Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
20.12.2019
Дата вступления в силу
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0525/07/18

Գործ թիվ ՇԴ/0525/07/18

Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

 

մասնակցությամբ դատախազ՝

Ա. ԵԴԻԳԱՐՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետի` 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ հարուցվել է թիվ 18156118 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Լ.Համբարձումյանի (այսուհետ՝ նաև Քննիչ) միջնորդությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության Գյումրու թիվ 3115 փոստային բաժանմունքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, մերժվել է:

3. Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Եդիգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քննիչի` 2018 թվականի դեկտեմբերի 3-ի` խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «Պետական կենսաթոշակային և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգերի շտեմարաններում առկա տվյալների համադրությունների արդյունքում պարզվել է, որ Աիդա Հակոբի Շուխյանը 2008 թվականի դեկտեմբեր ամսից բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և իր փոխարեն կենսաթոշակը ստանալու համար որևէ անձի չի լիազորել, սակայն այն 2009 թվականի հունվար ամսից 2014 թվականի հուլիս ամիսը ներառյալ վճարվել է օրենքով այն ստանալու իրավունք չունեցող անձի, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1.809.768 ՀՀ դրամի նյութական վնաս:

(...) Գ.Մուրադյանը, ում բացատրվել են նաև կասկածյալի իրավունքները, վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում Ա.Շուխյանի անվան դիմաց ստացողի և վճարողի սյունակներում ինքն անձամբ է ստորագրել և վերցրել կենսաթոշակառուի 91.152 ՀՀ դրամ գումարը, փետրվար ամսվա դիմաց բացակայում է որևէ մեկի ստորագրությունը, մյուս ամիսների համար վճարողի սյունակում ստորագրել է Պ.Գրիգորյանը, իսկ թե ստացողի սյունակում ով է ստորագրել, իրեն հայտնի չէ, իր տեղեկություններով Ա.Շուխյանի կենսաթոշակը նախկինում վճարվել է Պ.Գրիգորյանի կողմից։

(...) Նկատի ունենալով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Գյումրու 3115 փոստային բաժանմունքում կարող են պահվել 2010 թվականի հունվար ամսից մինչև 2013 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ Աիդա Հակոբի Շուխյանի կենսաթոշակի վճարման ցուցակները, որոնք կարող են թաքցվել, կեղծվել կամ ոչնչացվել, ուստի հիմք ընդունելով շարադրվածը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 225-րդ, 228-րդ հոդվածների պահանջներով, որոշեցի միջնորդություն հարուցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` թույլատրել խուզարկություն կատարել Գյումրու 3115 փոստային բաժանմունքում (…)»1:

 

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման համաձայն՝ «(...) [Ք]րեադատավարական օրենքը հստակ սահմանում է այն քննչական գործողությունների տեսակները, որոնք հանդիսանում են մինչդատական վերահսկողության օբյեկտներ, որոնց թվում է նաև բնակարանի խուզարկությունը:

Այսինքն` խուզարկություն քննչական գործողությունը կարող է հանդիսանալ նախնական դատական վերահսկողության օբյեկտ այն դեպքում, երբ նախատեսվում է խուզարկությունն իրականացնել այն վայրերում, տարածքներում կամ օբյեկտներում, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով մտնում են «բնակարան» հասկացության մեջ:

Հետևաբար` վերոգրյալ իրավակարգավորումները և դատարանի վերլուծությունը համադրելով սույն միջնորդության փաստական հանգամանքների հետ` դատարանը` գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանով ակնկալվում է խուզարկություն իրականացնել փոստային բաժանմունքում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով չի հանդիսանում բնակարան, ուստի և նշված վայրում խուզարկություն կատարելու իրավաչափության հարցի քննարկումը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտից (...)»2:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ կետի 46-րդ կետում «ծառայողական անձնական աշխատասենյակ» ձևակերպումից պարզ է դառնում, որ «բնակարան» համարվելու համար աշխատասենյակը միաժամանակ պետք է լինի ծառայողական և անձնական: Ընդ որում` բնակարան է համարվում միայն այն աշխատասենյակը, որն անձին հատկացվել է ծառայության բերումով, այլ ոչ թե ուղղակի որոշակի աշխատանք կատարելու համար, իսկ անձնական է համարվում միայն այն աշխատասենյակը, որը հատկացվել է միայն տվյալ անձին, որտեղ անձը կարող է կազմակերպել իր հանգիստը, պահել իր անձնական իրերը և այլն: Այլ խոսքով` անձնական է համարվում ոչ թե այն տարածքը որտեղ անձն ուղղակի աշխատում է, այլ այն աշխատասենյակը, որտեղ խուզարկություն կատարելով` կարող է վտանգվել անձի անձնական կյանքը: Հակառակ դեպքում` օրենսդիրը կսահմաներ ոչ թե «ծառայողական անձնական աշխատասենյակ» եզրույթը, այլ օրինակ` ուղղակի «աշխատասենյակ» կամ «ծառայողական աշխատասենյակ» ձևակերպումները: (...)

Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինը կենսաթոշակի վճարման ցուցակները հայտնաբերելու նպատակով խուզարկություն ցանկանում է իրականացնել «Հայփոստ» ՓԲ ընկերության Գյումրու թիվ 3115 փոստային բաժանմունքում, իսկ միջնորդությամբ չի հիմնավորվում, որ այդ բաժանմունքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով հանդիսանում է բնակարան: Հետևաբար, վերը նշված տարածքում խուզարկություն կատարելու թույլատրելիության հարցի քննարկումը դատարանի իրավասության մեջ չի մտնում:

 Այսպիսով հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերի գնահատումը թույլ չի տալիս գալ այն ողջամիտ եզրահանգման, որ նշված տարածքը հանդիսանում է բնակարան»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերն իրավաչափ չեն և դրանցով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:

8.1. Բողոքաբերը փաստել է, որ տվյալ դեպքում քննիչը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ հիշատակված բաժանմունքում են գտնվում, թաքցվում Ա.Շուխյանի կենսաթոշակի վճարման ցուցակները, այն էլ ոչ միայն Գ.Մուրադյանին աշխատանքի համար հատկացված մասում, այլ նաև նույն բաժանմունքի աշխատակից Պ.Գրիգորյանի կամ էլ մյուս աշխատակիցների աշխատանքի համար հատկացված մասում՝ նրանց աշխատասենյակում, կամ էլ ընդհանուր օգտագործման տարածքում, որտեղ տեղադրված են լինում չհրկիզվող պահարաններ, և այնտեղ խուզարկություն կատարելու համար դարձյալ հարկավոր է եղել դատարանի թույլտվությունը։

Բողոքաբերի կարծիքով՝ սույն դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը զրկվել է քրեադատավարական օրենքով իրեն վերապահված՝ բնակարան համարվող ծառայողական անձնական աշխատասենյակներում խուզարկություն կատարելու իրավունքից, հետևաբար քրեադատավարական որոշակի խնդիրներ լուծելու հնարավորությունից, ինչն անթույլատրելի է և չի բխում քրեադատավարական օրենքով սահմանված՝ գործի արդարացի քննության սկզբունքից:

8.2. Բողոքի հեղինակը նաև ընդգծել է, որ նույն դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ին իր իսկ որոշմամբ նույն գործի շրջանակներում թույլատրել է վարույթն իրականացնող մարմնին խուզարկություն կատարել ոչ միայն Գ.Մուրադյանի բնակարանում, այլ նաև վերջինիս աշխատանքի վայրում՝ նույն «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքում, սակայն միայն Գ.Մուրադյանին աշխատանքի համար հատկացված մասում: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ նույն դատարանի կողմից միևնույն հարցի վերաբերյալ դրսևորվել են տարբեր՝ իրարամերժ մոտեցումներ։

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուզարկության միջնորդությամբ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության սահմանների որոշակիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

(...)

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր (...) բնակարանի (...) նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։ 

12.1. Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է հետևյալ մոտեցումները.

- Բնակարանն ինքնուրույն հասկացություն է, որը կախված չէ ներպետական իրավունքում տրված դրա դասակարգումներից4: Որոշելու համար, թե արդյո՞ք որևէ բնակելի տարածք «բնակարան» է համարվում և ենթակա է պաշտպանության 8-րդ հոդվածի 1-ին մասով, կախված է այնպիսի փաստական հանգամանքներից, ինչպիսիք են՝ որոշակի վայրի հետ բավարար և շարունակական կապերի գոյությունը5: Ըստ դատարանի` 8-րդ հոդվածի անգլերեն տարբերակում առկա «home» բառը չունի նեղ մեկնաբանություն, քանի որ ֆրանսերեն համարժեք «domicile» բառն ունի ավելի լայն երանգավորում6 և կարող է ներառել, օրինակ՝ անձի՝ մասնագիտական գործունեության տարածքը։ Հետևաբար, «բնակարանը» պետք է մեկնաբանվի այնպես, որ ներառի մասնավոր անհատի կողմից գործարկվող ընկերության գրանցված գրասենյակը և իրավաբանական անձի գրանցված գրասենյակը, մասնաճյուղերը և այլ առևտրային տարածքները7: «Բնակարանը» տարածվում է նաև անձի մասնագիտական գործունեության այնպիսի գրասենյակների վրա, ինչպիսիք են՝ օրինակ` թերթի խմբագրության տարածքը8, նոտարական գրասենյակի տարածքը9 կամ դասախոսի գրասենյակը10։

- Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով իրականացվող միջամտությունը պետք է լինի «օրենքով նախատեսված», ինչն ընդգրկում է օրինական ընթացակարգի11 և սահմանված երաշխիքների պահպանում12։ Միջամտությունը նաև պետք է հետապնդի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օրինական նպատակներից մեկը13 և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում14։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` «Բնակարանը շենք կամ շինություն է, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սաղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հագուստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեռնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

(...)

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

13. Բնակարանում խուզարկություն կատարելու ընթացակարգային պահանջների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ձևավորել է հետևյալ մոտեցումները.

- Բնակարանի անձեռնմխելիության ապահովման երաշխիք է հանդես գալիս բնակարանի խուզարկության կատարումը նախնական դատական վերահսկողության օբյեկտների շարքում նախատեսելը։ Այսպես` բնակարանի խուզարկությունը կարող է կատարվել բացառապես դատարանի որոշման հիման վրա։ Ընդ որում, օրենսդիրը խստիվ կանոնակարգել է ինչպես տվյալ քննչական գործողության իրականացման, այնպես էլ դրա նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության ընթացակարգերը15,

- Խուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական և իրավական հիմքերի առկայությունը։ Եթե փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող նյութեր, ապա իրավական հիմքը՝ խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է։ Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը16,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ կարևոր է, որ խուզարկության մասին որոշումները, որքանով հնարավոր է, լինեն ձևակերպված այն հաշվարկով, որպեսզի դրանց ազդեցությունը տարածվի ողջամիտ սահմաններում17։ Բացի այդ, խուզարկության վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է պարունակի որոշակի նվազագույն տեղեկություններ, որոնք կապահովեն խուզարկություն կատարող անձանց գործողությունների օրինականության հետագա ստուգման հնարավորությունը18։

14 Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 121-րդ կետում մեջբերված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների հաշվառմամբ, ընդգծում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է վկայակոչի բավարար փաստական տվյալներ, որոնք թույլ կտան նախ՝ նույնականացնել համապատասխան տարածքը, գնահատել դրա՝ «բնակարան»-ի իրավական երաշխիքներով պաշտպանված լինելու հանգամանքը և ըստ այդմ՝ նաև համապատասխան վայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտ և բավարար հիմքերի առկայությունը։ Ի թիվս այլնի, դատարանի կողմից նշված տեղեկությունների ստուգումը և գնահատումն անհրաժեշտ պայման է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության` սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը սահմանափակելիս դատական վերահսկողության եղանակով համապատասխան երաշխիքներն ապահովելու համար։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Քննիչի միջնորդությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության Գյումրու թիվ 3115 փոստային բաժանմունքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքի տարածքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով չի հանդիսանում բնակարան, ուստի և նշված վայրում խուզարկություն կատարելու իրավաչափության հարցի քննարկումը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտից9,

- Նշված որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, օրինական ուժի մեջ թողել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը՝ փաստելով, որ քննիչի միջնորդությամբ չի հիմնավորվել, որ Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով բնակարան է։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «ծառայողական անձնական աշխատասենյակ» ձևակերպումից պարզ է դառնում, որ «բնակարան» համարվելու համար աշխատասենյակը միաժամանակ պետք է լինի ծառայողական և անձնական: Ընդ որում` բնակարան է համարվում միայն այն աշխատասենյակը, որն անձին հատկացվել է ծառայության բերումով, այլ ոչ թե ուղղակի որոշակի աշխատանք կատարելու համար, իսկ անձնական է համարվում միայն այն աշխատասենյակը, որը հատկացվել է միայն տվյալ անձին, որտեղ անձը կարող է կազմակերպել իր հանգիստը, պահել իր անձնական իրերը և այլն20:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ընդհանուր առմամբ ճիշտ են գնահատել սույն գործի փաստական հանգամանքները՝ արդյունքում գտնելով, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ փոստային ամբողջ բաժանմունքի խուզարկության վերաբերյալ, հիմնավոր չէ։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքի տարածքը չի կարող առհասարակ դուրս լինել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտից: Մասնավորապես, փոստային բաժանմունքը, ընդհանուր տարածքներից բացի, կարող է ներառել, և կոնկրետ դեպքում, ինչպես փաստում է բողոքաբերը21, ներառում է աշխատանքի համար հատկացված տարածքներ, որոնք կարող են դիտարկվել իբրև բնակարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի իմաստով։ Ուստի, գործով հետաքրքրություն ներկայացնող տվյալների որոնման նպատակով փոստային բաժանմունքում կամ համանման՝ անձնական կյանքի անձեռնմխելիության երաշխիքով պաշտպանված մի շարք տարածքների համալիր ընդգրկող այլ շինությունում խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնելիս՝ քննիչը պետք է միջնորդությամբ նախանշի միջամտության ենթարկվող տարածքի սահմանները, ինչպես նաև հստակեցնի, թե կոնկրետ ում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ է իրականացվում միջամտությունը։ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ նշված հանգամանքների որոշակիացումն իր հերթին նախապայման է սույն որոշման մեջ վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխան՝ խուզարկությամբ իրականացվող միջամտությամբ հետապնդվող նպատակների իրավաչափությունը, ինչպես նաև միջամտության անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում գնահատելու համար։

161 Սույն գործով քննիչի միջնորդության ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում չի նշել, թե փոստային բաժանմունքի որ հատվածներում պետք է իրականացվի քննչական գործողությունը՝ դատարանին զրկելով այդ տարածքները նույնականացնելու, այնտեղ խուզարկություն իրականացնելու անհրաժեշտ և բավարար հիմքերի առկայությունը ստուգելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ քննիչը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ հիշատակված բաժանմունքի տարբեր աշխատակիցների աշխատասենյակներում, ընդհանուր օգտագործման տարածքների չհրկիզվող պահարաններում են գտնվում, թաքցվում Ա.Շուխյանի կենսաթոշակի վճարման ցուցակները, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննիչը պետք է իր միջնորդության մեջ հստակեցներ, թե կոնկրետ ում աշխատանքի համար հատկացված և որ աշխատասենյակներում պետք է իրականացվեր խուզարկությունը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմքեր, որ այդ աշխատասենյակներում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր։ Նշվածը նաև երաշխիք կլիներ բնակարանին հավասարեցված աշխատասենյակներում խուզարկություն կատարելու միջնորդությունը քննելիս՝ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության համաչափությունը պատշաճ գնահատման ենթարկելու համար։ Ավելին, միջամտության ենթակա անձանց շրջանակի և խուզարկության ենթակա տարածքների հստակեցման դեպքում կբացառվի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքով պաշտպանված, սակայն բավարար փաստական և իրավական հիմքերով չորոշակիացված տարածքներում խուզարկություն կատարելով նշված իրավունքն անհարկի միջամտության ենթարկելու վտանգը։

Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ներկայացնելով փոստային բաժանմունքի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն, մի կողմից՝ անտեսել է այն հանգամանքը, որ փոստային բաժանմունքի ոչ բոլոր հատվածները, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման տարածքները, կարող են դիտարկվել որպես բնակարան, մյուս կողմից՝ չի նշել այն անձանց շրջանակը, ում իրավունքները պետք է միջամտության ենթարկվեին, չի որոշակիացրել այն տարածքները, որոնք կարող են դիտարկվել որպես բնակարան, չի հիմնավորել դրանց նկատմամբ սահմանադրական և կոնվենցիոն երաշխիքների կիրառելիությունը, ինչպես նաև այդ տարածքներում խուզարկություն կատարելու հիմքերի առկայությունը։ Նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից քննիչի միջնորդության բավարարումը կհանգեցներ ինչպես դատական վերահսկողության սահմանների, այնպես էլ միջամտության համաչափության պահանջի խախտմանը։

Ինչ վերաբերում է «ծառայողական անձնական աշխատասենյակ»-ի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին, ապա Վճռաբեկ դատարանը, ըստ էության ընդունելի համարելով դրանք, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հաշվառմամբ, հարկ է համարում նկատել, որ որոշակի տարածք մշտապես կամ ժամանակավորապես զբաղեցնելը բնակարանի անձեռնմխելիության երաշխիք տրամադրելու հանգամանքը կանխորոշող հիմնական պայման չէ։ Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, խուզարկություն կատարելու թույլտվություն տրամադրելիս այս կամ այն տարածքը որպես բնակարան դիտարկելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել ոչ թե կոնկրետ անձին այն հատկացված լինելու, այլ փաստացի այդ տարածքը զբաղեցնելու, դրա հետ որոշակի կապեր ունենալու հանգամանքները, որոնց ուժով անձը կարող է ունենալ անձեռնմխելիության երաշխիքների լեգիտիմ ակնկալիք։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնվենցիոն նշված պահանջներին համահունչ՝ ներպետական օրենսդրությունը բնակարանը չի սահմանափակում զուտ անձի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրով, և թիվս այլնի, նախատեսում է նաև այնպիսի տարածքներ, որոնք կապված են անձի աշխատանքային գործունեության հետ, որը, ինչպես նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անձնական կյանքի մաս է22։ Հետևաբար այդ տարածքների առնչությամբ անձը կարող է ակնկալել անձեռնմխելիության որոշակի երաշխիքների տրամադրում։

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 3115 փոստային բաժանմունքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

18. Միևնույն ժամանակ, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նույն գործի շրջանակներում «Հայփոստ» ՓԲ ընկերության Գյումրու թիվ 3115 փոստային բաժանմունքը նախկինում դիտարկվել է բնակարան՝ թույլատրելով վարույթն իրականացնող մարմնին այնտեղ կատարել խուզարկություն23, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նշել է նաև բողոքաբերը, նախկինում՝ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թույլատրվել է վարույթն իրականացնող մարմնին խուզարկություն կատարել վերը նշված փոստային բաժանմունքում՝ բացառապես Գ.Մուրադյանին աշխատանքի համար հատկացված մասում24, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով դիտարկվել է որպես բնակարան։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ միևնույն գործի շրջանակներում կայացվել են իրարամերժ որոշումներ:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տրվել դատական սխալ, հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 2:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 12:

3 Տե՛ս նյութեր հատոր 1-ին, թերթեր 62-63:

4 Տե՛ս Chiragov and others v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ 2015 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 13216/05, կետ 206։

5 Տե՛ս Prokopovich v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի նոյեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 58255/00, կետ 36:

6 Տե՛ս, mutatis mutandis, Niemietz v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 13710/88, կետ 30։

7 ՏեԲս, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանի՝ Buck v. Germany գործով 2005 թվականի ապրիլի 28-ի վճիռը, գանգատ թիվ 41604/98, կետ 31, Sociռtռ Colas Est and Others v. France գործով 2002 թվականի ապրիլի 16-ի վճիռը, գանգատ թիվ 37971/97, կետեր 40-41, Niemietz v. Germany գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 13710/88, կետ 30,

8 Տե՛ս Saint-Paul Luxembourg S.A. v. Luxembourg գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 18-ի վճիռը, գանգատ թիվ 26419/10, կետեր 37-39։

9 Տե՛ս Popovi c. Bulgarie գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2016 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 39651/11, կետ 103։

10 Տե՛ս Steeg v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2008 թվականի հունիսի 3-ի որոշումը, գանգատներ թիվ 9676/05 10744/05 41349/06։

11 Տե՛ս L.M. c. Italie գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 60033/00, կետեր 29 և 31։

12 Տե՛ս, mutatis mutandis, Panteleyenko v. Ukraine գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 11901/02, կետեր 50-51։

13 Տե՛ս, mutatis mutandis, Smirnov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 40։

14 Տե՛ս Camenzind v. Switzerland գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1997 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատներ թիվ 136/1996/755/954, կետ 47։

15 Տե՛ս ,Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻե ՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0867/07/14 որոշումը, կետ 11։

16 Տե՛ս Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշումը, կետեր 22, 24:

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Van Rossem v. Belgium գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41872/98, կետ 45, Iliya Stefanov v. Bulgaria գործով 2008 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 65755/01, կետ 41։

8 Տե՛ս Van Rossem v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41872/98, կետ 45, Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշումը, կետ 25:

19 Տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը:

20 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 8.2-րդ կետը:

22 Տե՛ս Niemietz v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 13710/88, կետ 31:

23 Տե՛ս սույն որոշման 9.3-րդ կետը։

24 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 45:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: