Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.12.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
20.12.2019
Дата вступления в силу
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ` ԵԴ/0912/06/18

ԵԴ/0912/06/18

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ`

Վ. ԴՈԼՄԱԶՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սահակ Դավթի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Գ.Սաղոյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Արա Մուրադյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62233018 քրեական գործը:

2018 թվականի հոկտեմբերի 19-ին Սահակ Դավթի Դավթյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Սահակ Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Ս.Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Միաժամանակ բավարարվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալի և վերջինիս պաշտպան Ա.Կարապետյանի միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

3. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ մեղադրյալ Ս.Դավթյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը գրավով փոխարինելու մասով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը՝ անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից Սահակ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, «(...) 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ոստիկանության պետի թիվ 2322-Ա հրամանի հիման վրա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում, ոստիկանության երկու այլ աշխատակիցների հետ խմբով խոշտանգել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված Արա Մուրադյանին:

Այսպես. 2018 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 20:30-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սահակ Դավթյանը, նույն բաժանմունքի պետ Թաթուլ Գևորգյանը և ավագ օպերլիազոր Վահագն Միքայելյանը ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Արա Մուրադյանին: Այնուհետև Սահակ Դավթյանը, իր հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով նախ ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքի առաջին հարկի միջանցքում Վահագն Միքայելյանի հետ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ձեռնաշղթայված Արա Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, ապա նրան տեղափոխել են քրեական հետախուզության բաժանմունքին հատկացված, երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը, որտեղ նույն նպատակով Վահագն Միքայելյանի և հիշյալ աշխատասենյակ եկած Թաթուլ Գևորգյանի հետ շարունակել է ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել Արա Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Սահակ Դավթյանի, Թաթուլ Գևորգյանի և Վահագն Միքայելյանի կողմից Արա Մուրադյանին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող գլխի ձախ գագաթ-ծոծրակային շրջանի սալջարդ վերքի, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ հարականջային, ականջախեցու, ուսահոդերի, բազուկների, կրծքավանդակի, որովայնի, ձախ գոտկային, արմնկահոդերի, ճաճանչ-դաստակային հոդերի, դաստակների, ձախ հետույքային, ազդրի, աջ ծնկահոդի, սրունքի, ձախ ծնկահոդի, սրունքի, աջ սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, ձախ սրունք-թաթային հոդի շրջանների բազմաթիվ քերծվածքների և արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ (...)»2:

5.1. Գործով տուժող Արա Մուրադյանը ըստ էության ցուցմունք է տվել, այնուհետև` նաև Ս.Դավթյանի հետ առերեսման ընթացքում պնդել իր ցուցմունքն այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում գտնվել է Տոտո» բուքմեյքերական գրասենյակում, երբ այնտեղ են եկել ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցներ Թ.Գևորգյանը, Վ.Միքայելյանն ու Ս.Դավթյանը, իրեն քաշքշելով նստեցրել են ավտոմեքենա ու բերման ենթարկել ոստիկանության Սևանի բաժին: Ոստիկանության Սևանի բաժնի շենքի առաջին հարկի միջանցքում Վ.Միքայելյանն ու Ս.Դավթյանը հարվածել են իր ոտքերին, վայր գցել հատակին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Այնուհետև իրեն բարձրացրել են երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը, որտեղ Թ.Գևորգյանի հետ շարունակել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին, իսկ Վ.Միքայելյանն ու Ս.Դավթյանը հարվածել են նաև մահակով: Քաշքշուկի ընթացքում իր վերնաշապիկն ու սպորտային բաճկոնը հանել են հագից, գցել հատակին, ոտքերով տրորել, թքել վրան3:

5.2. Տուժող Ա.Մուրադյանը լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանների անունից հանդես եկող ինչ-որ մարդիկ, դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց վախեցրել են՝ պահանջելով չներկայանալ Հատուկ քննչական ծառայություն և ցուցմունք չտալ ոստիկանների դեմ4:

5.3. Գործով վկա Վիգեն Հունանյանը ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցներ Ս.Դավթյանը, Վ.Միքայելյանն ու Թ.Գևորգյանը Սևան քաղաքում գործող Տոտո» բուքմեյքերական գրասենյակից ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել իր ընկերոջը՝ Ա.Մուրադյանին: Երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկում հանդիպել է Ա.Մուրադյանին՝ հատակին նստած, հագուստը հանած, մարմնի վրա կարմրած հետքով: Վերջինս պատմել է, որ Վ.Միքայելյանը, Ս.Դավթյանն ու Թ.Գևորգյանը ծեծի են ենթարկել իրեն5:

5.4. Ա.Մուրադյանը 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 23:59-ին դիմել է բուժօգնության, և նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով6։

6. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալ Սահակ Դավթյանին վերագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձրացնում են հավանականությունը, որ նա ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է քննությունից թաքնվելու վտանգին, ապա դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից Սահակ Դավթյանի թաքնվելու վերաբերյալ, բացի ենթադրական բնույթի դատողություններից, որևէ հիմնավոր փաստարկ կամ պատճառաբանություն չի ներկայացվել:

(...) Քննության առնելով մեղադրյալ Սահակ Դավթյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը, դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման:

(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սահակ Դավթյանի անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, մշտական աշխատանք, նախկինում դատված չէ, խնամքի տակ է գտնվում հաշմանդամ մայրը:

(...) Դատարանը գտնում է, որ Սահակ Դավթյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև նրա անձը բնութագրող տվյալներն էականորեն նվազեցնում են ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու հավանականությունը:

Դատարանը գտնում է, որ թեև առկա է մեղադրյալ Սահակ Դավթյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգ, սակայն մինչդատական վարույթի ներկա փուլում այդ վտանգի հավանականությունը բարձր չէ, և գրավը կարող է չեզոքացնել այն:

(...) Այսպիսով, դատարանը գտնում է, որ մեղադրյալ Սահակ Դավթյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի, քանի որ գրավի կիրառումը կարող է երաշխավորել մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում նրա իրավաչափ վարքագիծը:

Դատարանը գտնում է, որ գրավի գումար պետք է սահմանել 2.000.000 ՀՀ դրամը (…)»7:

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը, արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգման է հանգել կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու մասին հետևության հանգելիս, քանի որ առկա են եղել դրա կիրառման հիմքերը և պայմանները:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև մեղադրյալին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության ենթադրյալ կատարման փաստը, որը կարող է և, որպես կանոն, հանդիսանում է էական գործոն կալանավորման կիրառման անհրաժեշտության հարցը լուծելիս, սակայն միայն դրանով չի կարող որոշվել կալանավորման կիրառման և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անձին վերագրվող արարքի հանրային վտանգավարության բնույթն ու աստիճանը գնահատելիս կարևոր են նաև գործի մյուս հանգամանքները, մասնավորապես ենթադրյալ հանցագործության կատարման իրադրությունը, շարժառիթը (որքանով բացահայտված է), տուժողի վարքագիծը և այլն:

(…) Վերաքննիչ դատարանի համար առավել ուշագրավ են այն հանգամանքները, որ մեղադրյալը հանդիսանում է ոստիկանության աշխատակից և իրականացրել է իրավապահ գործառույթ և գործով առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ նա երբևէ դրսևորել է հակաիրավական վարքագիծ:

(…) Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեղադրյալի խնամքին է գտնվում վատառողջ մայրը, հայրը մահացած է, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր և այլն՝ գտնում է, որ գրավի կիրառումը կոնկրետ դեպքում կարող է բավարար երաշխիք լինել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար (...)»8:

8. 2019 թվականի ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ ԳԴ3/0007/01/19 քրեական գործն ըստ մեղադրանքի Սահակ Դավթյանի և մյուսների` ըստ էության քննության առնելու համար, և Ս.Դավթյանի նկատմամբ կայացվել է խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում9:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի դատողությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից, Վերաքննիչ դատարանը կայացրել է այնպիսի դատական ակտ, որով թույլ է տվել դատական սխալ։ Ըստ բողոքաբերի՝ մինչդատական վարույթի ընթացքում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի դեպքում, առկա է վտանգ, ռիսկ, որ կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված նորմին տվել է այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներում նշված նորմին տրված մեկնաբանությանը:

Բողոք բերած անձը փաստել է, որ դատարանն իր դատողություններում վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, անտեսել է նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը, դրա հետ կապված արդյունավետ քննություն իրականացնելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով սահմանված պահանջները, որոնք դժվար է լիարժեք իրականացնել, երբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար մեղադրվող ոստիկանության ծառայողը գտնվում է ազատության մեջ, այն էլ նախաքննության սկզբնական փուլում, երբ դեռ հավաքվում ու ստուգվում են ապացույցներ:

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, մեղադրյալ Սահակ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման այլընտրանքային միջոց գրավը կիրառելիս, դատարանն անտեսել է նրան մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Բողոք բերած անձը նշել է նաև, որ վիճարկվող դատական ակտում, Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Սահակ Դավթյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելով և միաժամանակ անհիմն գնահատելով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, պատշաճ գնահատման չի արժանացրել նրան վերագրվող հանցագործության համար սպասվող պատժի խստության վտանգի հետ զուգակցված այնպիսի վերաբերելի գործոն, ինչպիսին վերջինիս զբաղեցրած պաշտոնն է և դրանով պայմանավորված, իր կայուն սոցիալական կապերն օգտագործելով քննության ընթացքին մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկը:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը և մեղադրյալ Սահակ Դավթյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ ՍԴավթյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

13. Խափանման միջոց գրավը կիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ`

- անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա10,

- կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պատշաճ գնահատման ենթարկվեն նաև անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը11,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու հանգամանքները թվարկված են ոչ սպառիչ, և որպես այդպիսիք կարող են հաշվի առնվել նաև այլ հանգամանքներ12:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ ձևավորված մոտեցումների պայմաններում, Վճռաբեկ դատարանը Գոռ Համբարձումյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) [Կ]ալանավորումը գրավով փոխարինելիս, վերջինը պետք է ծառայի որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը զսպելու համար: Այլ կերպ, պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով, գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար չի կարող մերժվել՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»13:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Սահակ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում, ոստիկանության երկու այլ աշխատակիցների հետ խմբով խոշտանգել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված Արա Մուրադյանին14,

- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ գտել է, որ մեղադրյալ Սահակ Դավթյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման` հաշվի առնելով, որ մեղադրյալի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, մշտական աշխատանք, նախկինում դատապարտված չէ, խնամքին է գտնվում հաշմանդամ մայրը: Դատարանը գտել է, որ Սահակ Դավթյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև նրա անձը բնութագրող տվյալներն էականորեն նվազեցնում են ազատության մեջ մնալու դեպքում քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Դատարանն արձանագրել է, որ թեև առկա է մեղադրյալ Սահակ Դավթյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգ, սակայն մինչդատական վարույթի ներկա փուլում այդ վտանգի հավանականությունը բարձր չէ, և 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավը կարող է չեզոքացնել այն15,

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ գտել է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգման է եկել՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին հետևության հանգելիս, քանի որ առկա են եղել դրա կիրառման հիմքերն ու պայմանները: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ թեև մեղադրյալին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության ենթադրյալ կատարման փաստը, որը կարող է և, որպես կանոն, հանդիսանում է էական գործոն՝ կալանավորման կիրառման անհրաժեշտության հարցը լուծելիս, սակայն միայն դրանով չի կարող որոշվել կալանավորման կիրառման և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ անձին վերագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը գնահատելիս կարևոր են նաև գործի մյուս հանգամանքները, մասնավորապես ենթադրյալ հանցագործության կատարման իրադրությունը, շարժառիթը (որքանով բացահայտված է), տուժողի վարքագիծը և այլն: Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև այն հանգամանքները, որ մեղադրյալը հանդիսանում է ոստիկանության աշխատակից ու իրականացրել է իրավապահ գործառույթ, և գործով առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ նա երբևէ դրսևորել է հակաիրավական վարքագիծ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեղադրյալի խնամքին է գտնվում վատառողջ մայրը, հայրը մահացած է, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր և այլն՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կոնկրետ դեպքում կարող է բավարար երաշխիք լինել՝ նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար16:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դրանց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի` Գոռ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ0699/06/18 որոշմամբ ձևավորված մոտեցումները, նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ դատարանների կողմից մեղադրյալ Ս.Դավթյանի՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը հաստատելու հանգամանքն ինքնին հիմք չէր մեղադրյալի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու համար: Այսինքն, նշված հիմքի առկայության պայմաններում, ստորադաս դատարանների կողմից որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկումն իրավաչափ էր:

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ս.Դավթյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հարցի քննարկման արդյունքում այն թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները և անտեսել են սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին Ս.Դավթյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։

Այսպես, թեև մեղսագրվող արարքի առանձնապես ծանր հանցագործություն լինելն ինքնին բավարար չէ վերոնշյալ եզրահանգման գալու համար, ինչպես իրավացիորեն նշել է նաև Վերաքննիչ դատարանը, սակայն սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Ս.Դավթյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը ենթակա էին պատշաճ գնահատման՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալների համատեքստում, ինչը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջն է17։

Տվյալ դեպքում, Ս.Դավթյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման եղանակի, դրա դրսևորման ձևի համատեքստում՝ նախ պետք է պատշաճ ուշադրության արժանացվեր դրանում մեղադրյալի դերակատարումը: Մասնավորապես, Ս.Դավթյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ մեղադրյալին մեղսագրվել է խմբի կազմում խոշտանգման ենթադրյալ կատարումը, որը դրսևորվել է վախի զգացում ձևավորելու նպատակով բերման ենթարկված անձին ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնելու ձևով18:

Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալը, իրեն մեղսագրվող քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելիս, գործել է ի պաշտոնե՝ որպես ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները19, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքին20։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի ոստիկան հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ գործով հարցաքննման ենթակա վկաների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը21։ Այդ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ս.Դավթյանը քրեական վարույթի ընթացքում շարունակել է զբաղեցնել ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը նաև քրեական վարույթի ընթացքում` օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից: Այս առումով գործի նյութերում բացակայում է տվյալ այն մասին, որ մեղադրյալի ունեցած ազդեցությունը նվազեցնելու համար իր նկատմամբ կիրառված է եղել պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը, ինչը խոշտանգման գործերով «տաք հետքերով» տարվող քննության կազմակերպման տեսանկյունից կարևորվել է Վճռաբեկ դատարանի կողմից՝ Ալբերտ Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի գործով կայացված որոշմամբ22։ Նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալ Ս.Դավթյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով տուժողի կողմից հայտնած այն տվյալը, որ ոստիկանների անունից հանդես եկող ինչ-որ մարդիկ դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց վախեցրել են՝ պահանջելով չներկայանալ Հատուկ քննչական ծառայություն և ցուցմունք չտալ ոստիկանների դեմ 23:

Վերոնշյալի հաշվառմամբ կարևոր է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ սույն գործով ենթադրյալ խոշտանգում կատարած ՍԴավթյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկվում էր առաջին անգամ՝ ենթադրյալ դեպքից՝ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից, անմիջապես հետո ընթացքի մեջ գտնվող նախաքննության պայմաններում, երբ «տաք հետքերով» տարվող քննության մեթոդիկայի կիրառմամբ անհրաժեշտ էր հնարավորինս սեղմ ժամկետներում «լուրջ միջոցներ» ձեռնարկել կազմակերպելու համար նաև ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած անձանց մեկուսացումը` նվազագույնի հասցնելով նրանց կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը, ինչպես նշել է Վճռաբեկ դատարանը՝ Ալբերտ Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի գործով՝ հիմք ընդունելով նաև այդ մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները24։

Սակայն, վերոնշյալ ծանրակշիռ փաստական հանգամանքները, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար, համակողմանի գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից։ Նշվածն ուշադրության չարժանացնելու արդյունքում, ստորադաս դատարանները, 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելով, հաշվի չեն առել, որ կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոց գրավն ի զորու չէ հակակշռելու ՍԴավթյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ Ս.Դավթյանի զբաղեցրած պաշտոնի, ունեցած կարգավիճակի, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում, գրավը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը զերծ կպահեր նրան ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից որպես ՍԴավթյանի անձը բնութագրող տվյալներ նշված հանգամանքներին՝ անձը հայտնի լինելը, մշտական բնակության վայր և մշտական աշխատանք ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին վատառողջ մոր առկայությունը, հոր մահացած լինելը, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ մեղսագրվող արարքի պայմաններում մեղադրյալի անձը հայտնի լինելու և մշտական աշխատանք ունենալու հանգամանքներն էական նշանակություն չեն կարող ունենալ քննարկվող խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս։ Ինչ վերաբերում է մնացած հանգամանքներին, ապա դրանք սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ՍԴավթյանի` ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն կարող համարվել։ Հետևաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում։

Ուստի, Վճռաբեկ դատարանը չի կարող չեզրահանգել, որ սույն գործում առկա են ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու համար դատարանի կողմից ՍԴավթյանի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելն ու մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, 2.000.000 ՀՀ դրամի չափով սահմանված գրավը չէր կարող լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում ՍԴավթյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։

Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ ՍԴավթյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր չեն։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և ՍԴավթյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում25, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Սահակ Դավթի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0699/06/18 գործով 2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 57-58:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 20-27:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-37:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 51-56:

6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 17-19:

7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 93-95:

8 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-41, 43-45:

9 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԳԴ3/0007/01/19 քրեական գործը:

10 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, կետեր 34-36։

11 Տե՛ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14:

12 Տե՛ս Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0533/06/16 որոշման 15-րդ կետը:

13 Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշման 24-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

17 Տե'ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Sopin v. Russia գործով 2012 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 57319/10, կետ 42, Buzadji v. The Republic of Moldova [ՄՊ] գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, կետ 90, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70:

18 Տե'ս սույն որոշման 5-5.4-րդ կետերը:

19 Տե՛ս Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով վերը նշված վճիռը, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով վերը նշված վճիռը։

21 Տե’ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Creanga v. Romania [ՄՊ] գործով 2012 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 29226/03, կետեր 112-115:

22 Տե՛ս Ալբերտ Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշումը, կետ 23։

23 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 85:

24 Տե՛ս Ա.Հակոբջանյանի և ԳԿարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշումը, կետ 23։

25 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: