ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2135/05/17 2020 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2135/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Սարգսյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2018 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արմեն Սարգսյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)՝ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը 01.09.1996 թվականից հաշվարկելով նրա զինվորական ծառայության ստաժը 01.09.1996 թվականից հաշվարկելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Սարգսյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարելու որոշակի գործողություններ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայցվոր Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելով 01.09.1996 թվականից նրա զինվորական ծառայության ստաժը հաշվարկել 01.09.1996 թվականից։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.11.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարության ներկայացուցիչը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 12-րդ հոդվածները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում եթե օրենսդրությունը պահանջում է զինվորական ծառայության ժամկետում ներառել ռազմաուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամկետը, ապա ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու՝ որպես կուրսանտ գրանցումը պետք է կատարվի այնպիսի սեղմ ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի օրենսդրության նշված պահանջը։
Մինչդեռ, հայցվորի՝ որպես կուրսանտի կարգավիճակի ծագումը, ըստ այդմ նաև՝ զինվորական ծառայության ժամկետի հաշվարկը պայմանավորել են մի կամայական ամսաթվի ընդունված հրամանով։ Ընդ որում, պատասխանողը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչով է պայմանավորված հայցվորի՝ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո ավելի քան մեկ տարի անց խնդրո առարկա հրամանի ընդունումը (որպես կուրսանտ գրանցելը)։ Այսինքն՝ հայցվորի զինվորական ծառայության ժամկետը կախվածության մեջ է դրվել մի հանգամանքից, որն իր հիմքում չունի որևէ օբյեկտիվ ելակետ։
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխել գործի փաստացի հանգամանքներից և իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունից, հետևաբար այդպիսի մեկնաբանմամբ ու արձանագրմամբ հանգեցրել են սխալ դատական ակտի կայացմանը:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից բխում է, որ, ըստ էության, նշված ֆակուլտետ ընդունվածները տարիներ շարունակ սովորելու հետ մեկտեղ չէին կարող համարվել կուրսանտ կամ զինծառայող, քանի դեռ արձակված չի եղել պաշտպանության նախարարի հրաման։ Նշված փաստարկն իրավաչափ չէ, քանի որ Դատարանը, արդարացիորեն հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.04.2012 թվականի թիվ 525-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին, ընդգծել է, որ կուրսանտ է համարվում բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունում սովորող շարքային կամ ենթասպայական կազմի զինծառայողը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.11.2017 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Գործում առկա նյութերը և գործի փաստերը համադրելով կիրառման ենթակա իրավական նորմերի հետ կարելի է եզրակացնել, որ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
Հայցվորն առանց զորակոչվելու և առանց կուրսանտ գրանցվելու, ձեռք չբերելով զինծառայողի կարգավիճակ, գտնվելով տարկետման մեջ` որպես ուսանող, չէր կարող միայն ընդունման փաստով համարվել զինծառայող: Ընդ որում, կուրսանտը, գտնվելով պետական ծառայության մեջ, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված, ունի որոշակի իրավունքներ, պարտականություններ և արտոնություններ՝ սահմանված ՀՀ զինված ուժերի կանոնագրքով, օրենքներով, որոնք չեն տարածվում հավասար պայմաններում ուսանողների վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 26.08.2016 թվականի թիվ 27/1821 տեղեկանքի համաձայն` Արմեն Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ՝ «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ (հրաման՝ 30.08.1996թ. թիվ 63ուս.) (հատոր 1-ին, գ.թ. 13):
2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պետական քննական հանձնաժողովի 29.06.2002 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանին շնորհվել է բժշկի որակավորում՝ «բժշկական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 10):
3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պետական քննական հանձնաժողովի 19.12.2006 թվականի որոշմամբ Արմեն Սարգսյանին շնորհվել է օրդինատորի աստիճան՝ «վիրաբուժություն» մասնագիտությամբ (հատոր 1-ին, գ.թ. 11):
4. Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 24.11.1997 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 72-73):
5. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 29.12.1997 թվականին ընդունվել է թիվ 709 հրամանը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների գրանցման մասին, որով հրամայվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ սովորող 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողներին, այդ թվում նաև 2-րդ կուրսի ուսանող Արմեն Սարգսյանին, Կենտրոնական տարածքային զինկոմիսարիատի միջոցով զորակոչել ՀՀ զինված ուժեր և գրանցել որպես համալսարանին կից ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներ (հատոր 1-ին, գ.թ. 15-18):
6. Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 09.10.1998 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ և արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 74-75):
7. Ի պատասխան Նախարարության իրավաբանական վարչության պետին հասցեագրված Արմեն Սարգսյանի 02.02.2017 թվականի զեկուցագրի՝ Նախարարության իրավաբանական վարչության պետը 02.02.2017 թվականի թիվ 141 գրությամբ հայտնել է, որ համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` զինվորական ծառայության սկիզբը ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համար համարվում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում սահմանված կարգով որպես կուրսանտ գրանցվելու օրը, ինչը Արմեն Սարգսյանի պարագայում համարվում է 29.12.1997 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 19):
8. Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը 13.02.2017 թվականի թիվ 038/17 գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հարցմամբ հայցվող տեղեկությունները, Արմեն Սարգսյանի հետ կնքված պայմանագրերը համապատասխանեցնել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջների հետ, և ըստ այդմ հստակեցնել Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության մեջ գտնվելու իրական ժամկետները, կատարել Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժի վերահաշվարկ՝ այն համապատասխանեցնելով վերջինիս զինվորական ծառայության անցնելու ժամկետների հետ (հատոր 1-ին, գ.թ. 20-23):
9. Ի պատասխան վերը նշված գրության՝ Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետն Արմեն Սարգսյանի ներկայացուցչին է ուղարկել Նախարարության իրավաբանական վարչությունից կատարված հարցման պատասխանի պատճենը։ Այսպես. Նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալի 24.02.2017 թվականի թիվ 211 գրությամբ Նախարարության կադրերի և ՌԿ վարչության պետին հայտնվել է, որ բ/ծ մայոր Ա. Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, սակայն մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսն ունեցել է ուսանողի կարգավիճակ, քանի որ նրա վերաբերյալ չի տրվել ՀՀ պաշտպանության նախարարի հրաման ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվելու մասին, տարածքային զինկոմիսարիատում չի ձևակերպվել նրա զորակոչը ՀՀ զինված ուժեր, այլ տրվել է ուսումը շարունակելու համար օրենքով սահմանված տարկետում։ Նման կարգավիճակ են ունեցել 1995 թվականի, 1996 թվականի և 1997 թվականի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված անձինք, որոնց ՀՀ զինված ուժեր զորակոչելու, որպես կուրսանտ գրանցելու վերաբերյալ տրվել է ՀՀ պաշտպանության նախարարի 29.12.1997 թվականի թիվ 709 հրամանը, որի հիման վրա ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի արդեն իսկ կուրսանտ գրանցված անձնակազմը զինվորական երդում է ընդունել 1998 թվականի հունվար ամսին։ Վերը նշված հրամանում չի սահմանվել ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված անձանց ընդունման օրվանից զորակոչ ձևակերպելու և կուրսանտ գրանցելու մասին, որի հիման վրա նշված անձանց զինվորական ծառայության սկիզբ է հաշվարկվում ՀՀ ՊՆ թիվ 709 հրամանի տրման օրը (հատոր 1-ին, գ.թ. 24-25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից` 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 18.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն արդյո՞ք քաղաքացու զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելիս դրանում պետք է ներառվի նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը։
10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային և պահեստային զինվորական ծառայություններից:
Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուրսանտների /ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի/ զինծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, օգտվում նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիշատակված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացիները, ընդունվելով ռազմական ուսումնական հաստատություն, ուսման ընթացքում համարել են ժամկետային զինծառայողներ, օգտվել են ժամկետային զինծառայողների համար օրենսդրությամբ սահմանված իրավունքներից, արտոնություններից և կրել են նրանց համար սահմանված պարտականությունները՝ օրենքով նախատեսված բացառությունների հաշվառմամբ։ Փաստորեն, 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրն ամրագրել էր այն մոտեցումը, համաձայն որի՝ ռազմական ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների՝ ժամկետային զինծառայողի կարգավիճակի առկայությունը պայմանավորված էր այդ հաստատությունում ուսանելու փաստով: Հետևաբար, ռազմական ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու զինվորական ծառայության ժամկետը հետագայում հաշվարկելիս վերը նշված իրավակարգավորումների հիման վրա դրանում ներառման ենթակա է նաև ռազմական ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը։
Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, նշել է, որ իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է, որ անձի այս կամ այն կարգավիճակի ծագումը պայմանավորված լինի որոշակի, ստույգ և օբյեկտիվ ելակետով։ Տվյալ դեպքում, եթե օրենսդրությունը պահանջում է զինվորական ծառայության ժամկետում ներառել ռազմաուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամկետը, ապա ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացու՝ որպես կուրսանտ գրանցումը պետք է կատարվի այնպիսի սեղմ ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի օրենսդրության նշված պահանջը։ Վերոհիշյալ վերլուծության հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ հայցվորի զինվորական ծառայության ժամկետի հաշվարկի համար ելակետ պետք է ընդունվի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսման սկիզբը, այն է՝ 01.09.1996 թվականը, որպիսի պայմաններում միայն կարող է ապահովվել օրենսդրության այն պահանջի իրացումը, ըստ որի՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինվորական ծառայողների զինվորական ծառայության ժամկետում պետք է ներառվի ուսման ողջ ընթացքը, ըստ այդմ էլ՝ Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվարկվի 01.09.1996 թվականից։
Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի 20.11.2017 թվականի վճիռը, գտել է, որ Դատարանը բավարար ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, թե արդյոք Արմեն Սարգսյանը` 1996 թվականին ընդունվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, մինչև ՀՀ Նախարարության հետ զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման պահը` 24.11.1997 թվականը, կատարել է զինծառայողների համար նախատեսված պարտականություններ: Մինչդեռ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորման համաձայն, հայցվորն ուսման կապակցությամբ տարկետման մեջ գտնվելով, առանց բանակ զորակոչվելու և առանց կուրսանտ գրանցվելու, ձեռք չբերելով զինծառայողի կարգավիճակ, չէր կարող համարվել ժամկետային զինծառայող: Ինչ վերաբերում է «կուրսանտ» հասկացության վերաբերյալ Դատարանի արտահայտած դիրքորոշմանը առ այն, որ կուրսանտ և ուսանող հասկացությունները համարժեք են և ինչպես ուսանողի, այնպես էլ կուրսանտի պարագայում նրանց կարգավիճակը պայմանավորված է տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելու հանգամանքով, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, վերաբերում է միայն ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին, իսկ սույն վեճի պարագայում Արմեն Սարգսյանը 1996 թվականին ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որը ռազմական ուսումնական հաստատությունների թվին չի պատկանում, ինչպես, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, չնայած ռազմաբժշկական ֆակուլտետի առկայությանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ է ընդունվել 1996 թվականին պետական պատվերի շրջանակում, Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր կնքվել է 24.11.1997 թվականին, այնուհետև 29.12.1997 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ընդունվել է թիվ 709 հրամանը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների գրանցման մասին, որով, ի թիվս այլ անձանց, Երևանի պետական բժշկական համալսարանի «բուժական գործ ցամաքային զորքերում» մասնագիտությամբ սովորող, 2-րդ կուրսի ուսանող Արմեն Սարգսյանին Կենտրոնական տարածքային զինկոմիսարիատի միջոցով զորակոչել են ՀՀ զինված ուժեր և գրանցել որպես համալսարանին կից ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ։ Դրան հաջորդել է Արմեն Սարգսյանի և Նախարարության միջև 09.10.1998 թվականին «ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրի կնքումը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռազմական ուսումնական հաստատություն ընդունված լինելու դեպքում Արմեն Սարգսյանն այդ փաստի ուժով արդեն իսկ ձեռք է բերել ժամկետային զինծառայողի կարգավիճակ, օգտվել նրա համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրել նրա համար սահմանված պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ասվածը նշանակում է, որ այդ դեպքում հետագայում՝ 29.12.1997 թվականին ընդունված թիվ 709 հրամանը և Արմեն Սարգսյանի հետ կնքված պայմանագրերը որևէ կերպ չեն փոփոխվել նշված ուսումնական հաստատությունում ուսանելու փաստով, 10.12.1991 թվականին ուժի մեջ մտած և 16.10.1998 թվականին ուժը կորցրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ուժով հայցվորի ունեցած կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները:
Հետևաբար սույն վարչական գործով ներկայացված հայցի քննարկման համար էական է դառնում իրավահարաբերության ծագման պահին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ռազմական ուսումնական հաստատություն լինելու հանգամանքի պարզումը:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանի հետ 27.11.1997 թվականին կնքվել է «ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր, կարելի է եզրակացնել, որ Նախարարությունը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ներառել է ռազմական ուսումնական հաստատությունների ցանկում, իսկ 1997 թվականին հայցվորի հետ պայմանագիրը Նախարարության անունից կնքել է նույն ֆակուլտետի պետը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ իրավահարաբերության ծագման պահին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ռազմական ուսումնական հաստատությունների թվին չպատկանելու վերաբերյալ, հիմնավոր չեն։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ «ուսանող» և «կուրսանտ» եզրույթների մասով, չեն կարող վճռորոշ դիտվել սույն գործով դրված հարցի լուծման համար նաև այն պատճառով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը ժամկետային զինծառայողի կարգավիճակի առկայությունը կապում էր ռազմական ուսումնական հաստատությունում «ուսման» հետ, որպիսի հաստատություն, ինչպես նշվեց, Արմեն Սարգսյանն ընդունվել էր 1996 թվականին։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի խախտման մասին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը 20.11.2017 թվականի վճռով եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտելուց հետո զինվորական ծառայության անցած զինվորական ծառայողների զինվորական ծառայության ժամկետում պետք է ներառվի ուսման ողջ ընթացքը, հետևաբար՝ Արմեն Սարգսյանի զինվորական ծառայության ստաժը պետք է հաշվարկվի 01.09.1996 թվականից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Սարգսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Սարգսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 20.11.2017 թվականի վճռին:
2. ՀՀ պաշտպանության նախարարությունից հօգուտ Արմեն Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|