Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.09.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
17.09.2020
Дата вступления в силу
17.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0736/17/16

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0736/17/16

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի` ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը` ըստ հայցի Բանկի ընդդեմ Մկրտիչ և Ավետիք Բաբոյանների` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ, պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի միանձնյա տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 11.11.2016 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 07.08.2017 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 13.11.2018 թվականի որոշմամբ Մկրտիչ Բաբոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2017 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատարանի` դատական ակտում բողոքարկման ժամկետը նշելու պարտականությունը, հետևաբար սույն գործով բողոք բերած անձի բողոքարկման իրավունքը չէր կարող սահմանափակվել այն պայմաններում, երբ դատարանը պատշաճ չէր կատարել դատական ակտի բողոքարկման ժամկետը նշելու իր պարտականությունը, եթե նույնիսկ տեսականորեն դիմողն ունեցել էր բողոքարկման ժամկետի մասին օրենքից տեղեկանալու հնարավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման հետ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձանց զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից: Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ 116/1997/900/1112 գանգատով ՄԻԵԴ, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0016/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ի թիվս դատավարական այլ ժամկետների, սահմանվում են նաև դատական ակտերի դեմ բողոք ներկայացնելու ժամկետները, այդուհանդերձ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարաններին առանձին ակտի ձևով կայացված որոշումների մեջ պարտադիր նշել որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությանը վերաբերող վերոհիշյալ օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ: Այն մի կողմից միտված է կարգավորելու այն դեպքերը, երբ համապատասխան դատավարական ժամկետներ օրենքով սահմանված չեն և պետք է սահմանվեն դատարանի կողմից, իսկ մյուս կողմից ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը: Այլ կերպ ասած` որոշման բողոքարկման կարգը և ժամկետը դատարանի կողմից նշելու իմպերատիվ պահանջը երաշխավորում է գործին մասնակցող անձի կողմից իր բողոքարկման իրավունքի պատշաճ իրացումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձը, ստանալով դատարանի դատական ակտը, իրեն վերաբերող դատական ակտից տեղեկանում է այդ դատական ակտի բողոքարկման կարգի և ժամկետների մասին, ինչի պայմաններում վերջինս հնարավորություն է ստանում օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնելու միջոցով արդյունավետորեն իրացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարաններն իրենց կողմից կայացված դատական ակտերում չեն նշում այդ ակտերի բողոքարկման կարգը կամ ժամկետները, դեռ ավելին` որպես բողոքարկման ժամկետ նշում են օրենքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ, ապա նման իրավիճակներում դատարանների կողմից իրենց պարտականության ոչ պատշաճ կատարման հետևանքով խոչընդոտներ են ստեղծվում անձանց համար իրենց բողոքարկման իրավունքից պատշաճ օգտվելու համար: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման իրավիճակները մոլորության մեջ են գցում գործին մասնակցող անձին, քանի որ վերջինիս համար որոշակի չի լինում այն ժամկետը, որով վերջինս պետք է ղեկավարվի դատական ակտի դեմ բողոք ներկայացնելիս: Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական պետությանը բնորոշ օրինականության սկզբունքից բխում է, որ յուրաքանչյուր անձ նախևառաջ առաջնորդվում է այն կանխավարկածով, որ դատարանի դատական ակտն օրինական է և դրա բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի պահանջներին, քանի դեռ առկա չեն ողջամիտ և հիմնավոր կասկածներ հակառակը պնդելու համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը և ներկայացնում է միջնորդություն` բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ, ապա վերադաս ատյանը միջնորդությունը քննելիս պարտավոր է պարզել այն հանգամանքը, թե արդյոք բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր այս կամ այն պարտականության ոչ պատշաճ կատարման հետ:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 09.07.2019 թվականի որոշմամբ մերժել է Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ: Վերոհիշյալ որոշման եզրափակիչ մասում Դատարանը նշել է` «Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ արբիտրաժային դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում» (հատոր 1-ին, գ.թ. 169-171):

Սույն գործում բացակայում են Դատարանի 09.07.2019 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը մերժելու մասին» որոշումը Բանկին ուղարկելու համար փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ, ինչպես նաև Բանկում վերոհիշյալ որոշումը ստացվելու վերաբերյալ ապացույցները:

02.10.2019 թվականին փոստային առաքմամբ Բանկը ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ Դատարանի կողմից 09.07.2019 թվականին կայացված որոշումը ստացվել է 04.09.2019 թվականին, ինչի պայմաններում Բանկն իր կամքից անկախ պատճառով բաց է թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 12-13, գ.թ. 17)։

Վերաքննիչ դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Բանկի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը պետք է ներկայացներ ոչ թե Դատարանի որոշումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, այլ յոթնօրյա, որպիսի պահանջ սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով (հատոր 2-րդ, գ.թ. 19)։

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, մասնավորապես, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, 09.07.2019 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը մերժելու մասին» որոշման բողոքարկման համար սահմանել է հրապարակման պահից մեկամսյա ժամկետ այն պարագայում, երբ օրենքով վերոհիշյալ որոշման բողոքարկման համար սահմանված է ստանալու պահից յոթնօրյա ժամկետ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը չի կարող կրել Դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման բացասական հետևանքը, քանի որ այս իրավիճակում բողոքաբերն իրավունք է ունեցել առաջնորդվելու օրինականության կանխավարկածով և կասկածի տակ չառնելու դատարանի նշած բողոքարկման ժամկետը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով բողոքաբերը Դատարանի 09.07.2019 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքով, այն է` Դատարանի կողմից որոշման մեջ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ նշելու պատճառով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: