ Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելիս որպես էական նշանակություն ունեցող հանգամանք չի դիտարկվել այն, թե արդյոք մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվել են իրավասու խմբակցության առաջարկի հիման վրա:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանը, հետագայում անդրադառնալով այդ հարցին, փաստացի ստանձնել է սովորական դատարանի դեր՝ իրականացնելով նորմի կիրառման իրավաչափությունը գնահատելու գործառույթ, անդրադառնալով այնպիսի նորմի բովանդակությանը, որը որևէ կերպ չի փոխկապակցվում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելու հետ: Ընդ որում` այս առումով էական չէ այն հանգամանքը, թե արդյոք դիմողի փաստարկները վերաբերել են նաև օրենքի սխալ կիրառմանը: Հարկ է ընդգծել նաև, որ օրենքի խախտման փաստը ինքնին չի կարող վկայել Սահմանադրության հետ հակասության մասին:

4. Վկայակոչելով իր ՍԴՈ-1224 և ՍԴՈ-1454 որոշումները` Սահմանադրական դատարանը գտել է, որ դրանցում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով: Նման եզրահանգում անելու համար Սահմանադրական դատարանը պետք է գնահատեր ընդունման կարգի ենթադրյալ խախտումների հարցը, մինչդեռ որևէ նման խախտման Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթներին և Սահմանադրական դատարանի կողմից պետք է ճանաչվեր Սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

Սահմանադրական դատարանի դատավոր

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

23 ապրիլի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՍԴՈ-1587 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1587 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»։

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1587 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումից տարբերվող հետևյալ դիրքորոշումը.

1. Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 13-ի ՍԴՈ-1587 որոշման 3-րդ կետում գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքների համատեքստում Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է համարել անդրադառնալ, «(…) Որոշման (անհատական իրավական ակտի) սահմանադրականության հարցին, որն ընդունվել է Կանոնակարգի 150-րդ հոդվածի հիման վրա: Վերջինիս առնչությամբ, պարզման ենթակա է, մասնավորապես, Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունն այն իմաստով՝ օրենսդիրն Ազգային ժողովի ցանկացա՞ծ, թե՞ միայն այն խմբակցությանն է օժտել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

Նշվածի տրամաբանությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանը վիճարկվող որոշման՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցի լուծումը պայմանավորում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ազգային ժողովի կանոնակարգ) 150-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների վերլուծություններով, հետևաբար՝ վերջիններիս պահանջների պահպանման համատեքստում:

Սակայն հաշվի առնելով քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ կողմերի ներկայացրած դիրքորոշումները, ինչպես նաև միջազգային իրավական կարգավորումների նշանակությունը` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում համակարգային մոտեցմամբ պետք է պարզեր.

ա) որքանո՞վ է Սահմանադրությունը հստակ ամրագրել օրենսդիր մարմնի իրավազորության շրջանակները,

բ) սահմանադրորեն ի՞նչ երաշխիքներ են նախատեսված պատգամավորական խմբակցությունների, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրացման, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռություն ապահովելու համար,

գ) որքանո՞վ են Ազգային ժողովի վեճի առարկա որոշման նորմերը համահունչ սահմանադրական լուծումներին՝ անկախ այն հանգամանքից, թե Ազգային ժողովի կանոնակարգում ինչպիսի օրենսդրական կարգավորումների մասին կարող է խոսք լինել:

 

2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման տրամաբանությունից հետևում է, որ Ազգային ժողովի որոշումները Սահմանադրական դատարանի վերահսկողության ինքնուրույն օբյեկտ են, ինչը նշանակում է, որ Սահմանադրական դատարանը վիճարկվող որոշման սահմանադրականությունը պետք է գնահատեր բացառապես Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Դրա փոխարեն, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման պատճառաբանական մասի իրավավերլուծական շարադրանքը (4.1-4.2 կետեր), կարծում եմ, հանգեցրել է այն մտքին, որ վիճարկվող որոշման սահմանադրականության հարցի որոշումը հիմնվել է Ազգային ժողովի կանոնակարգի 150-րդ հոդվածի և նույն կանոնակարգի այլ հոդվածների վերլուծության վրա, այդ թվում՝ օրենքում գործածվող տարբեր եզրույթների իրավական բովանդակության բացահայտման համատեքստում:

 

3. Սահմանադրական նորմի մեկնաբանությունը յուրաքանչյուր դեպքում պահանջում է ելնել ոչ միայն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, այլ նաև հաշվի առնել սահմանադրի կամքը, այդ նորմի նպատակը՝ վերլուծելով վերջինիս բովանդակությունն ու իմաստը: Այսպես, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակության համակարգային վերլուծությունից բխում է.

ա) մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվում են միայն խմբակցությունների միջև, իսկ հանձնաժողովների անդամների տեղերը՝ բոլոր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների միջև,

բ) մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման դեպքում խմբակցությունների ներկայացվածությունը Ազգային ժողովում պայմանավորված է տվյալ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ,

գ) մշտական հանձնաժողովների անդամների տեղերի բաշխման դեպքում խմբակցությունների ներկայացվածությունը Ազգային ժողովում պայմանավորված է բոլոր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ,

դ) մշտական հանձնաժողովներում անդամների տեղերի և նախագահների պաշտոնների բաշխումը պայմանավորված չէ խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող խմբակցության և պատգամավորական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թվաքանակի հարաբերակցությամբ,

ե) մշտական հանձնաժողովներում՝ հանձնաժողովի անդամի տեղերը և նախագահի պաշտոնները հավասարապես հասանելի են պատգամավորական խմբակցություններում ընդգրկված բոլոր պատգամավորների համար,

զ) մշտական հանձնաժողովներում՝ հանձնաժողովի անդամի տեղերում և նախագահի պաշտոններում պատգամավորի նշանակումը կամ ընտրությունը չի ենթադրում պատգամավորական խմբակցությունների միջև որևէ ձևով քաղաքական համաձայնության առկայություն,

է) մշտական հանձնաժողովներում՝ հանձնաժողովի անդամի տեղերում կամ հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորի նշանակումը կամ ընտրությունը իրականացվում է տվյալ պատգամավորական խմբակցության որոշման հիման վրա,

ը) մշտական հանձնաժողովների միջև նախագահների պաշտոնների բաշխվածության ամրագրմամբ կանխատեսելի են դառնում ոչ միայն խմբակցությունների, այլև վերջիններիս կողմից մշտական հանձնաժողովներում առաջադրված և ընտրված նախագահների իրավաչափ սպասելիքները։

Այսինքն՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերի համատեքստում, կարծում եմ, որ խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխումը՝ պայմանավորված խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, վկայում է, որ այդ խմբակցությունների ուղղակի ներկայացվածությունն ու հասանելիությունը անժխտելի են ինչպես մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրենց կողմից առաջադրված թեկնածուին նշանակելու կամ ընտրելու դեպքում, այնպես էլ մշտական հանձնաժողովի նախագահների լիազորությունները դադարեցնելու համար՝ առանց որևէ նախապայմանների մատնանշմամբ և անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացակարգ է նախատեսված մշտական հանձնաժողովների նախագահի ընտրությունների համար (Ազգային ժողովի կանոնակարգ, հոդվ. 138), կամ կառավարող և ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվակազմի ինչպիսի հարաբերակցություն է առկա (Ազգային ժողովի կանոնակարգ, հոդվ. 7):

Վերոգրյալի լույսի ներքո, կարծում եմ, որ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներով ուղղակիորեն սահմանվում է պատգամավորական խմբակցությունների լիազորությունների շրջանակը, ինչը թույլ է տալիս վիճարկվող որոշման սահմանադրականության հարցի շրջանակում կատարելու հետևյալ եզրահանգումները.

1) Ազգային ժողովի կանոնակարգի հիման վրա ընդունված Ազգային ժողովի որոշումների՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության ապահովումը ենթադրում է մշտական հանձնաժողովի և՛ անդամի, և՛ նախագահի պաշտոններում ընտրության կայունության, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների այդ գործընթացում անկաշկանդ գործունեության երաշխավորում,

2) կոնկրետ խմբակցության կողմից առաջադրված մշտական հանձնաժողովի նախագահն ունի օրինական սպասելիք, որ իր՝ այդ պաշտոնում լիազորությունները կարող են դադարեցվել միայն այն ընթացակարգով և այն խմբակցության որոշմամբ, որի կողմից նա առաջադրվել է տվյալ պաշտոնում,

3) Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության ապահովման շրջանակում՝ Ազգային ժողովի կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «խմբակցություն» եզրույթը, ելնելով այդ կանոնակարգի իրավակարգավորման առանձնահատկությունից, կարծում եմ՝ չպետք է ընկալվի լայն իմաստով և այդ եզրույթի եզակիությունը տարածելով նույն բառի հոգնակիի վրա, այսինքն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով օժտելով բոլոր խմբակցություններին, այլ ոչ թե միայն այն խմբակցությանը, որին վերապահված է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրումը:

 

4. Քննության առարկա հարցի կապակցությամբ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորական խմբակցությունների ներկայացվածության պահպանումը կարող է ունենալ որոշ շեղումներ հատկապես Սահմանադրությամբ ամրագրված կայուն մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործունեության հարաբերակցության համատեքստում:

Ուստի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1587 որոշման տեսանկյունից անհրաժեշտ է նաև անդրադառնալ միջազգային իրավական պրակտիկային: Մասնավորապես, անդրադառնալով խորհրդարանական (պատգամավորական) փոքրամասնության իրավունքների պաշտպանության հիմնախնդրին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2008 թվականի հունվարի 23-ի թիվ 1601 բանաձևով արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների ազգային խորհրդարանները ճանաչում են խորհրդարանական ընդդիմության կամ փոքրամասնության իրավունքները, մասնավորապես. (…) ընդդիմության ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքների կառավարմանը, նրանք ունեն հասանելիություն՝ զբաղեցնելու խորհրդարանի պատասխանատու պաշտոններ (կետ 2.3.1), մշտական հանձնաժողովներում նախագահի պաշտոնները պետք է բաշխվեն խորհրդարանական խմբերի միջև համամասնական ներկայացվածության հիման վրա (կետ 2.5.1), ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հանձնաժողովները պետք է ձևավորվեն համամասնական ներկայացվածության հիման վրա (կետ 2.5.2):

Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 845/2016 (CDL-AD(2019)015) զեկույցով հաստատված՝ «Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության հարաբերությունների պարամետրերը» եզրակացության դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ Վենետիկի հանձնաժողովը ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության դերի վերաբերյալ կարևորել է իր եզրակացություններում արված հետևյալ մոտեցումները, մասնավորապես.

ա) (…) երիտասարդ ժողովրդավարության երկրներում ընդդիմության իրավունքները Սահմանադրությամբ ամրագրելն սկզբունքորեն ողջունելի է (CDL-AD(2014)037, § 19), բայց միևնույն ժամանակ պետք է հնարավոր լինի ընթացակարգային նորմերը համապատասխանեցնել հանգամանքների փոփոխություններին, այդ թվում՝ Սահմանադրությամբ կամ օրգանական օրենքով պետք է ամրագրել միայն ամենահիմնարար սկզբունքները (CDL- AD(2011)016, կետ 24), մասնավորապես՝ հանձնաժողովներում համամասնական ներկայացվածության սկզբունքը (կետ 31),

բ) խորհրդարանական ընդդիմության և փոքրամասնության իրավունքների վերաբերյալ ամենահիմնարար կանոնները ցանկալի է կարգավորել այնպես, որ մեծամասնությունը չկարողանա բացառապես իր հայեցողությամբ փոփոխել դրանք (կետ 33),

գ) եթե խորհրդարանում պատասխանատու պաշտոնների (խոսնակ, մշտական հանձնաժողովների ղեկավարներ և անդամներ և այլն) բոլոր նշանակումները կարող են կատարվել մեծամասնության կողմից միանձնյա, ապա առկա է ռիսկ, որ ընդդիմությունն իսպառ դուրս կթողնվի խորհրդարանի կառավարման մարմիններից (կետ 83) և այլն:

Կարծում եմ, որ վերոգրյալ եզրահանգումները համահունչ են Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների տրամաբանությանը:

 

5. Ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի քննության առարկա՝ Ազգային ժողովի որոշման իրավական բովանդակությունն ու նշանակությունը, գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է գնահատեր նաև վիճարկվող որոշման սահմանադրականությունը՝ կարևորելով Ազգային ժողովի կանոնակարգի վրա հիմնված մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծի ընդունման հիմնավորումների նշանակությունը: Մասնավորապես, նախաձեռնող պատգամավորական խմբակցությունը այդ հիմնավորման մեջ կատարում է ամփոփիչ եզրահանգում առ այն, որ՝ «(...) Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ վերը հիշատակված գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև Սահմանադրությանը ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար՝ ընտրելու իրավունքի իրացումը:

Վերոնշյալն ակնբախ է՝ դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»:

Ներկայացվածի շրջանակում, անհրաժեշտ է նշել, որ այդ հիմնավորումներն առավելապես պայմանավորված են պատգամավորի հայտնած կարծիքների գնահատման անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն է, հետևաբար՝ դա ենթադրում էր պատգամավորական էթիկայի կանոնների պահպանման տեսանկյունից իրավական գործընթացի նախաձեռնում:

 

Ամփոփելով կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը ճանաչելու Սահմանադրության հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր։

 

Սահմանադրական դատարանի դատավոր

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

22 ապրիլի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական:

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՍԴՈ-1587 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ (ՀԱՄԸՆԿՆՈՂ) ԿԱՐԾԻՔԸ

 

2021 թվականի ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1587 որոշմամբ եզրահանգել է, որ Ազգային ժողովի վիճարկվող որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։ Համաձայն լինելով որոշման եզրափակիչ մասի հետ, կարծում եմ, որ որոշման պատճառաբանական մասն ունի ներքոշարադրյալ բացթողումները:

1. Սույն գործի լուծմամբ, ըստ էության, առաջնահերթությամբ պետք է ստանար այն հարցի պատասխանը, թե արդյոք Սահմանադրությամբ Ազգային ժողովն ունի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու իրավասություն՝ հաշվի առնելով Ազգային ժողովի լիազորությունների՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը, համաձայն որի՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ»։ Սահմանադրական դատարանն այս խնդրին պարտավոր էր անդրադառնալ՝ անկախ դիմողների կողմից այս հարցը բարձրացնելուց։

2. Այս կապակցությամբ կարծում եմ, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ նշանակելու և նրա լիազորությունը դադարեցնելու իրավասությունը բխում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողով ստեղծելու իր՝ օրենսդիր վարչարարության (որն իրականացվում է նաև, օրինակ, Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի նախագահ և նրա տեղակալներ ընտրելիս) մաս կազմող լիազորությունից, որի իրականացման պայման է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն Ազգային ժողովի իրավասու խմբակցության առաջարկությամբ համալրելը։ Ազգային ժողովի այս լիազորությունը բխում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 1-ին մասից, քանի որ հանձնաժողովի ստեղծմամբ, անդամների և դրա նախագահի ընտրությամբ իրականացվում է օրենսդիր վարչարարություն: Իմ կարծիքով այս լիազորության իրականացումն է, որ մանրամասնեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 8, 11, 138 և 150-րդ հոդվածներով։

3. Կարծում եմ, որ առաջին իսկ համապատասխան առիթի դեպքում Սահմանադրական դատարանը պարտավոր է անդրադառնալ օրենսդիր վարչարարության համար կարևոր և Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների համար այս զգայուն խնդրին՝ տալով Սահմանադրության 106 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրաիրավական բացվածքը՝ օրենսդրի և դրանում ներկայացված քաղաքական ուժերի համար կանխատեսելի և որոշակի դարձնելու համար Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների «ստեղծման», դրանում խմբակցությունների պատգամավորների «տեղերի» և «պաշտոնների» բաշխման սահմանադրական սկզբունքները, ինչը, ցավոք, տեղ չի գտել սույն որոշման մեջ՝ հնարավոր է, անհատական իրավական ակտը քննության առնելու սահմանափակումներից ելնելով։

4. Սույն որոշման պատճառաբանական մասի հետ իմ հաջորդ անհամաձայնությունը որոշման 4.2 կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների նորմատիվ պահանջների վկայակոչումն է Կանոնակարգի և դրանում հղվող սահմանադրաիրավական հասկացությունների բովանդակությունը մեկնաբանելիս։

5. Հաստատապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական նորմերի մեկնաբանման ընդհանուր, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերում գերակշռաբար արտացոլված են իրավական նորմերի մեկնաբանման ընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները, որոնք կիրառելի են նաև ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական նորմերի մեկնաբանման դեպքում։ Սակայն վերջիններիս նկատմամբ այդ սկզբունքները կիրառվում են ոչ թե հիշյալ օրենքի նորմատիվ թելադրանքով, այլ մեկնաբանողական սկզբունքների և գործիքակազմի՝ մեկնաբանելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմնի, դիցուք՝ Սահմանադրական դատարանի կողմից, որպես իրավական նորմի կամընտրային մեկնաբանման գործիք՝ իրավական հերմենևտիկայի ընդհանուր սկզբունքներին համապատասխան։ Սա հայկական իրավունքում նույնպես պարզաբանման ենթակա ընդարձակ ոլորտ է, որի զարգացումը, հուսով եմ, մոտ ապագայում կարող է ապահովվել Սահմանադրական դատարանի կողմից՝ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում։

 

Սահմանադրական դատարանի դատավոր

Վ. Մ. Գրիգորյան

 

23 ապրիլի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան