ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Հաստատագրված վճարը |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, անմիջական ներմուծողների կողմից իրացվող բենզինի և դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:
Սույն օրենքը չի կարգավորում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ հանդիսացող գործունեության տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Հաստատագրված վճար վճարողները |
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և անհատ ձեռնարկատերերը:
Հոդված 3. | Հարկային արտոնությունների կասեցումը |
Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:
Հոդված 4. | Հաստատագրված վճարի չափը |
1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ` հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
- բենզինի համար` 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ` շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է`
- բենզինի համար` տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, և`
- դիզելային վառելիքի համար` տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Հոդված 5. | Հաստատագրված վճարի վճարումը |
1. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` հայկական դրամով և (կամ) արտարժույթով:
Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
2. Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:
Հոդված 6. | Հաշվառումը և հարկերի վճարումը |
1. Սույն օրենքին համապատասխան վճարողները`
ա) բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Հաշվարկի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և դիզելային վառելիքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
3. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ` իրացման համար) դեպքում` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:
4. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերողների պահանջով վճարողները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, և դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:
Հոդված 7. | Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, իսկ բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասով` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 8. | Գանձման նկատմամբ հսկողությունը |
Սույն օրենքով սահմանված` բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասով հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, իսկ բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
Հոդված 9. | Պատասխանատվությունն օրենքի խախտումների համար |
1. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Վճարողների կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանքը ենթակա է վճարման բյուջե` հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` 10-օրյա ժամկետում:
Հոդված 10. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-175 օրենքը:
|
Ռ. Քոչարյան |
|