ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14254/02/18 2020 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14254/02/18
Դատավորներ՝ Մ. Հարթենյան Կ. Չիլինգարյան
Նախագահող դատավոր՝
Ա. Սմբատյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020
թվականի դեկտեմբերի 22-ինգրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի Ռաֆիկ Մկրտչյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռաֆիկ Մկրտչյանը պահանջել է Երևան քաղաքի Դավթաշեն Իոսիֆյան փողոցի թիվ 27/1 հասցեի 240,4քմ հողատարածքը և 68,77քմ բնակելի տունը տիրազուրկ ճանաչել և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2019 թվականի որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6–րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 119-րդ, 362-րդ, 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարանը կրում է վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտավորություն, որը կատարելու ժամկետը հստակ է` ոչ ուշ քան դրա հրապարակման հաջորդ օրը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վճիռը կայացրել է 12.03.2019 թվականին, մինչդեռ այն «datalex.am» կայքում տեղադրվել է 26.03.2019 թվականին: Երևանի քաղաքապետարանը դատական ակտը ստացել է 10.04.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 30.04.2019 թվականին, այսինքն` Դատարանի վճիռը ստանալուց 20 օր անց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել դատական ակտ՝ վճռի բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոքարկման իրավունքը վերականգնելու մասին»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը չի հրապարակել սահմանված ժամկետում, դրա օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին և մինչ այդ առձեռն չի հանձնել` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ (...) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը անհրաժեշտ է մեկնաբանել վերը նշված սկզբունքների լույսի ներքո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի և 179-րդ հոդվածի իրավանորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Միաժամանակ հարկ է նշել, որ 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով իր ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, 25.02.2019 թվականին ավարտելով գործի քննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 12.03.2019 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 136-137): Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 26.03.2019 թվականին (հիմք`«www.datalex.am» տեղեկատվական համակարգը):
Գործում առկա է Դատարանի 02.04.2019 թվականի գրությունը՝ Դատարանի վճիռը Երևանի քաղաքապետարանին ուղարկելու համար ելքագրելու մասին, սակայն գործում բացակայում է ապացույց, թե երբ է նշված վճիռն ուղարկվել Երևանի քաղաքապետարանին: Դատարանի 12.03.2019 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանը ստացել է 10.04.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 154):
30.04.2019 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 2-րդ, գ.թ. 179) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու միջնորդություն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը Երևանի քաղաքապետարանում ստացվել է 10.04.2019 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 168-177):
Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ « (…) վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով այն հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում: Այսինքն` դատական ակտի հրապարակումն օրենքով որպես դրա բողոքարկման ժամկետի մեկնարկը պայմանավորող փաստ սահմանված լինելու դեպքում այդ ժամկետի հաշվարկի սկիզբը չի կարող համընկնել բողոք բերած անձի կողմից դատական ակտի ստացման պահի հետ, հակառակ դեպքում դատավարական ժամկետների մեկնարկի վերաբերյալ օրենսդրական տարբերակված կարգավորումն ինքնանպատակ կդառնա: Սույն գործով բողոքարկված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 26.03.2019 թվականին, ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 27.03.2019 թվականին և ավարտվել` 29.04.2019 թվականին: Նման պայմաններում բողոք բերած անձը կարող էր 27.03.2019 թվականից մինչև 29.04.2019 թվականն ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը` անկախ դրա թղթային օրինակը 10.04.2019 թվականին ստացած լինելուց»:
Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վերաքննիչ բողոք բերած անձի՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերը նշված պատճառաբանությունը հիմք չէ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե»Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 26.03.2019 թվականին (հիմք`<<www.datalex.am>> տեղեկատվական համակարգը):
Թեև գործում առկա է Դատարանի 02․04․2019 թվականի գրությունը՝ վճիռը Երևանի քաղաքապետարանին ուղարկելու համար ելքագրելու մասին, սակայն գործում բացակայում է ապացույց, թե երբ է Դատարանի վճիռն ուղարկվել Երևանի քաղաքապետարանին: Դատարանի 12.03.2019 թվականի վճիռը Երևանի քաղաքապետարանում ստացվել է 10.04.2019 թվականին:
Դատարանի 12.03.2019 թվականի վճռի դեմ Երևանի քաղաքապետարանը փոստային առաքմամբ՝ 30.04.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը, այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող վճիռը ստացել է 10.04.2019 թվականին:
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վճռի օրինակը Երևանի քաղաքապետարանին ուղարկած լինելու մասին ապացույցի բացակայության և վերջինիս կողմից այդ վճիռը 10.04.2019 թվականին ստանալու պարագայում, վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից, ըստ որի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության կրողը դատարանն է, ուստի վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոքաբերին ուղարկելու ապացույցը պետք է առկա լինի գործի նյութերում:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավական նորմերի պահանջները Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի նշված միջնորդությունը ենթակա էր բավարարման և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ոչ իրավաչափորեն մերժելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով մերժել է Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 12.03.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: