Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.03.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
09.03.2021
Дата вступления в силу
09.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0041/01/19

Գործ թիվ ՏԴ/0041/01/19

Նախագահող դատավոր՝

 ՏՍահակյան

Դատավորներ՝

 ՍՄարաբյան

 ՌԲարսեղյան

    

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

     

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ Թադևոսյանի

Ա. պողոսյանի

                     

2021 թվականի մարտի 9-ին

ք. Երևանում

                        

  գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Նարեկ Խաչիկի Ստեփանյանի և նրա պաշտպան Գ.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

     

Պ Ա Ր Զ Ե Ց

     

 Գործի դատավարական նախապատմությունը.

1 2018 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է թիվ 38155318 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Նարեկ Խաչիկի Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2019 թվականի ապրիլի 17-ին թիվ 38155318 քրեական գործից Ն.Ստեփանյանի վերաբերյալ մասը անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, և դրան շնորհվել է 38155318/1 համարը:

2019 թվականի մայիսի 8-ին թիվ 38155318/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ամբաստանյալ Ն.Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվել տուգանքի՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ՝ Ն.Ստեփանյանն ազատվել է նշանակված պատժից։ Ամբաստանյալ Ն.Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։

3 Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 14-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 21-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին: Ամբաստանյալ Ն.Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին գումարվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 3-ի դատավճռով նշանակված՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ու տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Ամբաստանյալ Ն.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն.Ստեփանյանը և նրա պաշտպան Գ.Դավթյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

                 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը Նարեկ Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 2018 թվականի մարտի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում դռան ապակին քարով ջարդելու միջոցով ապօրինի մուտք է գործել անհատ ձեռնարկատեր, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակչուհի ՎՄարկոսյանի կողմից շահագործվող, Իջևան քաղաքի Գանինի փողոցում գտնվող, պահեստարան հանդիսացող խանութ-կրպակ և այնտեղից գաղտնի հափշտակել ընդհանուր 309.000 ՀՀ դրամ արժողությամբ հայկական արտադրության տարբեր տեսակի ծխախոտ և 4000 ՀՀ դրամ արժողությամբ 2 լիտր թորած օղի` ՎՄարկոսյանին պատճառելով ընդհանուր 313.000 ՀՀ դրամի գույքային վնաս1։

51 Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով ՆՍտեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին` փաստել է, որ. «(...) Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի] դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը բնութագրող տվյալները՝ այն, որ երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն:

Գործով ամբաստանյալի պատասխանատվությունն և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել:

(...) Անդրադառնալով դատախազի այն միջնորդությանը, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել դատավճիռների համակցությամբ (...) [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված արարքը կատարելիս ամբաստանյալը չի գտնվել տուգանքի ձևով պատիժը կատարելու ընթացքի մեջ: (...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ դատապարտյալը գտնվում է տուգանքի ձևով պատիժը կրելու ընթացքի մեջ մինչև պրոբացիայի ծառայության կողմից տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացնելը: Ընդ որում, կարևոր չէ, դատարանն այն բավարարում է, թե` ոչ: Կարևորը միջնորդությունը ներկայացնելու փաստն է, քանի որ ըստ գործող իրավական կարգավորման` այդպիսի միջնորդություն ներկայացնելը տուգանքի գումարը չվճարելու կամ տուգանք պատժատեսակի կատարումն ապահովելու գործընթացի հետևանքն է կամ ավարտը: Հետևաբար, նկատի ունենալով, որ [Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 3-ի դատավճռով] նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը 20.05.2017թ. դատարանի որոշմամբ մերժվել է, իսկ սույն գործով հաստատված արարքը կատարվել է 25.03.2018 թվականին, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքեր չկան: Անդրադառնալով ամբաստանյալի` հնարավոր դատվածություն ունենալու հանգամանքին` [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ դատվածության առկայությունը հաստատագրելի է, եթե հնարավոր է պատասխանել այն հարցին, թե երբ է մարվելու այդ դատվածությունը, իսկ դատվածության մարման ժամկետը հաշվվում է պատժի փաստական կրումն ավարտելու պահից, մինչդեռ, ամբաստանյալը [Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 3-ի դատավճռով] նշանակված պատիժը չի կրել և այդ հարցի պատասխանը չկա, ուստի, իրավական անորոշությունից զերծ մնալու համար [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալը թեպետ նախկինում [դատապարտվել] է, բայց դատվածություն չունի, այսինքն, բացակայում են հանցագործությունների ռեցիդիվի տարրերը»2:

6 Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է, որ. «(...) Վերաքննիչ դատարանը համաձայն չէ Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ սույն գործով հաստատված արարքը կատարելիս ամբաստանյալը չի գտնվել տուգանքի ձևով պատիժը կատարելու ընթացքի մեջ, որ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքեր չկան և բացակայում են հանցագործությունների ռեցիդիվի տարրերը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

(...) Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը մերժելու դեպքում դատապարտյալը շարունակում է գտնվել տուգանք պատժատեսակը կրելու ընթացքի մեջ, քանի դեռ ամբողջությամբ չի վճարել տուգանքը:

(...) Վերաքննիչ դատարանը` հաշվի առնելով, որ ամբաստանյալ Նարեկ Ստեփանյանի մոտ առկա է հանցանքը կատարելու ռեցիդիվը, գտնում է, որ վերջինիս նկատմամբ որպես պատժատեսակ տուգանքը չի կարող նշանակվել, (․․․)։

(...) [Ս]ույն գործով ամբաստանյալի նկատմամբ պատիժ կարող է նշանակվել միայն ազատազրկման ձևով, քանի որ սանկցիայով նախատեսված մյուս պատժատեսակի` տուգանքի համեմատ ազատազրկումն է հանդիսանում «առավելագույն պատիժ», որի չափն էլ չի կարող պակաս լինել սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կեսից (այս պարագայում 2,5 տարուց ոչ պակաս)»3։

6.1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն կրելու նպատակահարմարության հարցը4։

          

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակների կարծիքով՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

71 Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել դատվածության ինստիտուտը կարգավորող իրավադրույթները, ինչն էլ հանգեցրել է Ն.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 67.1-րդ հոդվածների կիրառմամբ պատիժ նշանակելուն։

Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքի հեղինակները փաստել են, որ հիմնավոր են Առաջին ատյանի դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներն այն մասին, որ սույն գործով բացակայում են Ն.Ստեփանյանի արարքում հանցագործությունների ռեցիդիվի տարրերը և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքերը։

72 Բացի այդ, բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Ն.Ստեփանյանի նկատմամբ պատիժը նշանակելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 67.1-րդ հոդվածների կանոններով և նշանակվող պատիժը պետք է լինի ազատազրկման ձևով, պետք է պատժի մասով բեկաներ դատական ակտը և գործն ուղարկեր նոր քննության՝ քննարկման առարկա դարձնելու համար նաև նշանակված պատիժը կրելու հարցը կամ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է անդրադառնար այդ հարցին, ինչը չի արել։ Նշվածի համատեքստում բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ վերլուծության և գնահատման ենթարկելով Ն.Ստեփանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես՝ դրական բնութագրվելը, ամուսնացած լինելը, մշտական բնակության վայր ունենալը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, հանցագործության դեպքը բացահայտելուն աջակցելը, գործի քննության ընթացքում դրական վարքագիծ դրսևորելը, կեզրահանգեր, որ Ն.Ստեփանյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները։

8. Վերոգրյալի հիման վրա ամբաստանյալ Ն.Ստեփանյանը և նրա պաշտպան Գ.Դավթյանը խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի օգոստոսի 21-ի դատավճռին կամ պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը և Ն.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

      

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 671-րդ հոդվածների կանոնների կիրառմամբ ամբաստանյալ ՆՍտեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

10 Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի և դատավճիռների համակցությամբ ամբաստանյալ ՆՍտեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելու հիմքերի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության։

Այսպես՝ Վճռաբեկ դատարանը, կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման ընթացքը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից և նշված պատժատեսակի կրումից անձն ազատվում է գումարն ամբողջությամբ վճարելուց հետո, իսկ քանի դեռ այն չի վճարվել ամբողջությամբ, դատապարտյալը շարունակում է գտնվել պատժի կրման ընթացքում5, արձանագրում է, որ տուգանքի ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժելու դեպքում տուգանքի ձևով նշանակված պատժի կրման ընթացքը չի ավարտվում և դատապարտյալը շարունակում է գտնվել պատժի կրման ընթացքում, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի իմաստով գտնվում է նաև դատվածության ինստիտուտի իրավական գործողության ներքո: Ուստի, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն գործով հաստատված արարքը կատարելիս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 3-ի դատավճռով նշանակված տուգանքը վճարված չի եղել, հետևաբար Ն.Ստեփանյանը արարքը կատարելիս գտնվել է վերոգրյալ դատավճռով նշանակված պատժի կրման ընթացքում, այսինքն՝ առկա են հանցագործությունների ռեցիդիվի և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքերը6։

11 Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 671-րդ հոդվածների կանոնների կիրառմամբ ամբաստանյալ ՆՍտեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ է։

12 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ն.Ստեփանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պահպանել է արդյո՞ք դատական ակտին ներկայացվող պահանջները:

13 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․)

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

(․․․)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (…)»։

14. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է7:

14.1. Վճռաբեկ դատարանը Է.Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն կրկնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը8։

15 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`

1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.

2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.

3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.

4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.

5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.

6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.

(․․․)»։

Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշների տեսանկյունից վերլուծելով մեջբերված նորմը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի և դրա կատարման մեջ ամբաստանյալի մեղքի ապացուցվածությանն առնչվող հարցերին հաստատական պատասխան տալուց հետո օրենսդիրը սահմանել է պատժին առնչվող այն հարցերի շրջանակը, որոնք պետք է հաջորդաբար քննարկման առարկա դարձվեն դատական վարույթի շրջանակում, և որոնց կապակցությամբ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում։

 Այսպես, պատժի ենթակա լինելը, կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն՝ դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև՝ դրա տեսակը և չափը, որից հետո որոշում` ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ։ Նշված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի մի շարք դրույթներով9:

 16 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Ստեփանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա 2018 թվականի մարտի 25-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող խանութ-կրպակ, գաղտնի հափշտակել է ընդհանուր՝ 313.000 ՀՀ դրամ արժողությամբ գույք10։

Առաջին ատյանի դատարանը, ուսումնասիրելով գործում առկա նյութերը և հաշվի առնելով Ն.Ստեփանյանի կատարած հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքերի բացակայությունը, ՆՍտեփանյանին դատապարտել է տուգանքի ու «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ ազատել պատժից11։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշանակված պատժի մասով փոփոխել է դատավճիռը՝ արձանագրելով, որ Ն.Ստեփանյանի արարքում հանցագործությունների ռեցիդիվի և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հիմքերի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ չէ՝ նկատի ունենալով, որ սույն գործով հաստատված արարքը վերջինս կատարել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 3-ի դատավճռով՝ տուգանքի ձևով նշանակված պատժի կրման ընթացքում։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 671-րդ հոդվածի կանոններով, Ն.Ստեփանյանին դատապարտել է ազատազրկման և նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում և տուգանք՝ անդրադարձ չկատարելով ազատազրկման ձևով նշանակված պատիժն ամբաստանյալի կողմից կրելու նպատակահարմարության հարցին12։

17 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխելիս Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի հաջորդականության, պարտավոր էր նախ որոշել պատժի տեսակը և չափը, որից հետո անդրադառնալ այն հարցին, թե Ն.Ստեփանյանն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ, ու արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հիմնավորված չէ Ն.Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակի դատապարտելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը, բեկանել և փոփոխել է դատական ակտը ու ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 671-րդ հոդվածների կարգով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում և տուգանք՝ քննարկման առարկա չդարձնելով նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը։

18. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ն.Ստեփանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին որոշում կայացնելիս՝ Վերաքննիչ դատարանը չի պահպանել դատական ակտին ներկայացվող պահանջները:

19 Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ և 393-րդ հոդվածների խախտում, ինչն իր բնույթով էական է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար։

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ն.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը՝ գնահատման ենթարկելով նաև բողոք բերած անձանց՝ սույն որոշման 7.2-րդ կետում ներկայացված փաստարկները։

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ամբաստանյալ Ն.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 4151-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Խաչիկի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը մասնակիորեն՝ պատժի մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2 Ամբաստանյալ Նարեկ Խաչիկի Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 72-75:

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 72-75:

3  Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 52-66:

4  Տե՛ս նույն տեղում։

5  Տե՛ս նույն տեղում։

6  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

7  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

8  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը:

9  Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուբեն Հովակիմյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ԱՐԴ/0117/01/08 որոշումը:

10  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

11  Տե՛ս սույն որոշման 5․1-րդ կետը։

12  Տե՛ս սույն որոշման 6-րդ և 6․1․-րդ կետերը։

      

Նախագահող`

   

Հ. Ասատրյան

Դատավորներ`

       

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ Թադևոսյան

Ա. պողոսյան

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: