Գլխավոր տեղեկություն
Номер
N 81-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.01.2021-31.12.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.01.2021
Дата вступления в силу
27.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2022

      

25.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

 

25 հունվարի 2021 թվականի N 81-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հատուկ ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:».

2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել շահառուի կարիքների գնահատման գործիքը՝ համաձայնեցնելով առողջապահության նախարարի հետ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել անհատական հավաստագրի ձևը, գնային արժեքները, բազմամասնագիտական թիմի կազմը, աշխատակարգը և գործառույթները, շահառուի դիմումի ձևը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց տվյալները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

      

26.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 25-ի N 81-Ն որոշման

   

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

   

ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

   

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

       

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ՝ շահառու) աջակցող միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ` զինծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողով՝ ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նոտարական վավերացմամբ կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

3. Եթե զինծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ բուժատեխնիկական հանձնաժողով, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:

4. Բուժատեխնիկական հանձնաժողովը գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն՝ աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում բուժատեխնիկական հանձնաժողովը նույն օրը կազմակերպում է պետական հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: Բուժատեխնիկական հանձնաժողովը պետական հավաստագիր ստանալու համար դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և դրա մասին տեղեկացնում դիմողին:

5. Սույն ընթացակարգի 2-4-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում 6-րդ կետով սահմանված շահառուների պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի և ձայնաստեղծ պրոթեզների տրամադրման) գործընթացի վրա: Սույն հավելվածի 6-րդ կետում նշված շահառուների վրա տարածվում են սույն կարգի 6-19-րդ կետերով սահմանված դրույթները:

6. Սույն ընթացակարգի պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած՝

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.

2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.

3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.

4) կամավորականները:

7. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:

8. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է բուժատեխնիկական հանձնաժողովը և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը:

9. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում ընդգրկվում են առնվազն հետևյալ մասնագետները՝

1) օրթոպեդ կամ վնասվածքաբան.

2) ֆիզիոթերապիստ կամ վերականգնողաբան.

3) էրգոթերապիստ.

4) պրոթեզիստ.

5) համակարգող-խորհրդատու, այդ թվում՝ միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով.

6) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ՝ սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:

10. Շահառուի ցանկության դեպքում կարիքի գնահատումը բուժատեխնիկական հանձնաժողովը և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցի միջոցով:

11. Եթե սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված զինծառայողներին աջակցող միջոցների տրամադրումը և 6-րդ կետով սահմանված անձանց պրոթեզավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա՝ համաձայն ձևի: Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական անձանց դեպքում բուժատեխնիկական հանձնաժողովի համար հիմք է հանդիսանում համապատասխան մարմիններից կատարված գրավոր կամ բանավոր հարցումը:

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է բուժատեխնիկական հանձնաժողով, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:

13. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն հիմնական պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, ընդ որում, կարող է տրամադրվել եզրակացություն արմնկային և (կամ) թևատակի հենակների համար, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը: Ստորին վերջույթի բուժամարզական կամ վերին վերջույթի կոսմետիկ պրոթեզները շահառուներին տրամադրվում են սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:

14. Բուժատեխնիկական հանձնաժողովը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է անհատական հավաստագիր՝ պրոթեզավորման և պրոթեզը կրելու հմտությունների ուսուցումը համապատասխան մասնագետների միջոցով կազմակերպելու համար, ըստ անհրաժեշտության, նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված պետական հավաստագիրը՝ աջակցող այլ միջոցների տրամադրման համար՝ դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր և բանավոր տեղեկացնելով շահառուին: Բուժատեխնիկական հանձնաժողովը շահառուին ուղարկում է պրոթեզավորում իրականացնող և աջակցող միջոցներ տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ցանկը, կոնտակտային տվյալները: Բուժատեխնիկական հանձնաժողովն ապահովում է անհատական հավաստագրի մուտքագրումը պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ՝ ամրագրելով հաջորդ ստանալու ժամկետը:

15. Հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունները: Պրոթեզավորման ծառայությունը ներառում է ինչպես պրոթեզ տրամադրելը և վերանորոգելը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտություններ սովորեցնելը:

16. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն՝ անհատական հավաստագրով երաշխավորված պրոթեզավորումը, պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստելը, այն կրելու հմտությունների ուսուցումը և այլ աջակցող միջոցներն ստանալու համար՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:

17. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխհատուցում է պետական բյուջեով նախատեսված պրոթեզների հավաստագրի համար սահմանված արժեքի չափով, իսկ հավելավճարի մասով փոխհատուցելու համար հաշվետվությունը և կից գրությունն ուղարկում է հավելավճարը փոխհատուցելու պարտավորություն ստանձնած համապատասխան պայմանագիր (համաձայնագիր) կնքած կազմակերպություն: Վերջինս հավելավճարի չափով սահմանված գումարը փոխանցում է կազմակերպությանը:

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է ------------------------------------------------------------------------------------------------------

                               (անունը, ազգանունը, հայրանունը)

անձը հաստատող փաստաթղթի տեսակը՝ ------------------------------------------------------,

սերիան/ համարը----------------------------------------, ՀԾՀ-ն կամ սոցիալական քարտը, կամ

այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը----------------------------, այն մասին, որ

նա հանդիսանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ

սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների մասնակից։

     

Տրվում է ներկայացնելու Բուժատեխնիկական հանձնաժողով

  

Տրամադրող մարմինը

 

-----------------------------------------------------------

 

Տրամադրողի պաշտոնը

 

-----------------------------------------------------------

 

Տրամադրողի անունը, ազգանունը և ստորագրությունը

 

-----------------------------------------------------------

 

---------------------202 թ.

  

Կ.Տ.»:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2021 թվական: