Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.01.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.01.2020
Дата вступления в силу
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԴ3/0070/01/16

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. Թումանյանի

մասնակցությամբ դատախազներ՝

 ՍՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ

Վ. հարությունյանի

տուժողի իրավահաջորդ՝ 

ՀՀԱՄԲԱՐՅԱՆԻ

տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ 

ՀՀԱՄԲԱՐՅԱՆԻ

շահագրգիռ անձ`

ԴՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

պաշտպան՝

ՄՇԽԻՄՅԱՆԻ

 

2020 թվականի հունվարի 10-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2015 թվականի մայիսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90857615 քրեական գործը՝ շարքային Հարություն Հրայրի Համբարյանի` հրազենային մահացու վիրավորում ստանալու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 23-ի որոշմամբ Դավիթ Արմենի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

2015 թվականի հունիսի 4-ին որոշում է կայացվել Հրայր Հարությունի Համբարյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ի, 12-ի և 13-ի որոշումներով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Արթուր Վիլենի Սևումյանը, Հայկազ Սամվելի Մաթևոսյանը, Հովհաննես Գևորգի Մելքոնյանը, Սմբատ Սուրենի Հայրապետյանը։

2016 թվականի մայիսի 17-ին նախաքննության մարմինը, Հարություն Հրայրի Համբարյանին ինքնասպանության հասցնելու փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2. 2016 թվականի մայիսի 30-ին թիվ 90857615 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Դավիթ Արմենի Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), և մյուսների, ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ ըստ էության քննելու համար:

2.1. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ԴՀարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Նշված որոշման դեմ տուժողի իրավահաջորդի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժել է։ Նշված որոշման դեմ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժվել է:

3. Նախաքննության մարմնի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի բողոքը թիվ 3 կայազորի զինվորական դատախազի` 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ մերժվել է:

3.1. Տուժողի իրավահաջորդի բողոքի քննության արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ այն բավարարել է և արձանագրել տուժող Հարություն Համբարյանի ու տուժողի իրավահաջորդ ՀՀամբարյանի իրավունքների և ազատությունների խախտումները՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել դրանք:

4. Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի՝ 2017 թվականի մայիսի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 17-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացվել է և քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է:

4.1. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ թիվ 90857615 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն առանձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 90800318 համարը։

5. 2019 թվականի հունիսի 26-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ստացվել է տուժողի իրավահաջորդ ՀՀամբարյանի հայտարարությունը, որով վերջինս խնդրել է նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցել և հանձնարարել դատական ակտեր կայացնելիս դատարաններին անհայտ մնացած հանգամանքների առթիվ կատարել քննություն:

5.1 Նախաքննության մարմինը 2019 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հիմքով վարույթ հարուցելու մասին։

5.2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ թիվ 90800318 քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել։

5.3. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ ՍՅուզբաշյանի՝ 2019 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի վերոգրյալ որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է նախաքննությունը շարունակելու համար՝ հետագայում միացվելով թիվ 90857615 քրեական գործին։

5.4 ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ ՍՅուզբաշյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ թիվ 90800318 քրեական գործը միացվել է 90857615 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 90857615 համարով։

6. 2019 թվականի նոյեմբերի 19-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումները նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին ԴՀարությունյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջիններս խնդրել են մերժել դատախազի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի՝ հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելիս փորձագիտական հանձնաժողովը, Հարություն Համբարյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությամբ հանգել է հետևության, որ «(…) Ըստ քրեական գործում առկա նյութերի, մեղադրյալներ ԴՀարությունյանի, ԱՍևումյանի, ՀՄաթևոսյանի, ՀՄելքոնյանի և ՍՀայրապետյանի արարքների (անգործության) և ՀՀամբարյանի կողմից ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի միջև պատճառահետևանքային կապեր գոյություն չունեն (…)»1։

8. Նախաքննության մարմինը, հղում կատարելով ՀՀամբարյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությանը, 2016 թվականի մայիսի 17-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ հանգել է հետևության առ այն, որ որևէ անձի կողմից Հ.Համբարյանի նկատմամբ այնպիսի գործողություններ կամ անգործություն, որոնք կհասցնեին նրան ինքնասպանության կամ կհանդիսանային ինքնասպանության պատճառ, առիթ, չեն եղել և նրա կողմից ինքնասպանություն գործելը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում որևէ անձի հանցավոր գործողության հետ, հետևաբար անհրաժեշտ է ՀՀամբարյանին ինքնասպանության հասցնելու փաստով քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով2։

9. Նախաքննության մարմինը Դավիթ Հարությունյանին որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), այն բանի համար, որ նա. «(…) հանդիսանալով ՊԲ 49971 զորամասի զենիթահրթիռային դասակի 2-րդ դյուրակիր զենիթահրթիռային համալիր ջոկի ավագ հրաձիգ-զենիթահար, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2015 թվականի մարտի 06-ին ժամը 14:40-ի սահմաններում զենիթահրթիռային դասակի ննջարանում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածների պահանջները` կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն ջոկի հրաձիգ-զենիթահար, ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանի կողմից մահճակալը տեղափոխելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ և համածառայողների շրջանում իր անձի վարկանիշը բարձրացնելու, կոլեկտիվում արտոնյալ դիրքի հասնելու և իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, այլ բռնի գործողություններ է կատարել շարքային Հարություն Հրայրի Համբարյանի նկատմամբ` երկու ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակին:

Բացի այդ, շարքային Դավիթ Արմենի Հարությունյանը նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի հրամանատարական կետում, 2015 թվականի մայիսի 8-ին ժամը 10:00-ի սահմաններում կապի հանգույցի սենյակում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածների պահանջները` կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, նախորդ օրը շարքային Հարություն Հրայրի Համբարյանի կողմից հրամանատարական սենյակը լավ չմաքրելու պատճառով, համածառայողների շրջանում իր անձի վարկանիշը բարձրացնելու, կոլեկտիվում արտոնյալ դիրքի հասնելու, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորանք է հասցրել վերջինիս` հայհոյանք տվել և ձեռքով մեկ անգամ հրել նրա ուսին` դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով Հարություն Հրայրի Համբարյանի պատիվն ու արժանապատվությունը:

Բացի այդ, շարքային Դավիթ Արմենի Հարությունյանը նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի հրամանատարական կետում, 2015 թվականի մայիսի 8-ին ժամը 14:20-ի սահմաններում հրամանատարական կետի ամառային տաղավարի մոտ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածների պահանջները` կապված զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ, նույն օրը հրամանատարական սենյակը լավ չմաքրելու համար շարքային Հարություն Հրայրի Համբարյանի հետ տեղի ունեցած խոսակցության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում, համածառայողների շրջանում իր անձի վարկանիշը բարձրացնելու, կոլեկտիվում արտոնյալ դիրքի հասնելու, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորանք է հասցրել` հայհոյել վերջինիս, դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացնելով Հարություն Հրայրի Համբարյանի պատիվն ու արժանապատվությունը: (...)»3։

10. Քննության առնելով նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 17-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Հ.Համբարյանի բողոքը, Առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ, ի թիվս այլնի, փաստել է, որ տուժող ՀՀամբարյանի մահվան դեպքի շուրջ նախաքննության մարմինը պատշաճ մակարդակի մանրակրկիտ քննություն չի իրականացրել, մասնավորապես՝ պարզման ենթակա որոշ հարցերի շուրջ առհասարակ քննություն չի իրականացվել, իսկ որոշ հարցերի շուրջ այն իրականացվել է ոչ լրիվ։ Դատարանն իր որոշմամբ հաստատված չհամարելով ՀՀամբարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը և մատնանշելով կատարման ենթակա գործողությունների ամբողջությունը, միաժամանակ փաստել է, որ «(…) [Թ]իվ 26/16 հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը պարզ է, ամբողջական, կասկած չի հարուցում և հարցեր չի առաջացնում: Հոգեբույժ և հոգեբան չորս փորձագետներ համապատասխան գիտական մեթոդիկայի կիրառմամբ խորությամբ վերլուծել են քրեական գործով իրենց տրամադրած նյութերը և միաձայն եզրահանգել, որ մեղադրյալներ Դ.Հարությունյանի, Ա.Սևումյանի, Հ.Մաթևոսյանի, Հ.Մելքոնյանի, Ս.Հայրապետյանի մեղսագրվող արարքները և Հարություն Համբարյանի «ինքնասպանությունը» պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի բողոքը այս մասով հիմնազուրկ է (…)»4։

11. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հունվարի 17-ի որոշման հիման վրա վերսկսված նախաքննության շրջանակներում, ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ Կ.Աղաբեկյանի կողմից նախաքննության մարմնին տրվել է գրավոր ցուցում՝ նշանակել Հարություն Համբարյանի հետմահու հանձնաժողովային դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն[5]: Նշված ցուցումի հիման վրա, 2017 թվականի մայիսի 12-ին նախաքննության մարմինը նշանակել է հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով 2015 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ առաջադրված նույն հարցերը6։

11.1. 2018 թվականի հունիսի 14-ին ստացված՝ ՀՀամբարյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 223/2/18 եզրակացության համաձայն՝ «Դավիթ Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում Հարություն Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ»7։

11.2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թիվ 90800318 քրեական գործով նշանակվել է հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն8։

11.3. 2019 թվականի հունիսի 3-ին ստացված՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 19-0361 եզրակացությամբ արձանագրվել է հետևյալը «(…) Մահվանը նախորդող ժամանակահատվածում Հարություն Համբարյանը գտնվել է խիստ ընկճված հոգեվիճակում, որը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել Դավիթ Հարությունյանի գործողությունների հետ, [որի մասին են վկայում] Դավիթ Հարությունյանի և Հարություն Համբարյանի կոնֆլիկտային փոխհարաբերությունների հաճախականությունը, դեպքին անմիջականորեն նախորդելու հանգամանքը, Դավիթ Հարությունյանի կողմից Հարություն Համբարյանին ուղղված հայհոյանքների բնույթը։ (…) Դ.Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակա–հատվածում Հ.Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառա–հետևանքային կապ (…)»9։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը նշել է, որ թիվ 90800318 քրեական գործի նախաքննությամբ ստացվել է դատարանների համար դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանք, մասնավորապես՝ հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 19-0361 եզրակացությունը, որի համաձայն՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում Հ.Համբարյանը գտնվել է խիստ ընկճված հոգեվիճակում, ինչը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել Դ.Հարությունյանի գործողությունների հետ, որի առկայությունը հաստատվում է վերջինիս և Հ.Համբարյանի կոնֆլիկտային փոխհարաբերությունների հաճախականությամբ, դեպքին անմիջականորեն նախորդելու հանգամանքով, ԴՀարությունյանի կողմից ՀՀամբարյանին ուղղված հայհոյանքների բնույթով:

Ըստ բողոք բերած անձի, նշված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է նաև թիվ 90857615 քրեական գործով ստացված հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության թիվ 223/2/18 եզրակացության հետևությունն այն մասին, որ Դ.Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում Հ.Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Բողոքի հեղինակը գտել է, որ տվյալ դեպքում նոր երևան եկած հանգամանքի կապակցությամբ իրականացված վարույթի ընթացքում հաստատվել է, որ Դ.Հարությունյանի կողմից Հ.Համբարյանի նկատմամբ գործադրած բռնությունը, հասցված վիրավորանքները թեև հայտնի են եղել նախաքննության ընթացքում և դատարաններին, սակայն բռնության և հայհոյանքների բնույթի, վերջիններիս կոնֆլիկտային փոխհարաբերությունների հաճախականության, դեպքին անմիջականորեն նախորդելու հանգամանքներով պայմանավորված, մահվանը նախորդող ժամանակահատվածում Հ.Համբարյանի խիստ ընկճված հոգեվիճակում գտնվելու, ծանր հետևանքների առաջացման և այն Դ.Հարությունյանի գործողությունների հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվելու հանգամանքները դատարաններին հայտնի չեն եղել և ձեռք են բերվել Դ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո։

Բողոքաբերն արձանագրել է, որ սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք հանդիսացող փորձաքննության եզրակացությամբ հաստատված տվյալները ձեռք են բերվել տուժողի իրավունքների խախտումը վերացնելու և կյանքից զրկվելու դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության կատարման շրջանակներում ձեռնարկված միջոցների արդյունքում, որոնք պատշաճ կարգով կարող են հետազոտվել ու գնահատվել գործի նոր քննության ընթացքում։ Հետևաբար, ըստ բողոքի հեղինակի, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, 360-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով ԴՀարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումները ենթակա են բեկանման:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 23-ի որոշումը և բեկանել Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք 2019 թվականի հունիսի 3-ին ստացված՝ հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 19-0361 եզրակացությունը, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, կարող է հիմք հանդիսանալ Դավիթ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

(…)

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

(…)։

2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: (…)»։

16. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտը, լինելով օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման բացառիկ եղանակ, հնարավորություն է տալիս ուղղել թույլ տրված հնարավոր դատական սխալները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Նշված նպատակի կենսագործման համար նոր երևան եկած հանգամանքները, ի թիվս այլոց, հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով

ա) պետք է հայտնի եղած չլինեն դատարանին դատական ակտ կայացնելիս՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով,

բ) պետք է գործի համար ունենան էական նշանակություն՝ պայմանավորված գործի ելքի վրա դրանց անմիջական ազդեցության հնարավորությամբ,

գ) պետք է գոյություն ունեցած լինեն օբյեկտիվ իրականությունում մինչև դատական ակտի կայացումը, սակայն բացահայտված լինեն (ի հայտ գան) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո,

դ) պետք է առերևույթ կասկածի տակ դնեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը։

Նշված հատկանիշներին համապատասխանող նոր երևան եկած հանգամանքները, հանգեցնելով դատական ակտի վերանայման, կարող են իրենց ազդեցությունն ունենալ անձի մեղավորության, մեղսագրված արարքի հանցավորության կամ դրա ծանրության որոշման վրա։

17. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «(…) Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան: (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

18. Մեջբերված դրույթի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ`

- գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին՝ այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար։ Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին10,

- պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ11:

19. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 1 Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2 Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

20. ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(…) Կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը (սկզբունքը) (…) իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը` նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը։ Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ` այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել: Այդ սկզբունքը նաև բացառում է միևնույն հանցագործության որակումը քրեական օրենսգրքի մեկից ավելի հոդվածներով, արգելում է նաև միևնույն հանգամանքը հաշվի առնել ինչպես հանցանքը որակելիս, այնպես էլ պատժի տեսակն ու չափն ընտրելիս (ՀՀ քր.օր-ի 10, 63, 104-րդ հոդվածներ)։ Այսպիսով, նախկինում հանցանք կատարած լինելու փաստը, եթե անձը դրա համար արդեն դատվել է, չի կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, «բացառությամբ այն դեպքերի», ինչպես վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել արդյունքի վրա»12։

21 Սույն որոշման 15-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտերի վերանայման կառուցակարգում ևս կարևորվում է անձի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխիքների ապահովումը։ Մասնավորապես, նշված կառուցակարգը, պայմանավորված օրինական ուժի մեջ մտած և վերջնական դատական ակտերի վերանայման առանձնահատկություններով, պահանջում է պատշաճ ուշադրության արժանացնել անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական երաշխիքների ապահովումը։ Նկատի ունենալով, որ դատական ակտերի վերանայումն անմիջականորեն հարաբերակցվում է նաև անձի` կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի հետ, ուստի նշված կառուցակարգը գործադրելիս անհրաժեշտ է գնահատման ենթարկել նաև այս սկզբունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ իրավական երաշխիքների ամբողջությունը` ապահովելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռությունը, ինչը պետք է անվերապահորեն ուղեկցվի նաև անձի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող երաշխիքների պաշտպանությամբ։

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմինը, հիմք ընդունելով ՀՀամբարյանի՝ հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությունն այն մասին, որ Դ.Հարությունյանի արարքների և ՀՀամբարյանի կողմից ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի միջև պատճառահետևանքային կապեր գոյություն չեն ունեցել, 2016 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացրել ՀՀամբարյանին ինքնասպանության հասցնելու փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով13,

- նախաքննության մարմինը 2015 թվականի մայիսի 23-ի որոշմամբ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար` նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով` զորամասում զինծառայողին վիրավորանք հասցնելու, զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու համար` մեկ այլ զինծառայողի կողմից14: Նշված մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ 2017 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, Դ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հիշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է։ Նշված որոշման դեմ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժվել է15,

- նախաքննության մարմնի 2016 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի բողոքի քննության արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է և արձանագրել տուժող Հարություն Համբարյանի ու տուժողի իրավահաջորդ ՀՀամբարյանի իրավունքների և ազատությունների խախտումները՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել դրանք: Միևնույն ժամանակ, անդրադառնալով հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությանը` դատարանը նշել է, որ այն պարզ է, ամբողջական, կասկած չի հարուցում և հարցեր չի առաջացնում: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ տուժողի իրավահաջորդի բողոքն այս մասով հիմնազուրկ է։ Առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ է համարել Հ․Համբարյանի մահվան դեպքի շուրջ պատշաճ նախաքննության կատարումը՝ հաստատված չհամարելով Հ․Համբարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը16,

- վերսկսված նախաքննության շրջանակներում, դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա, նախաքննության մարմինը 2017 թվականի մայիսի 12-ին նշանակել է Հարություն Համբարյանի հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային նոր փորձաքննություն` փորձագետներին առաջադրելով այն նույն հարցերը, որոնք առաջարկված են եղել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությունը կազմած փորձագետներին17,

- ՀՀամբարյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության նոր` թիվ 223/2/18 եզրակացության համաձայն՝ Դ.Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում Հ.Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ18,

- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 31-ին նշանակած` հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 19-0361 եզրակացությամբ ևս արձանագրվել է, որ մահվանը նախորդող ժամանակահատվածում Հ.Համբարյանը գտնվել է խիստ ընկճված հոգեվիճակում, որը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել Դ.Հարությունյանի գործողությունների հետ19։

23. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-21-րդ կետերում վկայակոչված դրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Համբարյանի մահվան կապակցությամբ իրականացված նախաքննության ընթացքում ստացված թիվ 26/16 փորձագիտական եզրակացությամբ, ի սկզբանե, հերքվել է Հ.Համբարյանի մահվան և Դ.Հարությունյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ նշված փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո դրա հիմնավորվածությունը և արժանահավատությունը կասկածի տակ չի դրվել ո՛չ նախաքննության մարմնի, ո՛չ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Ավելին, նշված փորձագիտական եզրակացության հաշվառմամբ, Հ.Համբարյանին ինքնասպանության հասցնելու փաստով, նախաքննության մարմինը 2016 թվականի մայիսի 17-ին քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ։ Արդյունքում, նախաքննության մարմինը Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ու քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկել Առաջին ատյանի դատարան, որտեղ Դ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Նշված փաստական հանգամանքների պայմաններում, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել նաև այն առանցքային հանգամանքը, որ վերոնշյալ փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և արժանահավատությունը կասկածի տակ չի դրվել նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, որը քննել է նախաքննության մարմնի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի բողոքը, և որի կողմից վերջինիս բողոքը բավարարելու արդյունքում կայացված որոշման հիման վրա է վերսկսվել քրեական գործով նախաքննությունը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նախանշված հետագա նախաքննության սահմաններն ընդգրկել են կատարման ենթակա անհրաժեշտ գործողությունների շրջանակ, որոնք առանց կասկածի տակ դնելու փորձագիտական թիվ 26/16 եզրակացության հիմնավորվածությունն ու արժանահավատությունը, միտված են եղել ՀՀամբարյանի մահվան դեպքի շուրջ պատշաճ նախաքննություն կատարելուն՝ միաժամանակ հաստատված չհամարելով ՀՀամբարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը։ Այսինքն՝ հետագա նախաքննության սահմանները չեն ներառել Հ․Համբարյանի հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 26/16 եզրակացությամբ հաստատված հանգամանքների վերստուգում։ Այդ եզրակացության առնչությամբ Առաջին ատյանի դատարանն ուղղակիորեն արձանագրել է, որ այն պարզ է, ամբողջական, կասկած չի հարուցում և հարցեր չի առաջացնում20:

Մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության վերսկսումից հետո, դատախազի գրավոր ցուցումի հիման վրա, նախկինում փորձագետներին առաջադրած նույն հարցերը պարզելու նպատակով նոր փորձաքննություն է նշանակել։ Ընդ որում, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը վերսկսված նախաքննության ընթացքում թիվ 26/16 փորձագիտական եզրակացությունն առանց որևէ հիմնավորման կասկածի տակ է դրել ոչ թե քրեադատավարական օրենքով նախատեսված՝ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության նշանակման, այլ նույն փորձաքննությունը կրկին նշանակելու միջոցով։ Նման պայմաններում նույն հարցերի առաջադրմամբ միևնույն փորձաքննության կրկնակի նշանակումը պարունակել է գործի՝ նախորդ քննության ընթացքում թույլ տրված հնարավոր թերությունների ուղղման, արդեն իսկ հերքված նախաքննական վարկածի «վերակենդանացման» վտանգ։

Արդյունքում, վարույթն իրականացնող մարմինը, Առաջին ատյանի դատարանի կողմից նախանշված նախաքննության սահմաններից դուրս գալու հետևանքով ստացել է փորձագիտական թիվ 223/2/18 եզրակացությունը, որով ի տարբերություն նախորդ` փորձագիտական թիվ 26/16 եզրակացության, արձանագրվել է Հ.Համբարյանի մահվան և Դ.Հարությունյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ, եթե դատավարության ընթացքի՝ վերը նկարագրված խախտումների պայմաններում ձեռք բերված փորձագիտական նոր եզրակացությունը որպես նոր երևան եկած հանգամանք հանգեցնի Դ.Հարությունյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումների բեկանմանը, ապա կարող են վտանգվել կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի պաշտպանության իրավական երաշխիքները։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ Հ.Համբարյանի մահվան և Դ.Հարությունյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի բացակայության մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ վերջնական դատավարական որոշումը չի դրվել կասկածի տակ, մեկ այլ հարցի պարզաբանման նպատակով վերսկսված նախաքննության ընթացքում դատավարական ընթացակարգի խախտմամբ նշանակված և ձեռք բերված փորձագիտական նոր եզրակացության հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական որոշումների բեկանումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կհանգեցնի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռության խախտման։ Բացի այդ, կվտանգվի նաև ընդհանուր առմամբ վարույթի արդարացիությունը` հաշվի առնելով, որ Հ.Համբարյանի մահվան և Դ.Հարությունյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի բացակայության վերաբերյալ նախաքննական վարկածը հաստատվել է վերջնական դատավարական որոշմամբ, ստացել է օրինական ուժ և ոչ իրավաչափ չի ճանաչվել դատարանի կողմից (դատական վերահսկողության շրջանակներում)։ Նման պայմաններում, ԴՀարությունյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը և գործի վերաբացումը, որպես արդյունք՝ կվտանգի Դ.Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 2019 թվականի հունիսի 3-ին ստացված՝ հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության թիվ 19-0361 եզրակացությունը, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, չի կարող հիմք հանդիսանալ Դավիթ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 4263-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դավիթ Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 23-ի որոշումը` նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 33-43։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 130-135։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 157-171:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 3-24։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 93։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 109-124։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 303-480։

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 79-90։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 139-321։

10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kuznetsova v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 67579/01, կետ 40:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

12 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ ՍԴՈ-1139 որոշումը, կետ 7-րդ։

13 Տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը։

14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 2-2.1.-րդ կետերը։

16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 11.1.-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 11.2.-11.3.-րդ կետերը։

20 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: