Գլխավոր տեղեկություն
Номер
N 1288-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2021-01.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1288-Ն

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՈՒ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 226-րդ և 241-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 19
Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1288-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՈՒ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների (այսուհետ` նաև հարկ վճարողներ) և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` նաև հաշվառող մարմիններ) կողմից հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվառող մարմինները հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառումն իրականացնում են իրենց կողմից վարվող` անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) միջոցով: Հաշվառող մարմինները հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառումը կարող են իրականացնել նաև թղթային եղանակով` սույն կարգի պահանջների պահպանմամբ:

3. Օրենսգրքի 235-րդ և 250-րդ հոդվածներով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի և շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունների հիման վրա օրենսգրքի 225-րդ և 240-րդ հոդվածներով սահմանված հարկ վճարող`

1) ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) հաշվառումն իրականացվում է տեղեկատվական համակարգում գեներացված` հարկ վճարողի հաշվառման համարների, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարի և անձնագրային տվյալների հիման վրա.

2) կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարի հիման վրա:

4. Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտների հաշվառումը և անշարժ գույքի հարկի հաշվարկը տեղեկատվական համակարգում իրականացվում են անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունների հիման վրա`

1) 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

ա. ըստ անշարժ գույքի սեփականատերերի` օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մինչև օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկությունները,

բ. օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացված տեղեկությունները.

2) 2024 թվականի և հետագա հարկային տարիների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

ա. 2023 թվականի և օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարբերականությամբ գնահատման կամ վերագնահատման հետագա հարկային տարիներից յուրաքանչյուրի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները,

բ. յուրաքանչյուր ամսվա համար անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, այդ թվում` կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով ձեռք բերված, ինչպես նաև կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները.

3) oրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված` սեփականության իրավունքով պետական գրանցում չստացած հարկման օբյեկտների մասով` անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից դրանց հաշվառման և գնահատման վերաբերյալ տեղեկությունները.

4) օրենսգրքի 233-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկման բազայի ճշգրտման վերաբերյալ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունները:

(4-րդ կետը խմբ., փոփ. 17.12.20 N 2091-Ն)

5. Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով տեղեկատվական համակարգում (թղթային եղանակով հաշվառում իրականացնելու դեպքում` նաև թղթային տարբերակում) հաշվառվում են անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունների տվյալները`

1) «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր անշարժ գույքը (անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը) նույնականացնող միավորի բանալին և արխիվային ծածկագիրը.

2) ըստ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարի`

ա. հողամասի կադաստրային ծածկագիրը, գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, նպատակային նշանակությունը, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը, հողակադաստրային շրջանը կամ գոտին, հողատեսքի գնահատման համապատասխան խումբը, հողամասի չափը՝ հեկտարներով, բնակավայրի սահմաններից ներս կամ դուրս գտնվելու վերաբերյալ լրացուցիչ տվյալները, կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ արտահայտված դրամով (մեկ հեկտարի համար),

բ. հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի մշտական օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, հողամասի սեփականատիրոջ (համասեփականատերերի) կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի մշտական օգտագործողի տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), պետական ռեգիստրում գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) ըստ գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի բարելավման (շինության) հերթական համարի`

ա. շինության կադաստրային ծածկագիրը, գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, օրենսգրքին համապատասխան անվանումը՝ ըստ նպատակային նշանակության, գործառնական նշանակության տեքստային տվյալները, անավարտ (կիսակառույց) շինությունների ավարտվածության աստիճանը, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` արտահայտված դրամով,

բ. հողամասի բարելավման (շինության) նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարեթիվը, սեփականատիրոջ (համասեփականատերերի) հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, սեփականատիրոջ (համասեփականատերերի) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), պետական ռեգիստրում գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

(5-րդ կետը լրաց. 17.12.20 N 2091-Ն)

6. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկատվական համակարգում անշարժ գույքի հարկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկվում է օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկման յուրաքանչյուր օբյեկտի (հողամասի և (կամ) դրա բարելավման) համար` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի ներկայացրած տեղեկություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը նույնականացնող միավորի բանալին և արխիվային ծածկագիրը` որպես հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի, գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի և օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալ` հիմք ընդունելով օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները, օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:

(6-րդ կետը խմբ. 17.12.20 N 2091-Ն)

7. Օրենսգրքի 231-րդ հոդվածով սահմանված կարգով անշարժ գույքի հարկի պարտավորության առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման դեպքերում օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված անշարժ գույքի հարկի` սույն կարգի 6-րդ կետում նշված տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունների առաջացման կամ անշարժ գույքի հարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն:

8. Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված կարգով արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառող մարմին ներկայացված` արտոնությունների իրավունքը հաստատող փաստաթղթերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված` հարկ վճարողների անձնական տվյալները:

(8-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

9. Օրենսգրքի 234-րդ հոդվածին համապատասխան` ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը տեղեկատվական համակարգում հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` սույն կարգի 6-րդ կետում նշված տարեկան գումարները (հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետում նշված ճշգրտումները)` համասեփականատերերից որևէ մեկի համար.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` սույն կարգի 6-րդ կետում նշված տարեկան գումարները (հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետում նշված ճշգրտումները)` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:

10. Հաշվառող մարմինները հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն կետում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն):

11. Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտների հաշվառումը և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը տեղեկատվական համակարգում իրականացվում են շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից՝ օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմին ներկայացված տեղեկությունների հիման վրա: 2021 թվականի և հետագա տարիների փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`

1) մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (այդ թվում` մինչև օրենսգրքի 12-րդ բաժինն ուժի մեջ մտնելը) հաշվառող մարմին ներկայացված` փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները.

2) յուրաքանչյուր հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների վերաբերյալ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի ներկայացրած տեղեկությունները.

3) յուրաքանչյուր ամսվա համար փոխադրամիջոցների սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների փոփոխությունների վերաբերյալ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի ներկայացրած տեղեկությունները.

4) օրենսգրքի 248-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի հարկման բազայի ճշգրտման վերաբերյալ շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկությունները:

(11-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

12. Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկատվական համակարգում (թղթային եղանակով հաշվառում իրականացնելու դեպքում` նաև թղթային տարբերակում) հաշվառվում են շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմնի կողմից՝ օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմին ներկայացված տեղեկություններին համապատասխան` օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող յուրաքանչյուր ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, ջրային փոխադրամիջոցի (շարժիչով աշխատող), մոտոցիկլետի, ձյունագնացի, մոտոամենագնացի (քվադրոցիկլի) փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները`

1) անվանումը (մակնիշը, տիպարը), նույնականացման համարը (VIN կոդը), հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը, քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ), իսկ մեկից ավելի քաշող շարժիչների դեպքում` քաշող շարժիչների գումարային հզորությունը, նստատեղերի թիվը, տեսակը (մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար), հաշվառման վկայագրի համարը.

2) լիազոր մարմնում հաշվառման (գրանցման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), սեփականատիրոջ (համասեփականատերերի) հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, սեփականատիրոջ (համասեփականատերերի) տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), պետական ռեգիստրում գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

13. Օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկատվական համակարգում փոխադրամիջոցների գույքահարկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկվում է օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման յուրաքանչյուր օբյեկտի համար, օրենսգրքի 243-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի և օրենսգրքի 244-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի բազմապատկումով` հիմք ընդունելով օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 249-րդ հոդվածի դրույթները:

14. Օրենսգրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման դեպքերում օրենսգրքի 248-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված փոխադրամիջոցների գույքահարկի` սույն կարգի 13-րդ կետում նշված տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի վճարման պարտավորությունների առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն:

15. Օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված կարգով արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառող մարմին ներկայացված` արտոնությունների իրավունքը հաստատող փաստաթղթերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված` հարկ վճարողների անձնական տվյալները:

(15-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

16. Օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` սույն կարգի 13-րդ կետում նշված տարեկան գումարները (հաշվի առնելով սույն կարգի 14-րդ կետում նշված ճշգրտումները)` համասեփականատերերից որևէ մեկի համար.

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` սույն կարգի 13-րդ կետում նշված տարեկան գումարները (հաշվի առնելով սույն կարգի 14-րդ կետում նշված ճշգրտումները)` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:

(16-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

17. Հաշվառող մարմինները հաշվարկված փոխադրամիջոցների գույքահարկի վերաբերյալ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):

18. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տեղեկատվական համակարգում (թղթային եղանակով հաշվառում իրականացնելու դեպքում` նաև թղթային տարբերակում) հաշվառվում են`

1) անշարժ գույքի հարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով անշարժ գույքի հարկ վճարողի համար օրենսգրքով սահմանված կարգով յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարները (դրանց վճարման համար օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված համապատասխան վերջնաժամկետներով).

2) փոխադրամիջոցների գույքահարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի համար օրենսգրքով սահմանված կարգով յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկված՝ փոխադրամիջոցների գույքահարկի գումարները (դրանց վճարման համար օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված վճարման համապատասխան վերջնաժամկետներով).

3) օրենսգրքի 231-րդ և 246-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով հարկ վճարողի համար օրենսգրքով սահմանված կարգով յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները (դրանց վճարման համար օրենսգրքի 236-րդ և 251-րդ հոդվածներով սահմանված համապատասխան վերջնաժամկետներով).

4) անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների վճարման համար օրենսգրքի 236-րդ և 251-րդ հոդվածներով սահմանված համապատասխան վերջնաժամկետներում չվճարված կամ չմարված գումարները` որպես ապառքներ.

5) անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարներն օրենսգրքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվառող մարմնի կողմից ապառքների նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարները.

6) անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարված վճարումները (մարումները), դատարանի վճռի կատարման արդյունքում հարկ վճարողի օգտին հաշվեգրված՝ անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գումարները.

7) օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններից ավելի վճարված անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գումարները (գերավճարները), որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարվում է օրենսգրքի 237-րդ և 252-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(18-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

19. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների՝ համայնքի բյուջե մուտքագրումն իրականացվում է`

1) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից).

2) բանկային, փոստային, վճարահաշվարկային կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգերի միջոցով:

20. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի կանխիկ ստացված գումարների՝ համայնքի բյուջե մուտքագրումն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները (այսուհետ` համակարգող)` այդ ստորաբաժանման աշխատողների (այսուհետ` վճարումներ ընդունողներ) միջոցով: Կանխիկ վճարումներն ընդունվում են համայնքների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևի վճարումների ընդունման անդորրագրով (այսուհետ` անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրիչով և ընթեռնելի, անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները: Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետներից ուշ վճարվելու դեպքում, գումարները կանխիկ ընդունելիս, օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու գանձվում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը: Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումները կանխիկ ընդունելիս`

1) վճարումներ ընդունողը`

ա. վճարողից ստանալով գումարը` լրացնում է անդորրագիրը՝ երկու օրինակից և կանխիկ վճարումների ընդունման` լիազոր մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևի ամփոփագիրը (այսուհետ` ամփոփագիր) և վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը` իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը` որպես վճարումը հավաստող փաստաթուղթ,

բ. օրվա ընթացքում կանխիկ ընդունված գումարները, անդորրագրերի երկրորդ օրինակները, ինչպես նաև երկու օրինակից կազմված ամփոփագիրը հանձնում է համակարգողին.

2) համակարգողը`

ա. ամփոփագրում կատարում է կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնման ու ընդունման մասին համապատասխան գրառում, որից հետո ստորագրված ամփոփագրի առաջին օրինակը պահում է իր մոտ, իսկ երկրորդ օրինակը հանձնում է վճարումներ ընդունողին` որպես կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնումը հավաստող փաստաթուղթ,

բ. անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարներն առանձնացնելով ըստ հարկատեսակների, դրանք բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր նշելով համայնքի անվանումը)` սահմանված կարգով մուտքագրում է տվյալ համայնքի գանձապետական հաշվին:

(20-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

21. Փոստային համակարգի միջոցով ֆիզիկական անձանցից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներն ընդունվում են տեղական ինքնակառավարման մարմնի և փոստային համապատասխան իրավասու կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:

22. Տեղեկատվական համակարգում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների հաշվառման առումով անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումը (հաշվեգրումը) համարվում է կատարված`

1) վճարումների կանխիկ ընդունման դեպքում` վճարումներ ընդունողի կողմից գումարներն ստանալու օրը.

2) բանկային, փոստային, վճարահաշվարկային կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգերի միջոցով օրենսգրքի 236-րդ և 251-րդ հոդվածներով սահմանված համապատասխան համայնքի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը:

23. Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան`

1) վճարումն ըստ հարկ վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև՝ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.

2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես հարկ վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքում մարվել է այլ անձի հարկային պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի հարկային պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք:

24. Յուրաքանչյուր հարկման օբյեկտի մասով անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները տեղեկատվական համակարգում հաշվառվում են ժամանակագրական կարգով, հետևյալ կանոններով`

1) եթե վճարումը (հաշվեգրումը), սույն կարգի 25-րդ կետին համապատասխան, նպատակային է, ապա պարտավորությունների մարումը կատարվում է սույն կարգի 26-րդ կետում նշված կարգով.

2) ոչ նպատակային համարվող վճարումների (հաշվեգրումների) դեպքում առաջնային մարվում են անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գծով առկա ապառքները, այնուհետև՝ հաշվարկված տույժերը: Ընդ որում, ապառքները մարվում են՝ հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը՝ սկզբում մարելով ամենավաղ առաջացած ապառքը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի դիմումի հիման վրա`

ա. գերավճարների հաշվին հաշվանցման դիմումով պարտավորությունների մարման համար սույն կարգի 25-րդ կետում նշված` մարման նպատակ նշված լինելու դեպքում պարտավորությունների մարումը կատարվում է սույն կարգի 26-րդ կետում նշված կարգով,

բ. գերավճարների հաշվին հաշվանցման դիմումով պարտավորությունների մարման համար սույն կարգի 25-րդ կետում նշված` մարման նպատակի բացակայության դեպքում որևէ հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով առկա գերավճարի հաշվին նախևառաջ հաշվանցվում են տվյալ հարկատեսակի գծով առկա պարտավորությունները, ապա գերավճարի մնացորդի հաշվին մարվում են մյուս հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով առկա հարկային պարտավորությունները: Գերավճարի հաշվին առաջնային մարվում են անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գծով առկա ապառքները, այնուհետև՝ հաշվարկված տույժերը: Ընդ որում, ապառքները մարվում են՝ հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը՝ սկզբում մարելով ամենավաղ առաջացած ապառքը.

4) անկախ որևէ հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով գերավճարի առկայությունից` մյուս հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) ապառքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափերով տույժերի հաշվարկը չի կասեցվում: Գերավճարը հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին դիմում ներկայացվելու դեպքում վերահաշվարկվում են դիմումը ներկայացվելու օրվա դրությամբ հաշվարկված տույժերը` հաշվի առնելով գերավճարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

25. Սույն կարգի իմաստով կատարված վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը համարվում է նպատակային, եթե կատարված վճարման (հաշվեգրման) ժամանակ վճարումը հավաստող փաստաթղթում կամ գերավճարների հաշվին հաշվանցման դիմումում հստակ նշվել են՝

1) հարկատեսակը (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ), որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը, կամ`

2) հարկատեսակը (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) և դրա գծով առկա պարտավորության տեսակը (հարկի գումար և (կամ) տույժ), որոնց մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը, կամ`

3) հարկման օբյեկտը, որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը, կամ`

4) հարկման օբյեկտը և դրա գծով առկա պարտավորության տեսակը (հարկի գումար և (կամ) տույժ), որի մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը,

5) հաշվետու ժամանակաշրջանը, որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը) կամ հաշվանցումը:

26. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված` նպատակային վճարումների (հաշվեգրումների) կամ հաշվանցումների դեպքերում պարտավորությունները մարվում են հետևյալ կարգով՝

1) սույն կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում մարվում են տվյալ հարկատեսակով (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) հարկվող բոլոր օբյեկտների գծով առկա հարկային պարտավորությունները (այդ թվում` տույժերը).

2) սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում մարվում են նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումում նշված հարկատեսակի (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) և դրա մասով առկա՝ նպատակային վճարման ժամանակ կամ հաշվանցման դիմումում նշված պարտավորության տեսակի (հարկի գումար և (կամ) տույժ) պարտավորությունները, իսկ նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումով պարտավորության տեսակի մասով գումար նշված լինելու դեպքում մարվում են այդ գումարի չափով պարտավորությունները.

3) սույն կարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում մարվում են նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումում նշված հարկվող օբյեկտի գծով առկա հարկային պարտավորությունները (այդ թվում՝ տույժերը).

4) սույն կարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում մարվում են նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումում նշված հարկվող օբյեկտի և դրա մասով առկա՝ նպատակային վճարման ժամանակ կամ հաշվանցման դիմումում նշված պարտավորության տեսակի (հարկի գումար և (կամ) տույժ) գծով պարտավորությունները, իսկ նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումով պարտավորության տեսակի մասով գումար նշված լինելու դեպքում մարվում են այդ գումարի չափով պարտավորությունները.

5) սույն կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում մարվում են նպատակային վճարմամբ կամ հաշվանցման դիմումում նշված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունները.

6) այն դեպքում, երբ կատարվել է նպատակային վճարում կամ հաշվանցում, սակայն նպատակային վճարման մեջ կամ հաշվանցման դիմումում չի նշվել, թե որ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների մարմանն է ուղղվում կատարված վճարումը, ապա հարկային պարտավորությունները մարվում են՝ հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը՝ սկզբում մարելով ամենավաղ առաջացած հարկային պարտավորությունները:

27. Օրենսգրքի 235-րդ և 250-րդ հոդվածների 1-ին մասերի 3-րդ կետերով սահմանված դեպքերում հարկային մարմիններին տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(27-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

28. Հաշվառող մարմինները տեղեկատվական համակարգում հաշվառված տվյալների հիման վրա`

1) անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ կամ տեղեկություններ են տրամադրում օրենսգրքի 233-րդ և 248-րդ հոդվածների 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում.

2) օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում օտարվող հարկման օբյեկտի մասով սույն կարգին համապատասխան պարտավորությունները (ընթացիկ հարկային տարվա համար` մինչև տեղեկանքը տրամադրելու ամիսը ներառյալ հաշվարկված հարկի գումարները) մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ հարկման օբյեկտի համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում անշարժ գույքի կադաստր վարող մարմին ներկայացնելու համար ֆիզիկական անձանց տրամադրում են տվյալ հարկման օբյեկտի մասով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հարկման օբյեկտի մասով կատարված են անշարժ գույքի հարկի վճարումները: Տեղեկանքը տրամադրելու ամսվա ընթացքում սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում չկատարվելու դեպքում տրվում է նոր տեղեկանք` սույն կետի պահանջներին համապատասխան.

3) օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում տվյալ համայնքում գտնվող անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների մասով սույն կարգին համապատասխան պարտավորությունները (ընթացիկ հարկային տարվա համար` մինչև տեղեկանքը տրամադրելու ամիսը ներառյալ հաշվարկված հարկի գումարները) մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ հարկման օբյեկտների համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում անշարժ գույքի կադաստր վարող մարմին ներկայացնելու համար կազմակերպություններին տրամադրում են հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հարկման օբյեկտների մասով կատարված են անշարժ գույքի հարկի վճարումները: Տեղեկանքը տրամադրելու ամսվա ընթացքում սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում չկատարվելու դեպքում տրվում է նոր տեղեկանք` սույն կետի պահանջներին համապատասխան.

4) օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար սույն կարգին համապատասխան պարտավորությունները մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ հարկման օբյեկտի համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում տրամադրում են տվյալ փոխադրամիջոցի մասով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հարկման օբյեկտի մասով կատարված են գույքահարկի վճարումները.

5) օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում օտարվող փոխադրամիջոցի մասով սույն կարգին համապատասխան պարտավորությունները (ընթացիկ հարկային տարվա համար` մինչև տեղեկանքը տրամադրելու ամիսը ներառյալ հաշվարկված հարկի գումարները) մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ փոխադրամիջոցի համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում շարժական գույքի կադաստր վարող մարմին ներկայացնելու համար ֆիզիկական անձանց տրամադրում են տվյալ փոխադրամիջոցի մասով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար փոխադրամիջոցի մասով կատարված են գույքահարկի վճարումները: Տեղեկանքը տրամադրելու ամսվա ընթացքում սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում չկատարվելու դեպքում տրվում է նոր տեղեկանք` սույն կետի պահանջներին համապատասխան.

6) օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տվյալ համայնքում հաշվառված` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր օբյեկտների մասով սույն կարգին համապատասխան` պարտավորությունները (ընթացիկ հարկային տարվա համար` մինչև տեղեկանքը տրամադրելու ամիսը ներառյալ հաշվարկված հարկի գումարները) մարված լինելու կամ օրենսգրքով սահմանված կարգով տվյալ հարկման օբյեկտների համար հարկի վճարումից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում շարժական գույքի կադաստր վարող մարմին ներկայացնելու համար կազմակերպություններին տրամադրում են հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանք, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը (ամիսներով), որի համար տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր հարկման օբյեկտների մասով կատարված են գույքահարկի վճարումները: Տեղեկանքը տրամադրելու ամսվա ընթացքում սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցում չկատարվելու դեպքում տրվում է նոր տեղեկանք` սույն կետի պահանջներին համապատասխան։

(28-րդ կետը փոփ. 17.12.20 N 2091-Ն)

29. Հաշվառող մարմիններում վարվող տեղեկատվական համակարգի տվյալները յուրաքանչյուր եռամսյակ` եռամսյակին հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են համայնքների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնում (այդ թվում` մարզպետարաններում) վարվող` անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում:

30. (կետն ուժը կորցրել է 17.12.20 N 2091-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 17.12.20 N 2091-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան