Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԵԿԴ/0006/02/18

2020 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0006/02/18

Նախագահող դատավոր՝  Ն. Բարսեղյան 

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 

 Ս. Թորոսյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

    

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էն Ուայ Սթայլ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Տեմպո Լիբերո» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Էն Ուայ Սթայլ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

  

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 475.000 ՀՀ դրամ՝ որպես մատուցված ծառայության դիմաց չվճարված գումար, ինչպես նաև նախապես վճարված 9.500 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 190.000 ՀՀ դրամ՝ որպես գովազդային-տեղեկատվական ծառայությունների մատուցման դիմաց չվճարված գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2019 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 10.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 07.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն ակնհայտորեն սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմությանը վերաբերող նորմերը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը կարող էր հայցել առավելագույնը 15.12.2014 թվականի թիվ 674 հաշվով նախատեսված գումարը՝ 40.000 ՀՀ դրամի չափով: Դրանից վաղ դուրս գրված հաշիվներով նախատեսված գումարները պատասխանողից դատական կարգով պահանջելու համար հայցային վաղեմության ժամկետները՝ յուրաքանչյուրի մասով առանձին, վաղուց սպառվել են:

   

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ:

            

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հայցային վաղեմությանը վերաբերող նորմերը և իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից չեն խախտվել հայցային վաղեմության ժամկետները։ Կազմակերպությունը յուրովի, իրեն հարմար ձևով է մեկնաբանել հայցային վաղեմությանը վերաբերող նորմերը՝ նպատակ ունենալով խուսափել պարտավորությունները կատարելուց։

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։

          

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության կողմից դուրս են գրվել 06.06.2012 թվականի թիվ 118 (35.000 ՀՀ դրամ), 11.07.2012 թվականի թիվ 140 (25.000 ՀՀ դրամ), 01.08.2012 թվականի թիվ 158 (12.000 ՀՀ դրամ), 05.09.2012 թվականի թիվ 198 (12.000 ՀՀ դրամ), 02.10.2012 թվականի թիվ 213 (12.000 ՀՀ դրամ), 06.11.2012 թվականի թիվ 244 (25.000 ՀՀ դրամ), 03.12.2012 թվականի թիվ 266 (13.000 ՀՀ դրամ), 09.01.2013 թվականի թիվ 8 (25.000 ՀՀ դրամ), 09.01.2013 թվականի թիվ 28 (40.000 ՀՀ դրամ), 04.02.2013 թվականի թիվ 48 (25.000 ՀՀ դրամ), 07.03.2013 թվականի թիվ 79 (12.000 ՀՀ դրամ), 08.01.2014 թվականի թիվ 31 (25.000 ՀՀ դրամ), 13.01.2014 թվականի թիվ 55 (50 000 ՀՀ դրամ), 19.02.2014 թվականի թիվ 94 (25000 ՀՀ դրամ), 04.03.2014 թվականի թիվ 138 (25000 ՀՀ դրամ), 21.08.2014 թվականի թիվ 442 (50000 ՀՀ դրամ), 15.12.2014 թվականի թիվ 674 (40000 ՀՀ դրամ) հաշիվները, որոնք երկկողմանի ստորագրվել և կնքվել են Ընկերության և Կազմակերպության կողմից (հատոր 1, գ.թ. 94-104, 110-115).

2) Ընկերության կողմից դուրս գրված վերոգրյալ հաշիվներով վճարման ենթակա ընդհանուր 451.000 ՀՀ դրամից Կազմակերպությունը 25.12.2014 թվականին վճարել է 261.000 ՀՀ դրամ (անվիճելի փաստ, որն ընդունել են կողմերը).

3) Ընկերության կողմից սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած հայցադիմումը փոստային առաքմամբ դատարան է ներկայացվել 29.12.2017 թվականին.

4) Կազմակերպության ներկայացուցիչը 04.09.2018 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 86-88)

5) ներկայացված վճռաբեկ բողոքով Կազմակերպությունն ընդունել է 15.12.2014 թվականին դուրս գրված թիվ 674 հաշվում նշված գումարի վճարված չլինելու փաստը՝ խնդրելով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության, որպես գովազդային տեղեկատվական ծառայությունների մատուցման դիմաց չվճարված գումար, բռնագանձել 40000 ՀՀ դրամ։

      

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմքով կատարման ենթակա վճարումների բռնագանձման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, գործի քննության պահին կիրառման ենթակա՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

       

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանի կողմից պարտավորության մի մասի կատարումը համարվում է պարտավոր անձի կողմից ամբողջ պարտքի ճանաչումը վկայող գործողություն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատելով ողջ պարտավորության համար, այն պարագայում, երբ պարտավորությունը սահմանված է առանձին՝ ինքնուրույն գործարքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պայմանագիրը՝ որպես գործարք, կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով: Պայմանագրի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորման նպատակը պայմանագրի հիման վրա ծագող հարաբերություններն ավելի հստակ դարձնելն է, քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, պայմանավորված պայմանագրի տվյալ տեսակի բնույթով՝ ապագայում հնարավոր վեճերի կանխումն է: Մասնավորապես՝ պայմանագրի կնքման բանավոր ձև նախատեսելու միջոցով քաղաքացիական շրջանառությունը չի ծանրաբեռնվում (օրինակ՝ կնքման պահին կատարվող գործարքները, որոնց համար հատուկ կարգավորում նախատեսված չէ, կարող են կնքվել բանավոր ձևով): Ինչ վերաբերում է գրավոր ձևով կնքվող գործարքներին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործարքների որոշ տեսակների համար հստակ նախատեսելով գրավոր ձև՝ օրենսդիրը կարևորել է այդ պայմանագրերը կնքված համարվելու համար որոշակի պահանջների պահպանումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետ, 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր): Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ սահմանելով գործարքի կնքման գրավոր ձև՝ օրենսդիրը նախատեսել է այդ ձևը չպահպանելու երկու հնարավոր հետևանք.

1) գործարքի հաuարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ չզրկելով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից,

2) օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրի կողմից պայմանագրի տվյալ ձևի համար սահմանված է գրավոր ձև՝ առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու (օրինակ՝ կապալի պայմանագիր, հանձնարարության պայմանագիր, կոմիսիայի պայմանագիր և այլն), ապա գործում է վերը նշված 1-ին կանոնը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերը նշված իրավական հետևանքը կիրառվում է բացառապես վեճի առկայության դեպքում: Այսինքն՝ այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերի կողմից չի վիճարկվում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հետևաբար նշված հետևանքը դատավարական բնույթի է: Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հստակ նախատեսված է, ապա պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է անվավերության (օրինակ՝ փոխառության պայմանագիր, վարկային պայմանագիր, բանկային ավանդի պայմանագիր և այլն):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը՝ որպես այն կնքող անձանց համաձայնեցված կամքի արտահայտություն, ուղղված է որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործունեություն իրականացնելու արդյունքում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Նկատի ունենալով, որ օրենսդիրն այս պայմանագրի համար սահմանել է գրավոր ձևով կնքելու պահանջ, ծառայությունների վճարովի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր գործարքին ներկայացվող պահանջներին համապատասխան: Այն դեպքերում, երբ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի գրավոր ձևը չի պահպանվում, ապա կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը, այն է՝ կողմերը զրկվում են ի հաuտատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից՝ այդուհանդերձ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի[1] 47-րդ հոդվածով սահմանված այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը, որոնք ենթակա են գնահատման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի[2] 53-րդ հոդվածով սահմանված կանոններով: (տե՛ս Զարուհի Հայրապետյանն և Գայանե Ղազարյանն ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0556/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տես, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

Միաժամանակ օրենսդրի կողմից ամրագրվել են նաև այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ սահմանված կարգով հայցի հարուցումը, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը (տե'ս, Արմեն Ավագյանն ընդդեմ Արտավազդ Խաչատրյանի թիվ ԵՔԴ/0365/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընթացքի ընդհատման էությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին: Ընդ որում, օրենսդրի կողմից նախատեսված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմքերից է պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը: Այլ կերպ ասած՝ ինչպիսի ձևով էլ պարտապանն ընդունի իր պարտքը, պարտքի ընդունման օրվանից տեղի է ունենում հայցային վաղեմության ընդհատում, և հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից։ Միևնույն ժամանակ, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Վերոգրյալ հոդվածների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պատշաճ կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ (կետանցով) կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է նաև հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատելու կանոն, որն արտահայտվում է սահմանված կարգով հայց հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելով:

Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին՝ ինքնուրույն գործարքներով սահմանված, շարունակական բնույթ ունեցող և պարբերական կատարում ենթադրող պարտավորության առկայության պարագայում պարտավորության մի մասի կատարման հետևանքով ողջ պարտավորության համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու իրավական հնարավորության հարցին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հարցի պարզաբանումը պայմանավորված է այն հանգամանքով, թե կողմերի միջև իրավահարաբերությունների ծագման հիմքում ընկած է մեկ գործարք, թե՝ առանձին՝ ինքնուրույն գործարքներ, ըստ այդմ նաև կատարված վճարումներն արդյո՞ք պետք է դիտարկել որպես պայմանագրի հիման վրա ծագած մեկ միասնական պարտավորություն, թե կողմերի միջև պայմանագրային հարաբերությունները դրանցից յուրաքանչյուրի կատարմամբ պետք է համարել դադարած։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ գործարքը և դրա դիմաց վճարումները կատարվել են որպես պայմանագրի հիման վրա ծագած մեկ միասնական պարտավորություն, որի համար սահմանված է հստակ ժամկետ, ապա պարտավորությունը կարող է համարվել կետանցված միայն այդ ժամկետն ավարտվելու հիմքով, որպիսի փաստն ինքնին բավարար է օրենքով սահմանված ժամկետում իրավունքների պաշտպանության հայց հարուցելու համար: Նկարագրված դեպքում խոսք չի կարող լինել շարունակական բնույթ ունեցող իրավահարաբերությունների և պարբերական կատարում ենթադրող պարտավորության մասին: Մինչդեռ, եթե վճարումները կատարվել են առանձին պայմանագրերի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրով սահմանված են պարտավորությունների կատարման ու դրանց դիմաց վճարումների հստակ ժամկետներ, ապա այդ ժամկետներից յուրաքանչյուրի ավարտով էլ պայմանավորվում է պարտավորության կետանցված լինելը: Այս դեպքում արդեն խոսքը վերաբերում է ինքնուրույն գործարքների հիմքով շարունակական բնույթ ունեցող իրավահարաբերություններին և դրանցով պայմանավորված պարտավորությունների առաջացմանը, ուստի այդ գործարքներից յուրաքանչյուրի կատարման ժամկետի ավարտով էլ պարտավորությունը կարող է համարվել կետանցված և առիթ հանդիսանալ իրավունքների պաշտպանության հայց հարուցելու համար: Հետևաբար նման դեպքերում պարտավորության մի մասի կատարման հետևանքով ողջ պարտավորության համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող ընդհատվել, քանի որ առանձին գործարքների պարագայում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսում է դրանցից յուրաքանչյուրով պարտավորության կատարման կետանցման օրվանից, այսինքն՝ այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

     

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մատուցված ծառայության դիմաց պատասխանողից բռնագանձել հայցվորին չվճարված 475.000 ՀՀ դրամ գումարը և նախապես վճարված 9.500 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Դատարանը 10.04.2019 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի,
Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել է 190.000 ՀՀ դրամ՝ որպես գովազդային-տեղեկատվական ծառայությունների մատուցման դիմաց չվճարված գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

Դատարանը մերժել է հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմն իր դիմումում որպես հայցվորի կողմից վերջին հաշվի դուրս գրման ամսաթիվ նշել է` «15.12.2014 թվական», իսկ հայցադիմումի ներկայացման ամսաթիվը դիտարկել է «08.01.2018 թվականը», մինչդեռ 15.12.2014 թվականին դուրս գրված հարկային հաշվից հետո` 25.12.2014 թվականին պատասխանող ընկերության կողմից կատարվել է մասնակի վճարում, որպիսի փաստը չի վիճարկվել պատասխանողի կողմից, ուստիև վճարումը մնացած մասով պետք է պատասխանողի կողմից կատարվեր ողջամիտ ժամկետում, իսկ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, ուստիև 29.12.2017 թվականին փոստային առաքման ծառայությանը հայցադիմումը հանձնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետը հայցվոր ընկերության կողմից համարվում է պահպանված:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանն իրավացիորեն որպես հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբ է դիտել վերջին` 15.12.2014 թվականին դուրս գրված հաշվի վճարման վերջնաժամկետին հաջորդող օրը` 16.01.2015 թվականը: Նման պայմաններում նկատի ունենալով, որ հայցվորն իր խախտված իրավունքների դատական պաշտպանությանն է դիմել 29.12.2017 թվականին` հայցադիմումը հանձնելով փոստային առաքման ծառայությանը, Դատարանը եկել է իրավացի հետևության առ այն, որ հայցվորը հայցը դատարան է ներկայացրել հայցային վաղեմության եռամյա ժամկետի պահպանմամբ:

Միևնույն ժամանակ անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ հայցվորը կարող էր հայցել պատասխանողից բռնագանձել առավելագույնը 15.12.2014 թվականի թիվ 674 հաշվով նախատեսված գումարը` 40.000 ՀՀ դրամի չափով, իսկ առավել վաղ դուրս գրված հաշիվներով նախատեսված գումարները պատասխանողից դատական կարգով պահանջելու համար հայցային վաղեմության ժամկետները` յուրաքանչյուրի մասով առանձին, վաղուց սպառված են եղել, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ինչպես գործի նյութերով, այնպես էլ բողոքաբերի կողմից ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում և վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումից հետևում է, որ կողմերի միջև ծագած հարաբերությունները կրել են պարբերական բնույթ և նպատակ են հետապնդել տևական ժամանակահատվածում ապահովելու հայցվորի կողմից պատասխանողին գովազդային ծառայությունների մատուցումը: Նման պարագայում պատասխանողի կողմից մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշիվներից յուրաքանչյուրի կատարմանն ուղղված գործողությունը, կատարված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, հարկ է դիտել որպես ընդհանուր, այլ ոչ թե միայն վճարված կոնկրետ հաշվից բխող պարտավորության մասով պարտքի ընդունում:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործի քննությունը Դատարանում իրականացվել է Նախկին օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, հարկ է համարում բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորումների համատեքստում:

Այսպես՝ Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (...):

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 1-ին կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը կամ եզրակացությունը պետք է լինի կոնկրետ գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անմիջական և տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը զբաղվում է գովազդային ծառայությունների մատուցմամբ և Կազմակերպության պատվերով վերջինիս մատուցել է «Գրանադա» ռեստորանի վերաբերյալ գովազդային ծառայություններ:

Մատուցված ծառայությունների դիմաց Ընկերության կողմից դուրս են գրվել և երկկողմանի ստորագրվել համապատասխան հաշիվներ, որոնցում նշված գումարները վճարելու համար փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է մեկամսյա ժամկետ: Ընկերությունն ինչպես հայցադիմումում (հատոր 1-ին, գ.թ. 8), այնպես էլ Կազմակերպության կողմից բերված հայցադիմումի պատասխանի և հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության վերաբերյալ ներկայացված առարկություններում ընդունել է նշված փաստը (հատոր 1-ին, գ.թ. 92): Այսինքն, Ընկերության և Կազմակերպության միջև ինքնուրույն գործարքների հիմքով ծագել են պայմանագրային հարաբերություններ, հետևաբար այդ գործարքներից յուրաքանչյուրի կատարման ժամկետի ավարտով էլ պարտավորությունը համարվել է կետանցված: Ըստ այդմ՝ մատուցված ծառայությունների համար Ընկերության կողմից դուրս գրված ընդհանուր` 451.000 ՀՀ դրամի չափով հաշիվներով գումարների վճարման պարտավորությունները համարվել են կետանցված այդ հաշիվներից յուրաքանչյուրի վճարման վերջնաժամկետը լրացած լինելու օրվանից: Նման պայմաններում, վկայակոչված հաշիվներով գումարների վճարման պարտավորությունների կատարումները կետանցվել են հետևյալ պարբերականությամբ.

      

Այսպես.

               

N

հաշվի դուրս գրման ամսաթիվ

հաշվի համար

գումարի չափ

վճարման վերջնաժամկետ

հայցային վաղեմության ժամկետի սկիզբ

հայցային վաղեմության ժամկետի ավարտ

1.

06.06.2012թ.

թիվ 118

35.000 ՀՀ դրամ

06.07.2012թ.

07.07.2012թ.

07.07.2015թ.

2.

11.07.2012թ.

թիվ 140

25.000 ՀՀ դրամ

11.08.2012թ.

12.08.2012թ.

12.08.2015թ.

3.

01.08.2012թ.

թիվ 158

12.000 ՀՀ դրամ

01.09.2012թ.

02.09.2012թ.

02.09.2015թ.

4.

05.09.2012թ.

թիվ 198

12.000 ՀՀ դրամ

05.10.2012թ.

06.10.2012թ.

06.10.2015թ.

5.

02.10.2012թ.

թիվ 213

12.000 ՀՀ դրամ

02.11.2012թ.

03.11.2012թ.

03.11.2015թ.

6.

06.11.2012թ.

թիվ 244

25.000 ՀՀ դրամ

06.12.2012թ.

07.12.2012թ.

07.12.2015թ.

7.

03.12.2012թ.

թիվ 266

13.000 ՀՀ դրամ

03.01.2013թ.

04.01.2013թ.

09.01.2016թ.

8.

09.01.2013թ.

թիվ 8

25.000 ՀՀ դրամ

09.02.2013թ.

10.02.2013թ.

10.02.2016թ.

9.

09.01.2013թ.

թիվ 28

40.000 ՀՀ դրամ

09.02.2013թ.

10.02.2013թ.

10.02.2016թ.

10.

04.02.2013թ.

թիվ 48

25.000 ՀՀ դրամ

04.03.2013թ.

05.03.2013թ.

06.03.2016թ.

11.

07.03.2013թ.

թիվ 79

12.000 ՀՀ դրամ

07.04.2013թ.

08.04.2013թ.

08.04.2016թ.

12.

08.01.2014թ.

թիվ 31

25.000 ՀՀ դրամ

08.02.2014թ.

09.02.2014թ.

09.02.2017թ.

13.

13.01.2014թ.

թիվ 55

50 000 ՀՀ դրամ

13.02.2014թ.

14.02.2014թ.

14.02.2017թ.

14.

19.02.2014թ.

թիվ 94

25000 ՀՀ դրամ

19.03.2014թ.

20.03.2014թ.

20.03.2017թ.

15.

04.03.2014թ.

թիվ 138

25000 ՀՀ դրամ

04.04.2014թ.

05.04.2014թ.

05.04.2017թ.

16.

21.08.2014թ.

թիվ 442

50000 ՀՀ դրամ

21.09.2014թ.

22.09.2014թ.

22.09.2017թ.

17.

15.12.2014թ.

թիվ 674

40000 ՀՀ դրամ

15.01.2015թ.

16.01.2015թ.

16.01.2018թ.

           

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանողի ներկայացուցիչը 04.09.2018 թվականին Դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ հայցվորը բաց է թողել վերոգրյալ հաշիվներով գումարի բռնագանձման հայց ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետը և միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն ու մերժել հայցը (հատոր 2-րդ, գ.թ. 86-88):

Դատարանը մերժել է հայցային վաղեմություն կիրառելու և այդ հիմքով հայցը մերժելու պատասխանողի միջնորդությունը, ըստ էության գտնելով, որ հայցվորի կողմից վերջին հաշիվը դուրս է գրվել 15.12.2014 թվականին, որից հետո 25.12.2014 թվականին Կազմակերպության կողմից կատարվել է մասնակի վճարում, ուստի 29.12.2017 թվականին փոստային առաքման ծառայությանը հայցադիմումը հանձնելու դեպքում հայցային վաղեմության ժամկետը հայցվոր ընկերության կողմից համարվում է պահպանված:

Փաստորեն, ինչպես Դատարանը, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանը Կազմակերպության կողմից 25.12.2014 թվականին կատարված մասնակի վճարումը դիտել են ամբողջ պարտքի ճանաչումը վկայող գործողություն, անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են առանձին գործարքների հիմքով, որոնց կատարման համար դուրս են գրվել առանձին հաշիվներ, իսկ դրանցում նշված գումարների վճարման համար փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է մինչև մեկ ամիս ժամկետ, հետևաբար այդ գործարքներից յուրաքանչյուրի կատարման ժամկետի ավարտով էլ պարտավորությունը համարվել է կետանցված: Ընդ որում, Կազմակերպության կողմից 25.12.2014 թվականի վճարումը չի կարող դիտվել վերոգրյալ աղյուսակի բոլոր 17 հաշիվների պարտքի ճանաչումը վկայող գործողություն, քանի որ, ինչպես վերը նշվեց, վկայակոչված հաշիվներից յուրաքանչյուրն առանձին վերցված, որպես ինքնուրույն գործարք, կողմերի համար առաջացրել է առանձին (ինքնուրույն) հարաբերություններ՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերության կողմից հայցադիմումը փոստային առաքմամբ դատարան է ներկայացվել 29.12.2017 թվականին, այսինքն՝ վերոգրյալ աղյուսակի 1-16-րդ համարների ներքո նշված հաշիվներով գումարների վճարման պարտավորության կատարման կետանցի օրվանից սկսած երեք տարվա ժամկետը լրանալուց հետո և միայն 17-րդ համարի ներքո նշված հաշվով գումարի բռնագանձման պահանջն է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Այսպիսով,Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ աղյուսակի 1-16 համարների ներքո նշված հաշիվներում արտացոլված պարտավորությունների մասով հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ ներկայացված վճռաբեկ բողոքով Կազմակերպությունն ընդունել է 15.12.2014 թվականին դուրս գրված թիվ 674 հաշվում նշված գումարի վճարված չլինելու փաստը՝ խնդրելով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության, որպես գովազդային տեղեկատվական ծառայությունների մատուցման դիմաց չվճարված գումար, բռնագանձել 40000 ՀՀ դրամ, ուստի եզրահանգում է, որ նույն աղյուսակի 17-րդ համարի ներքո նշված հաշվում արտացոլված 40.000 ՀՀ դրամի մասով հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի միջնորդությունն անհիմն է, քանի որ նշված հաշվով պարտավորությունը համարվում է կետանցված 15.01.2015 թվականից, իսկ հայցադիմումը փոստային առաքմամբ դատարան է ներկայացվել 29.12.2017 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ոչ իրավաչափորեն մերժել է հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի միջնորդությունը, ինչը չի բխում գործում առկա փաստական տվյալներից և հանգեցրել է գործի սխալ լուծմանը, քանի որ սույն գործով տեղի չի ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված` հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում ամբողջ պարտավորության համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

   

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

   

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

        

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Կազմակերպության պետք է բռնագանձել 5.700 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 10000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

     

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

      

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.09.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «Տեմպո Լիբերո» ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի: «Էն ՈՒայ Սթայլ» ՍՊ ընկերությունից հօգուտ «Տեմպո Լիբերո» ՍՊ ընկերության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ, որպես 15.12.2014 թվականի թիվ 674 հաշվով առաջացած պարտքի գումար: Հայցը մնացած մասով մերժել:

2. «Տեմպո Լիբերո» ՍՊ ընկերությունից հօգուտ «Էն Ուայ Սթայլ» ՍՊ ընկերության բռնագանձել 5.700 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

      

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

        

Թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18122020 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) վերաբերյալ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Տ Պետրոսյանս, Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս և Էդ Սեդրակյանս համաձայն չլինելով թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների մեծամասնության (այսուհետ՝ Պալատ) կարծիքին, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը Որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

     

Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Որոշման «4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» բաժնում Պալատի դատավորների մեծամասնությունն անհրաժեշտ է համարել անդրադառնալ առանձին, ինքնուրույն գործարքներով սահմանված պարտավորությունների առկայության դեպքում պարտքը ճանաչող գործողության միջոցով հայցային վաղեմության ընդհատման հարցին, սակայն հետագա շարադրանքում քննարկման առարկա է դարձրել նաև մեկ գործարքով սահմանված պարտավորությունների առկայության դեպքում հայցային վաղեմության ժամկետի ընդհատմանը՝ հենց վերջին հարցին վերաբերող տեսական դատողություններում էլ թույլ տալով անճշտություն։

Մեր կարծիքով, սխալն առկա է հետևյալ եզրահանգման մեջ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ գործարքը և դրա դիմաց վճարումները (՞) կատարվել են որպես պայմանագրի հիման վրա ծագած մեկ միասնական պարտավորություն, որի համար սահմանված է հստակ ժամկետ, ապա պարտավորությունը կարող է համարվել կետանցված միայն այդ ժամկետն ավարտվելու հիմքով»։ Նշված եզրահանգման մեջ թեև «գործարք» և «պայմանագիր» բառերից առաջ «մեկ» բառը նշված չէ, սակայն շարադրանքն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ խոսքը հենց պարբերական կատարում ենթադրող մեկ գործարքի կամ մեկ պայմանագրի մասին է։

Մեր կարծիքով՝ այն դեպքում, երբ պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված մեկ պայմանագրի հիման վրա առաջանում են երկարատև, շարունակական իրավահարաբերություններ և ըստ այդմ՝ պարբերականորեն կատարման ենթակա պարտավորություններ, սակայն այդ պարտավորություններից յուրաքանչյուրի համար պայմանագրով սահմանված է կատարման առանձին, հստակ ժամկետ, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը պետք է հաշվվի յուրաքանչյուր պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո և ոչ թե վերջին պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո, ինչպես եզրակացրել է Պալատը։ Այս եզրահանգումը բխում է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման ընդհանուր կարգից քանի որ ժամկետով որոշված յուրաքանչյուր պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո պարտատերը հնարավորություն է ստանում իմանալու՝ այդ պարտավորությունը խախտվել է, թե ոչ, և ըստ այդմ՝ պահանջելու առանձին պարտավորության կատարում, ուստի թեկուզև մեկ գործարքով սահմանված, սակայն առանձին կատարման ժամկետներով որոշված յուրաքանչյուր պարտավորության կետանցի դեպքում կատարման ժամկետը լրանալուց հետո էլ սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։

Քանի որ սույն գործի փաստերը վերաբերում են առանձին գործարքներով հայցային վաղեմության ժամկետներին, իսկ այդ հարցը Որոշմամբ ճիշտ է լուծված, ուստի Որոշման եզրափակիչ մասի հետ համաձայն ենք։

               

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Է. Սեդրակյան

          

 18122020թ

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: