Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-458-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.12.2002-25.06.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.17/55(230) Հոդ.1290
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.12.2002
Дата вступления в силу
18.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ:

 

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

 

Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչև 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) և փախստականի միջև կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:

Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:

 

Հոդված 4. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը

 

Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց` մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` քաղաքապետի կողմից:

 

Հոդված 5. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար դիմում ներկայացնելը

 

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 6. Դիմում ներկայացնելու ժամկետները

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

 

Հոդված 7. Սեփականության ձևը

 

Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-458-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան