ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1335-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1841-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամսական պատվովճարի չափը՝ 40000 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 1841-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1335-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար (այսուհետ` պատվովճար) տալուն (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:
2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է`
1) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչմանը (այսուհետ` «ժողովրդական» պատվավոր կոչում) արժանացած անձանց.
2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ կոչումներին արժանացած անձանց.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:
3. Պատվովճարը սահմանվում է ցմահ, եթե «ժողովրդական» պատվավոր կոչումից չեն հրաժարվել կամ չեն զրկվել դատական կարգով:
4. Պատվովճարը նշանակում, վճարումն ապահովում և պատվովճարի գործը վարում (փաստաթղթերը հաշվառում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր ստորաբաժանումների միջոցով (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում):
(4-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
5. Պատվովճարը նշանակվում է ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` պատվովճարի իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի մասին տվյալների: Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձին պատվովճարը նշանակվում է ըստ պատվովճար նշանակելու համար դիմումում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում փաստացի բնակության վայրի հասցեի:
6. Պատվովճար նշանակելու համար դիմող՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է համապատասխան ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:
(6-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
II. ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ
7. Պատվովճար նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության` իր հաշվառման վայրի, իսկ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով չհաշվառված անձի դեպքում՝ փաստացի բնակության վայրի համապատասխան ստորաբաժանում:
(7-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
8. Օտարերկրյա պետությունում բնակվող` «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (այսուհետ` դիվանագիտական ծառայության մարմիններ):
9. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար գրավոր դիմումի հետ համապատասխան ստորաբաժանում կամ դիվանագիտական ծառայության մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը, նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ), «ժողովրդական» պատվավոր կոչում ստանալը հաստատող շնորհագիրը կամ վկայականը:
(9-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
10. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում պատվովճար նշանակելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ համապատասխան ստորաբաժանման մասնագետը`
1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.
2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում (այսուհետ` շտեմարան).
3) հաշվառում է անձի դիմումը և տալիս դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացական, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:
(10-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
11. Դիվանագիտական ծառայության մարմինն անձը հաստատող փաստաթղթի և «ժողովրդական» պատվավոր կոչումը հաստատող շնորհագրի` իր կնիքով կնքած լուսապատճենները՝ դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում առաքում է ծառայություն:
12. Պատվովճարը նշանակվում և վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
13. Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:
III. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
14. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է դրամով` տվյալ ամսվա ընթացքում:
15. Պատվովճարը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
16. Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:
17. Պատվովճարը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Անկանխիկ եղանակով պատվովճար ստանալու համար դիմումում նշվում են բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, իսկ պատվովճարը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:
19. Պատվովճարը կանխիկ եղանակով վճարվում է «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի հաշվառման (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձին՝ դիմումում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակության) վայրում, իսկ նրա գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:
20. Պատվովճարը նաև վճարվում է պատվովճար ստացողի (խնամակալության տակ գտնվող պատվովճար ստացողի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով պատվովճար վճարելու մասին գրավոր դիմումն ու լիազորագիրը ներկայացվում են պատվովճար նշանակող համապատասխան ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով պատվովճար չի վճարվում:
(20-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
21. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց պատվովճարը նշանակում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող համապատասխան ստորաբաժանումը: Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց պատվովճարը վճարվում է անկանխիկ եղանակով, իսկ լիազորագրով վճարելու դեպքում կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով:
(21-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
22. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ օտարերկրյա պետությունում բնակվող «ժողովրդական» պատվավոր կոչում ունեցողի, պատվովճար ստացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող համապատասխան ստորաբաժանումը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործն ստանալուց հետո: Պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցնելու օրվանից:
(22-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
23. Պատվովճար ստացող անձի դիմումի հիման վրա նրա անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող համապատասխան ստորաբաժանման պահանջագրով:
(23-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
24. Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող համապատասխան ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մասին տեղեկանք:
(24-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
25. Պատվովճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Սահմանված ժամկետում չստացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:
(25-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
IV. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ
26. Պատվովճարի վճարումը դադարեցվում է`
1) պատվովճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու մասին հայտարարությունն անձամբ կամ նոտարական կարգով վավերացմամբ այլ անձի կողմից համապատասխան ստորաբաժանում ներկայացվելու դեպքում.
3) պատվավոր կոչումից դատական կարգով զրկվելու դեպքում:
(26-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
27. Պատվովճարի վճարումը դադարեցվում է սույն կարգի 26-րդ կետում նշված հանգամանքներից մեկի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
28. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է` պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց հետո` պատվովճար ստացող անձի` համապատասխան ստորաբաժանում կամ դիվանագիտական ծառայության մարմիններ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
(28-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)
(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |