Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.01.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.01.2020
Дата вступления в силу
10.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԷԴ/0014/01/12

 

ԵԿԴ/0378/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2020 թվականի հունվարի 10-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Սամվել Արամայիսի Բադալյանի և նրա պաշտպան Պ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0378/01/10) Սամվել Արամայիսի Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ս.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ս.Բադալյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը և Ս.Բադալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տաս) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի հունիսի 16-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Հարությունյանը, Լևոն Բարեկյանը և Պետրոս Եղիազարյանը:

2. Ամբաստանյալ Ս.Բադալյանի, նրա պաշտպան Ռ.Սաֆարյանի, ամբաստանյալ Լ.Բարեկյանի պաշտպան Ռ.Սաֆարյանի, ամբաստանյալ Ա.Հարությունյանի պաշտպան Կ.Մկրտումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԷԴ/0014/01/12) Սամվել Արամայիսի Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և Ս.Բադալյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով։

Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Պ.Վեզիրյանը, Ա.Կալեսատովը և Ա.Բաղդասարյանը:

4. Ամբաստանյալ Ս.Բադալյանի և նրա շահերի պաշտպան Կ.Մանուչարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4.1. Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Բադալյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Ամբաստանյալ Ս.Բադալյանի և նրա շահերի պաշտպան Պ.Սարգսյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

6. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ս.Բադալյանը թիվ ԵԿԴ/0378/01/10 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [Նա] 2010թ. ապրիլի 29-ին, ժամը 13-30-ին, իր ծանոթ` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Պետրոս Սոսի Եղիազարյանից հեռախոսակապով իմանալով վերջինիս կողմից «հերոին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և, որ այն հնարավոր է ՔԿ հիմնարկ ուղարկել նրա հետ նույն խցում պատիժը կրող դատապարտյալ Գոռ Աշոտի Սևոյանի մոր` Մելանյա Եղիայի Սևոյանի կողմից բերվող հանձնուքում թաքցնելու միջոցով, նույն օրը, չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել տնայնագործական եղանակով պատրաստված` առանձնապես խոշոր չափի` 0.735 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, որը Պետրոս Եղիազարյանին իրացնելու նպատակով թաքցրել է իր կողմից նախապես գնված աղցանի տարայի մեջ և Երևան քաղաքի «Իքսպրես» սուպերմարկետի մոտ, պայմանավորվածության համաձայն, փոխանցել աղցանի փաթեթում թմրամիջոցի առկայությունից անտեղյակ` Մելանյա Սևոյանին ՔԿՀ տեղափոխող տաքսու վարորդ Մհեր Ադիբեկյանին։ Վերջինս վերը նշված «հերոինը» հանձնել է Մելանյա Սևոյանին, որն իր հերթին, անտեղյակ լինելով աղցանում թմրամիջոցի առկայության մասին, ՔԿՀ հասնելուց հետո` ժամը 16-50-ի սահմաններում, հանձնուք բերելու մասին դիմումը գրելուց հետո, այն ամբողջությամբ փոխանցել է ՔԿ հիմնարկի հանձնուքի ընդունման սենյակ, որտեղ, զննության ժամանակ, ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հանձնուքում եղած աղցաններից մեկի մեջ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափի` 0.735 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը։ 
Բացի այդ, Սամվել Արամայիսի Բադալյանը 2010թ. հունիսի 16-ին, ցերեկային ժամերին, իր գործածման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով զանգահարել է ընկերոջը` Լևոն Սերյոժայի Բարեկյանին, ապա վերջինից տեղեկանալով, որ նա հնարավորություն ունի թմրամիջոց ձեռք բերելու, պայմանավորվել է նրա հետ հանդիպել Երևանի Շենգավիթ համայնքի տարածքում` զինվորական հավաքակետի մոտ։ Այնուհետև, պայմանավորված վայրում հանդիպելով Լևոն Բարեկյանին, նրանից ապօրինի ձեռք է բերել և, մինչև թմրամիջոցի գործածման համար անհրաժեշտ պարագաները Լևոն Բարեկյանի կողմից բերելը, իր մոտ պահել համատեղ օգտագործման համար նախատեսված` խոշոր չափի` ընդհանուր 0.0669 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը, որի կեսը կազմող` խոշոր չափի` մոտ 0.03345 գրամ «հերոինի» քանակությունը, որպես Լևոն Բարեկյանի կողմից հյուրասիրություն, նախատեսված է եղել իր համար (…) »1:

7.1 Ս.Բադալյանը թիվ ԵԷԴ/0014/01/12 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) նա 2011 թվականի մարտի 04-ին Արման Կալեսատովին 40.000 ՀՀ դրամով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատ իրացնելու վերաբերյալ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, իր կողմից քրեակատարողական հիմնարկում ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսով ուղղորդել է նրան մեկնել Երևան քաղաքի Չարբախ թաղամաս և իր կողմից գործով չպարզված անձին վճարել թմրամիջոցի արժեքը կազմող 40.000 ՀՀ դրամը։

Այնուհետև, Արման Կալեսատովին թմրամիջոցը փոխանցելու նպատակով հեռախոսակապ է հաստատել իր ծանոթ` որպես անհատ տաքսի ծառայություններ մատուցող Արթուր Գևորգի Բաղդասարյանի հետ, որին առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց իրեն օժանդակել թմրամիջոց իրացնելու հարցում։

Նույն օրը Արթուր Բաղդասարյանի համաձայնությունը ստանալուց հետո, զգալի չափի` 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող մեկ հատ դեղահատը Արման Կալեսատովին իրացնելու վերաբերյալ գործով չպարզված անձի հետ պայմանավորվելուց հետո, կրկին հեռախոսակապի միջոցով պատվիրել է Արթուր Բաղդասարյանին մեկնել Երևան քաղաքի Չարբախ թաղամասում գործող «Էվրիկա» հանրախանութի մոտ և իր կողմից պայմանավորված անհայտ անձից ապօրինի ձեռք բերել թմրամիջոցի վերը նշված քանակությունը և Արթուր Բաղդասարյանի վարձատրությունը կազմող 5000 ՀՀ դրամ գումարը։

Արթուր Բաղդասարյանն իրացնելու նպատակով զգալի չափի` 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը ձեռք բերելուց հետո ժամը 00։20-ից մինչև 00։30-ն ընկած ժամանակահատվածում այն տեղափոխել է Երևան քաղաքի Հարավ Արևմտյան թաղամասում գործող «Կայզեր» հանրախանութի մոտ և ապօրինի իրացրել Արման Վիկտորի Կալեսատովին (…)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է Ս.Բադալյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են Ս.Բադալյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել նշանակված վերջնական պատիժը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Սամվել Բադալյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող, կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը, կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում, քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ՝ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ, անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով՝ դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»4:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել՝ 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես խոշոր չափ՝ 0.01 գրամից մինչև 0.1 գրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.1 գրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ է սահմանվել է՝ 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ՝ 0.03 գրամից մինչև 0.15 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.15 գրամից մինչև 0.75 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.75 գրամը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սամվել Բադալյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի՝ 0.735 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6:

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի` 0.0669 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու համար7:

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի` 0.008 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար8:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները՝ հիմք չեն Ս.Բադալյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ս.Բադալյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «հերոին» տեսակի թմրամիջոցի չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.0735 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է, իսկ 0.0669 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Այսինքն՝ Ս.Բադալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նման պայմաններում, թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը՝ Ս.Բադալյանի կողմից կատարված արարքների վրա:

19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է՝ դատապարտյալ Սամվել Բադալյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

20. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ս.Բադալյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 23-ի որոշումը։

Դատապարտյալ Ս.Բադալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:

Ս.Բադալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ Սամվել Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժին՝ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ պետք է մասնակիորեն գումարել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը, և Ս.Բադալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

21. Միևնույն ժամանակ, Ս.Բադալյանի վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 6-ի որոշումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, պետք է բեկանել ու փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Ս.Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատժին պետք է մասնակիորեն գումարել 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկման՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ չկրած մասից՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

22. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 4261-4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Սամվել Արամայիսի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի ապրիլի 23-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 6-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Սամվել Արամայիսի Բադալյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 23-ի որոշումը բեկանել ու փոփոխել։

3. Դատապարտյալ Սամվել Արամայիսի Բադալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:

Սամվել Արամայիսի Բադալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ Սամվել Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժին՝ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) ամիս ժամկետով ազատազրկումը, և Սամվել Բադալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

4. Սամվել Արամայիսի Բադալյանի վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 6-ի որոշումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել ու փոփոխել:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Սամվել Արամայիսի Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատժին մասնակիորեն գումարել 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկման՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ չկրած մասից՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

6. Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի հոկտեմբերի 18-ից։

7. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս թիվ ԵԿԴ/0378/01/10 քրեական գործը, հատոր 7-րդ, թերթ 297:

2 Տե՛ս թիվ ԵԷԴ/0014/01/12 քրեական գործը, հատոր 14-րդ, թերթեր 61-62:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

6 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: