ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0623/04/16 2020 թ. Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0623/04/16
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան |
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի նոյեմբերի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Բաղդասարյանի և Ալիսա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի` «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 24.07.2019 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 24.07.2019 թվականի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության պահանջը` 61.731.748 ՀՀ դրամի չափով պարտատեր գրանցելու վերաբերյալ, բավարարվել է: Ընկերության դիմումը` 61.731.748 ՀՀ դրամի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթում գրանցելու վերաբերյալ մերժվել է, նշված պահանջն ընդգրկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ստորադաս չապահովված պարտատերերի խմբի մեջ, իսկ գումարի բաշխման առաջնահերթությունը` այդ հերթի պահանջների գումարներին համամասնորեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2019 թվականի որոշմամբ՝ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» 24.07.2019 թվականի որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լևոն Բաղդասարյանը և Ալիսա Հակոբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին և 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 32-րդ, 93-րդ, 368-րդ, 369-րդ, 370-րդ, 375-րդ և 376-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրենք, որպես պարտատերեր, սնանկության գործի քննության ցանկացած փուլում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և պարտականություններից, իրազեկվում են գործի քննության փուլում ցանկացած դատավարական գործողության մասին, առավելապես, երբ խոսքը վերաբերում է իրենց պահանջների բավարարմանը և առաջնահերթությանը։ Ինքնանպատակ չէ, որ օրենսդիրը պարտատերերին ևս հնարավորություն է տվել առարկություններ ներկայացնելու այլ պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջի հիմնավորվածության, առաջնահերթության և հաստատման կապակցությամբ։
Վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոքի առկայության և դրա քննության մասին պետք է իրազեկվեն ոչ միայն դիմող պարտատերը, պարտապանը և սնանկության գործով կառավարիչը, այլ նաև գործով պահանջներ ներկայացրած այլ պարտատերերը ևս, քանի որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտը վերջիններիս պահանջների հաստատման և առաջնահերթության վրա ևս ազդելու է։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննության մասին իրենք՝ որպես պարտատերեր չեն իրազեկվել, մասնավորապես՝ չեն ստացել Ընկերության վերաքննիչ բողոքի օրինակը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից չեն ծանուցվել 17.09.2019 թվականին նշանակված բողոքի քննության մասին, որի հիմքով զրկվել են ինչպես վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու, այնպես էլ վերաքննության փուլում իրենց դիրքորոշումը հայտնելու իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2019 թվականի որոշումը՝ վերացնելով այն:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները`սնանկության գործով գրանցված պարտատերերի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդրի վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 368-րդ, 369-րդ և 375-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս և վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելիս սնանկության գործով պարտատերերի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդրին նաև այն պարագայում, երբ գործում բացակայում են վերաքննիչ բողոքի օրինակը սնանկության գործով գրանցված պարտատերերին ուղարկելու վերաբերյալ ապացույցները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ներքոնշյալ հարցերի վերաբերյալ այլ կանոններ սահմանված չեն։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նաև վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերով սահմանված վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգի, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևի և բովանդակությանը ներկայացվող պահանջների համաձայն՝ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը պետք է ուղարկվեն կամ հանձնվեն վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները բողոք ներկայացնող անձը պետք է ուղարկի գործին մասնակցող անձանց։ Ընդ որում, բողոք ներկայացնող անձը վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցել է վերաքննիչ բողոքին: Այդպիսի փաստաթուղթ են նաև բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար։ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքի ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, հարկ է համարել շեշտել, որ օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ՝ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը, որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը համարվում է ավարտված, և հայտարարվում է դատական ակտը հրապարակելու օրը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Ankerl v. Switzerland գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Ankerl v. Switzerland գործով (գանգատ թիվ 17748/91) Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավական հնարավորությանը` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա՝ հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ (տե'ս, ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վերաքննության փուլում դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքների պահպանությանն այն դեպքերում, երբ բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, արձանագրել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն ինքնին չի կարող խախտել գործի հրապարակային քննության իրավունքը։ Եվրոպական դատարանը նույնպես մի շարք որոշումներով արտահայտված դիրքորոշումներով կարևորել է գրավոր ընթացակարգով գործի քննության ժամանակ դատավարության մասնակիցներին իրենց իրավունքների արդյունավետ իրացման հնարավորություն տալու հանգամանքը (տե'ս, օրինակ, Sancakli v. Turkey գործով (գանգատ թիվ 1385/07) Եվրոպական դատարանի 15.05.2018 թվականի վճիռը, կետ 51):
ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ օրենսդիրն ապահովել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտ նախադրյալներ դատավարության մասնակցի համար` սահմանելով, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Միաժամանակ, որպես վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետ՝ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ կամ 5-րդ օրը` կախված բողոքարկվող դատական ակտի տեսակից, վերաքննիչ դատարանն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս (տվյալ դեպքում` բողոքի քննությունը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնելիս) պարտավոր է այնպես կազմակերպել բողոքի քննության համար նախատեսված ժամկետները (այդ թվում` դատական ակտի հրապարակման օրը որոշելիս), որպեսզի դատավարության որևէ մասնակից մյուսի համեմատ չգտնվի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Հայկ Ջավախյանի ընդդեմ Վարդան Աբրահամյանի թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված դիրքորոշումներին, եզրահանգել է, որ Հայկ Ջավախյանն ընդդեմ Վարդան Աբրահամյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվում է դատական նիստում, ու գտել է, որ վերաքննիչ դատարանը բողոքի քննությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացումը` ընդ որում, դատավարության մասնակցի համար ապահովելով օրենքով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում պատասխան ներկայացնելու հնարավորությունը (տե՛ս, «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Արմեն Մանուկյանի թիվ ԱՎԴ/1617/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2019 թվականի որոշումը):
Անդրադառնալով սնանկության գործով դատավարության մասնակիցների կազմի առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ՝ դատավարության մասնակիցներ) գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները։
Նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են նաև գործին մասնակցող անձինք, ովքեր, գործող իրավակարգավորումների համաձայն, հանդիսանում են կամ դատավարության կողմեր, կամ երրորդ անձինք, կամ դիմողներ և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով: Փաստորեն օրենսդիրն ամրագրել է դրույթ, որի հիմքով նույնիսկ այն անձինք, ովքեր չեն հանդիսանում ոչ կողմ, ոչ երրորդ անձ, այլ դիմող են կամ դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով, համարվում են դատավարության մասնակիցներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթում աճուրդի արդյունքները վիճարկելու հնարավորություն պետք է ունենան միայն շահագրգիռ անձինք, որոնց շահագրգռվածությունը պետք է որոշվի լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, ինչպես նաև հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: (…) Տվյալ դեպքում նույնպես աճուրդի վիճարկման հիմքում պետք է լինի պահանջ ներկայացնողի իրավական շահագրգռվածությունը (…) (տե՛ս, Կարինե Ղազարյանի և մյուսների ընդդեմ Իգոր Մանդելի թիվ ԵԱՔԴ/0009/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և վկայակոչված իրավանորմերի լույսի ներքո տվյալ դեպքում անդրադառնալով սնանկության գործով գրանցված պարտատերերի դատավարական կարգավիճակի առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկության գործով գրանցված պարտատերերը հավասարեցվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով դատավարության մասնակիցներին, քանի որ այն պահից, երբ դատարանի որոշմամբ նրանց պահանջները գրանցվում են, փաստորեն, վերջիններս ձեռք են բերում շահագրգռվածություն նաև այլ պահանջի քննության արդյունքով կայացվող դատական ակտի հիման վրա հետագայում կատարվող գործողությունների նկատմամբ: Օրինակ՝ սնանկության վարույթում հօգուտ գրանցված պարտատիրոջ կատարվող բաշխումների չափը կարող է նվազել՝ այլ պահանջի հիմնավոր համարվելու և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ավելի բարձր կամ նույն հերթում գրանցվելու դեպքում:
Վերոգրյալից, ինչպես նաև սնանկության վարույթի առանձնահատկություններից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից ամրագրված դրույթն այն մասին, որ դատավարության մասնակից է նաև դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով, հնարավորություն է տալիս այդպիսի անձ համարելու նաև սնանկության վարույթում գրանցված պարտատիրոջը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության գործով գրանցված պարտատերը, որպես դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձ, պետք է օգտվի դատավարության մասնակցի իրավունքներից, այդ թվում նաև՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու կամ վերաքննիչ բողոքի քննության կապակցությամբ նշանակված դատական նիստին մասնակցելու իրավունքներից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (գործի հավելված 1-ին, գ.թ. 1-5):
Դատարանի 24.07.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում որպես պարտատերեր նշվել են նաև Լևոն Բաղդասարյանը և Ալիսա Հակոբյանը (ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ 21.11.2019 թվականի թիվ Ե-43071/19 գրությանը կից):
Դատարանի 24.07.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի պահանջը` 61.731.748 ՀՀ դրամի չափով պարտատեր գրանցելու վերաբերյալ, բավարարվել է, Ընկերության դիմումը` 61.731.748 ՀՀ դրամի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի չապահովված «է» հերթում գրանցելու վերաբերյալ մերժվել է, նշված պահանջն ընդգրկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ստորադաս չապահովված պարտատերերի խմբի մեջ, իսկ գումարի բաշխման առաջնահերթությունը` այդ հերթի պահանջների գումարներին համամասնորեն (գործի հավելված 1-ին, գ.թ. 105-111):
Ընկերության ներկայացուցչի կողմից Դատարանի 24.07.2019 թվականի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցվել են բողոքը (բողոքի պատճենը) միայն պարտապան Կազմակերպությանը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու մասին ապացույցները (գործի հավելված 2-րդ, գ.թ. 3-13): Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին չի կցել բողոքի պատճենը գրանցված պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին ուղարկելու մասին ապացույցները:
Վերաքննիչ դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ՝ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքը քննել դատական նիստում (գործի հավելված 2-րդ, գ.թ. 15): Վերաքննիչ դատարանի 23.08.2019 թվականի որոշումը և դատական նիստի օրվա, ժամի ու վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը չեն ուղարկվել պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին: Վերաքննիչ դատարանը 17.09.2019 թվականի դատական նիստում ավարտել է բողոքի քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 23.09.2019 թվականը:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև 375-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իր պարտականությունները: Այսպես՝
Վերաքննիչ դատարանը, կրելով բողոքը գործին մասնակցող այլ անձանց ուղարկված լինելու հարցը պարզելու պարտականություն, անտեսել է, որ Ընկերության ներկայացուցիչը չի պահպանել վերաքննիչ բողոքին ներկայացվող օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքին չի կցել բողոքի պատճենը գրանցված պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին ուղարկելու մասին ապացույցները: Նման պայմաններում սույն որոշմամբ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերադարձնել Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը՝ տրամադրելով օրենքով սահմանված ժամկետ դրանում առկա թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի առկայության պայմաններում վարույթ է ընդունել Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը՝ հաշվի չառնելով, որ սնանկության գործով գրանցված պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին հասանելի չի եղել վերաքննիչ բողոքի բովանդակությունը, որի հետևանքով վերջիններս զրկվել են օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրենց դատավարական իրավունքը իրականացնելու հնարավորությունից:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը և կայացնելով բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում, կրել է այդ որոշումը սնանկության գործով գրանցված պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին ուղարկելու պարտականություն, սակայն այդ որոշումը և դատական նիստի օրվա, ժամի ու վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը նրանց չի ուղարկել:
Այսպիսով հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գրանցված պարտատերեր Լևոն Բաղդասարյանին և Ալիսա Հակոբյանին զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից` թույլ տալով դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ նշված անձինք զրկվել են բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ մրցակցային վարույթի սահմանափակման:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատարանի 24.07.2019 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ՀՀ սնանկության դատարանի 24.07.2019 թվականի «Պահանջի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշման դեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքի նոր քննության համար:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: