Գլխավոր տեղեկություն
Номер
N 2145-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.126
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.01.2003
Дата вступления в силу
06.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2145-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան ու նպատակը լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացումն է:

4. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ կրթադաստիարակչական ծրագրերի իրականացում,

բ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

գ) ճամբարների կազմակերպում,

դ) հրաձգարանների գործունեություն, սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն,

ե) ներկայացումների, համերգների կազմակերպում և կրթական գործունեության այլ տեսակներ:

5. Սահմանել որ`

ա) «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում են «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` որպես իրավահաջորդի.

բ) «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացվում է «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

(5-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

6. «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` համաձայն N 1 հավելվածի:

(6-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հաստատության անվանումը

Ենթակայությունը

1. Գեղագիտական դաստիարակության և մշակույթի
մանկապատանեկան կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2. Մանկապատանեկան հանրապետական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3. Տավուշի մարզի Դիլիջանի երաժշտական դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4. Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6. Հրաձգության հանրապետական մարզադպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

7. Երևանի հանրապետական հոգեբանական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8. Լոռու մարզի տարածքային հոգեբանական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

9. Շիրակի մարզի Գյումրու «Նարեկ» հոգեբանական
ծառայության կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

10. Շիրակի մարզի Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան
ստեղծագործական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11. Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն

Երևանի քաղաքապետարան

(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «_________________________________________________________»

(կազմակերպության անվանումը)
պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` հաստատություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կրթադաստիարակչական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հաստատության գտնվելու վայրն է (նշել մշտական գործող մարմնի գտնվելու վայրը):

4. Հաստատությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

7. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

8. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

9. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Հաստատության գործունեության առարկան և նպատակները սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, նրանց հոգևոր, ստեղծագործական ունակությունների գեղագիտական, ֆիզիկական զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բնապահպանական ու կիրառական գիտելիքների ձևավորումը:

11. Հաստատությունն ապահովում է դպրոցականների նախասիրությունների, ունակությունների զարգացումը, երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումը և վարքի շեղումների կանխարգելումը:

12. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային ու համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

13. Հաստատության հիմնական խնդիրներն են`

ա) մինչև 18 տարեկան սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացումը, հոգևոր, գեղագիտական, բնապահպանական և ֆիզիկական դաստիարակության ապահովումը` հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները, հակումներն ու ընդունակությունները.

բ) մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

գ) սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպումը, արդյունավետ պայմանների ապահովումը.

դ) դպրոցում ստացած գիտելիքների ամրապնդումն ու խորացումը, սովորողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապի ամրապնդումը, նրանց կարողությունների ու հմտությունների և ձեռներեցության զարգացումը,

ե) համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումը:

14. Հաստատությունը կարող է զբաղվել հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

ա) լրացուցիչ կրթադաստիարակչական ծրագրերի իրականացում,

բ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

գ) ճամբարների կազմակերպում,

դ) հրաձգարանների գործունեություն, սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն,

ե) ներկայացումների, համերգների կազմակերպում և կրթական գործունեության այլ տեսակներ:

Հաստատությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հաստատություններն իրենց ուղղություններին համապատասխան իրականացնում են կրթադաստիարակչական ծրագրեր` համաձայն իրենց կանոնադրության: Ըստ կրթադաստիարակչական ծրագրերի` սահմանվում են հաստատությունների հետևյալ տեսակները`

ա) մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,

բ) գեղագիտական կենտրոն,

գ) երաժշտական, նկարչական, գեղարվեստի, կերպարվեստի դպրոց ու կենտրոն և այլ հաստատություններ,

դ) մարզադպրոց,

ե) առողջարարական կենտրոն,

զ) հոգեբանական կենտրոն,

է) պատանի տեխնիկների (բնասերների, տուրիստական) կայան,

ը) ակումբ,

թ) ճամբար,

ժ) լրացուցիչ կրթություն և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ հաստատություններ:

16. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ուսումնական պլանների, ուսումնական ծրագրերի և ժամանակացույցին համապատասխան:

17. Հաստատությունը մշակում է գործունեության իր ծրագրերը` հաշվի առնելով սաների հետաքրքրություններն ու հակումները, ընտանիքի և կրթական համակարգի պահանջները:

18. Սաներն ընդգրկվում են հաստատության նույն կամ տարբեր տարիքի միավորումներում (խմբակ, ստուդիա, ակումբ, համույթ, թատրոն, մարզական խումբ և այլն): Յուրաքանչյուր սան իրավունք ունի ընդգրկվելու տարբեր միավորումներում:

19. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր միավորումներում պարապմունքները պետք է լինեն շաբաթական 2-3 անգամ, ընդ որում, յուրաքանչյուր միավորումում պետք է ընդգրկվի առնվազն 7-12 երեխա:

20. Հաստատությունը գործում է ամբողջ տարվա ընթացքում: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Հաստատությունում սահմանվում է վեցօրյա ուսումնական շաբաթ` ըստ ուսումնական պլանի:

 

IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

22. Հաստատության կրթադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում է խորհրդակցական մարմին` մանկավարժական խորհուրդ:

Մանկավարժական խորհուրդն իր լիազորության սահմաններում քննարկում և առաջարկություններ է ներկայացնում`

ա) հաստատության կանոնադրության վերաբերյալ.

բ) հաստատության գործունեության հիմնական ուղղությունների և կրթական ծրագրերի, առաջադրված խնդիրների իրականացման ձևերի ու միջոցների վերաբերյալ.

գ) ուսումնական պլանների ու ծրագրերի վերաբերյալ` ելնելով հաստատության հիմնական խնդիրներից, նպատակներից, կադրային և նյութական հնարավորություններից, սաների ու նրանց ծնողների հետաքրքրություններից.

դ) լրացուցիչ կրթական ծրագրերի և առաջավոր փորձի տարածման վերաբերյալ.

ե) մանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և խրախուսման վերաբերյալ:

Հաստատության մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են մանկավարժական աշխատողները: Մանկավարժական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև հիմնադրի և ծնողական համայնքի ներկայացուցիչներ:

Մանկավարժական խորհրդի նիստը հրավիրվում է առնվազն եռամսյակը մեկ անգամ:

Մանկավարժական խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Մանկավարժական խորհրդի նիստերը նախագահում է հաստատության տնօրենը:

23. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

24. Հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) հաստատության հիմնադրումը.

բ) հաստատության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) հաստատության օրինակելի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

դ) հաստատության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

25. Լիազորված պետական մարմինն իրականացնում է հաստատության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

26. Լիազորված պետական մարմինը`

ա) հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) վերահսկողություն է իրականացնում հաստատության գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ) լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ե) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս իր գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (եթե հաստատությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին).

ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

թ) հաստատում է հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվը:

27. Հաստատության տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի` պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

28. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

դ) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ը) սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժա) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

ժբ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

ժգ) կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում կառավարման մարմնի հաստատմանը.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

29. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված մարմնի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:

30. Հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սաների գիտելիքների մակարդակի համար.

բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սաների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սաների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

գ) հաստատությունում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի մասին հաշվետվություններ.

դ) ընդհանրացնում և տարածում է լավագույն խմբակավարների աշխատանքի դրական փորձը, մանկավարժներին հաղորդակից է դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

ե) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

զ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցուցաբերելու համար:

31. Հաստատության տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

32. Խմբակի ղեկավարը (խմբակավարը)`

ա) դաստիարակչական աշխատանք է կատարում իր խմբակի սաների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս խմբակավարների հետ.

բ) ապահովում է սովորողների նկատմամբ հաստատության և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը.

գ) իրականացնում է խմբակի համար սահմանված գործավարությունը, հաստատության տնօրինությանը ներկայացնում սովորողների հաճախումների և վարքի մասին տեղեկություններ.

դ) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ.

ե) արգելում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են սաների առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

34. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

35. Հիմնադիրը` սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:

36. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:

37. Հաստատության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

38. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:

39. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու։ Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Հաստատությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

(39-րդ կետը խմբ. 21.01.21 N 73-Ն)

39.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես հաստատության իր կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան հաստատությանը փոխանցելու համար:

(39.1-ին կետը լրաց. 21.01.21 N 73-Ն)

40. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

41. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (պետության կարիքների համար ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում, ապրանքների մատակարարում), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

42. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթադաստիարակչական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

43. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

44. Հաստատությունը շահույթը նպատակաուղղում է իր կանոնադրական խնդիրների իրականացմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, աշխատողների սոցիալական հարցերի բարելավմանը:

45. Հաստատությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

 

VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

46. Հաստատության կրթադաստիարակչական գործընթացի մասնակիցները որպես կանոն մինչև 18 տարեկան սաներն են, նրանց ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները), մանկավարժական աշխատողները:

47. Երեխաների ընդունելության ժամանակ հաստատության տնօրինությունը պարտավոր է ծնողներին (նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել հաստատության կանոնադրությանը և այլ փաստաթղթերի, որոնք կանոնակարգում են մանկապատանեկան հաստատության գործունեությունը: Երեխաների իրավունքները և պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրային հիմունքներով ու հաստատության ներքին կարգապահական կանոններով:

48. Սաների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են հաստատության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

49. Հաստատության անձնակազմի համալրման կարգը կանոնակարգվում է նրա կանոնադրությամբ:

50. Մանկավարժական աշխատանքի ընդունվում են այն անձինք, ովքեր, ըստ մասնագիտության, ունեն անհրաժեշտ մասնագիտական-մանկավարժական որակավորում:

51. Հաստատության մանկավարժն իրավունք ունի մասնակցելու հաստատության կառավարմանը, համատեղությամբ կատարելու գիտական, ստեղծագործական և մանկավարժական բնույթի աշխատանքներ:

52. Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հաստատության կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով:

53. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթադաստիարակչական ծրագրերի կատարումը:

54. Հաստատությունում արգելվում է սաների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը:

55. Սանը պարտավոր է`

բարեխղճորեն սովորել,

խնամքով վերաբերվել հաստատության գույքին,

հարգել հաստատության սաների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը,

պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները:

56. Հաստատության երեխաների իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով:

 

VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

57. Հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

58. Հաստատության լուծարման դեպքում հաստատության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը խմբ., լրաց. 21.01.21 N 73-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2021, N 73-Ն 23.01.2021, N 2145-Ն
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 2145-Ն
09.06.2005, N 888-Ն 21.07.2005, N 2145-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան