Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-6-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2004-09.01.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.101
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2004
Дата вступления в силу
01.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելու և անցկացնելու կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

հՈԴՎԱԾ 1. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունն ունի հետևյալ իմաստները.

այլընտրանքային ծառայություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իրականացվող հատուկ պետական ծառայություն, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու բաղկացած է երկու տեսակից`

1) այլընտրանքային զինվորական ծառայություն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող հատուկ պետական ծառայության տեսակ.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայություն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող հատուկ պետական ծառայության տեսակ:

Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԸ

 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ

 

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչև հերթական զորակոչին նախորդող մարտի 1-ը կամ սեպտեմբերի 1-ը դիմել է իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` սույն օրենքի 3-րդ հոդվածի հիմքով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության բացակայության մասին, և ում նկատմամբ տեղական զորակոչային հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշում:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմք ունեցող քաղաքացիների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 42 ամիս:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:

Այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին, այլընտրանքային ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո, պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տեղական, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական զորակոչային հանձնաժողովները: Դրանց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ

 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս, սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ժամկետում, գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը և շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու նպատակները:

Քաղաքացու դիմումը զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո` 10 օրվա ընթացքում, փոխանցվում է տեղական զորակոչային հանձնաժողովի քննարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ

 

Տեղական զորակոչային հանձնաժողովն այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Դիմողը հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է: Զորակոչային հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Տեղական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`

1) դիմում ներկայացրած քաղաքացին կրկին կանչվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.

2) դիմումում կան կեղծ տեղեկություններ:

Տեղական զորակոչային հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը մերժվելու դեպքում նրան 10 օրվա ընթացքում տրվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածք: Քաղվածքում նշվում է, թե ինչ պատճառներով է մերժվել նրա` այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմումը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ

 

Տեղական զորակոչային հանձնաժողովը դադարեցնում է այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկումը և ընդունում է համապատասխան որոշում, եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվում է, որ դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա չէ զորակոչի կամ ունի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՃԵՐ ԼՈՒԾԵԼԸ

 

Եթե տեղական զորակոչային հանձնաժողովը մերժում է քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին, ապա զորակոչիկը 10 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկն իրավունք ունի, որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

 

Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

 

Զինվորական կոմիսարիատը, զորակոչային հանձնաժողովի որոշման հիման վրա, զորակոչիկին հանձնում է կցագրման թերթիկ` այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում և դրա իրականացումը վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլընտրանքային ծառայության կազմակերպման և իրականացման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվից:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

 

Այլընտրանքային զինվորական ծառայությունը փոխարինվում է պարտադիր զինվորական ծառայությամբ, եթե այլընտրանքային զինվորական ծառայողն այդ մասին դիմում է ներկայացնում զորամասի հրամանատարին` զորակոչվելուց 6 ամսվա ընթացքում:

 

 Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Այլընտրանքային ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Այլընտրանքային զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս է երդում և ստանձնում է համապատասխան պարտավորություններ:

3. Այլընտրանքային ծառայողը կրում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Այլընտրանքային ծառայողը չի կարող նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոնների:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այլընտրանքային ծառայողները հավասարապես օգտվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների իրավունքներից և կրում են պարտականություններ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Զինված ուժերի ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարներին ու անմիջական այլ ղեկավարներին արգելվում է այլընտրանքային ծառայողներին ծառայության ընդգրկել ռազմական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաև զենք և զինամթերք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:

Սույն հոդվածում նշված ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ լիազորված այլ պաշտոնատար անձանցից սույն օրենքի պահանջներին հակասող կամ ակնհայտ այլ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս այլընտրանքային ծառայողը ղեկավարվում է միայն օրենքի պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԵՍՏ ԱՐՁԱԿԵԼԸ

 

Այլընտրանքային ծառայությունից պահեստ արձակելը և պահեստազորում հաշվառելն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչիկներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկներին և զինծառայողներին հավասարապես` օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

 

1. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող օրենքով սահմանված կարգով զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու իրավունք ստանալ:

2. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել այնպիսի պետական պաշտոնների, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ:

 

 Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 23. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը սահմանող օրենքը ենթակա է ընդունման մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների պատասխանատվությունը սահմանող օրենքը ենթակա է ընդունման մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

3. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 13 
Երևան
ՀՕ-6-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան