Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 2-1445

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ 2-1445

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան

 

 Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

    

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչ Արմեն Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կարո Պատատյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ ավարտված կատարողական վարույթի մասը չկարճելու դեմ հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կարո Պատատյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթով հարկադիր կատարողի գործողությունները և պարտավորեցնել կարճել կատարողական վարույթը։ Դատաքննության ընթացքում ճշգրտելով հայցապահանջը` հայցվորը խնդրել է պարտավորեցնել հարկադիր կատարողին թիվ 01-842 կատարողական թերթի մասով կարճել թիվ 1110/99-01 կատարողական վարույթը։

 Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Է. Հայրիյան) (այսուհետ՝ Դատարան) 08.10.2002 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Մասնավորապես՝ վճռվել է Ծառայությանը պարտավորեցնել թիվ 1110/99-01 կատարողական վարույթում միացված` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթի մասով կատարողական վարույթը կարճել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.11.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Արմեն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 08.10.2002 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Արմեն Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը ենթակա են ՀՀ վարչական դատարանին: Մասնավորապես՝ թիվ 2-1445 գործով վեճի փաստական հանգամանքներն ըստ էության հանգում և համընկնում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոններին, հետևաբար և քննության են ենթակա վարչական դատավարության կարգով` անկախ այն հանգամանքից, որ նախորդ քննության ընթացքում գործը քննվել է քաղաքացիական դատավարության կարգով: Մասնավորապես, 08.10.2002 թվականին վճիռ կայացնելիս վարչական դատավարություն՝ որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետությունում չի եղել, ինչի արդյունքում բոլոր գործերը ենթակա են եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործի քննությունն իրականացրել է գրավոր ընթացակարգով և դատական ակտը հրապարակել 15.11.2018 թվականին, այսինքն՝ այս պահին գործող օրենսդրության, այդ թվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակ: Հետևաբար վերաքննիչ բողոքի քննության իրավասությունը վերապահված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.10.2002 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավոր և պատճառաբանված որոշում, թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում։

Կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթը, որի հիման վրա անվավեր է ճանաչվել Լևոն Սարգսյանի և Արմեն Մկրտչյանի միջև 24-03-1999 թվականին կնքված 2-763 առուծախի պայմանագիրն ու դրա հիման վրա Արմեն Մկրտչյանին 30.03.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը։

Այսինքն, նշված գործի շրջանակներում կատարողական վարույթը կարճելու արդյունքում շոշափվել է նաև Արմեն Մկրտչյանի սեփականության իրավունքը և վերջինս սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է Արմեն Մկրտչյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթի համաձայն՝ անվավեր է ճանաչվել Լևոն Սարգսյանի և Արմեն Մկրտչյանի միջև 24.03.1999 թվականին կնքված 2-763 առուծախի պայմանագիրն ու դրա հիման վրա Արմեն Մկրտչյանին 30.03.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (գ.թ. 65, 70-71, 78)։

 2) Կադաստրի կողմից 06.02.2015 թվականին տրված թիվ ԱՏ-04/02/2015-2-0168 տեղեկանքի համաձայն՝ Երևանի Նուբարաշեն խճուղի 2 նրբ., թիվ 5 հասցեի անշարժ գույքը 30.03.1999 թվականին սեփականության իրավունքով գրանցված է եղել Արմեն Մկրտչյանի անվամբ, այնուհետև 24.08.2001 թվականի թիվ 01-842 վճռով անվավեր է ճանաչվել Արմեն Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցումը (գ.թ. 92):

3) Թիվ 2-1445 քաղաքացիական գործով 08.10.2002 թվականին կայացված վճռով Դատարանը վճռել է պարտավորեցնել Ծառայությանը թիվ 1110/99-01 կատարողական վարույթում միացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթի մասով կատարողական վարույթը կարճել (գ.թ. 23-26)։

4) Թիվ 2-1445 քաղաքացիական գործով Դատարանի 08.10.2002 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արմեն Մկրտչյանը (գ.թ. 4-7)։

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում և գտնում է, որ տվյալ դեպքում մինչև վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից` հանրային իրավահարաբերություններից բխող իրավական վեճով կայացված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննելու իրավասության վերաբերյալ իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞ր դատարանին է վերապահված այն վերաքննիչ բողոքի քննությունը, որը բերվել է վարչական և վերաքննիչ վարչական դատարանների ստեղծումից հետո, սակայն մինչև դրանց ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից` հանրային իրավահարաբերություններից բխող իրավական վեճով կայացված վճռի դեմ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանն է հանձնել դատական կարգով քննության ենթակա այն բոլոր գործերը, որոնց քննությունը վերապահված չէ մասնագիտացված դատարաններին, այդ թվում՝ վարչական դատարանին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որում ներառված են հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը1։ Փաստորեն, դատական գործը վարչական դատարանում կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է դատարանի քննությանը։

Ինչ վերաբերում է վերաքննիչ վարչական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների իրավասությանը վերապահված գործերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանվում են վարչական դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանվում են առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները:

Վերը վկայակոչված նորմերից հետևում է, որ վերաքննիչ վարչական դատարանը վերաքննության կարգով վերանայում է վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքները ենթակա են քննության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Փաստորեն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի միջև գործերի բաշխումը որոշվում է ենթակայության (ընդդատության) նորմերով և պայմանավորված է իրավահարաբերության բնույթով (մասնավոր կամ հանրային), ապա վերաքննիչ դատարանների իրավասությունն անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, թե որ դատարանի կողմից կայացված դատական ակտն է բողոքարկվում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի միջև գործերի բաշխման անհրաժեշտությունը ծագել է վարչական դատարանի ստեղծումից հետո (վարչական դատարանը սկսել է գործել 01.01.2008 թվականից՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի): Մինչև վարչական դատարանի ստեղծումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր նաև հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր: Քաղաքացիական գործեր քննող դատարանը քննում էր նաև պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու ոչ առևտրային կազմակերպությունների միջև վեճերով, ինչպես նաև դրանց միջև վեճերով գործեր (մինչև 01.01.2008 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին, ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Փաստորեն, հանրային իրավահարաբերություններից ծագող և քաղաքացիական գործեր քննող դատարանի քննությանը հանձնված վեճերը 01.01.2008 թվականից հետո հանձնվեցին հատկապես այդ բնույթի վեճերի լուծման մեջ մասնագիտացված դատարանին՝ վարչական դատարանին:

2010 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել վերաքննիչ վարչական դատարանը (նախկինում՝ վարչական վերաքննիչ դատարան), որին վերապահվեց օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության իրավասություն: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.10.2010 թվականին ընդունված ՀՕ-135-Ն օրենքով սահմանվեցին որոշ անցումային դրույթներ՝ պայմանավորված նոր՝ վերաքննիչ վարչական դատարանի ստեղծմամբ: Միևնույն ժամանակ, նշված անցումային դրույթներով չկարգավորվեց այն հարցը, թե վերաքննիչ որ դատարանի քննությանն է ենթակա այն դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունը, որը կայացվել է քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հանրային իրավահարաբերությունից բխող վեճով՝ մինչև վարչական դատարանի ստեղծումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասություն ունեցող դատարանը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե տվյալ վճիռն ինչ բնույթի իրավահարաբերություններից ծագող վեճին է վերաբերում: Մասնավորապես՝ եթե քաղաքացիական գործեր քննող դատարանը մինչև վարչական դատարանի ստեղծումը քննել և լուծել է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ, ապա այդ գործով կայացված վճիռը ներկայումս ենթակա է բողոքարկման վերաքննիչ վարչական դատարան, իսկ մասնավոր իրավահարաբերություններից ծագող վեճերի կապակցությամբ կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասությամբ օժտված է վերաքննիչ քաղաքացիական դատարանը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հատուկ հայցային վարույթի կարգով քննվել են նաև հանրային իրավահարաբերությունից ծագող վեճեր:

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ 2-1445 քաղաքացիական գործով 08.10.2002 թվականին կայացված վճռով Դատարանը վճռել է պարտավորեցնել Ծառայությանը թիվ 1110/99-01 կատարողական վարույթում միացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2001 թվականի թիվ 01-842 կատարողական թերթի մասով կատարողական վարույթը կարճել:

Վերաքննիչ դատարանը 15.11.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Դատարանի 08.10.2002 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձի կողմից բարձրացվել է Վերաքննիչ դատարանի՝ սույն գործը քննելու իրավասության հարցը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին անմիջական բողոքարկման ենթակա չլինելու պայմաններում վճռաբեկ բողոքով ըստ էության վիճարկում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու իրավաչափությունը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործի կողմերի միջև առկա վեճի հիմքում ընկած իրավահարաբերության բնույթին:

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված՝ կատարողական վարույթը կարճելուն պարտավորեցնելու վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից: Այսպես՝

1. սույն վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ Ծառայությունը,

2. սույն վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ Ծառայության կողմից հարկադիր կատարման ենթակա դատական ակտերի կատարումն ապահովելու իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,

3. վիճելի իրավահարաբերությունը ծագում է հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պարտադիրությունն ու կատարելիությունն ապահովելու հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքարկվող վճիռը կայացվել է մինչև վարչական դատարանի ստեղծումը, գործը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով՝ որպես հանրային իրավահարաբերությունից ծագող վեճ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանի 08.10.2002 թվականի վճիռը ենթակա էր բողոքարկման վարչական դատավարության կարգով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 08.10.2002 թվականի վճիռը գործող իրավակարգավորումների պայմաններում վերաքննության կարգով ենթակա էր բողոքարկման ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում իրավասու չէր վարույթ ընդունելու, քննելու և լուծելու թիվ 2-1445 քաղաքացիական գործով 08.10.2002 թվականին կայացված վճռի դեմ Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջները խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են («Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 


1 ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջև գործերի բաշխումը կատարում է ընդդատության նորմերի միջոցով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միևնույն հարցը կարգավորում է ենթակայության նորմերով։ Ուստի սույն որոշման մեջ «ընդդատություն» և «ենթակայություն» եզրույթները կիրառվում են միևնույն իմաստով և տվյալ դեպքում ցույց են տալիս դատական գործերի բաշխումը վարչական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի միջև։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան