Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2020
Дата вступления в силу
24.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22512/02/18

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22512/02/18

Նախագահող դատավոր՝  Դ. Սերոբյան

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

           

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

   

նախագահող    

Ռ. Հակոբյան

զեկուցող    

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

2020 թվականի դեկտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցիչ Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էդուարդ Իվանյանի ընդդեմ Ռիչարդ Մուրադ Սիփանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

      

Պ Ա Ր Զ Ե Ց

         

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էդուարդ Իվանյանը պահանջել է Ռիչարդ Մուրադի Սիփանից հօգուտ իրեն բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյան) 29.10.2018 թվականի որոշմամբ Էդուարդ Իվանյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ բավարարվել է և հայցագնի` 9.000.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել Ռիչարդ Մուրադի Սիփանի սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների, տրանսպորտային փոխադրման միջոցների վրա:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 15.10.2019 թվականի որոշմամբ Ռիչարդ Մուրադի Սիփանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին մերժվել է։ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս Երիցյան) 05.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Դ. Սերոբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2019 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 361-րդ հոդվածը, սխալ է կիրառել նույն օրենսգրքի 372-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը, որը բողոքարկման ենթակա չէ։ Ընդ որում, հստակ վկայակոչել է այն նորմը, որով օրենսդիրը սահմանել է ստորադաս դատարանի կայացրած՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկը, որոնց թվին է դասվում նաև հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ որևէ որոշման վերտառության պահանջ սահմանված չէ օրենքով և էականը որոշման բովանդակությունն է, այսինքն՝ բովանդակային առումով դատարանը կայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշում, իսկ նման որոշման բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով:

         

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

               

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող որոշումների՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Վերը նշված իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն ընդդեմ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/4267/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, արձանագրել է. «օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է՝ հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները»: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ նշել է, որ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար  անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն:

ՀՀ սահմանադրական դատարանի եզրահանգմամբ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար` նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է և միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է:

Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով, ի թիվս այլնի, բողոքարկման են ենթակա նաև առաջին ատյանի դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով։

Այս համատեքստում հարկ է նշել, որ օրենսդիրը նախատեսել է hայցի ապահովման կապակցությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության դատավարական կարևոր միջոց, այն է՝ հայցի ապահովման հետ կապված որոշ դատական ակտերի անմիջական կարգով բողոքարկման հնարավորությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում ներառված է որպես վերաքննության կարգով բողոքարկման ենթակա։

         

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Ա. Մելքումյան) 29.10.2018 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցագնի` 9.000.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի` ներառյալ դրամական միջոցների, տրանսպորտային փոխադրման միջոցների վրա (գ. թ. 7-8):

07.10.2019 թվականին Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին, հայցի ապահովման միջոցները կիրառելու հետևանքով հնարավոր վնասների հատուցման համար (գ.թ. 26-27):

Դատարանը 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշմամբ Ռիչարդ Մուրադի Սիփանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոցը ձևափոխելու կամ հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին, մերժել է (գ.թ. 29-32):

Դատարանի նշված որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք հետևյալ հիմքի և հիմնավորման շրջանակներում. «Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը: Հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն փաստը, որ պատասխանողի կողմից չի ներկայացվել բավարար ապացույց այն մասին, որ հայցի ապահովման հետևանքով պատասխանողին վնաս է պատճառվել: Դատարանն անտեսել է, որ պատասխանողին պատճառված վնասը դրսևորվել է բաց թողնված օգուտի տեսքով…» (գ.թ. 45):

Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն դատական ակտը բողոքարկման ենթակա չէ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «(...) տվյալ դեպքում Ռիչարդ Սիփանը բողոքարկում է Դատարանի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը, որի բողոքարկում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված չէ, ինչպես նաև այս որոշման բողոքարկումը նախատեսված չէ նաև այլ օրենքով: Ուստի (...) վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով» (գ.թ. 63-64):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից ըստ էության ներկայացվել է միջնորդություն՝ ոչ միայն հայցի ապահովումը ձևափոխելու, այլև հակընդդեմ ապահովում տրամադրելու վերաբերյալ, որը համապատասխանաբար Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» վերտառությամբ որոշմամբ մերժվել է: Դատարանը նույն որոշմամբ իրավացիորեն արձանագրել է. «Որոշումը՝ հակընդդեմ ապահովում տրամադրելու մասին միջնորդությունը մերժելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում»:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը բողոքարկման ենթակա չէ, անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, որպես բողոքարկման ենթակա դատական ակտ, մատնանշված է հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, քանի որ անհիմն կերպով մերժել է Ռիչարդ Մուրադի Սիփանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 15.10.2019 թվականի «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ և հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը քննարկելու մասին» որոշումը՝ հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու մասով, վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ռիչարդ Մուրադի Սիփանի ներկայացուցչի՝ հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ռիչարդ Մուրադի Սիփանի՝ արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

           

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

         

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

           

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

            

Նախագահող    

Ռ. Հակոբյան

Զեկուցող    

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան