Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2021
Дата вступления в силу
07.02.2021

      

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 116-Լ

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-815-22.12.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա: Նկատի ունենալով, որ Օրենքով կարգավորվող հարաբերությունների շրջանակն ամրագրված է նշված հոդվածի 1-ին մասում, իսկ նույն հոդվածի 6-րդ մասը վերաբերում է այն հարաբերություններին, որոնց վրա Օրենքի գործողությունը չի տարածվում, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, իսկ Նախագծով առաջարկվող կարգավորումը նախատեսել նույն հոդվածի 1-ին մասում:

2. Նախագծով նախատեսվում է Օրենքը լրացնել էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունները կանոնակարգող նոր բաժնով, մինչդեռ դրանում նախատեսվող կարգավորումները, մասնավորապես՝ 35.8-35.11-րդ հոդվածները վերաբերում են միայն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդներին, մինչդեռ սակարկությունների ձև հանդիսացող մրցույթների վերաբերյալ կարգավորումներ Նախագծով նախատեսված չեն:

3. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք բացառություն նախատեսել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների վերաբերյալ, քանի որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող որոշ գործառնություններ, մասնավորապես՝ ռեպո-աճուրդները, ավանդային սակարկությունները, Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պարտատոմսերի՝ աճուրդների միջոցով տեղաբաշխումն իրականացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով և կառավարվում են Կենտրոնական բանկի կողմից։

4. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների պարագայում վարձատրություն և/կամ դրա մասով նվազեցում չի նախատեսվում։ Կարծում ենք՝ նշված հոդվածը հստակեցման կարիք ունի, քանի որ անհասկանալի է, թե ինչ է ենթադրում «և/կամ դրա մասով նվազեցում» ձևակերպումը: Եթե խոսքը այն մասին է, որ աճուրդի կազմակերպման համար կազմակերպիչը վարձատրություն չի ստանում, պետք է հստակ սահմանել այդ մասին։

5. Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսվում է Օրենքի 4-րդ գլուխը լրացնել բաժիններով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Հետևաբար, Նախագծով լրացվող դրույթների համարակալումն անհրաժեշտ է վերանայել:

6. Նախագծով լրացվող 35.6-րդ հոդվածով էլեկտրոնային համակարգերը բնորոշվում են որպես սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումներ, ինտերնետային հասցե, տեխնիկական լուծումներ և բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման և իրականացման համար: Կարծում ենք՝ նշված կարգավորումն իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ այն չի նախատեսում էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերի սպառիչ բնորոշում:

Բացի այդ, Նախագծի տարբեր հոդվածներում օգտագործվում են «կայք», «ինտերնետային էջ» բառերը, սակայն հասկանալի չէ, թե ինչ կայքի կամ ինտերնետային էջի մասին է խոսքը։ Արդյո՞ք ցանկացած կազմակերպություն կարողանալու է իր ինտերնետային էջում կազմակերպել և անցկացնել հրապարակային սակարկություն, եթե այո, ապա կարծում ենք՝ անհրաժեշտ է նախատեսել նվազագույն պահանջներ, որոնց պետք է համապատասխանի կազմակերպչի ինտերնետային էջը։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթները, նշված հոդվածի մասն անհրաժեշտ է համարակալել:

7. Նախագծով լրացվող 35.7-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչ կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք կապահովեն Օրենքով էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող պահանջները: Կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) իրավաբանական անձինք են, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ սակարկությունների կազմակերպչի օրենսդրական բնորոշմանը: Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից: Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը կամ կազմակերպիչը աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձը կամ մարմինն է:

Վերոգրյալի համատեքստում նախ անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկության կազմակերպիչ կարող է հանդիսանալ միայն իրավաբանական անձը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծով կազմակերպչի համար սահմանված պահաջները չեն ենթադրում որևէ առանձնահատկություն կամ գործառույթ, որը չի կարող իրականացվել նաև այլ անձանց կողմից: Բացի այդ, Նախագծի և Նախագծին կից ներկայացված հիմնավորման ուսումնասիրությունից պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ում կողմից են որոշվելու այն կազմակերպությունները, որոնք կհամարվեն օրենքով էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները պահպանած կամ իրավունք կունենան լինելու կազմակերպիչ:

8. Նախագծով լրացվող 35.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ: Հարկ է նշել, որ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ: Ուստի, նշված կարգավորումների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցման ժամկետի համար անհրաժեշտ է նախատեսել բացառություն:

Նույն հոդվածի 1-ին մասը «սահմանված տեղեկությունները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այլ տեղեկություններ կազմակերպչի ինտերնետային կայքին ծանոթանալու հնարավորության և այդ կայքում գույքի շահագործման պատմության ու վիճակի վերաբերող լուսանկարների, տեսաձայնագրությունների ձևով պարտադիր ներառելու մասին, եթե վաճառքի ենթակա գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր։» բառերով, ինչպես նաև քանի որ էլեկտրոնային աճուրդով իրականացվելու են նաև ընդհանուր աճուրդներ՝ անհրաժեշտ է «4-9-րդ» թվերը փոխարինել «4-10-րդ» թվերով։

Նույն հոդվածի 2-րդ մասը «կայքում» բառից հետո առաջարկում ենք լրացնել «բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում:» բառերով:

9. Նախագծի ամբողջ տեքստում «աճուրդի կանոններ» բառերն առաջարկում ենք փոխարինել «աճուրդի կանոնակարգ» բառերով:

10. Նախագծով լրացվող 35.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային էջ և ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ, որի միջոցով աճուրդին մասնակցել ցանկացող անձինք պետք է հնարավորություն ունենան գրանցվելու և մասնակցելու աճուրդին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ աճուրդի համար գրանցվելու և դրան մասնակցելու հնարավորություն ապահովելու վերաբերյալ պահանջը վերաբերում է ինտերնետային էջին՝ «...և ՀՀ-ում գրանցված բանկային հաշիվ, որի միջոցով..» ձևակերպումն առաջարկում ենք վերանայել: Հոդվածի նույն մասում «ՀՀ-ում գրանցված» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված» բառերով։

11. Նախագծով լրացվող 35.9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աճուրդին մասնակցել ցանկացող անձը գրանցվում է կայքում՝ նշելով և կցելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձի դեպքում գրանցման վկայական և ՀՎՀՀ, բանկային հաշիվ), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոններով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, ինչից հետո մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին: Այս կապակցությամբ գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել համակարգում գրանցման ժամանակ մասնակիցների նույնականացման մեխանիզմ, քանի որ վերջինս էական ազդեցություն ունի աճուրդի կազմակերպման արժանահավատության վրա։ Բացի այդ, անհասկանալի է իրավաբանական անձի կողմից բանկային հաշվի վերաբերյալ նշում կատարելու նպատակը՝ հաշվի առնելով նաև այն, որ ֆիզիկական անձի դեպքում նման պահանջ նախատեսված չէ:

12. Նախագծով լրացվող 35.10-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Աճուրդում հաղթող մասնակիցն արձանագրությունը ստորագրելուց հետո պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ, հաշվանցելով նախավճարը։», քանի որ նախավճարի վճարումը սույն օրենքի համաձայն պարտադիր պայման է.

2) 6-րդ մասի համաձայն՝ լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, որը կարող է իրականացվել նաև բանկային հաշվի և/կամ քարտի միջոցով..: Այս առումով պարզ չէ և հստակեցման կարիք ունի, թե բանկային հաշվի և/կամ քարտից բացի ինչ ձևով կարող է իրականացվել լոտի գնի՝ անկանխիկ եղանակով վճարումը:

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրը ստորագրում է աճուրդի արձանագրություն, որի ձևը և ստորագրության կարգը սահմանվում են աճուրդի կանոնակարգով։».

4) 8-րդ մասում «հինգօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով, իսկ «և գույքի հանձնման-ընդունման ակտ» բառերը հանել.

5) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում, տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դրանք պահանջվում են։».

6) փոխել սույն հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի հաջորդականությունը հետևյալ առաջնահերթությամբ՝ 7-րդ, 5-րդ և 6-րդ:

13. Նախագծով լրացվող 35.11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ աճուրդը համարվում է անվավեր, եթե չեն պահպանվել Օրենքի 35.5-35.10-րդ հոդվածներով սահմանված պահանջները և/կամ կազմակերպչի կողմից սահմանված աճուրդի կանոնները:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ Օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր, ինչպես նաև նկատի ունենալով, որ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով՝ առաջարկում ենք Նախագծի 35.11-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել՝ նախատեսելով, որ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով:

Բացի այդ, Նախագծի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ՝ օրենքով սահմանված կարգով:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ սակարկություններ անցկացնելու կանոնները խախտելու հետևանքներն ամրագրող 465-րդ հոդվածին: Այսպես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության: Այսինքն՝ սակարկության անվավերության հետևանքը դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերությունն է, որը ենթակա է կիրառման՝ անկախ նոր աճուրդ կազմակերպելու հանգամանքից: Ուստի, Նախագծով նախատեսվող հիշատակված կարգավորումն այս համատեքստում ունի վերանայման կարիք:

Ինչպես նաև առաջարկում ենք 1-ին մասի 2-րդ կետը հանել, քանի որ այն հակասում է Օրենքի պահանջին:

14. Առաջարկում ենք նաև նախագիծը լրացնել նոր հոդվածով և Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը պետք է դադարի մրցույթի հայտերի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:»։

Օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է մրցույթի և աճուրդի անցկացման միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ։ Ժամկետային փոփոխությունների ընդունման արդյունքում մրցույթի իրականացման գործընթացը կկազմակերպվի առավել օպտիմալ և արդյունավետ:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված նկատառումները հաշվի առնելու դեպքում։