Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-426-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.1153
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.2002
Дата вступления в силу
24.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ և այլն) շրջանառությունը բանկերում` բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության, բանկում հաշիվ կամ ավանդային հաշիվ բացելու, դրանցով փոխանցում կատարելու կամ դրանցով այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելու ձևով, արգելվում է: Կենտրոնական բանկը սահմանում է բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը: Կենտրոնական բանկը կարող է սահմանել կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ և ձևեր, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, դադարեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 926 հոդվածի, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է բանկից, բանկի հաճախորդից, պարտատերից, կոնտրագենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

3. Կենտրոնական բանկն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կարող է հանձնարարել բանկին` բանկի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-426-Ն